Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 132-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-2027 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                     2006

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2496

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   Նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

2006թ. սեպտեմբերի 28-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանի, պատասխանողներ Արայիկ Կոստանդյանի, Խաչատուր Խաչատրյանի և Վարդգես Վարդերեսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.2006թ. թիվ 06-2496 վճռի դեմ` ըստ Հովհաննես Ազիզբեկյանի հայցի ընդդեմ «Ավտոմատիկա ԳՀԻ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) բաժնետերեր Վ.Վարդերեսյանի և մյուսների, երրորդ անձ Ընկերության, Վանաձորի նոտարական տարածքի նոտար Ս.Վերանյանի` վերջինիս կողմից վավերացված գործարքներն անվավեր ճանաչելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գնորդի` իր իրավունքն իրեն փոխանցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է կողմերի միջև կնքված նվիրատվության և առուվաճառքի պայմանագրերը ճանաչել անվավեր և իրեն վերապահել իր` որպես բաժնետիրոջ, դրանք գնելու նախապատվության իրավունքը` իրեն փոխանցելով գնորդի իրավունքներն ու պարտականությունները:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2006թ. վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.2006թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի` պատասխանողներ Խաչատուր Խաչատրյանի և Արայիկ Կոստանդյանի միջև 2005թ. դեկտեմբերի 5-ին կնքված և նոտարական կարգով վավերացված 99582 հատ 45.86% Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով, պայմանագրի նույն պայմաններով գնորդի իրավունքները և պարտականությունները փոխանցվել է հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանին:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Արայիկ Կոստանդյանը, Խաչատուր Խաչատրյանը և Վարդգես Վարդերեսյանը:

Բողոք բերած պատասխանողները խնդրել են բեկանել (ուժը կորցրած ճանաչել) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.2006թ. վճիռը և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2006թ. թիվ 2/1007-2006թ. վճռին:

Սույն գործով բողոք է ներկայացրել նաև հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանը:

Բողոք բերած հայցվորը խնդրել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.2006թ. վճիռը բեկանել մասնակի` նվիրատվության պայմանագրին վերաբերող մասով:

Վճռաբեկ բողոքներին պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ըստ պատասխանողներ Արայիկ Կոստանդյանի, Խաչատուր Խաչատրյանի և Վարդգես Վարդերեսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների`

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է (սխալ է կիրառել) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները:

Նշված հոդվածների նորմերը վերաբերում են ոչ թե ընկերության բաժնետերերի կողմից իրենց բաժնետոմսերը վաճառելուն, այլ ընկերության կողմից դրանք տեղաբաշխելուն: Բաժնետոմսերի տեղաբաշխում կարող է իրականացնել բացառապես «բաց» կամ «փակ» բաժնետիրական ընկերությունը, այլ ոչ թե ընկերության բաժնետերը: «Տեղաբաշխում» իրավաբանական նշանակություն ունեցող հասկացությունը (բաժնետիրական իրավահարաբերություններում) վիճարկվող գործարքի հետ որևէ ընդհանրություն չունի:

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետը, որը սույն գործով կիրառման ենթակա չէր:

Դատարանի այն եզրահանգումը, թե բաժնետոմսերը որպես բաժնային սեփականություն հանդիսացող գույք օտարվելու արդյունքում դրա բաժնային սեփականատերը զրկվել է գույքի տնօրինման իրավունքից, զուրկ է իրավաբանական տրամաբանությունից, քանի որ տվյալ դեպքում իրավական նորմը սահմանում է բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու և դրա բոլոր մասնակիցների համաձայնության իմաստը:

3) Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետը կրկին վերաբերում է բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վաճառքին և դա գնելու նախապատվության իրավունքից չօգտված անձի իրավունքներին և ծագած իրավահարաբերությունների նկատմամբ նույնպես կիրառելի չէ: Բաժնետոմսը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի ուժով չի համարվում բաժնային սեփականության գույք, բաժնետոմսը համարվում է գույքային իրավունքը հավաստող ներդրումային արժեթուղթ:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2.1-րդ մասը:

Դատարանի կողմից կիրառված նորմերը չեն կարող հիմք հանդիսանալ գործարքի անվավերության համար, հետևաբար դատարանը, տվյալ գործարքն անվավեր համարելով, կայացրել է ըստ էության անհիմն վճիռ: Դատարանը վճռով չի նշել գործարքի անվավերության հետևանքները, ինչը պետք է աներ, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի` օրենքին հակասող գործարքն անվավեր է: Ըստ էության դատարանն անվավեր է ճանաչել գործարքները, սակայն անվավերության հետևանքներին չի անդրադարձել:

 

Ըստ Հովհաննես Ազիզբեկյանի բողոքի`

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Նշված խախտման որևէ հիմնավորում բողոք բերող անձը չի նշել:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը:

Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի կանոնները:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածը:

4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը «անտեսել է» (հավանաբար բողոք բերող անձը ի նկատի ունի չկիրառելը) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները:

Մինչև բաժնետոմսերի նվիրատվության գործարք կատարելը պետք էր նշանակել բաժնետոմսերի սեփականատերերի ժողով, որը չի կատարվել, հետևաբար խախտվել են նշված հոդվածների պահանջները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) հայցվոր Հ. Ազիզբեկյանը, պատասխանողներ Խաչատուր Խաչատրյանը, Կլարա և Սիմակ Դագեսյանները, Վարդգես Վարդերեսյանը հանդիսանում են Ընկերության բաժնետերեր:

2) Ընկերության բաժնետեր Վարդգես Վարդերեսյանն իրեն պատկանող 10183 հատ բաժնետոմսերը 02.12.2005թ. բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի հիման վրա նվիրել է պատասխանող Արայիկ Կոստանդյանին: Իրենց բաժնետոմսերը Ա.Կոստանդյանին են նվիրել նաև Կլարա և Սիմակ Դագեսյանները:

3) Ընկերության բաժնետեր Խաչատուր Խաչատրյանը 05.12.2005թ. իրեն պատկանող 99582 հատ բաժնետոմսերը առուվաճառքի պայմանագրով վաճառել է Ա. Կոստանդյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները` նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) պատասխանողների բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները երաշխիքային նորմեր են սահմանում ընկերության բաժնետերերի համար ընկերության կողմից բաժնետոմսեր թողարկելու դեպքում: Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով տվյալ գործում առկա փաստերը, գտնում է, որ տեղի է ունեցել ոչ թե բաժնետոմսերի թողարկում, այլ բաժնետիրոջ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնետոմսերի օտարում: Իրավաբանական հետևանքների առումով այս երկու փաստերը միմյանցից տարբերվում են նրանով, որ բաժնետոմսերի թողարկումը հանգեցնում է ընկերության կանոնադրական կապիտալի մեծացմանը, իսկ բաժնետոմսի օտարումը հանգեցնում է ընկերության մասնակիցների կազմի և/կամ մասնակիցների կողմից տնօրինվող բաժնետոմսերի քանակի փոփոխությանը և ոչ մի կերպ չի հանգեցնում կանոնադրական կապիտալի չափի փոփոխման: Հետևաբար, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածի կանոնները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

2) պատասխանողների բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի կանոնները կիրառվում են բաժնային սեփականության հարաբերությունների նկատմամբ: Իսկ բաժնային սեփականությունը ենթադրում է գույքի նկատմամբ երկու կամ ավելի անձանց սեփականություն (ընդհանուր սեփականություն): Սույն գործով ընկերության բաժնետոմսերը (որոնցով կատարված գործարքները վիճարկվում են) սեփականության իրավունքով պատկանում են ընկերության համապատասխան բաժնետիրոջը, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը չի պատկանում մեկից ավելի սուբյեկտների (մասնակիցների): Հետևաբար, ծագած իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածը կիրառելի չէ:

3) պատասխանողների բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում բացակայում է ընդհանուր սեփականության իրավահարաբերություններին վերաբերող վեճ, ինչը հիմնավորվում է բողոքի երկրորդ հիմքի կապակցությամբ տրված պատճառաբանություններով: Հետևաբար, սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի երկրորդ մասը նույնպես կիրառելի չէ:

4) պատասխանողների բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլխի նորմերը, եկել է այն եզրակացության, որ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի մասն օտարելու դեպքում թույլ են տրվել մնացած համասեփականատերերի իրավունքների խախտումներ, որոնց վերականգնումը հնարավոր է դարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով: Նշված հոդվածի 3-րդ մասի տրամաբանությամբ, ոչ թե սահմանված կարգի խախտմամբ կնքված գործարքը պետք է անվավեր ճանաչել, այլ ուղղակի պետք է այդ գործարքով գնորդի համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները փոխանցել ընդհանուր սեփականության համապատասխան սեփականատիրոջը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 05.12.2005թ. կնքված գործարքն անվավեր չի ճանաչել, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2.1 մասի կիրառման անհրաժեշտություն չի առաջացել:

 

Հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքի մասով.

1) Հայցվորի բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի խախտումը հիմնավորող որևէ փաստարկ հայցվորը չի բերել:

2) Հայցվորի բողոքն երկրորդ և երրորդ հիմքերով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածի կանոնները կիրառելի չեն, ինչը հիմնավորվում է պատասխանողների բողոքի երկրորդ հիմքի կապակցությամբ տրված պատճառաբանություններով:

4) Հայցվորի բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածի կանոնների` սույն վեճի նկատմամբ կիրառելի չլինելու մասին պատճառաբանությունները տրված են պատասխանողների վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ եզրակացություններում:

Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` փակ բաժնետիրական ընկերության բաժնետերն ունի այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք: Տվյալ դեպքում առկա է նվիրատվության գործարք, որի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով բաժնետիրոջ նախապատվության իրավունքը սահմանող համապատասխան դրույթը կիրառելի չէ:

Այսպիսով, պատասխանողների բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք են հանդիսանում:

Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում հետևյալ պատճառաբանությունները:

Փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի կողմից իրենց բաժնետոմսերը օտարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի երրորդ մասով: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ, իսկ նախապատվության իրավունքի ժամկետը չի կարող բաժնետոմսերի վաճառքի առաջարկման պահից 30 օրից պակաս և 60 օրից ավելի լինել: Տվյալ դեպքում ընկերության կանոնադրության 6.2-րդ կետում բառացիորեն վերարտադրված են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դրույթները, և ամրագրված է միայն բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը /գ.թ. 47/: Ընկերության կանոնադրության մեջ բաժնետերերի նախապատվության իրավունքի իրականացման կարգի բացակայության պայմաններում բաժնետոմս վաճառող բաժնետերը չուներ օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված` բաժնետոմսերի վաճառքի մասին ընկերության մնացած բոլոր բաժնետերերին տեղեկացնելու պարտականություն:

Ընկերության կանոնադրության մեջ բաժնետերերի նախապատվության իրավունքի իրականացման կարգի բացակայության պայմաններում բաժնետոմսերի` ընկերության որևէ բաժնետիրոջը վաճառելը չի կարող համարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում, քանի որ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի դեպքում ընկերության մնացած բաժնետերերը օտարվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն ընկերության կամ երրորդ անձի նկատմամբ, այլ ոչ թե միմյանց նկատմամբ:

Այսպիսով, վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ պատասխանողներ Արայիկ Կոստանդյանի, Խաչատուր Խաչատրյանի և Վարդգես Վարդերեսյանի վճռաբեկ բողոքը` բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքը մերժել:

2. Պատասխանողներ Արայիկ Կոստանդյանի, Խաչատուր Խաչատրյանի և

Վարդգես Վարդերեսյանի վճռաբեկ բողոքը բավարարել. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.2006թ. թիվ 06-2496 վճռի` պատասխանողներ Խաչատուր Խաչատրյանի և Արայիկ Կոստանդյանի միջև 2005թ. դեկտեմբերի 5-ին կնքված և նոտարական կարգով վավերացված 99582 հատ 45,86 տոկոս «Ավտոմատիկա ԳՀԻ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով պայմանագրի նույն պայմաններով գնորդի իրավունքները և պարտականությունները հայցվոր Հովհաննես Ազիզբեկյանին փոխանցելու մասը բեկանել և այդ մասով դատական ակտը փոփոխել` Հովհաննես Ազիզբեկյանի հայցը մերժել:

3. Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Հովհաննես Ազիզբեկյանից հօգուտ Արայիկ Կոստանդյանի բռնագանձել 20 000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար վճարված պետական տուրքի գումար:

5. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-2027(ՎԴ)
Որոշում