Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
Վարչական վերաքննիչ դատարանի որոշում
 Վարչական գործ
թիվ ՎԴ5/0137/05/15
Վարչական գործ թիվ ՎԴ5/0137/05/15 2017 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ`                     Ք. Մկոյան
                                                 Գ. Ղարիբյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
   Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտյոմ Խոջոյանի ընդդեմ Քաղաքապետարանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտյոմ Խոջոյանը պահանջել է անվավեր ճանաչել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ.Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 18.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2016 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ և 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել սույն գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 23.07.2015 թվականի և 31.08.2015 թվականի արձանագրությունները և շինարարական աշխատանքների լուսանկարները: Մինչդեռ այդ ապացույցները վկայում են այն մասին, որ Արտյոմ Խոջոյանը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ տուգանքի նշանակումից հետո շարունակել է իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ և ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2016 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 23.12.2008 թվականի թիվ 2629838 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Պինգվին» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) (հատոր 1-ին, գ.թ. 71-76):

2. Գյումրի համայնքի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի կողմից 23.07.2015 թվականին կազմված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրության համաձայն` Ընկերությունը` ի դեմս Արտյոմ Խոջոյանի, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ (շինարարական աշխատանքների կատարումը լուսանկարվել է), ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով (հատոր 1-ին, գ.թ. 64):

3. Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս, չունենալով շինարարական թույլտվություն, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 59-60):

4. Գյումրի համայնքի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի կողմից 31.08.2015 թվականին կազմված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրության համաձայն` Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ վերջինիս նկատմամբ տուգանքի նշանակումից հետո Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում շարունակել է կատարել ինքնակամ շինարարական աշխատանքներ (շինարարական աշխատանքների կատարումը լուսանկարվել է), ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշված արձանագրության մեջ Արտյոմ Խոջոյանը նշում է կատարել այն մասին, որ «(...) արտաքին աշխատանքներն ավարտված են, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ և բարեկարգում (...)» (հատոր 1-ին, գ.թ. 11):

5. Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշմամբ Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ տուգանքի նշանակումից հետո Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում Արտյոմ Խոջոյանը շարունակել է իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրել է ապակեպատ մուտքի դռներ, իրականացրել պատերի շաղախալցման, ցեմենտ-բետոնյա շաղախով հատակի հարթեցման, ֆասադի երեսպատման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը շարունակելու համար վարչական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, եթե ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է կատարել այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են ինքնակամ շինությունն ավարտին հասցնելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը (...) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը նույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները: Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները` ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել, ի թիվ այլնի, նաև շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների, այդ թվում նաև` շենքեր և շինություններ ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու համար` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նկարագրված զանցանքի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է: Իսկ քննարկվող վարչական իրավախախտումն օբյեկտիվ կողմից դրսևորվում է հետևյալ արարքով. շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակում է կատարել այն նույն ինքնակամ շինարարությունը, որի համար նախկինում ենթարկվել է վարչական պատասխանատվության: Փաստորեն, օրենսդիրը նախատեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ պայմանն ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելու և վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո դրանց կատարումը շարունակելու փաստական հանգամանքների միաժամանակյա առկայությունն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված վարչական իրավախախտման հասարակական վտանգավորությունը գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակում է նույն օբյեկտի շինարարությունը` նպատակ ունենալով այն ավարտին հասցնել և ապահովել այդ ինքնակամ կառույցի շահագործման հնարավորությունը, ինչը քաղաքաշինական տեսանկյունից կարող է լուրջ սպառնալիքներ առաջացնել մարդկանց կյանքի և առողջության համար: Հետևաբար քննարկվող արարքի օբյեկտիվ կողմի բովանդակությունը պետք է պայմանավորել ինքնակամ կառուցված շինությունն ավարտին հասցնելու, ավարտական տեսքի բերելու հակաիրավական նպատակի իրագործմամբ: Այլ կերպ ասած` ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելուց հետո այնպիսի շինարարական աշխատանքի կատարում, որն ուղղված է տվյալ ինքնակամ շինությունն ավարտական տեսքի բերելուն և շահագործման համար պիտանի դարձնելուն, պետք է որակվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով: Փաստորեն, անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով պատասխանատվության ենթարկելիս, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև այն հարցը, թե արդյոք ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակել է կատարել այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք իրենց բնույթով նպատակաուղղված են ինքնակամ շինությունն ավարտական տեսքի բերելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն, թե` ոչ: Ըստ Վճռաբեկ դատարանի` այն բոլոր դեպքերում, երբ անձն ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է կատարել այդպիսի շինարարական աշխատանքներ, ապա վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված արարքի կատարման համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես`

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ` մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Salov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճռի 89-րդ կետը, Garcia Ruiz v. Spain գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճռի 26-րդ կետը):

i

Վերոնշյալ հարցի վերաբերյալ 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը` նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արտյոմ Խոջոյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշումը: Նշված վարչական ակտով Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ տուգանքի նշանակումից հետո Արտյոմ Խոջոյանը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող և Ընկերությանը պատկանող տարածքում շարունակել է իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ:

Դատարանը բավարարել է Արտյոմ Խոջոյանի հայցը` պատճառաբանելով, որ Արտյոմ Խոջոյանի կողմից իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, ուստի վերջինս չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերաքննիչ դատարանը մերժել է Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ վարչական մարմնի կողմից ներկայացված թվով 6 լուսանկարներով չի հիմնավորվում Արտյոմ Խոջոյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու հանգամանքը, և պարզ չէ, թե դրանք երբ են կատարվել: Բացի այդ, վարչական մարմինը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ ապացույց, որով կարող է հերքվել վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում կազմված արձանագրության մեջ Արտյոմ Խոջոյանի կողմից վկայակոչված հանգամանքը, որի համաձայն` վերջինս ավարտել է շինարարական աշխատանքները և կատարում է ընդամենը ներքին հարդարման աշխատանքներ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշման իրավաչափությունը, որը պարզելու նպատակով ստորադաս դատարանները պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեին գործում առկա բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը նախ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ վերջինս Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող և Ընկերությանը պատկանող տարածքում իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ` չունենալով համապատասխան շինարարության թույլտվություն: Նշված վարչական ակտի կայացման համար հիմք է հանդիսացել Գյումրի համայնքի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի կողմից 23.07.2015 թվականին կազմված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրությունը, որի համաձայն` ինքնակամ շինարարական աշխատանքների կատարումը լուսանկարվել է:

Սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշմամբ, Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ տուգանքի նշանակումից հետո Արտյոմ Խոջոյանը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող և Ընկերությանը պատկանող տարածքում շարունակել է իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ: Նշված որոշման կայացման համար հիմք են հանդիսացել Գյումրի համայնքի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի կողմից 31.08.2015 թվականին կազմված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրությունը, որի համաձայն` ինքնակամ շինարարական աշխատանքների շարունակումը լուսանկարվել է:

Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը շարունակել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող և Ընկերությանը պատկանող տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքները Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո: Այսպես, Գյումրի համայնքի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի 31.08.2015 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրության համաձայն` Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը հայտնել է, որ արտաքին աշխատանքներն ավարտված են, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ և բարեկարգում: Փաստորեն, սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանն ընդունել է, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող տարածքում 31.08.2015 թվականի դրությամբ ինքնակամ շինարարական աշխատանքների կատարումը շարունակվել է: Միևնույն ժամանակ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված լուսանկարներից (հատոր 1-ին, գ.թ. 77-79) երևում է, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում շինարարական աշխատանքները չեն դադարեցվել:

Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 04.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ411Ռ/Ս-Ա որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո Արտյոմ Խոջոյանի կողմից շարունակված շինարարական աշխատանքները նպատակաուղղված են եղել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող շինությունն ավարտական տեսքի բերելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն: Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո Արտյոմ Խոջոյանը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում գտնվող շինությունում տեղադրել է ապակեպատ մուտքի դռներ, իրականացրել է պատերի շաղախալցման, ցեմենտ-բետոնյա շաղախով հատակի հարթեցման, ֆասադի երեսպատման աշխատանքներ: Նշված շինարարական աշխատանքները չեն կարող որևէ կերպ համարվել ներքին հարդարման աշխատանքներ և ըստ էության ուղղված են եղել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում սկսված ինքնակամ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն, ինչը թույլ կտար ապահովել շինության բնականոն շահագործումը: Իսկ ըստ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշման` այն բոլոր դեպքերում, երբ անձն ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է կատարել այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք իրենց բնույթով նպատակաուղղված են ինքնակամ շինությունն ավարտական տեսքի բերելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն, ապա այդ անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված արարքի կատարման համար:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 137/6 հասցեում շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացումը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 23.09.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ413Ռ/Ս-Ա որոշմամբ առաջին անգամ ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրեն Արտյոմ Խոջոյանի արարքը պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի հատկանիշներ, և վերջինս ենթակա էր վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Արտյոմ Խոջոյանի հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Արտյոմ Խոջոյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

2. Արտյոմ Խոջոյանից հօգուտ Գյումրու քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Արտյոմ Խոջոյանից հօգուտ Գյումրու քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ5/0137/05/15
Որոշում