Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ/0195/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0195/01/14

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ռ. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ ամբաստանյալ Ա. Խալափյանի

                   պաշտպան                    Ա. Զոհրաբյանի

 

2016 թվականի հունիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արշավիր Սերժիկի Խալափյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Խալափյանի, նրա պաշտպաններ Ա. Զոհրաբյանի և Ա. Ֆանյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի մայիսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41106514 քրեական գործը` Արշավիր Խալափյանի կողմից Կապանի քաղաքապետարան իր կողմից ներկայացված դիմումի ընթացքը կասեցնելու նպատակով ապօրինաբար 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու դեպքի առթիվ (այսուհետ` նաև 2-րդ դրվագ):

2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41108114 քրեական գործը` Արշավիր Խալափյանի կողմից Սյունիքի մարզի Սյունիք համայնքի տարածքում գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ի վնաս համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գործողություններ չկատարելու նպատակով, վերջինիս որդուց` Սարմեն Սարգսյանից, որպես կաշառք ապօրինի 10 000 ԱՄՆ դոլար պահանջելու դեպքի առթիվ (այսուհետ` նաև 1-ին դրվագ):

2014 թվականի հուլիսի 2-ին հիշյալ քրեական գործերը միացվել են, և գործի քննությունը շարունակվել է մեկ վարույթով:

2. Նախաքննության մարմնի` 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Ա.Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու դրվագով):

3. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի մայիսի 5-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ա.Խալափյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (1-ին դրվագով) նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նա արդարացվել է ապացույցների անբավարարության հիմքով:

Ա.Խալափյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (2-րդ դրվագ) և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:

4. Մեղադրող Գ.Դանիելյանի, ամբաստանյալ Ա.Խալափյանի, նրա պաշտպաններ Հ.Դավթյանի և Կ.Օվչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 5-ի դատավճիռը:

5. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ա. Խալափյանը, նրա պաշտպաններ Ա. Զոհրաբյանը և Ա. Ֆանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Խալափյանի, նրա պաշտպաններ Ա. Զոհրաբյանի և Ա. Ֆանյանի վճռաբեկ բողոքները ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Նախաքննության մարմնի` 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Ա. Խալափյանին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (2-րդ դրվագով) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա 2014 թվականի ապրիլի 7-ին, նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ, գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 2014 թվականի ապրիլի 18-ին, որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014 թվականի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 առանձնասենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 244-245):

 

7. 2014 թվականի ապրիլի 18-ին ամբաստանյալ Ա.Խալափյանը Ա.Կույումջյանի ավտոտնակի վերաբերյալ հարցում է ներկայացրել Կապանի քաղաքապետարան` նշելով. «Ղեկավարվելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ, ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ, 11-րդ հոդվածներով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով` խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 շենքի անմիջական հարևանությամբ կատարվող շինարարության փաստի հետ կապված Կապանի քաղաքապետարանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-րդ, թերթ 26):

8. Վկա Ա. Կույումջյանն ամբաստանյալ Ա. Խալափյանի` որպես փաստաբան հանդես գալու հանգամանքի վերաբերյալ տվել է հետևյալ ցուցմունքը. «(...) Քաղաքապետարանից տեղեկացա նաև, որ Ա. Խալափյանը, որին ճանաչել եմ որպես փաստաբան, բողոքել է քաղաքապետարան նշված հողամասի շինարարության համար (...)» (քրեական գործ, հատոր 1, թերթ 80): Ա. Կույումջյանը նշել է նաև, որ հյուրանոցում հանդիպման ժամանակ Ա. Խալափյանը հանդես էր գալիս և անընդհատ շեշտում էր, որ ինքը փաստաբան է, լավ գիտելիքներ ունի, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի և հանրային հիմունքներով գործող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի նախագահն է (քրեական գործ, հատոր 1, թերթ 90):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) 18.04.2014 թվականին Կապանի քաղաքապետարան ուղարկված հարցումը գնահատելիս դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Արշավիր Խալափյանն Աշոտ Կույումջյանի ավտոտնակի վերաբերյալ հարցում կատարելիս հանդես է եկել ոչ միայն որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 շենքի թիվ 1ա տարածքի համասեփականատեր: Նշված հանգամանքը հիմնավորվում է այն փաստարկով, որ այդ հարցման մեջ նա նշել է, որ «ես հանդիսանում եմ նաև «Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահը և հանրային հիմունքներով գործող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը և այսուհետ սույն գործով Ձեզ կդիմեմ ոչ միայն որպես Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 17 շենքի թիվ 1ա հասցեում գտնվող տարածքի համասեփականատեր»: Բացի այդ, նշված հարցման մեջ Արշավիր Խալափյանը ղեկավարվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վկայում է այն մասին, որ հարցում կատարելիս նա հանդես է եկել նաև որպես փաստաբան:

(...)

Ամբաստանյալի կատարած հանցավոր արարքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով), հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը` ճիշտ, որով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 38, 45):

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով) առաջադրված մեղադրանքը գնահատելու և այն հիմնավորված համարելու համար:

(...)

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի սուբյեկտը հատուկ է` ի թիվս այլոց, փաստաբան: Հատուկ սուբյեկտին ապօրինաբար դրամ, արժեթղթեր կամ այլ գույք է տրվում կամ նրանց գույքային բնույթի ծառայություններ են մատուցվում, որպեսզի նրանք, իրենց գրաված դիրքի հետ կապված, կաշառք տվողի օգտին կատարեն որոշակի գործողություններ (անգործություն):

Սույն գործի նյութերից երևում է, որ Արշավիր Խալափյանը հանդիսացել է փաստաբան, վերջինիս կողմից ապօրինաբար դրամ պահանջելը կապված է նրա դիրքի, լիազորությունների շրջանակի հետ: Հանդես գալով որպես փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, հարցում ներկայացնելով Կապանի քաղաքապետարան` Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 շենքի թիվ 1ա հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ, ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու համար Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար: Հետևաբար, Արշավիր Խալափյանը հանդիսանում է առևտրային կաշառքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանցագործության սուբյեկտ» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 213, 219):

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերները գտնում են, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, մասնավորապես` սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասը:

Ի հիմնավորումն իրենց փաստարկների` բողոքի հեղինակները, վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, նշել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության սուբյեկտը հատուկ է, այն է` փաստաբան, ով իրավաբանական օգնություն է տրամադրում իր վստահորդին: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն այն փաստերը, որ Ա. Կույումջյանն ապօրինի շինարարությունն իրականացրել է Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 շենքի բակում, որի 1ա հասցեում գտնվող տարածքը համասեփականության իրավունքով պատկանում է ամբաստանյալ Ա.Խալափյանին: Վերջինս նշված հարցով Ա.Կույումջյանի հետ առնչվել է իր անունից, իր շահերի համար և չի ներկայացրել որևէ վստահորդի շահ, որը հաստատվում է քրեական գործով վստահորդի առկայության վերաբերյալ որևէ ապացույցի բացակայությամբ:

12. Բացի այդ, բողոքաբերները գտնում են, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 17-րդ, 18-րդ, 23-րդ, 25-րդ, 35-րդ, 107-րդ, 126-րդ, 127-րդ, 358-րդ, 360-րդ, 365-րդ, 366-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ հոդվածների պահանջները, քանի որ Ա.Խալափյանին մեղավոր են ճանաչել առանց բավարար ապացույցների, ինչպես նաև կոնկրետ ապացույցներով չեն հաստատել վերջինիս մեղավորությունը, այն է` ուղղակի դիտավորությամբ գործելը, որը մեղսագրվող հանցագործության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշն է:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 5-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 4-ի դատական ակտերը և ամբաստանյալ Ա.Խալափյանին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով` 2-րդ դրվագով առաջադրված մեղադրանքում արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով` ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առևտրային կաշառք ստանալու հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ա.Խալափյանը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտ է:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալ արարքի համար.

«Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում` օտարերկրյա պետության` արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն` ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար»:

Մեջբերված քրեաիրավական նորմի բովանդակությունից հետևում է, որ նշյալ հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է ապօրինաբար համապատասխան անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալով կամ պահանջելով կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելով, որն ուղղված է կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելուն կամ չկատարելուն:

Ինչ վերաբերում է քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմին, ապա այն կարող է դրսևորվել մեղքի` միայն ուղղակի դիտավորության ձևով. առևտրային կաշառք ստացողը պետք է գիտակցի, որ ինքն ապօրինի վարձատրություն է ստանում, պահանջում կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունում, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա: Բացի այդ, օրենսդիրը որպես քննարկման առարկա հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ սահմանել է հանցագործության կատարման նպատակը, այն է` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելը կամ չկատարելը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առևտրային կաշառք ստացողի մոտ հանցանքը կատարելու ուղղակի դիտավորության առկայության համար անհրաժեշտ է վերջինիս կողմից հետևյալ հանգամանքների միաժամանակյա գիտակցումը.

1) արարքի հակաիրավական բնույթը, այն է` վարձատրություն ստանալու իրավական հիմքերի բացակայությունը,

2) ապօրինի վարձատրություն ստանալու նպատակը, այսինքն` այն, որ վարձատրությունը տրվում է համապատասխան անձի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու համար:

16.1. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խնդրո առարկա հանցակազմի վերլուծությունից հետևում է, որ այն արտահայտված է հատուկ սուբյեկտով` փաստաբան, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող, արբիտր և այլք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով հանցագործության հատուկ սուբյեկտի հասկացությանը, հատուկ սուբյեկտի որոշման հիմքում ընկած չափանիշներին, իր` 2010 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴՈ-851 որոշման 5-րդ կետում նշել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ հատուկ սուբյեկտի որոշումն արտահայտում է կոնկրետ տեսակի հանցագործությունների առանձնահատկությունները, դրանց հանրորեն վտանգավորության աստիճանը: Այս կամ այն անձին որպես տվյալ հանցագործության հատուկ սուբյեկտ ճանաչելը պայմանավորվում է նրանով, որ իրենց պաշտոնական կամ այլ դրության հիմքով նրանք կարող են կատարել հանցագործություններ, որոնք այլ անձինք կատարել չեն կարող: Այսինքն` տվյալ հանցագործության բնույթը և այն կատարելու հնարավորությունն են այն չափանիշները, որոնք օբյեկտիվորեն, անկախ օրենսդրի կամքից, կանխորոշում են հատուկ սուբյեկտի շրջանակը: Այս չափանիշները ենթադրում են, որ տվյալ հանցակազմի հատուկ սուբյեկտի շրջանակն անխուսափելիորեն պետք է համընկնի բոլոր այն անձանց շրջանակի հետ, ովքեր իրենց պաշտոնական կամ այլ դրության ուժով ունակ են կատարել տվյալ արարքը: Մասնավորապես, առանձնացվում են հատուկ սուբյեկտի որոշման հետևյալ հատկանիշները. իրավական կարգավիճակը, ժողովրդագրական հատկանիշը, մասնագիտական պարտականությունները, կատարած աշխատանքի բնույթը, արդարադատության բնագավառում պետության և քաղաքացիների միջև հարաբերությունները և այլն (...)»:

16.2. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմում հատուկ սուբյեկտի առանձնացումը պայմանավորված է դրա մեջ ներառված անձանց կարգավիճակի առանձնահատկություններով, այլ կերպ` անձին համապատասխան հանցակազմի սուբյեկտ ճանաչելու համար անհրաժեշտ է, որ քրեական օրենքով արգելված արարքի կատարումը կապված լինի նրա գրաված դիրքի, իրականացրած գործունեության հետ (տե՛ս, mսtatis mսtaոdis, Ռուբեն Ազատյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ1/0074/01/08 որոշման 16-րդ կետը):

17. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար»:

Սույն նորմի բովանդակությունից հետևում է, որ անձի կողմից փաստաբանական արտոնագիր ստանալու նպատակը փաստաբանական գործունեության իրականացումն է, իսկ դա փաստաբանի կարգավիճակից բխող և բացառապես վերջինիս օրենքով վերապահված հատուկ լիազորություն է:

Վերոնշյալի, ինչպես նաև սույն որոշման 16.1-16.2-րդ կետերում արված դատողությունների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փաստաբանը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի սուբյեկտ կարող է ճանաչվել միայն այն դեպքում, երբ նշյալ արարքի` վերջինիս կողմից կատարումը կապված լինի նրա կողմից իրականացվող փաստաբանական գործունեության հետ:

17.1. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են.

«1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

2. Փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը`

1) խորհրդատվություն, ներառյալ` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (...).

2) ներկայացուցչություն, ներառյալ` ներկայացուցչությունը դատարանում (...).

3) քրեական գործերով պաշտպանություն.

4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը»:

Մեջբերված իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար արտոնագիր ստացած անձի կողմից իրականացվող ցանկացած գործունեություն չէ, որ համարվում է փաստաբանական, այլ կերպ ասած` փաստաբանի կարգավիճակից բխող:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համապատասխան արտոնագիր ստացած անձի իրականացրած գործունեությունը որպես փաստաբանական համարելու համար միաժամանակ անհրաժեշտ է, որ`

1) առկա լինի իրավաբանական օգնություն ստացող անձ,

2) իրականացվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում մատնանշված գործունեության տեսակներից որևէ մեկը, և

3) իրականացվող այդ գործունեությունը ուղղված լինի իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ փաստաբանը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի սուբյեկտ կարող է ճանաչվել այն դեպքում, երբ նշյալ նորմի դիսպոզիցիայում նկարագրված արարքի` վերջինիս կողմից կատարումը փոխկապված լինի նրա կողմից իրականացվող փաստաբանական գործունեության, այն է` իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացման ու պաշտպանության հետ:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Խալափյանին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (2-րդ դրվագով) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդես գալով որպես փաստաբան, Ա.Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար` իր կողմից 2014 թվականի ապրիլի 7-ին և 18-ին ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու համար (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

2014 թվականի ապրիլի 18-ին ամբաստանյալ Ա.Խալափյանը Ա.Կույումջյանի ավտոտնակի վերաբերյալ հարցում է ներկայացրել Կապանի քաղաքապետարան, որում հղում է կատարել, ի թիվս այլ իրավական ակտերի դրույթների, նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վկա Ա. Կույումջյանն ամբաստանյալ Ա.Խալափյանի վերաբերյալ ցուցմունք տալիս նշել է, որ վերջինիս ճանաչել է որպես փաստաբան (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, հաշվի առնելով ամբաստանյալ Ա. Խալափյանի կողմից Կապանի քաղաքապետարան 2014 թվականի ապրիլի 18-ին կատարված հարցման մեջ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին հղում կատարելու և դրանով ղեկավարվելու հանգամանքը, արձանագրել է, որ նշյալը վկայում է ամբաստանյալ Ա.Խալափյանի` որպես փաստաբան հանդես գալու մասին: Արդյունքում դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալի կատարած հանցավոր արարքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով), հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը` ճիշտ, որով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Իր հերթին Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով) առաջադրված մեղադրանքը գնահատելու և այն հիմնավորված համարելու համար: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, հաշվի առնելով, որ Կապանի քաղաքապետարան կատարված հարցմամբ ամբաստանյալը հանդես է եկել նաև որպես փաստաբան, փաստել է, որ Ա.Խալափյանը հանդիսացել է փաստաբան, վերջինիս կողմից ապօրինաբար դրամ պահանջելը կապված է նրա դիրքի, լիազորությունների շրջանակի հետ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա.Խալափյանին առևտրային կաշառքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանցագործության սուբյեկտ դիտարկելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել սույն գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե արդյոք ամբաստանյալ Ա.Խալափյանի մոտ փաստաբանական արտոնագրի առկայությունը, Ա.Խալափյանին որպես փաստաբան ընկալելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) կամ Կապանի քաղաքապետարան կատարված համապատասխան հարցման մեջ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը վկայակոչելը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) կարող էին վկայել Ա.Խալափյանի կողմից փաստաբանական գործունեություն իրականացրած լինելու մասին, այլ կերպ` արդյոք Ա.Կույումջյանից դրամ պահանջելը փոխկապված էր Ա.Խալափյանի փաստաբանական գործունեության, այն է` իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացման ու պաշտպանության հետ:

21. Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ա.Խալափյանը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտ է, հիմնավոր չեն:

22. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, չանդրադառնալով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքներին, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 16-18-րդ կետերում ձևավորած իրավական դիրքորոշումները և յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից պետք է հետևություն անի, թե արդյոք ամբաստանյալ Ա.Խալափյանի մոտ փաստաբանական արտոնագրի առկայությունը, Ա.Խալափյանին որպես փաստաբան ընկալելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) կամ Կապանի քաղաքապետարան կատարված համապատասխան հարցման մեջ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը վկայակոչելը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) կարող են բավարար հիմք համարվել Ա.Խալափյանին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի սուբյեկտ համարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արշավիր Սերժիկի Խալափյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 5-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 4-ի որոշումը` 2-րդ դրվագով բեկանել և այդ մասով գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Արշավիր Սերժիկի Խալափյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2016
N ՍԴ/0195/01/14
Որոշում