ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2024 թվականի N 113-Ն
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺՈՎ` ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՏՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԿԱՆԽԵԼԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱԿՏԻՎԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՐԿԻ ԿԱՄ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, 19-րդ հոդվածի 3.1-ին մասը, 55-րդ հոդվածի 12.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը` համաձայն N 1 հավելվածի.
2) անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունվարի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի հունվարի 25-ի
N 113-Ն որոշման
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺՈՎ` ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՏՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԿԱՆԽԵԼԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿԻ ԿԱՄ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
1. Սույն կարգով կարգավորվում են անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 58-րդ գլխի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունների` մինչև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց գրանցման պահն ընկած ժամանակահատվածում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգի, չափերի և ժամանակահատվածի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը կիրառվում է օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունների նկատմամբ (որոնց հաշվառած հիմնադիրների գործունեությունը կասեցվել, դադարեցվել կամ անհնարին է դարձել)`
1) ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գծով պարտավորությունների հաշվարկման համար` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց գրանցման պահը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ավելացված արժեքի հարկի հաշվարկման նպատակով.
2) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համար` 2023 թվականի հունվարի 1-ից մինչև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց գրանցման պահը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 31-ը ներառող ժամանակահատվածների համար շահութահարկի հաշվարկման նպատակով:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված մշտական հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների) մատակարարման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցնել սույն կարգի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված` հաշվարկված ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարի չափով: Հաշվարկված ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարներն արտացոլվում են համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում:
4. Հաշվարկված ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների) մատակարարման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի 50 տոկոսի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում չի ունեցել այդ գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներ (անկախ հաշվանցման (պակասեցման) իրավունք ձեռք բերված լինելու հանգամանքից)` հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետով սահմանված դրույթը:
5. Հաշվարկված ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների) մատակարարման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի 50 տոկոսի և այդ գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների (անկախ հաշվանցման (պակասեցման) իրավունք ձեռք բերված լինելու հանգամանքից) դրական տարբերության չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ունեցել է այդ գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներ (անկախ հաշվանցման (պակասեցման) իրավունք ձեռք բերված լինելու հանգամանքից)` հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետով սահմանված դրույթը:
6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով որոշվող հաշվարկված ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարների հանրագումարը`
1) չի կարող գերազանցել մշտական հաստատության 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ապրանքային մնացորդի (բացառությամբ հիմնական միջոցների) արժեքի 20 տոկոսը.
2) որոշելիս հաշվի չեն առնվում մշտական հաստատության 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հիմնական միջոցների արժեքները:
7. Սույն կարգի 2-րդ կետում նշված մշտական հաստատությունների շահութահարկով հարկման բազան որոշելիս օրենսգրքով սահմանված կարգով համախառն եկամտից կարող են նվազեցվել օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով չհիմնավորված` օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումները (այսուհետ` նվազեցումներ) հետևյալ կերպ`
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման հետ կապված նվազեցումները ենթակա են նվազեցման համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման դիմաց ստացվող եկամտի 70 տոկոսի չափով, եթե առկա չեն օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված նվազեցումներ` հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետով սահմանված դրույթը.
2) ծառայությունների մատուցման հետ կապված նվազեցումները ենթակա են նվազեցման համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում ծառայությունների մատուցման դիմաց ստացվող եկամտի 40 տոկոսի չափով, եթե առկա չեն օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված նվազեցումներ` հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետով սահմանված դրույթը.
3) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման հետ կապված նվազեցումները ենթակա են նվազեցման համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման դիմաց ստացվող եկամտի 70 տոկոսի և մշտական հաստատության կողմից կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված նվազեցումների դրական տարբերության չափով, եթե առկա են օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված նվազեցումներ` հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետով սահմանված դրույթը.
4) ծառայությունների մատուցման հետ կապված նվազեցումները ենթակա են նվազեցման համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում ծառայությունների մատուցման դիմաց ստացվող եկամտի 40 տոկոսի և մշտական հաստատության կողմից կատարված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված նվազեցումների դրական տարբերության չափով, եթե առկա են օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված նվազեցումներ` հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետով սահմանված դրույթը:
8. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ֆինանսական ծախսերը և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը եթե ուղղակիորեն հնարավոր չէ վերագրել ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքներին, ապա դրանց վերագրումն իրականացվում է ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքներին վերագրելի համախառն եկամտի մեջ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների դիմաց ստացվող եկամտի տեսակարար կշռին համապատասխան:
9. Սույն կարգով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու համար մշտական հաստատությունը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը արտոնությունից օգտվելու յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար թղթային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում` մշտական հաստատության կողմից սույն կարգով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու նպատակով` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի դիմում ներկայացնելու դեպքում արտոնության կիրառման նպատակով հիմք է ընդունվում վերջին ներկայացված դիմումում նշված արտոնության գումարը:
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|1. Մշտական հաստատությունը անվանումը | |
|____________________________________________________|________________|
|2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | |
|____________________________________________________|________________|
|3. Մշտական հաստատության գտնվելու վայրը | |
|____________________________________________________|________________|
|4. Դիմումի ներկայացման ամսաթիվը | | | | | | | |թ.|
|_____________________________________________________________________|
|5. Հայտնում եմ, որ ցանկանում եմ օգտվել անհաղթահարելի ուժով` արտակարգ |
|և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի |
|կամ հարկման բազայի նվազեցման` կարգով սահմանված հետևյալ արտոնություն-|
|ներից` |
|_____________________________________________________________________|
|1) 20 թ. _____________ ժամանակաշրջանում հաշվարկված ԱԱՀ-ի գումար- | |
|ներից նվազեցման մասով (դրամ) | |
|__________________________________________________________________|__|
|2) 20 թ. _____________ ժամանակաշրջանում շահութահարկով հարկման | |
|բազայի որոշման համար համախառն եկամուտից կատարվող նվազեցումների | |
|մասով (դրամ) | |
._____________________________________________________________________.
Պաշտոնատար անձ ______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի հունվարի 25-ի
N 113-Ն որոշման
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺՈՎ` ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՏՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԿԱՆԽԵԼԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱԿՏԻՎԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և օրենսգրքի 55-րդ հոդվածի 12.1-ին մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը կիրառվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցումից հետո ընկած ժամանակաշրջանների շահութահարկի հաշվարկման նպատակով:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցումից հետո ընկած ժամանակաշրջանների շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով մինչև Հայաստանի Հանրապետությունում գրանցման պահն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված (ստացված), կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների և առաջացած պարտավորությունների փաստաթղթավորումը իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվեկշռային ակտով:
4. Սույն կարգի կիրառության նպատակով հաշվեկշռային ակտում ներառված ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են դրանց ձեռքբերումը կամ առաջացումը հիմնավորող` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` հարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական արժեքի 70 տոկոսի չափով:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունվարի 2024 թվական: