040.0888.050916
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 888-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի սեպտեմբերի 2-ի
N 888-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանները տարածվում են Հայաստանի Հանրապետության դրոշի (այսուհետ` դրոշ) վրա և սահմանում են դրոշին ներկայացվող տեխնիկական պահանջները:
2. Դրոշը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխանության ազգային նշանի նմուշին:
3. Դրոշը` համաձայն ձևի, եռագույն է` վերևից ներքև ձգվող կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Դրոշի լայնության և երկարության չափսերի հարաբերությունը պետք է լինի 1:2-ի:
Ձև. Հայաստանի Հանրապետության դրոշ
-------------------------
ԻՐՏԵԿ - դրոշի նկարը չի բերվում
L - դրոշի երկարությունը, B - դրոշի լայնությունը, b1 - կարմիր շերտի լայնությունը, b2 -կապույտ շերտի լայնությունը, b3 - նարնջագույն շերտի լայնությունը:
4. Դրոշի երկարության և լայնության շեղումը չպետք է գերազանցի +/-2%-ը:
5. Դրոշը պատրաստում են տպագրման եղանակով կամ կարելու միջոցով: Դրոշը պատրաստում են 100% պոլիէսթերային գործվածքից, իսկ շենքերի ներսում տեղադրելու համար նախատեսված դրոշը` նաև բամբակե, վուշե խառը, մետաքսե կամ բրդե գործվածքից: Դրսում տեղադրելու համար նախատեսված դրոշի գործվածքի խտությունը պետք է լինի ոչ պակաս 90 գ/մ2-ից:
6. Դրոշի գործվածքի գունավորման կայունությունը, ըստ ԳՕՍՏ 9733.0 ստանդարտի, պետք է լինի ոչ պակաս 5 բալից` լույսի և եղանակի ներգործության նկատմամբ, 4 բալից` ջրի կաթիլների ներգործության նկատմամբ և 3 բալից` չոր և թաց շփման նկատմամբ:
7. Դրոշի գործվածքի երեսակողմի և հակառակ կողմի գունային դաջվածի ինտենսիվության տարբերությունը չպետք է գերազանցի 15%-ը:
8. Դրոշի պաստառի գործվածքի շերտերը պետք է ձևել դրոշի երկարությամբ երկայնական թելի պահպանմամբ, իսկ եզրերը պետք է եզրակարել ծալքակարով: Դրոշը պատրաստում են ամբողջական գործվածքից կամ կարելու միջոցով:
9. Դրոշի պաստառի եզրերը պետք է մշակել երեսակողմից չերևացող զարդակարով, որից հետո 0,3-1,0 սմ լայնությամբ փակ կարվածքով (հարթակարով)` ըստ ԳՕՍՏ 12807 ստանդարտի:
10. Կարը պետք է լինի ամուր, ուղիղ, կարի ծայրերը պետք է ամրացված լինեն հետադարձ կարով` 0,7 սմ ոչ պակաս երկարությամբ: Կարի հաճախությունը պետք է լինի 15-20 կութ (կար)` յուրաքանչյուր 5 սմ-ի վրա:
11. Թելերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 6309 պահանջներին: Դրոշը պետք է կարել շերտի գույնի կամ թափանցիկ կարի թելերով: Երեք շերտից կարվող դրոշը պետք է կցակարել տարբեր թելերով` վերևի և ներքևի շերտերի գույներին համապատասխան:
12. Դրոշը պատրաստում են ամրացման երկու եղանակով`
1) ձողին կցելով` գրպանի միջոցով, գրպանի լայնությունը պետք է լինի դրոշի երկարության 5%-ից ոչ ավելի և չգերազանցի 10 սմ-ը.
2) եզրակի օգնությամբ, եզրակի լայնությունը` 3,0-3,5 սմ:
13. Դրոշի գույները պետք է համապատասխանեն տարբեր գունային մոդելների արժեքներին, որոնք տրված են աղյուսակում:
Աղյուսակ
.________________________________________________________________________.
|Գույնը |Pantone|RGB |CMYK |html |
|_______|_______|____________________|___________________________|_______|
|կարմիր |485 |R: 217; G: 0; B: 18 |C: 0% M: 100% Y: 100% K: 0%|#D90012|
|_______|_______|____________________|___________________________|_______|
|կապույտ|286 |R: 0; G: 51; B: 160 |C: 100% M: 80% Y: 0% K: 0% |#0033A0|
|_______|_______|____________________|___________________________|_______|
|նարնջա-|1235 |R: 242; G: 168; B: 0|C: 0% M: 35% Y: 100% K: 0% |#F2A800|
|գույն | | | | |
.________________________________________________________________________.
14. Pantone և CMYK տարբերակները կիրառվում են տպագրությունում, RGB տարբերակը կիրառվում է կայքերում և հեռուստաեթերում, html տարբերակը կիրառվում է կայքերում:
15. Դրոշներն արտադրում են առանց տեսակավորման: Պատրաստի արտադրանքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`
1) գործվածքի կառուցվածքի ամբողջականություն.
2) բծերի առկայությունը չի կարող գերազանցել 0,3 սմ-ը.
3) մանածագործական թերությունները չեն կարող լինել տեսանելի գերոլոր թելերի տեսքով, 10 սմ-ից ավելի շեղաթելերով, 0,3 սմ-ից ավելի խտվածքներով, հենքի և թեզանի վրայի նկատելի արտահայտված շերտերի տարբերությամբ.
4) գունային շերտում երանգային տարբերությունը պետք է լինի լավ տեսանելի:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի սեպտեմբերի 2-ի
N 888-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի (այսուհետ` զինանշան) վրա և սահմանում են զինանշանի ձևին, չափերին և պատրաստմանը ներկայացվող տեխնիկական պահանջները:
2. Զինանշանը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխանության ազգային նշանի նմուշին:
3. Զինանշանի պատկերը (գունավոր և միագույն) սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններում (ձևեր NN 1, 2):
4. Զինանշանը կարող է պատրաստվել տարածական և գրաֆիկական տեսքով: Գրաֆիկական պատկերը կարող է լինել միագույն և գունավոր: Գունավոր գրաֆիկական պատկերը պարունակում է ոսկեգույն, նարնջագույն, կարմիր և կապույտ գույները:
5. Տարածական կատարմամբ զինանշանը, անկախ իր չափերից և ստացման տեխնոլոգիական եղանակից, պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխանության ազգային նշանի նմուշին և տեխնիկական փաստաթղթերին` ըստ ձևի, չափերի ու համամասնության:
6. Զինանշանի գրաֆիկական պատկերը կարող է ստացվել ցանկացած տեխնոլոգիական եղանակով (տպագրություն, դրոշմում, փորագրություն, համակարգչային գրաֆիկա և այլն) և անկախ չափսերից պետք է պահպանի զինանշանի հստակ և պարզ պատկերը` իր գործածման ժամանակահատվածում: Զինանշանի միագույն պատկերը` սև կամ այլ գույնով, կամ անգույն (օրինակ` տարբեր եղանակներով դրոշմված) ուրվագծային պատկերն է: ՈՒրվագծերի միջև ընկած հատվածները չպետք է գունավորված լինեն և պետք է պահպանեն թղթի կամ այն կրիչի գույնը, որի վրա պատկերված է զինանշանը: Զինանշանի տարածական պատկերը, ինչպես նաև զինանշանի պատկերը, մետաղի վրա համարվում է միագույն, եթե համապատասխանում է այն նյութի գույնին, որից այն պատրաստված է:
7. Զինանշանի գույները պետք է համապատասխանեն տարբեր գունային մոդելների արժեքներին, որոնք տրված են աղյուսակում:
Աղյուսակ
.________________________________________________________________________.
|Գույնը |Pantone|RGB |CMYK |html |
|_______|_______|____________________|___________________________|_______|
|ոսկե- |124 |R: 255 G: 196 B: 75 |C: 0% M: 25% Y: 80% K: 0% |#FEC34E|
|գույն | | | | |
|_______|_______|____________________|___________________________|_______|
|կարմիր |485 |R: 217; G: 0; B: 18 |C: 0% M: 100% Y: 100% K: 0%|#D90012|
|_______|_______|____________________|___________________________|_______|
|կապույտ|286 |R: 0; G: 51; B: 160 |C: 100% M: 80% Y: 0% K: 0% |#0033A0|
|_______|_______|____________________|___________________________|_______|
|նարնջա-|1235 |R: 242; G: 168; B: 0|C: 0% M: 35% Y: 100% K: 0% |#F2A800|
|գույն | | | | |
.________________________________________________________________________.
8. Pantone և CMYK տարբերակները կիրառվում են տպագրությունում, RGB տարբերակը կիրառվում է կայքերում և հեռուստաեթերում, html տարբերակը կիրառվում է կայքերում:
9. Պաշտոնատար անձանց և պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում և դահլիճներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվում է նախագահության հետևի պատին` նախագահողի թիկունքի ուղղությամբ:
10. Մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա պետական կազմակերպության անվանման հետ միասին ցուցանակի վերին կենտրոնական մասում զետեղվում է զինանշանը:
11. Զինանշանի օգտագործումը պետական մարմինների, պետական կազմակերպությունների և դրանց ղեկավարների ձևաթղթերի, կնիքների վրա իրականացվում է զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններին համապատասխան:
Ձև N 1. Հայաստանի Հանրապետության զինանշան (գունավոր տարբերակ)
Ձև N 2. Հայաստանի Հանրապետության զինանշան (միագույն տարբերակ)
-----------------------------
ԻՐՏԵԿ - NN 1 և 2 ձևերի նկարները չեն բերվում