Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ, 411...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ, 411-ՐԴ, 700-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԴ/6684/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6684/02/18      2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ն. Կարապետյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի ապրիլի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) ներկայացուցիչ Սեյրան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Նիլա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հիմնադրամի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հիմնադրամից հօգուտ Ընկերության բռնագանձել 4.143.384 ՀՀ դրամ, որպես հիմնական պարտավորության կատարում, 995.034 ՀՀ դրամ, որպես մինչև 30.03.2018 թվականը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումար և 303.000 ՀՀ դրամ, որպես դատական ծախս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջների համաձայն` Հիմնադրամից բռնագանձել նաև տոկոսներ 30.03.2018 թվականից սկսած մինչև պարտավորության կատարման վերջնական օրը:

10.07.2018 թվականին Ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է հայցի առարկան հստակեցնելու մասին դիմում և խնդրել է Հիմնադրամից բռնագանձել 692.839 ՀՀ դրամ` որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով տոկոսագումար և 253.283 ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 08.10.2018 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հիմնադրամի` 4.445.579 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով կարճվել է` հայցվորի կողմից նշված մասով հայցից հրաժարվելու հիմքով: Մնացած մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հիմնադրամից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 622.356 ՀՀ դրամ` որպես պարտավորության կետանցի համար հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսների գումար: Հայցը` 70.483 ՀՀ դրամի չափով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնագանձելու մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2019 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 177-րդ, 700-րդ, 709-րդ, 718-րդ, 738-րդ, 751-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը Դատարան չի ներկայացրել որևէ կոնկրետ ապացույց, թե երբ է հաստատվել «Շինարարական աշխատանքների կատարողական ակտը»: Հայտնի չէ, թե այնուամենայնիվ կատարված աշխատանքների իրական հանձնում-ընդունումը երբ է կատարվել: Դատարանը, սխալ գնահատելով հայցվորի կողմից ներկայացված «Շինարարական աշխատանքների կատարողական ակտը», հանգել է ոչ իրավաչափ եզրակացության, որն ազդել է գործի ելքի վրա:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` կապալառուն պատվիրատուին չի ներկայացրել նախնական պահանջ` իր կատարած աշխատանքները ընդունելու համար, ինչը վկայում է, որ հայցվորի այն պնդումները, թե իրեն վճարվել է այդ աշխատանքները ընդունելուց հետո կետանցով, առնվազն անհիմն են ու իրականությունից հեռու: Սույն գործով Դատարանը, հաշվի չառնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի պահանջները, Հիմնադրամի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մասով դրել է պարտավորություններ, որոնք չպետք է դներ:

Բացի այդ, Դատարանը, բավարարելով հայցվորի պահանջը, հիմք է ընդունել կողմերի միջև գումարի չափի վերաբերյալ կնքված փոխադարձ հաշվարկների ակտը, որը ոչ մի կապ չունի և չէր էլ կարող ունենալ կատարված աշխատանքների փաստացի ընդունման կոնկրետ ժամանակի հետ, քանի որ դրանք լրիվ այլ պահանջներ են, որոնք վերաբերելի են պայմանագրի տարբեր դրույթներին:

Հայցվորի կողմից դատարան ներկայացված և գործում առկա «Շինարարական աշխատանքների կատարողական ակտ թիվ 1» փաստաթղթում առկա չէ այն կազմելու օրը, ամիսը, տարեթիվը: Հետևաբար` Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված համարված փաստարկները չեն բխում գործում առկա ապացույցներից, գործող օրենսդրության պահանջներից:

Բացի այդ, հայցվոր կողմը դատարան չի ներկայացրել շինարարական աշխատանքների վերջնական ընդունմանը վերաբերելի կոնկրետ ապացույց, ինչը նախատեսված է պայմանագրով և գործող օրենսդրությամբ: Իսկ այդ փաստի ապացուցման պարտականությունը կրում էր հայցվոր կողմը: Այդ իսկ պատճառով Դատարանի կողմից միանշանակ համարվող հաստատումը` 1.971.360 ՀՀ դրամի մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջի կիրառումը ամբողջական տեսքով անհիմն է ու ոչ հիմնավոր, և դատական ակտն այդ մասով նույնպես ենթակա է մերժման:

Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել թիվ ԵԴ/6684/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 19 փետրվարի 2019 որոշումը, բավարարել վճռաբեկ բողոքը, կայացնել դատական ակտ` հիմնազուրկ համարելով` «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ «Նիլա» ՍՊԸ-ի բռնագանձել 622.356 ՀՀ դրամ` որպես պարտավորության կետանցի համար հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված բանկային տոկոսների գումարի մասով, և կամ բեկանել թիվ ԵԴ/6684/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 19 փետրվարի 2019 որոշումը և գործն ուղարկել վերաքննիչ դատարան, այլ կազմով քննելու համար»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հիմնադրամի և Ընկերության միջև 01.07.2016 թվականին կնքվել է թիվ N/Ն 5 կապալի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է կատարել է Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող խոտի խորդանոցի հատակի բետոնացման, պատերի կառուցման և կից տարածքի բլրի քանդման և հեռացման աշխատանքներ, իսկ Հիմնադրամը պարտավորվել է վճարել նշված աշխատանքների դիմաց (հատոր 1-ին գ.թ. 13-16).

2. Ընկերության կողմից կազմվել է շինարարական աշխատանքների կատարողական ակտ N 1` 7.971,360.00 ՀՀ դրամի չափով, որը հաստատվել է Հիմնադրամի տնօրենի կողմից (հատոր 1-ին գ.թ. 18).

3. Ընկերության կողմից 22.07.2016 թվականին դուրս է գրվել թիվ Բ 3731558840 ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ ապրանքագիր (հատոր 1-ին գ.թ. 19).

4. 25.07.2016 թվականի Հիմնադրամի և Ընկերության միջև կազմված փոխադարձ հաշվարկների ակտի համաձայն` Հիմնադրամի պարտավորությունը Ընկերության նկատմամբ կազմում է 7.971.360 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 21).

5. 09.12.2016 թվականի թիվ 352 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 5.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 61).

6. 27.07.2016 թվականի թիվ 194 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 62).

7. 23.05.2018 թվականի թիվ 4076 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 1.971.870 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 60):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առերևույթ առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ կետը չկիրառելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կապալի պայմանագրով աշխատանքների ընդունման ակտի ստորագրման օրվա բացակայության պայմաններում պահանջի իրավունքի ծագման իրավական խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի 1-ին պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 744-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է նույն օրենսգրքի 709-րդ հոդվածին համապատասխան:

Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ կողմերի միջև կնքվել է կապալի պայմանագիր, որից էլ ծագել են կապալի իրավահարաբերությունները: Կապալի պայմանագրով աշխատանքների դիմաց վճարումը պայմանավորված է պատվիրատուի կողմից դրանց ընդունումով, որի վերաբերյալ կողմերը ստորագրում են համապատասխան հանձնման-ընդունման (կատարողական) ակտ:

Գործի փաստերից հետևում է, որ աշխատանքների հանձնման-ընդունման ակտում բացակայում է դրա ստորագրման օրը, որի հիմքով էլ բողոք բերած անձը վիճարկում է պայմանագրով որոշված աշխատանքների դիմաց իրենց կողմից վճարային պարտավորությունների կետանցի առկայության հանգամանքը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցի` վճարային պարտավորության կետանցի առկայության հանգամանքը պարզելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Պայմանագրի 3.2 կետի համաձայն` պատվիրատուն պարտավոր է վճարել աշխատանքներն ընդունելուց հետո 15 օրվա ընթացքում:

Պայմանագրի 4.2 կետի համաձայն` շինարարությունը նույն պայմանագրի պահանջներին համապատասխանելու դեպքում շինարարության ընդունման փաստը հաստատվում է հանձնման-ընդունման (կատարողական) ակտի ստորագրմամբ:

Հիմնադրամի կողմից Դատարանում առարկություններ են ներկայացվել պայմանագրի 3.2 կետի կապակցությամբ, այն հիմնավորմամբ, որ կատարողական ակտի ստորագրման ժամկետը բացակայում է, որը հիմք է տալիս փաստել, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված հաշվարկները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված վնասների մասով իրավաչափ և հիմնավոր չեն: Նշված առարկությունը, որպես վերաքննիչ բողոքի հիմք ներկայացվել է Վերաքննիչ դատարան:

Հիմնադրամի առարկության մյուս հիմքը եղել է այն հանգամանքը, որ պարտք եղած 1.971.870 ՀՀ դրամը մնացել է չվճարված, քանի որ հայցվորն այլ պայմանագրերով չի կատարել իր պարտավորությունները:

Վերաքննիչ դատարանը, որոշմամբ վերահաստատելով Դատարանի արտահայտած դիրքորոշումը, փաստել է, որ Դատարանը, հաստատված համարելով աշխատանքների ընդունման փաստը, ըստ էության ճիշտ եզրահանգում է կատարել առ այն, որ առնվազն 25.07.2016 թվականից Հիմնադրամն ընդունել է Պայմանագրով Ընկերության կողմից կատարված աշխատանքները, ուստի այդ օրվանից սկսած 15 օրյա ժամկետում` մինչև 09.08.2016 թվականը, պետք է վճարեր աշխատանքների դիմաց: Մինչդեռ, 1.000.000 ՀՀ դրամը 27.07.2016 թվականին վճարելուց հետո, մնացած գումարները վճարել է կետանցով, մասնավորապես` 09.12.2016 թվականի թիվ 352 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 5.000.000 ՀՀ դրամ, իսկ 23.05.2018 թվականի թիվ 4076 վճարման հանձնարարագրի համաձայն` 1.971.870 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա չէ Հիմնադրամի կողմից Դատարանին վերագրվող նյութական իրավունքի նորմի որևէ խախտում, բողոքում բարձրացված փաստարկները հերքվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկի և բռնագանձման վերաբերյալ Դատարանի եզրահանգումներով:

Գնահատելով և համադրելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և վճռաբեկ բողոքի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման ստորև ներկայացված պատճառաբանությամբ.

Քաղաքացիական գործում առկա` շինարարական աշխատանքների հանձնման-ընդունման ակտը հաստատում է պայմանագրի առարկա հանդիսացող աշխատանքների կատարման փաստը: Ընդ որում` կատարված աշխատանքների որակի և/կամ այլ թերությունների վերաբերյալ պատվիրատուի կողմից կատարողին պահանջներ չեն ներկայացվել: Գործի նյութերից հետևում է, որ պայմանագրի կողմերը կատարողական ակտից բացի կազմել են նաև փոխադարձ հաշվարկների ակտ, իսկ կատարողի կողմից ներկայացվել է նաև հաշիվ-ապրանքագիր: Նման հանգամանքների առկայության պայմաններում, երբ կատարողական ակտի ստորագրումից և դուրս գրված հաշիվ-ապրանքագրի ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում պայմանագրով նախատեսված վճարում չի կատարվել, ստորադաս դատարանները իրավաչափորեն են հաստատել դրամական պարտավորության կետանցի առկայությունը:

Վերը նշված փաստական հանգամանքների և պատասխանողի կողմից ժամկետի այլ հաշվարկի վերաբերյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցի չներկայացման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքը կետանցի բացակայության մասին անհիմն է:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև բողոքաբերի պատճառաբանություններն այն մասին, որ վճարումների ձգձգումը պայմանավորված է եղել կատարողի կողմից այլ պայմանագրերով ունեցած պարտավորությունների խախտումներով, քանի որ Հիմնադրամը չի ներկայացրել բավարար ապացույցներ առ այն, որ առկա են եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 373-րդ հոդվածով նախատեսված պարտապանի գույքի պահման հիմքեր, կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածով նախատեսված հանդիպակաց պարտավորության կասեցման կամ հրաժարման հիմք, որպիսի հանգամանքները կարող էին բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքի հիմքերը` վճարային պարտավորության կետանցի բացակայության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, հիմնավորված համարելու համար:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հիմնադրամի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.04.2020
N ԵԴ/6684/02/18
Որոշում