ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԴ/0335/01/19
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0335/01/19
Նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան
Դատավորներ` Ռ. Մխիթարյան
Կ. Մարդանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
2021 թվականի փետրվարի 10-ին ք. Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Գագիկի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է թիվ 10174819 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ Արմեն Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2019 թվականի մայիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Ա.Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 3 (երեք) օրը: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:
3. Մեղադրող Ա.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի դատավոր Կ.Մարդանյանը հատուկ կարծիք է ներկայացրել` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռի դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը պետք է մասնակիորեն բավարարվեր, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակիորեն բեկանվեր և ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվեր:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 25-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Ռ.Բալոյանը` խնդրելով մերժել ներկայացված վճռաբեկ բողոքը, քանի որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավոր:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Արմեն Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) Նա 2019 թվականի մարտի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, իրեն պատկանող «MITSUBISHI PAJERO» մակնիշի 10 ZU 707 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով իր սանիկ` Լևոն Էդուարդի Եղիազարյանի հետ Երևան քաղաքի Հրազդանի կիրճով Հալաբյան փողոցի ուղղությամբ երթևեկելիս, իր երաշխավորությամբ այլ անձից Լևոն Եղիազարյանի կողմից վերցված 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար պարտքը ժամանակին չմարելու և ձգձգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ավտոմեքենայի առջևի ձախ դռան պահոցային մասից վերցված դանակով հարվածներ է հասցրել առջևի աջ նստատեղին նստած Լևոն Եղիազարյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով աջ նախաբազկի հետին մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի և առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքին վտանգ սպառնացող` ձախ թուլակողի շրջանի առաջնային մակերեսի թափանցող, ծակած-կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ»(1):
_____________________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 231:
6. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «(...) Արմեն Գագիկի Գրիգորյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանք է դրականորեն բնութագրվելը:
Արմեն Գագիկի Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է` խնամքին 14 տարին չլրացած երկու (Նելլի Արմենի Գրիգորյան ծնված` 2018 թվականի հուլիսի 6-ին և Գագիկ Արմենի Գրիգորյան ծնված` 2011 թվականի հունվարի 21-ին) անչափահաս երեխայի առկայությունը:
Դատարանն Արմեն Գագիկի Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում նաև նախկինում արատավորված` դատապարտված չլինելը, մեղքն ընդունելը, կատարած արարքի համար լիովին զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը: Ընդ որում, ամբաստանյալը խոստովանական ցուցմունքներով հնարավորին աջակցել է նախաքննական մարմնի գործողություններին:
Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(...)
Դատարանը, հաշվի առնելով Արմեն Գագիկի Գրիգորյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը դրականորեն բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ Արմեն Գագիկի Գրիգորյանի կողմից կատարված արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված է պատիժ միայն ազատությունից զրկելու ձևով, գտնում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:
(...)
Դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննարկման առումով կարևորում է սույն գործով առկա մի շարք առանձնահատկություններ: Մասնավորապես` հանցագործության կատարմանը որոշակի առումով նպաստել է տուժողի վարքագիծը, քանի որ վիճաբանությունն առաջացել է, ըստ էության, հենց տուժողի կողմից պայմանավորվածությունը չպահելու արդյունքում: Բացի այդ, պետք է նկատել, որ ամբաստանյալը և տուժողն ունեցել են մոտ հարազատական հարաբերություններ, վերջինների միջև թշնամանք չի եղել, իսկ ամբաստանյալը նախօրոք ծագած դիտավորությամբ չի գործել և դանակն ի սկզբանե իր մոտ չի պահել, այլ միմյանց միջև տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում մեքենայից վերցրել և հարվածել է: Ընդ որում, թեև ընդունելի է, որ հարվածը եղել է սրտի հատվածում, սակայն պետք է նաև նկատել, որ քրեական գործում չկան տվյալներ, որ Արմեն Գրիգորյանը կոնկրետացված դիտավորությամբ ցանկացել է հարվածել հենց տուժողի սրտի հատվածին:
(...) Տուժողի կողմից ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ` դատաքննության փուլում որևէ պահանջ չի ներկայացվել: Փոխարենը` տուժողի պարտքերը մարվում է ամբաստանյալի կամ վերջինի հարազատների կողմից, որի վերաբերյալ քրեական գործում առկա և դատական քննության ընթացքում ներկայացված ստացականների համաձայն` Արմեն Գրիգորյանը Հայկազ Վանեյանին վճարել է 3000 և 6000 ԱՄՆ դոլար, իսկ Սամվել Զախարյանին` 2000 և 2900 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է հանցագործությունից հետո ամբաստանյալ Արմեն Գագիկի Գրիգորյանի դրսևորած վարքագծին, ապա նա ընդունել է մեղքը, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել, զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և չլինելով կալանավորված` չի խուսափել քննությունից և դատից: Ավելին` ամբաստանյալի կողմից նախաքննական մարմնին ուղղված նամակի բովանդակությունը ողջամտորեն վկայում է այն մասին, որ Արմեն Գրիգորյանն արարքը կատարելուց հետո գտնվել է հոգեբանական ծանր վիճակում և ըստ իրեն գործել է ընտանիքի բարօրության, անվտանգության համար, իսկ վերջինի կինը ցուցմունքով նշել է, որ Արմեն Գրիգորյանն արարքը կատարելուց հետո հայտնել է, որ ցանկանում է ինքնասպան լինել:
Դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, այդ թվում նաև` ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հանգում է այն հետևության, որ Արմեն Գագիկի Գրիգորյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու»(2):
_________________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 108-110:
7. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը համակցության մեջ պատշաճ ստուգման և գնահատման է ենթարկել ինչպես ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքն ու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության փաստը, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, որի արդյունքում արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ու իրավաչափ հետևության է հանգել ամբաստանյալի նկատմամբ ինչպես պատժի տեսակի ու չափի ընտրության, այնպես էլ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու հարցում»(3):
__________________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 73:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը:
Այսպես` պատշաճ գնահատականի չի արժանացվել այն, որ Ա.Գրիգորյանը դանակով է հարվածել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում, այդ թվում` նաև կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ հատվածում` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Բացի այդ, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս մեղմացնող նշանակություն է տրվել նաև այնպիսի հանգամանքների, որոնք ողջամտորեն չէին կարող նվազեցնել ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը: Մասնավորապես, ստորադաս դատարանները չեն հիմնավորել, թե ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալը, հանցագործության բացահայտմանն աջակցելը, կատարվածի համար զղջալն ինչպես են ազդել նրա արարքի և անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա:
9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 10-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Արմեն Շահբազյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ` ընդհուպ տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (...):
(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել` իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով` հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում` գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:
(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: (...)»(4):
__________________________
4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը(5):
____________________________
5) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա իր սանիկ Լ.Եղիազարյանի կողմից իր երաշխավորությամբ այլ անձից վերցված 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար պարտքը ժամանակին չմարելու և ձգձգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ավտոմեքենայի առջևի ձախ դռան պահոցային մասից վերցված դանակով, հարվածներ է հասցրել առջևի աջ նստատեղին նստած Լ.Եղիազարյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով աջ նախաբազկի հետին մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի և առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքին վտանգ սպառնացող` ձախ թուլակողի շրջանի առաջնային մակերեսի թափանցող, ծակած-կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ(6):
__________________________
6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, որոշել է ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել Ա.Գրիգորյանի խնամքին 14 տարին չլրացած երկու անչափահաս երեխաների առկայությունը, նախկինում դատապարտված չլինելը, մեղքն ընդունելը, կատարվածի համար զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը և նախաքննական մարմնին աջակցելը: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, բացի այդ` հանցանքի կատարմանը որոշակի առումով նպաստել է տուժողի վարքագիծը, իսկ վերջինս որևէ պահանջ չի ներկայացրել(7):
__________________________
7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել է հիմնավորված և իրավաչափ հետևության(8):
__________________________
8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:
Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել`
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ` ընդհուպ մահ,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
- ամբաստանյալի մոտ (ավտոմեքենայի առջևի ձախ դռան պահոցային մասում) սուր կտրող-ծակող գործիքի` դանակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,
- հասցված հարվածների քանակը` 3 հարված, դրանց բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարված է հասցրել նաև տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում` կրծքավանդակի ձախ հատվածին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր մարմնական վնասվածք, որը վտանգավոր է կյանքի համար:
15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, պատճառված մարմնական վնասվածքների քանակին, բնույթին և տեղակայմանը:
Ուստի, վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
16. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատած` նախկինում դատապարտված չլինելու հանգամանքին` Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում արտահայտված այն դիրքորոշումը, որ որպես անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանք, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից: Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է: Հետևապես, անձի կողմից նախկինում հանցանք կատարած կամ դատապարտված չլինելը, ինչպես նաև նոր հանցանք չկատարելը, չեն կարող դիտարկվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ(9):
__________________________
9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 20-րդ կետը:
16.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի համար անընդունելի է Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշումը, որ թեև հարվածը եղել է սրտի հատվածում, սակայն քրեական գործում չկան տվյալներ, որ Ա.Գրիգորյանը կոնկրետացված դիտավորությամբ ցանկացել է հարվածել հենց տուժողի սրտի հատվածին(10): Այսպես` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործում առկա փաստական տվյալների համակցությունից բխում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանը, երեք հարված հասցնելով տուժողին, այդ թվում` նաև վերջինիս ձախ թուլակողի շրջանում, գործել է ուղղակի դիտավորությամբ, այն է` գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը և ցանկացել է դրանք կատարել:
_______________________
10) Տես` սույն որոշման 6-րդ կետը:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ տուժողի պարտքերը մարվում են ամբաստանյալի կամ վերջինիս հարազատների կողմից, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե վերոնշյալ հանգամանքն ինչ ազդեցություն է ունեցել կատարված արարքի կամ հանցավորի անձի վտանգավորության աստիճանի վրա` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալով:
17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հանգի համապատասխան հետևության:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Գագիկի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Արմեն Գագիկի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Խ. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 փետրվարի 2021 թվական: