Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

ՔԱՂՎԱԾՔ

 

12 մայիսի 2016 թվականի N 18

 

i

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագիծը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 12-ի նիստի

N 18 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշումը: Հայեցակարգը նպատակաուղղված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:

2. Հայեցակարգում ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման սկզբունքներն ու քաղաքականությունը, երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների ներդրման և զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում խնդիրները` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխումները:

3. Հայեցակարգում Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամքի ու պաշտպանության ոլորտի առկա իրավիճակի վերլուծության հիման վրա ներկայացված են համակարգի խնդիրները, այդ թվում` օրենսդրական, ինստիտուցիոնալ և կազմակերպակառավարչական: Համառոտ կերպով ներկայացված է նաև երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների բնագավառում միջազգային առաջավոր փորձը:

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Հայեցակարգի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև նախանշել նոր տիպի ծառայությունների անհրաժեշտությունը:

5. Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում ընկած է ընտանիքում երեխայի ապրելու ու դաստիարակվելու գաղափարը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձևը փոխարինող ընտանիքն է (երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը ոչ կենսաբանական ընտանիքում), որը խնամքի ու դաստիարակության շարունակականության ապահովումից բացի, հնարավորություն է տալիս երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում:

6. Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ներկայում գործող համակարգի ամենագլխավոր հիմնախնդիրներից մեկը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման համայնքահեն և ընտանիքահեն ծառայությունների խիստ պակասն է, իսկ համայնքների մեծ մասում` դրանց բացակայությունը: Այդ իսկ պատճառով կյանքի դժվարին իրավիճակում, հատկապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մեծ մասի խնամքի կազմակերպման առավել հարմար ձև է շարունակվում դիտվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում երեխաների խնամքը:

7. Փորձը ցույց է տալիս, որ հաստատությունում խնամք ստացած երեխաների մեծ մասի մոտ խնամքի հաստատությունից դուրս գալուց հետո դիտվում է ակնհայտ հոգեբանական անհարմարվողականության վիճակ և կրթական ցածր մակարդակ: Ոլորտում առկա խնդիրներն են` շուրջօրյա հաստատությունների բեռնաթափումն ու հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը, հաստատություններին այլընտրանքային ծառայությունների զարգացումն ու նոր տիպի ծառայությունների ստեղծումը, ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետների պակասը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի ծառայությունների մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվական ոչ լիարժեք համակարգը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կենսաբանական ընտանիքի սոցիալականացնող բարենպաստ միջավայրից տարբեր պատճառներով կարճատև կամ երկարատև զրկվելու բոլոր դեպքերում, երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձև պետք է դիտել նախ և առաջ փոխարինող ընտանիքը, որը խնամքի և դաստիարակության շարունակականության ապահովումից բացի, հնարավորություն է տալիս երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` ապահովելով նաև երեխայի սիրված լինելու ու հոգեկան կապվածության պահանջմունքի բավարարումը: Փոխարինող ընտանիքը նոր ընտանեկան միջավայր է, որը զարգանում է այն նույն սկզբունքով, ինչ որ կենսաբանական ընտանիքը, կատարում է կենսաբանական ընտանիքի գործառույթների մի մասը, գլխավորապես` վերցված երեխաների խնամքի ու դաստիարակության գործառույթները` նկատի ունենալով, որ մեծ մասամբ ստիպված է երեխաներին դաստիարակել ոչ թե ծննդյան օրվանից, այլ որոշակի տարիքից, երբ վերջիններն արդեն ունեն անցյալ, որոշակի սովորություններ, արժեքային կողմնորոշումներ և այլն: Այս նկատառումներով, փոխարինող ընտանիքի առաջին խնդիրը դառնում է երեխայի հարմարեցումը և նրա մոտ տվյալ ընտանիքի լիարժեք անդամ լինելու զգացման ձևավորումը: Սույն հայեցակարգի իմաստով, փոխարինող ընտանիք ասելով նկատի են առնվում կենսաբանական ընտանիքից դուրս երեխայի խնամքն իրականացնող ընտանիքի բոլոր ձևերը, այդ թվում` երեխային որդեգրող, խնամակալության/հոգաբարձության, խնամատարության վերցրած ընտանիքների բոլոր տեսակները` անկախ երեխայի նկատմամբ խնամքի ստանձնման ժամկետից:

8. Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է նաև երեխայի այլընտրանքային ծառայությունների զարգացման համակարգը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված երեխաների այլընտրանքային խնամքի մասին ուղենիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

9. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների բեռնաթափման, երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների` խնամքի ու պաշտպանության հաստատություններում հայտնվելու վաղ միջամտության խնդիրներին ուղղված գործընթացները սկսել են իրականացվել 2004 թվականից` հետևյալ քայլերով.

1) 2004-2005 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության մանկատների բեռնաթափման, ինչպես նաև խնամատար ընտանիքի ներդրման փորձնական ծրագրեր,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները: Այդ որոշմամբ որոշակիորեն տարանջատվեցին երեխաներին կրթական, խնամքային և բժշկասոցիալական բնույթի ծառայություններ տրամադրող կառույցները` հիմքեր ստեղծելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու պաշտպանությունը կազմակերպող այլընտրանքային տիպի հաստատությունների ստեղծման համար (մասնավորապես` ընտանեկան տիպի մանկատուն, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն, երեխաների աջակցության կենտրոն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն և այլն): Այս որոշման ընդունմանը հաջորդեցին մի շարք ինստիտուցիոնալ-կազմակերպական քայլեր, մասնավորապես`

ա. 2005 թվականին Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Երեխաների խնամքի համակարգի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Երևանի Աջափնյակ համայնքում և Գյումրի քաղաքում ստեղծվեց երեխաների սոցիալական հոգածության երկու կենտրոն,

բ. 2007 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինստիտուցոնալ-կազմակերպական փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի հատուկ հանրակրթական հաստատությունների ենթահամակարգում, որը թելադրված էր այդ ենթահամակարգի գործունեության սկզբունքների անհամապատասխանության վերացման հրամայականով: Խնդիրն այն էր, որ նման հաստատություններում համատեղվում էին սաների (ովքեր գլխավորապես չէին հանդիսանում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ) կրթական և խնամքի ծառայությունները` զրկելով վերջիններիս հանրակրթության համակարգի ծառայություններից ներառվածության սկզբունքով օգտվելու հնարավորությունից: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի հատուկ հանրակրթական 17 հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծվեցին երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ յոթ հաստատություններ, որոնք այդ պահին դիտվում էին որպես խնամքի ու պաշտպանության այլընտրանքային կառույցներ: Այդ կառույցները, որոշակի տարբերություններով հանդերձ, այնուամենայնիվ, պահպանեցին հաստատություններին բնորոշ խնամքի մեխանիզմները և ոչ համայնքահեն բնույթը.

3) 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսեց երեխաների խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ձևերից ևս մեկի` խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդնումը: Այդ ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած 65 երեխա խնամք է ստացել խնամատար ընտանիքներում, որոնց մի մասը դուրս է գրվել 18 տարեկանը լրանալու կամ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելու պատճառով: Ներկայում խնամատար ընտանիքներում խնամք է ստանում 15 երեխա: Այդ ուղղությամբ էական ու համակարգային առաջընթաց ապահովելու նկատառումներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2016 թվականի մարտի 10-ին N 9 արձանագրային որոշմամբ հավանություն տվեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին.

4) 2009 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ Լոռու մարզում ձեռնամուխ եղավ մանկատների բեռնաթափման ծրագրի իրականացմանը, որի արդյունքում 2010-2015 թվականներին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններից կենսաբանական ընտանիք է վերադարձվել 900 երեխա, ինչպես նաև կանխվել է ավելի քան 1530 երեխայի մուտք այդ հաստատություններ:

 

IV. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

10. Վերջին տարիներին ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են եղել երեխաների իրավունքների պաշտպանության միասնական համակարգի ստեղծմանը, մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը և այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների գործունեության բարելավմանը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ներկայում գործում են երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 6 հաստատություն (մանկատուն). մանկատներից երեքը մասնագիտացված է, որտեղ խնամվում են կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական արատներով երեխաներ: Նշված հաստատություններում 2015 թ. նախատեսվել է խնամել 735 երեխայի, սակայն փաստացի խնամվել է միջինը 684 երեխա, ինչը պայմանավորված է հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում Խարբերդի մասնագիտացված մանկատան չափահաս սաների տեղափոխմամբ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներով անձանց կենտրոն, ինչպես նաև երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալու, որդեգրման և խնամատար ընտանիքներ տեղավորման հանգամանքով: Թեև բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում շարունակվում է նվազել խնամվող երեխաների թիվը, սակայն հատուկ (մասնագիտացված) հաստատություններում այն հիմնականում չի նվազում` պայմանավորված բուժհաստատություններից առողջական խնդիրներով նորածինների շարունակական ուղեգրմամբ, ինչպես նաև կենսաբանական ընտանիքներ վերադառնալու, որդեգրվելու կամ խնամատար ընտանիք տեղավորվելու գրեթե անհնարինությամբ: Նախարարության համակարգի երեխաների խնամքի 8 գիշերօթիկ հաստատությունում (ներկայում գործում է երեխաների խնամքի 7 գիշերօթիկ հաստատություն) 2015թ. նախատեսվել է սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների դպրոցահասակ 800 երեխայի շուրջօրյա խնամք, սակայն հաստատություններում փաստացի խնամվել է միջինը 614 երեխա` պայմանավորված 2015 թ. հուլիս ամսից «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպմամբ («Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոն), ինչպես նաև հաստատությունների բեռնաթափման ծրագրի իրականացմամբ, որը 2006 թվականից իրականացվում է ՀՀ Լոռու մարզում և 2014 թվականից նաև ՀՀ Շիրակի մարզում: 2015 թ. ծրագրի շրջանակում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 և կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ, բացի այդ 100 շահառուի տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ` սննդի զամբյուղ, հագուստ և կոշիկ, գրենական պիտույքներ, դասագրքեր, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների մասնակի փոխհատուցում: Նախարարության համակարգում գործում է սոցիալական հոգածության ցերեկային 3 կենտրոն, որի նպատակը ցերեկային ժամերին` կենտրոնի կանոնադրությամբ կամ ներքին իրավական այլ ակտերով սահմանված ժամանակահատվածում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումն է, այդ երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման աջակցությունն է, տարվա ընթացքում բազմագործառույթ ծառայությունների մատուցումն է, երեխա-ընտանիք կապի ամրապնդումը, երեխաների մուտքի կանխարգելումը շուրջօրյա հաստատություններ: Երեք կենտրոնում 2015թ. ծառայություններ է տրամադրվել շուրջ 430 երեխաների և նրանց ընտանիքների: «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում 2015 թ. նախատեսվել է խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած 25 երեխայի: Տարվա ընթացքում խնամվածների թիվը կազմել է 18` պայմանավորված չափահաս շահառուների ծրագրից դուրս գալու հանգամանքով: Ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությամբ նախատեսված էր խնամատար ընտանիքներում կազմակերպել նաև հաշմանդամ երեխաների խնամքը, սակայն առաջացան դժվարություններ առողջական խնդիրներով երեխաների համար խնամատար ընտանիքներ ընտրելու հարցում:

11. Հայեցակարգի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև նախանշել նոր տիպի ծառայությունների անհրաժեշտությունը:

12. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման խնդիրներն են.

1) խնամքի այլընտրանքային ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետների պակասը,

2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, նրանց կենսաբանական և փոխարինող ընտանիքներին ուղղված մասնագիտական ուղեկցման համակարգի բացակայությունը,

3) խնամքի այլընտրանքային ծառայությունների մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը,

4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական ոչ լիարժեք համակարգը,

5) Ոլորտը կարգավորող օրենսդրության անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին,

6) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման համակարգի վերաբերյալ հասարակության ցածր իրազեկվածությունը:

13. Հայեցակարգը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովում,

2) խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման և ստեղծման գործընթացում պետության պատասխանատվությունը,

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համայնքահեն խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման մատչելիության և հասցեականության ապահովումը,

4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման և ընդլայնման գործընթացում պետական մարմինների և հասարակության համագործակցությունը,

5) երեխայի պաշտպանության հարցում բոլոր շահագրգիռ կողմերի միասնական մոտեցման և փոխհամագործակցության ապահովում:

14. Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղություններն են.

1) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործումը,

2) երեխաների շուրջօրյա հաստատությունների բեռնաթափումը և այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը,

3) շուրջօրյա հաստատություններում գտնվող երեխաների բնակության համայնքների սոցիալական ենթակառուցվածքների գնահատումը,

4) խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացմանը և նոր ծառայությունների ստեղծմանն ուղղված քայլերը,

5) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված տեղեկատվության հավաքագրման կառուցակարգերի ստեղծումը,

6) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված կրթական, վերապատրաստման ծրագրերի ստեղծումը,

7) խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության ապահովումը,

8) զանգվածային լրատվության միջոցներով խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված հասարակական կարծիքի ձևավորումը:

 

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

15. Երեխաների խնամքի ու պաշտպանության ձևերի ընդհանրություններով հանդերձ, այնուամենայնիվ, տարբեր երկրներում դիտվում են նաև ոլորտի զարգացման որոշակի առանձնահատկություններ.

1) ԱՄՆ-ում, մասնավորապես, ներկայում վարվում է սոցիալական որբության (սույն հայեցակարգի իմաստով` ծնողական խնամքից երեխայի փաստացի զրկվածություն` կենսաբանական ծնողների կենդանության պայմաններում) և ծնողազրկության կանխարգելմանն, ինչպես նաև երեխաների ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրացմանն ուղղված քաղաքականություն: Այդ քաղաքականության կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներն իրականացվում են գլխավորապես համայնքային մակարդակում և ֆինանսավորվում են տեղական բյուջեներից: ԱՄՆ-ում վաղուց զարգացում է ապրում երեխային ժամանակավորապես տեղավորող խնամատար ընտանիքի մոդելը, որտեղ երեխան կարող է տեղավորվել բացառապես դատարանի որոշմամբ, քանի որ այդ երկրում երեխային ընտանիքից դուրս բերելը և այլ ընտանիքում տեղավորելը, այդ թվում` որդեգրելը, դիտվում է ծայրահեղ միջոց, որը կիրառվում է շատ խիստ անհրաժեշտության դեպքում: Այսօր ԱՄՆ-ն գնում է նույնիսկ երկարաժամկետ խնամք իրականացնող խնամատար ընտանիքների թվի կրճատման, որի հաշվին խնայվելիք միջոցները ևս նախատեսվում է ուղղել կենսաբանական ընտանիքների ամրապնդմանը: ԱՄՆ-ում վարքային կամ զգացական խնդիրներ ունեցող երեխաների համար գոյություն ունեն մի քանի տիպի մանկական հաստատություններ, մասնավորապես. ընտանեկան տիպի մանկատներ, պատրոնատ ընտանիքներ, ստացիոնար բուժկենտրոններ, ճգնաժամային կենտրոններ, պրոֆիլակտորիումներ և այլն: Որդեգրման առումով, հատկապես խրախուսվում է հատուկ կարիքներով երեխաների որդեգրումը, այն էլ միայն երկար ժամանակ փոխարինող ընտանիքներում գտնվող երեխաների խմբից: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման առավել տարածված ծառայությունն այդ երկրում ընտանիքի պատրոնաժն է, երբ կենսաբանական ընտանիքում խնդիրների առկայության ժամանակ երեխաներին նախ փորձում են տեղավորել ընդլայնված ընտանիքում` ազգականների մոտ` որոշակի հսկողության տակ պահելով այնտեղ երեխայի կյանքի պայմանները: Չնայած դրան, ազգակցական ընտանիքների` որպես փոխարինող ընտանիքի մոդելը, այս երկրում շատ քիչ է տարածված: Հաջորդ առավել տարածված ձևը` չաշխատող կանանց հսկողության տակ ձևավորվող ընտանեկան դաստիարակչական խմբերն են:

2) Ֆրանսիայում երեխայի պաշտպանության առաջին և հիմնական կառույց է ճանաչվում այն ընտանիքը, որտեղ նա ծնվել է և որտեղ պետք է հնարավորինս երկար ժամանակ ապրելու և զարգանալու հնարավորություն ունենա: Նույնիսկ այն ժամանակ, երբ անբարենպաստ իրավիճակից ելնելով, առաջանում է երեխային իր կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտություն, առաջնային խնդիրներից մեկը մնում է այդ երեխայի և նրա ազգականների միջև կապի պահպանումը: Այս երկրում առկա է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակի մասին ահազանգման զարգացած համապետական համակարգ, որի կարևորագույն տարրերից է հեռախոսային թեժ գիծը: Խնամատար ընտանիքների ֆրանսիական համակարգում երբեք չի անտեսվում կենսաբանական ծնողների կարծիքը երեխայի կյանքի վերաբերյալ կայացվելիք որոշումների ժամանակ: Ծնողական իրավունքներից զրկումը դիտվում է չափազանց ծայրահեղ միջոց: Ֆրանսիայում երկարաժամկետ ռեժիմով կամ սկզբունքով գործում են միայն ընտանետիպ փոքր մանկատները, որոնք տեղավորված են բազմաբնակարան շենքերում, որի յուրաքանչյուր բնակարանում ապրում են ոչ մեծ խմբով երեխաներ` դաստիարակի հետ միասին: Բոլոր մանկատները ֆինանսավորվում են պետական բյուջեից: Նման մանկատներում հիմնականում ապրում են հաշմանդամ և վարքային լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար դժվար է լինում գտնել խնամատար ընտանիքներ: Այս երկրում ևս կան կենտրոնացված մանկատներ և օթևաններ, որտեղ ժամանակավորապես (մինչև նրանց համար խնամատար ընտանիքի ընտրությունը) պահվում են միայն խիստ անբարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ ունեցող ընտանիքներից դուրս բերված երեխաները, իսկ 0-3 տարեկան երեխաներն անմիջապես են տեղավորվում խնամատար ընտանիքներում: Խնամատար ընտանիքում թույլատրվում է միաժամանակ ընդունել երեքից ոչ ավել երեխա` համարելով, որ երեխաների մեծ թիվը նվազեցնում է երեխային տրամադրվող վերականգնողական հնարավորությունները: Խնամատար ծնողների աշխատանքը վարձատրվում է` տարբեր տարածքներում տարբեր չափերով: Ֆրանսիայում նշանակալի փորձ կա հատկապես դժվար դաստիարակվող դեռահասների դաստիարակությամբ մասնագիտացված խնամատար ընտանիքների ստեղծման գծով: Նման ընտանիքների օգնության համար կա բավականաչափ զարգացած ուղեկցման ծառայությունների համակարգ, որի առանցքային գաղափարն այն է, որ սոցիալական աշխատողը վկա է և պետք է ներկա գտնվի խնամատար ընտանիքի գործունեության բոլոր փուլերում:

3) Սերբիայում սոցիալական ապահովության համակարգի հիմնական հաստատություններն են համայնքներում գործող սոցիալական աշխատանքի կենտրոնները, որոնցից յուրաքանչյուրին կից գործում է որբերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ աշխատանքի փորձագիտական հանձնաժողով, որը կազմված է սոցիալական աշխատանքի մասնագետից, հոգեբանից, մանկավարժից և իրավաբանից: Այստեղ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարատև խնամքը կազմակերպվում է երկու ձևով` պատրոնատ (ֆոստերային) ընտանիքների և հատուկ մասնագիտացված խմբային մանկատների միջոցով, որոնք մեկը մյուսին չեն բացառում, քանի որ փորձագիտական հանձնաժողովը կարող է երեխային մեկից մյուսը տեղափոխելու որոշում կայացնել: Այստեղ ևս արվում է առավելագույնը երեխաներին կենսաբանական ընտանիքներում պահելու նպատակով: Միայն որևէ արդյունքի չհասնելու դեպքում է, որ փորձագիտական հանձնաժողովը որոշում է երեխային հանել ընտանիքից և տեղավորել նշված երկու տիպի հաստատություններից որևէ մեկում:

4) Հունգարիայում լայն տարածում ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման ընտանետիպ մանկատները, իսկ տարածքներում գործում են ընտանեկան պատրոնաժի ծառայություններ, որոնք կարևոր դեր են կատարում մանկության պաշտպանության գծով գործող պետական և ոչ պետական կառույցների գործունեության համակարգման գործում: Այստեղ ևս ամեն ինչ արվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա կենսաբանական ընտանիքի միջև կապի պահպանման ուղղությամբ` մեծ տեղ տալով ընտանիքներին նյութական օգնության ցուցաբերմանը:

 

VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

16. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացումը ներառում է.

1) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող բոլոր մարմինների գործունեության արդյունավետ համակարգում,

2) երեխաների խնամքի ու դաստիարակության ծառայությունների բարելավում և նոր տիպի ծառայությունների ներդրում,

3) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման կատարելագործման նպատակով ուղեկցման գործընթացի ներդրում:

17. Համակարգման արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է.

1) հստակ տարանջատել ոլորտի զարգացման քաղաքականության մշակման և առաջացող խնդիրների վերջնական լուծման իրավասությունները` երեխաներին ու նրանց ընտանիքներին անմիջականորեն սոցիալական ծառայությունների տրամադրման գործառույթներից,

2) հզորացնել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի առաջնային օղակը` խնամակալության և հոգաբարձության մարմինները, բարձրացնել դրանց մասնագիտական պատրաստվածության աստիճանը, օժտել դրանք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ու պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ավելի գործուն լծակներով,

3) ստեղծել համագործակցության գործուն մեխանիզմներ խնամակալության և հոգաբարձության մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, համայնքային սոցիալական աշխատողների համագործակցության համար,

4) հզորացնել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի միջին օղակի` մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների մասնագիտական կարողությունները, կազմակերպամեթոդական, տեխնիկատնտեսական և այլ պայմանները` երեխաների հիմնախնդիրների ուսումնասիրության, մոնիթորինգի և համակարգման գործառույթները արդյունավետ իրականացնելու համար:

18. Երեխաների խնամքի ու դաստիարակության ծառայությունների բարելավման նպատակով անհրաժեշտ է.

1) խթանել որդեգրումը, խնամակալությունը/հոգաբարձությունը, խնամատար ընտանիքի ինստիտուտի կայացումը,

2) ներդնել նոր տիպի ծառայություններ` տեղայնացնելով միջազգային պրակտիկայում գործող երեխաների խնամքի կազմակերպման ընտանիքահեն ձևերն ու մոդելները (մասնավորապես` պատրոնատ ընտանիքի, ընտանեկան դաստիարակության խմբի, հյուրընկալող ընտանիքի և այլ մոդելները),

3) իրականացնել երեխաների խնամքի ու դաստիարակության այլընտրանքային ծառայությունների ներդրման պիլոտային ծրագրեր հանրապետության որոշ համայնքներում` ելնելով տվյալ համայնքի առանձնահատկություններից և պետության ռեսուրսային հնարավորություններից:

19. ՈՒղեկցման գործընթացի ներդրման համար անհրաժեշտ կանոնավոր մասնագիտական օգնություն կցուցաբերվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, նրանց ընտանիքներին և երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող բոլոր մարմիններին երեխայի հայտնաբերման, նրա ուղղորդման և խնամքի տրամադրման ողջ գործընթացում:

20. Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի կազմակերպման ընտանիքահեն մի շարք ձևերի կիրառման փորձը, միջոցներ կձեռնարկվեն նաև հանրապետությունում առկա խնամքի այլընտրանքային ծառայությունների հետևյալ տեսակները զարգացնելու ուղղությամբ`

1) որդեգրում, որը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու նախապատվելի ձևը,

2) խնամակալություն և հոգաբարձություն, որոնք սահմանվում են` խնամակալություն` տասնչորս տարին չլրացած առանց ծնողական խնամքի մնացած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ, հոգաբարձություն` 14-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ,

3) խնամատարություն, որը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր տեղավորման ձևերից մեկն է, երբ երեխայի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքներում խնամքի վճարովի ծառայություններ տրամադրելով,

4) մանկական ավան, որը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ընտանեկան պայմաններում շուրջօրյա խնամքի կազմակերպման ձև է: Հայաստանի Հանրապետությունում նման խնամք իրականացնում է ««ՍՈՍ» Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը,

5) երեխաների աջակցության կենտրոն, որը նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրման, ընտանիքի չափահաս անդամների զբաղվածության ապահովմանն աջակցելու, երեխայի նյութական ու կենցաղային պահանջների բավարարման, կրթությանն ու դաստիարակությանն օժանդակելու, առաջին բժշկական օգնության ծառայության տրամադրման և խնամքի ապահովման համար` մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը, իսկ դրանց անհնարինության դեպքում` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելը,

6) երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն, որը որպես բուժական հաստատություն, կոչված է իրականացնելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների բուժումը, խոսքի խանգարումների շտկումը, այլ համալիր վերականգնողական միջոցառումների իրականացումը, հոգեբանական աջակցության տրամադրումը, ինչպես նաև բուժման ընթացքում երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խնամքի այլ տեսակներ:

 

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Սույն հայեցակարգով առաջարկվող քաղաքականությունը`

1) միտված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների վիճակի արմատական բարելավմանը, այն առումով, որ կանխվի երեխայի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքից զրկվելը.

2) նախատեսում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային կազմակերպման նոր մոդելների ներդրում, որոնց արդյունավետությունն ապացուցվել է միջազգային փորձով,

3) հակված է կոնկրետ արդյունքների ստացմանը, որոնց ստացումը գնահատելու համար նախատեսում է նաև քաղաքականության արդյունավետության գնահատման և մոնիթորինգի միջոցառումների իրականացում:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

22. Խնամքի այլընտրանքային ծառայությունների նոր տիպերի ներդրումը ֆինանսական ծախսերի փոփոխություն չի առաջացնի, քանի որ այն հիմնականում կիրականացվի երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

23. Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգը հնարավորություն է տալիս հստակեցնել և ամբողջականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, խնամքի այլընտրանքային կազմակերպման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները` 2016-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում:

24. Հայեցակարգում առաջարկվող նախընտրելի խնամքի այլընտրանքային ծառայությունների նոր տիպերի ստեղծումը հնարավորություն կընձեռնի ապահովել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը կենսաբանական կամ փոխարինող ընտանիքներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2016
N 18
Արձանագրային որոշում