Սեղմել Esc փակելու համար:
17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/2430/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2430/02/18         2021 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արմլեվլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գևորգ Պողոսյանի` գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գևորգ Պողոսյանին պարտավորեցնել նրա ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն, իրեն վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պարտավորեցնել Գևորգ Պողոսյանին հրապարակայնորեն հերքելու նրա ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող հետևյալ տվյալները. «Tele Trade-ի հարգելի հաճախորդներ. Մի շտապեք ներդրումներ կատարել այս կազմակերպության որևէ մասնաճյուղում, որովհետև «Արմլեվլ» ՍՊԸ-ի 2 տասնյակի հասնող ներդրողները կորցրել են իրենց գումարը: Որի համար պատասխանատու են «Արմլեվլ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Նազարյանը, գործադիր տնօրեն Արթուր Վարդանովը, վերլուծաբան միաժամանակ իրեն լավագույն թրեյդեր համարող Քրիստինե Բալաբեկյանը և աշխատող մենեջերները: Ով ինչքանով է մեղավոր ներդրողների գումարները չվերադարձնելու համար, կպարզի դատարանը, որին դիմել են տուժողները: Մի շտապեք, որպեսզի չտուժեք, երևի այսպիսին է նրանց աշխատաոճը», Գևորգ Պողոսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 106.000 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցում, 6.000 ՀՀ դրամը` որպես պետական տուրք: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.11.2019 թվականի որոշմամբ Գևորգ Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Պողոսյանը (ներկայացուցիչ` Տաթևիկ Բուջատյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 2-րդ, 5-րդ, 6-րդ, 53-րդ, 119-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 149.8-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 42-րդ, 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, կիրառել է 03.04.2002 թվականին ընդունված և 07.04.2018 թվականին ուժը կորցրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը 25.03.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և գործը նշանակել դատաքննության 01.06.2019 թվականին` ժամը 11:30-ին: Գևորգ Պողոսյանը 01.07.2019 թվականին կայացած դատական նիստին ներկայացրել է իր ներկայացուցչի միջնորդությունը` գործով երկու օր առաջ ներգրավված լինելու պատճառով գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտության հիմքով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, որը Դատարանը մերժել է:

Մինչդեռ, Դատարանը միանգամից նշանակել է դատաքննություն, և բոլոր այն գործողությունները, որոնք պետք է արվեին գործի նախնական դատական նիստի ժամանակ, Դատարանը պետք է կատարեր դատաքննության ընթացքում, ինչը չի կատարել: Մասնավորապես, Դատարանը չի պարզել հայցի հիմքն ու առարկան, չի պարզել ապացուցման կարիք ունեցող փաստերի շրջանակը, ապացուցման բեռ չի բաշխել, ինչպես նաև լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրել:

Դատարանը 01.07.2019 թվականի դատական նիստն իրականացրել է հայցվորի և պատասխանողի ներկայացուցչի բացակայությամբ, իսկ պատասխանողին առհասարակ հնարավորություն չի տվել խոսելու և թեկուզ բանավոր ներկայացնելու իր առարկությունը:

Դատարանը հաշվի չի առել, որ հանրային պաշտպանը լիազորվել է պատասխանողի շահերը ներկայացնելու 28.06.2019 թվականին, և երկու օրը ողջամիտ ժամկետ չէր կարող հանդիսանալ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար: ՈՒստի, մերժելով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը` Դատարանը խախտել է պատասխանողի դատական արդյունավետ պաշտպանության, դատարանի մատչելիության և ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության սկզբունքները, արդյունքում գործը քննել է միայն հայցվորի պահանջների և փաստարկների հիման վրա: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դատական նիստը հետաձգելը Դատարանի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողն իր գրառման մեջ տեղեկացրել է իրականում տեղի ունեցած փաստերի մասին, այն է` ինքը և այլ ներդրողներ կորցրել են իրենց գումարները, և գտել է, որ դրանում պատասխանատու են Ընկերության տնօրենը, գործադիր տնօրենը և թրեյդերը: Այսինքն` պատասխանողը նշել է կոնկրետ ֆիզիկական անձանց անուններ: Մինչդեռ, հայցը ներկայացրել է Ընկերությունը, և վերջինիս շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը դատարանը չի պարզել, գտել է, որ թեև գրառումը վերաբերում է Ընկերության կոնկրետ աշխատակիցներին, այդ գրառումը հերքելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունքը պատկանում է Ընկերությանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, բողոքարկվող վճիռը պատճառաբանված և հիմնավորված չէ:

Գևորգ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ներկայացված` Ընկերության վնաս կրած և գումար կորցրած տասնյակ հաճախորդների վերաբերյալ փաստացի տվյալները համապատասխանում են իրականությանը և հիմնավորվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի 10.07.2018 թվականի որոշմամբ: Ավելին, նշված որոշման համաձայն` Ընկերության տնօրենն իր ցուցմունքներով ընդունել է, որ իր ընկերության աշխատակիցն իսկապես հաճախորդների գումարները վերցրել, կառավարել և մինուսներ է տվել շահույթի փոխարեն, այնուհետև նշել է, որ ինքը հրահանգել է մարդկանց գումարները վերադարձնել: Նման պայմաններում Ընկերությունը ոչ թե պետք է հերքում պահանջի, այլ ինքը պետք է հանդես գա զղջման, ներողության և պարզաբանման խոսքով:

Բացի դրանից, Դատարանը չի պարզել, թե արդյոք այն իրենից ներկայացնում է զրպարտություն և ինչպես է հերքվելու:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գևորգ Պողոսյանի հայտարարության մեջ բացակայում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային որոշումներով արձանագրած` արտահայտությունը զրպարտչական գնահատելու համար չորս չափանիշներից առաջինը և երրորդը: Գևորգ Պողոսյանի կատարած հայտարարությունը վերացական է. նա ենթադրում է, որ նշված ընկերությունում տուժած ներդրողների գումարների կորստի համար հավանաբար պատասխանատու են Ընկերության աշխատակիցները, և նշում է` «ով ինչքանով է մեղավոր` կպարզի դատարանը (...)»:

i

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի և թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով 04.07.2013 թվականի որոշումներում նույն նորմին տրված մեկնաբանություններին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.11.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործը` հայցը բավարարող մասով, ուղարկել նոր քննության: Միաժամանակ, բողոք բերած անձը խնդրել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Չիչոյան) 05.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդունել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու նպատակով նախնական դատական նիստի է նշանակել 07.11.2018 թվականին` ժամը 11:45-ին (հատոր 1-ին, գ.թ. 2):

2) 07.11.2018 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է` կողմերին հնարավորություն տալով հաշտության գալու: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 14.02.2019 թվականին` ժամը 16:00-ին (հատոր 1-ին, գ.թ. 28-31):

3) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Մելքումյան) 23.01.2019 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և նշանակել դատական նիստ 15.04.2019 թվականին` ժամը 13:15-ին (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

4) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ռ. Ներսիսյան) 25.03.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և նշանակել է դատաքննության 01.07.2019 թվականին` ժամը 11:30-ին (հատոր 1-ին, գ.թ. 43):

5) Գևորգ Պողոսյանի ներկայացուցիչ Տաթևիկ Բուջատյանի կողմից 01.07.2019 թվականին դատարան ներկայացված միջնորդությամբ հայտնվել է, որ վերջինս նոր է ներգրավվել սույն գործով որպես պատասխանողի ներկայացուցիչ, ուստի խնդրել է հետաձգել 01.07.2019 թվականին` ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը և նշանակել այն մեկ այլ հերթի` հնարավորություն ընձեռելով ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու առարկություններ (հատոր 1-ին, գ.թ. 53):

6) Գևորգ Պողոսյանի կողմից Տաթևիկ Բուջատյանին լիազորագիրը տրվել է 28.06.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 54):

7) Դատարանը 01.07.2019 թվականի դատական նիստի ընթացքում մերժել է պատասխանող կողմի միջնորդությունը` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, գործի քննությունը հայտարարել է ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օր (հատոր 1-ին, գ.թ. 57-60):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Նախկին օրենսգրքի 119-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ և 149.8-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2-րդ գլխում ամրագրված` գործը դատաքննությանը նախապատրաստելու ընթացակարգի նշանակությանը` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք սահմանափակվել և խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը, երբ միջնորդություն է ներկայացվել նոր ներգրավված ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու կապակցությամբ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է այն և կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

 

i

1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Նախկին օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

i

Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը սահմանել է գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն` դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Նախկին օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 149.8-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան որոշելուց և ապացուցման բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տե՛ս, ի թիվս այլնի, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը քաղաքացիական դատավարության ինքնուրույն և պարտադիր փուլ է: Այն նպատակ ունի խթանելու արդարադատության արդյունավետությունը և կարևոր նախադրյալ է հանդիսանում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար:

 

i

2. Նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

i

Նախկին օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

i

Նախկին օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

i

Նախկին օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին և ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով Նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ կողմերն ունեն հավասար հնարավորություններ դատարան դիմելիս և խախտված իրավունքների պաշտպանության մեթոդներն ու միջոցներ ընտրելիս: Այսինքն, քաղաքացիական դատավարության ընթացակարգում կողմերը միմյանց նկատմամբ որևէ առավելություն չունեն: Միաժամանակ, իրավահավասարության սկզբունքն օրենսդրորեն ամրագրելը դեռևս չի կարող բավարար լինել, եթե գործնականում դատարանի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այդ սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով: Ուստի, դատարանը արդարադատություն իրականացնելիս որևէ կողմի առավելություն տալու իրավասությամբ օժտված չէ և պետք է բացառի կողմնակալությունը կամ իրեն կողմնակալության մեջ կասկածելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատարանների կողմից այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու իրավունքին, արձանագրել է, որ այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից: Դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի և ըստ հակընդդեմ հայցով «Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ ՇԴ/0351/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: «Հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Այսինքն` պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը (տե՛ս, ՀՀ ՖՆ Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Գուրգեն Այվազյանի, Իրինա Ալոյանի, Տիգրան Այվազյանի, Արմեն Այվազյանի թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումների ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ թեև գործի քննությունը հետաձգելը դատարանի հայեցողական լիազորությունն է, այդուհանդերձ, դատարանն այդ հայեցողական լիազորությունը պետք է իրականացնի, եթե գործի հանգամանքներից բխում է, որ գործի արդյունավետ քննությունն իրականացնելու համար անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը և հնարավորություն ընձեռել միջնորդություն ներկայացրած կողմին իրացնելու իր դատավարական իրավունքներն այնպես, որ դատավարության մյուս կողմի հանդեպ չգտնվի նվազ բարենպաստ պայմանում: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից պետք է ապահովվի գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

i

Նախկին օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

i

Նախկին օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, նույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին, իսկ 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

i

Նախկին օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս` գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել:

i

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

i

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշման շրջանակներում անդրադառնալով Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի մեկնաբանությանը, արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Շողիկ Ղարիբյանն ընդդեմ Թամարա Վարդանյանի թիվ 3-558(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վճիռն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտն է, որով գործը լուծվում է ըստ էության: Հետևաբար, օրենսդրի կողմից վճռին ներկայացվող պահանջներն առավել հստակ են և կարգավորվել են հատկապես մանրամասնորեն: Ըստ այդմ, որպես վճռին ներկայացվող հիմնական պահանջներ` օրենսդիրն առանձնացրել է դրա օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը: Ընդ որում, վճռի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ դատավարական պահանջները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի դատարանները, վճիռ կայացնելիս, պարտավոր են պահպանել օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումները:

Ավելին, դատական ակտը կայացնելիս օրենսդրի կողմից վերը նշված պահանջները պահպանելու հետ մեկտեղ` գործն ըստ էության լուծող դատարանի վրա դրված է պարտականություն` պարզելու և բացահայտելու այն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որոնք կարող են վճռորոշ (էական) նշանակություն ունենալ վեճը լուծելիս, գնահատելու գործով ձեռք բերված համապատասխան ապացույցները, առանձնացնելու այն փաստերը, որոնք հիմք են հանդիսանալու դատարանի հետևությունների համար, ինչպես նաև այն փաստարկները, որոնցով ղեկավարվելով` դատարանը մերժում է ներկայացված համապատասխան ապացույցները: Միաժամանակ, բոլոր դեպքերում, դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության տեսանկյունից դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, թե՛ իրավական հիմնավորումները:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Չիչոյան) 05.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդունել է վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության: Նախնական դատական նիստը նշանակվել է 07.11.2018 թվականին` ժամը 11:45-ին: Դատարանը հետաձգել է 07.11.2018 թվականին նշանակված դատական նիստը` կողմերին հնարավորություն տալով հաշտության գալու: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 14.02.2019 թվականին` ժամը 16:00-ին:

Նկատի ունենալով, որ դատավոր Ա. Չիչոյանը ՀՀ նախագահի 10.08.2018 թվականի ՆՀ-385-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր, միաժամանակ դադարեցվել են վերջինիս` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները` սույն գործը վերամակագրվել է դատավոր Ա. Մելքումյանին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Մելքումյան) 23.01.2019 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և գործով նշանակել դատական նիստ 15.04.2019 թվականին` ժամը 13:15-ին:

Հետագայում, դատավոր Ա. Մելքումյանի լիազորությունները դադարեցվելու պատճառով քաղաքացիական գործը հանձնվել է դատավոր Ռ. Ներսիսյանին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ռ. Ներսիսյան) 25.03.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և նշանակել է դատաքննության 01.07.2019 թվականին` ժամը 11:30-ին:

Պատասխանող Գևորգ Պողոսյանի ներկայացուցիչ Տաթևիկ Բուջատյանը 01.07.2019 թվականին դատարան ներկայացված միջնորդությամբ խնդրել է հետաձգել 01.07.2019 թվականին` ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը և նշանակել այն մեկ այլ հերթի` հնարավորություն ընձեռելով ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու առարկություններ: Միջնորդությանը կից ներկայացվել է Գևորգ Պողոսյանի կողմից 28.06.2019 թվականին Տաթևիկ Բուջատյանին տրված լիազորագիրը:

Դատարանը 01.07.2019 թվականի դատական նիստի ընթացքում մերժել է պատասխանող կողմի միջնորդությունը` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, գործի քննությունը հայտարարել է ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը:

Սույն գործով Գևորգ Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև Դատարանի կողմից դատական նիստը հետաձգելու միջնորդության անհիմն մերժման հիմքով: Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանը, նկատի ունենալով, որ գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտությունը բացակայում է, պատասխանող Գևորգ Պողոսյանի` դատական նիստին ներկա գտնվելու պայմաններում որոշել է վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Բուջատյանի` գործի նյութերին ծանոթանալու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժել և շարունակել գործի քննությունը` չխախտելով պատասխանող կողմի դատավարական իրավունքը: Ըստ Վերաքննիչ դատարանի` Դատարանի կողմից բողոքաբեր Գևորգ Պողոսյանին բավարար հնարավորություն է ընձեռվել գործով իր դատավարական իրավունքներն իրացնելու համար, այդ թվում լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար, ինչը, սակայն, բողոքաբերի կողմից չի կատարվել:

Վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ 07.11.2018 թվականին` ժամը 11:45-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է` կողմերին հնարավորություն տալով հաշտության գալու: Կողմերը հաշտության չեն եկել: Միաժամանակ, ստորադաս դատարանի կողմից նշանակված մի շարք դատական նիստեր չեն կայացել, այնուհետև Դատարանը սույն քաղաքացիական գործով 25.03.2019 թվականի որոշմամբ նշանակել է դատաքննություն 01.07.2019 թվականին` ժամը 11:30-ին: Ընդ որում, 01.07.2019 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը մերժել է պատասխանող կողմի միջնորդությունը` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, գործի քննությունը հայտարարել է ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը:

Փաստորեն, Դատարանը ոչ միայն գործը չի նախապատրաստել դատաքննության` արդյունքում խախտելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացումը, այլ նաև անտեսել է գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտի հիմնական նպատակը, որն է ապահովել արդարադատության արդյունավետությունը:

Միաժամանակ, անտեսելով, որ պատասխանողի ներկայացուցիչը նոր է ներգրավվել գործին, Դատարանը մերժել է դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը և այդպիսով վերջինիս հնարավորություն չի ընձեռել ծանոթանալու գործի նյութերին, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու համապատասխան առարկություններ, միջնորդություններ, ապացույցներ, օգտվելու օրենսդրի կողմից իրեն վերապահված այլ դատավարական իրավունքներից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից խախտվել է պատասխանող Գևորգ Պողոսյանի` դատարանում ներկայացուցչի միջոցով իր գործը ներկայացնելու իրավունքը` դրանով իսկ խախտելով գործին մասնակցող անձի` գործը հավասար պայմաններում ներկայացնելու սահմանադրորեն երաշխավորված իրավունքը, որպիսի փաստն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Ավելին, սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանի վճռի պատճառաբանական մասը չի պարունակում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, թեև վերնագրվել է որպես «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և Դատարանի պատճառաբանությունները, հետևությունները և իրավական վերլուծությունը»:

Քննարկվող պարագայում, վճռի պատճառաբանական մասում բացակայում են վճռի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստերը, որոնց վրա Դատարանը հիմնվել է իր հետևություններն անելիս, ինչպես նաև այն փաստարկները, որոնցով մերժվել են դատարան ներկայացված այս կամ այն ապացույցները: Այսինքն, ըստ էության, Դատարանի վճիռը ոչ բավարար չափով է օրինական, հիմնավորված և պատճառաբանված, որպիսի փաստն անտեսվել և գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Նկատի ունենալով, որ պատասխանող կողմն ըստ էության հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր փաստարկները ստորադաս դատարանում` Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին:

 

i

Այսպիսով` սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրվել է դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի արդյունքում Գևորգ Պողոսյանի արդար դատաքննության իրավունքը սահմանափակվել է` փաստացի դառնալով անիրացվելի:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է հնարավորություն ընձեռի Գևորգ Պողոսյանին իրացնելու իր դատավարական իրավունքները` անհրաժեշտության դեպքում ներկայացնելու առարկություններ, համապատասխան ապացույցներ, ապա դրանք համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ` գործի փաստական հանգամանքները պարզելու համար կատարի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որից հետո միայն հանգի եզրակացության` հայցը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա նույն հոդվածով նախատեսված ծախսերը նույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.12.2021
N ԵԴ/2430/02/18
Որոշում