Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԿԴ/1126/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1126/02/17     2020 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մարտի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արա Մովսեսյանի ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի ընդդեմ Արա Մովսեսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արա Մովսեսյանի ընդդեմ Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը պահանջել է Արա Մովսեսյանից հօգուտ Գորիկ Ստեփանյանի բռնագանձել 6.700.000 ՀՀ դրամ` որպես ավտոմեքենայի արժեքի տարբերություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արա Մովսեսյանը պահանջել է Արա Մովսեսյանի և Գորիկ Ստեփանյանի միջև 25.04.2014 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի` որպես առոչինչ (շինծու) գործարքի, անվավերության հետևանք կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հրաժարագնին վերաբերող դրույթները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2019 թվականի որոշմամբ Արա Մովսեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն և որոշվել է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2018թ. թիվ ԵԿԴ/1126/02/17 կայացրած վճիռը մասնակիորեն` փաստաբանի վարձատրության և փորձաքննության ծախսի մասով բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Մովսեսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի ներկայացուցիչ Արտակ Ալոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես. Դատարանը դատական ծախսերից փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը և փորձաքննության ծախսերը վճարելու պարտավորությունը դրել է պարտապան Գորիկ Ստեփանյանի վրա` սնանկության գործով կառավարչին նշելով որպես նրա ներկայացուցիչ, իսկ Վերաքննիչ դատարանն այն իրավաչափ է համարել` հավելելով, որ սնանկության գործով կառավարիչը ներկայացնում է պարտապանի շահերը և նրա փոխարեն անձնական պատասխանատվություն չի կարող կրել:

Մինչդեռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ սնանկության գործով կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս հանդես է գալիս պարտապանի անունից, սակայն իր պատասխանատվությամբ, ինչը նշանակում է, որ սույն գործով հայցը ներկայացնելիս սնանկության գործով կառավարիչը (իրականացրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես` 54-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունը) գործել է պարտապանի անունից, սակայն հիշյալ նորմի ուժով նշված հայցը ներկայացնելու բացասական հետևանքների համար պատասխանատվությունը պետք է կրի ինքը` սնանկության գործով կառավարիչը: Այսինքն` քննարկվող դատական ծախսերի գումարը պետք է բռնագանձվի սնանկության գործով կառավարչի` որպես հատուկ մասնագիտական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ գույքի հաշվին, որը ստորադաս դատարաններն անտեսել են:

Եթե Վերաքննիչ դատարանը թույլ չտար վերոհիշյալ խախտումները, ապա կգար ճիշտ եզրակացության այն մասին, որ դատական ծախսերից փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը և փորձաքննության ծախսերը վճարելու պարտավորությունը կրում է սնանկության գործով կառավարիչը` իր սեփական գույքով, որի պարագայում այդ պարտականությունը կդներ սնանկության գործով կառավարչի, այլ ոչ թե պարտապանի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշումը` դատական ծախսերից փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը և փորձաքննության ծախսերը վճարելու պարտավորությունը սնանկության գործով պարտապան Գորիկ Ստեփանյանի վրա դնելու մասով և փոփոխել այն` դատական ծախսերից փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը և փորձաքննության ծախսերը վճարելու պարտավորությունը դնել սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի վրա:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման: Բողոքաբերը նշել է, որ Դատարանը որոշում կայացնելիս դատական ծախսերը պետք է բռնագանձեր կառավարչից, քանի որ կառավարիչը հանդես է գալիս պարտապանի անունից, սակայն իր պատասխանատվությամբ և նման պարագայում, կառավարիչը չի կարող հանդես գալ որպես ներկայացուցիչ: Այսպիսով` ստորադաս դատարանն իրականացրել է գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն և բողոք բերած անձի այն պնդումն, որ դատական ծախսերը պետք է բռնագանձվեն կառավարչից, այլ ոչ թե Գորիկ Ստեփանյանից, անհիմն է, քանի որ կառավարիչը սույն քաղաքացիական գործով հանդես է եկել որպես ներկայացուցիչ և չի կարող կրել դատական ծախսերը հատուցելու պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Դատարանի օրինական ուժի մեջ մտած 20.10.2016 թվականի թիվ ԵԿԴ/0314/04/16 վճռով Գորիկ Ստեփանյանը սնանկ է ճանաչվել: Նույն դատարանի 25.10.2016 թվականի թիվ ԵԿԴ/0314/04/16 որոշման համաձայն` Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Անդրանիկ Ելինյանը (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2. Դատարանի թիվ ԵԿԴ/1126/02/17 քաղաքացիական գործով 11.10.2017 թվականի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը դրվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի վրա: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 17-0534Դ գրության համաձայն` կատարված փաստաթղթաբանական փորձաքննության արժեքը կազմում է 63.600 ՀՀ դրամ, որը վճարվել է հակընդդեմ հայցվոր Արա Մովսեսյանի կողմից (հատոր 1-ին գ.թ.48-51, 56-60):

3. Արա Մովսեսյանը 11.07.2017 թվականին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով (հատոր 1-ին գ.թ.30-32):

4. Արա Մովսեսյանի և «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ-ի միջև 14.04.2017 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով մատուցվող ծառայության բովանդակությունն է կազմել գումարի բռնագանձման պահանջը: Նույն պայմանագրով, որպես ծառայության արժեք, սահմանվել է 600.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարում է պայմանագիրը ստորագրելու պահին` ներկայացնելով վճարման վերաբերյալ փաստաթուղթը, իսկ մյուս 300.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարում է մինչև 2017 թվականի հունիսի 2-ը ներառյալ (հատոր 1-ին գ.թ 94-96):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության գործով կառավարչի մասնակցությամբ գործերով դատական ծախսերի բաշխման իրավական հարցին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս արձանագրել է, որ օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար` նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար` ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ` պետական տուրքի վճարումից ազատումն է: Այդուհանդերձ, քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը և չի կարող մեկնաբանվել որպես դատավարության մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականության բացակայություն: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով պետք է կրի մյուս կողմի կրած դատական ծախսերը փոխհատուցելու պարտականություն: Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից և կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Ավելին, կառավարչի պարագայում նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Հետևաբար, թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար (տե՛ս, օրինակ` Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն ընդդեմ Վահե Աֆանդյանի թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2018 թվականի որոշումը, Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմելով Դատարան` պահանջել է Արա Մովսեսյանից հօգուտ Գորիկ Ստեփանյանի բռնագանձել 6.700.000 ՀՀ դրամ` որպես ավտոմեքենայի արժեքի տարբերություն:

Հակընդդեմ հայցով դիմելով Դատարան` Արա Մովսեսյանը պահանջել է Արա Մովսեսյանի և Գորիկ Ստեփանյանի միջև 25.04.2014 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի` որպես առոչինչ (շինծու) գործարքի, անվավերության հետևանք կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հրաժարագնին վերաբերող դրույթները:

Դատարանը, անդրադառնալով դատական ծախսերի հարցի լուծմանը, արձանագրել է, որ «հաշվի առնելով այն, որ հակընդդեմ հայցն ենթակա է բավարարման, իսկ սնանկության գործով կառավարիչները պետական տուրքի վճարումից ազատված են միայն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար», գտել է, որ Գորիկ Ստեփանյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 63.600 ՀՀ դրամ` որպես փորձաքննության ծախս»: Իսկ անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին` գտել է, որ «այն ենթակա է բավարարման մասնակի (...) 150.000 ՀՀ դրամ գումարի չափով» և այդ գումարը ևս բռնագանձել է Գորիկ Ստեփանյանից հօգուտ Արա Մովսեսյանի:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «բողոքի հիմքերը բավարար են վճիռը` փաստաբանի խելամիտ վարձատրության և փորձաքննության ծախսի մասով բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար: Ինչ վերաբերվում է դատական ծախսերը կառավարչից բռնագանձելու վերաբերյալ բողոքի պատճառաբանություններին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է դրանք անհիմն են, քանի որ կառավարիչն օրենքով սահմանված կարգով Դատարանում ներկայացնում է սնանկ ճանաչված անձ` Գորիկ Ստեփանյանի շահերը, որպիսի պայմաններում նա անձնական որևէ պատասխանատվություն չի կարող կրել վերջինիս փոխարեն»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի թիվ ԵԿԴ/1126/02/17 քաղաքացիական գործով 11.10.2017 թվականի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 17-0534Դ գրության համաձայն` կատարված փաստաթղթաբանական փորձաքննության արժեքը կազմում է 63.600 ՀՀ դրամ, որը վճարվել է հակընդդեմ հայցվոր Արա Մովսեսյանի կողմից:

Վերոգրյալից ուղղակիորեն հետևում է, որ Դատարանը, թերի հետազոտելով գործում առկա` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 17-0534Դ գրությունը, եկել է սխալ հետևության առ այն, որ փորձաքննության ծախսը չի վճարվել և արդյունքում սխալ եզրահանգման գալով այն որոշել է բռնագանձել կրկին` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի օգտին, ինչն էլ իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, սակայն միաժամանակ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «կառավարիչն օրենքով սահմանված կարգով Դատարանում ներկայացնում է սնանկ ճանաչված անձ` Գորիկ Ստեփանյանի շահերը, որպիսի պայմաններում նա անձնական որևէ պատասխանատվություն չի կարող կրել վերջինիս փոխարեն», մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գումարը ենթակա էր բռնագանձման սնանկության գործով կառավարչից հօգուտ Արա Մովսեսյանի, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Արա Մովսեսյանը 11.07.2017 թվականին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Արա Մովսեսյանի և «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ-ի միջև 14.04.2017 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով մատուցվող ծառայության բովանդակությունն է կազմել գումարի բռնագանձման պահանջը: Նույն պայմանագրով, որպես ծառայության արժեք, սահմանվել է 600.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարում է պայմանագիրը ստորագրելու պահին` ներկայացնելով վճարման վերաբերյալ փաստաթուղթը, իսկ մյուս 300.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարում է մինչև 2017 թվականի հունիսի 2-ը ներառյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանի վարձատրության չափի մասով վճռաբեկ բողոքը հիմնավորումներ չի պարունակում, այլ բողոք բերած անձը փաստարկում է բացառապես` 150.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումարը Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանից բռնագանձման ենթակա լինելու հարցը, Վճռաբեկ դատարանը նույն պատճառաբանությամբ գտնում է, որ փաստաբանի վարձատրության գումարը ևս ենթակա էր բռնագանձման Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը բողոքարկվող մասով փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկվել է դատական ծախսերի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշումը` բեկանել և փոփոխել. Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանից հօգուտ Արա Մովսեսյանի բռնագանձել 63.600 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից նախապես վճարված փորձաքննության գումար: Գորիկ Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանից հօգուտ Արա Մովսեսյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.03.2020
N ԵԿԴ/1126/02/17
Որոշում