041.0017.170100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2000 թվականի N 17
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 և սեպտեմբերի 18-ի N 556, 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 616 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
- որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական
առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը
17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով նախարարության կենտրոնական ապարատում իրականացվում են ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած այն անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ, ովքեր բավարարում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու համար սահմանված պահանջները:
18. Հավակնորդները նախարարի սահմանած ժամկետում նախարարություն են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը հաստատում է նախարարը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի մասին հաղորդագրությունը նախապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նշված փաստաթղթերից կազմված գործերը նախարարի մակագրությամբ վերցվում են հաշվառման և պահվում են նախարարությունում:
19. Սահմանված փաստաթղթերը հանձնած բոլոր հավակնորդներին տրամադրվում են քննական վկայականներ` հավակնորդների մասնագիտական կարողությունների ստուգմանը (այսուհետև` ստուգում) մասնակցելու նպատակով:
20. Ստուգումը կազմակերպելու նպատակով նախարարն ստեղծում է 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող լինել հանձնաժողովի անդամ:
21. Հանձնաժողովը`
ա) կազմակերպում է ընդհանուր և հատուկ ծրագրերով ստուգման աշխատանքները.
բ) հաստատում է ընդհանուր ծրագրով ստուգման համար կիրառելի հարցերը.
գ) որոշում է ստուգման վայրը, ժամանակը, տևողությունը և դրա մասին հրապարակում տեղեկատվություն.
դ) հաստատում և հրապարակում է ստուգման կանոնները.
ե) հաստատում է ստուգման պահանջները բավարարելու պայմանները.
զ) որոշում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեության կարգերը.
է) քննում է հավակնորդների բողոքները` կապված ստուգման կազմակերպման հետ.
ը) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված որոշումներ:
Հանձնաժողովն իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է:
Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում հանձնաժողովի նիստերը.
բ) կազմակերպում է ընդհանուր ծրագրով ստուգման առաջադրանքների խնդիրների և հատուկ ծրագրով ստուգման առաջադրանքների մշակման աշխատանքները.
գ) կազմակերպում է բողոքարկման և ստուգող հանձնաժողովներ.
դ) իրականացնում է հսկողություն ստուգման ընթացքի նկատմամբ:
Հանձնաժողովի նախագահը նաև իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
23. Ընդհանուր և հատուկ ծրագրերով ստուգումներն անցկացվում են տարեկան մեկ անգամ:
Ընդհանուր ծրագրով ստուգումն անցկացվում է դեկտեմբերին, իսկ հատուկ ծրագրով ստուգումը հունվարին:
24. Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացրած կամ սահմանված ժամկետում ստուգմանը չներկայացած հավակնորդները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն դիմելու և մասնակցելու հաջորդ ստուգմանը:
25. Ընդհանուր ծրագրով ստուգման առաջադրանքների հարցերը նախապատրաստում է հանձնաժողովը, որը պարտավոր է ապահովել դրանց գաղտնիությունը:
26. Ընդհանուր ծրագրով ստուգման պահանջները մշակվում են նկատի ունենալով հավակնորդների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`
ա) քրեական և քրեական դատավարություն.
բ) քաղաքացիական և քաղաքացիական դատավարություն:
Հատուկ ծրագրով ստուգման պահանջները մշակվում են նկատի ունենալով հավակնորդների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`
ա) քաղաքացիական իրավունք.
բ) քրեական իրավունք.
գ) քաղաքացիական դատավարության իրավունք.
դ) սահմանադրական իրավունք:
27. Ընդհանուր ծրագրով ստուգման ժամանակ գնահատումն իրականացնում է հանձնաժողովը: Ընդհանուր և հատուկ ծրագրով ստուգման առաջադրանքների գնահատումն իրականացվում է 20 միավորանոց համակարգով: Ստուգումն ու գնահատումն իրականացնում են ստուգող հանձնաժողովները, որոնցում ընդգրկվում են համապատասխան բնագավառի ճանաչված մասնագետներ:
28. Ընդհանուր ծրագրով ստուգման արդյունքները բողոքարկվում են բողոքարկման հանձնաժողովին:
Եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում է բավարարել հավակնորդի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա հավակնորդների միավորներն ավելացվում են:
Բողոքարկման հանձնաժողովի որոշումները վերջնական են:
Հատուկ ծրագրով ստուգման արդյունքները բողոքարկման ենթակա չեն:
29. Բողոքարկման հանձնաժողովը կազմվում է իրավագիտության բնագավառում ճանաչված մասնագետներից: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել արդարադատության խորհրդի անդամները:
30. Ստուգման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ նախապես համաձայնեցնելով հանձնաժողովի հետ, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված դիտորդներ:
Ստուգման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն արդարադատության խորհրդի անդամները:
31. Դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակների վերաբերյալ առաջարկում ընդգրկվում են ընդհանուր ծրագրով ստուգման պահանջները բավարարած հավակնորդները:
Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկում ընդգրկվում են հատուկ ծրագրով ստուգման պահանջները բավարարած հավակնորդները:
Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի կազմման նպատակով նախարարը կարող է ստուգման պահանջները բավարարած հավակնորդներին հրավիրել հարցազրույցի:
32. Նախորդ տարվա դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվածները մնում են հաջորդ տարվա ցուցակներում:
33. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավաբանի մասնագիտական աշխատանքի ստաժի հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»: