040.1402.011215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1402-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 674 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ են համարվում պետական սեփականություն հանդիսացող այն բնակելի տարածքները` բազմաբնակարան շենքերի առանձին բնակարանները, անհատական բնակելի տները կամ հասարակական նշանակության շենքերում բնակության համար նախատեսված տարածքները (այսուհետ` ծառայողական բնակարան), որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օրենքով սահմանված կարգով աշխատանքային իրավունակություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` պետական կառավարչական հիմնարկներում, պետական մարմիններում (այսուհետ` պետական մարմին) և պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ` ՊՈԱԿ) աշխատանքային (կամ ծառայողական) հարաբերությունների իրականացման կապակցությամբ` այդ աշխատանքային հարաբերությունների իրականացման ժամանակահատվածում բնակվելու համար.
2) ծառայողական բնակարանները տրամադրվում են պայմանագրով` անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով և ենթակա չեն տվյալ բնակարաններում բնակվող անձանց կողմից օտարման կամ այլ ձևով օգտագործման իրավունքի փոխանցման.
3) ծառայողական բնակարանների` անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրման մասին կնքված պայմանագրերից ծագող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են ծառայողական բնակարաններն օգտագործողների միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակելի տարածքները ծառայողական բնակարանների շարքն են դասվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
4. Ծառայողական բնակարանների` անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագրերի կնքման լիազորությունները վերապահվում են այն պետական մարմիններին, որտեղ հաշվառված են ծառայողական բնակարանները, իսկ ծառայողական բնակարանների տրամադրման մասին կնքված պայմանագրերի հաշվառման լիազորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
i
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգի և պայմանների մասին» N 674 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 26-ի
N 1402-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական սեփականություն հանդիսացող բնակարանները (այսուհետ` ծառայողական բնակարան) որպես ծառայողական բնակարաններ հատկացնելու հետ կապված հարաբերությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում զինծառայողների բնակարանային ապահովման հարաբերությունների):
2. Սույն կարգի համաձայն ծառայողական բնակարան ստանալու իրավունք ունեն պետական կառավարչական հիմնարկներում, պետական մարմիններում (այսուհետ` պետական մարմին) և պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ` ՊՈԱԿ) աշխատող (ծառայող) անձինք, ովքեր իրենց աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածում, ելնելով աշխատանքային հարաբերությունների բնույթից, պետք է բնակվեն աշխատավայրի գտնվելու տարածքում, սակայն անձը և նրա կինը (կամ ամուսինը) չունեն տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ գտնվող այլ բնակելի տարածք:
3. Սույն կարգի համաձայն որպես ծառայողական բնակարաններ կարող են հատկացվել պետական մարմիններում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայողական բնակարանների շարքը դասված այն բնակելի տարածքները, որոնք`
1) գնվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) կառուցվել կամ վերակառուցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
3) ճանաչվել են պետական սեփականություն և փոխանցվել են պետական մարմնին.
4) ժառանգությամբ և նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:
4. Ծառայողական բնակարան ստանալու համար անձը, սույն կարգին կից դիմումի ձևին համապատասխան, գրավոր դիմում է ներկայացնում այն պետական մարմին, որտեղ աշխատում է (իսկ ՊՈԱԿ-ի աշխատողը` տվյալ ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին)` դիմումին կից ներկայացնելով`
1) անձնագրի լուսապատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
2) տեղեկանք փաստացի բնակության վայրից.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքը` ծառայողի և նրա կնոջ (կամ ամուսնու) անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածքների առկայության (կամ այդպիսի տարածքների բացակայության) մասին.
4) պետական մարմնում աշխատանքի ընդունման (նշանակման) մասին փաստաթղթի և (կամ) աշխատանքային պայմանագրի լուսապատճենը.
5) դիմումատուի ընտանիքի անդամների մասին տեղեկությունները:
5. Ծառայողական բնակարանների հատկացման գործընթացն իրականացնելու նպատակով պետական մարմնում ստեղծվում է առնվազն 6 անդամից բաղկացած` բնակարանների ապահովության հարցերով զբաղվող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որն ուսումնասիրում է ծառայողական բնակարան հատկացնելու համար ներկայացված փաստաթղթերը և 20-օրյա ժամկետում ընդունում է որոշում ծառայողական բնակարան հատկացնելու անհրաժեշտության կամ այդպիսի անհրաժեշտության բացակայության մասին:
6. Հանձնաժողովն ընդունում է ծառայողական բնակարան հատկացնելու անհրաժեշտության մասին դրական որոշում, եթե`
1) դիմումատուի կողմից նշված ծառայողական բնակարանը հաշվառված է պետական մարմնում և դիմումատուի կողմից դիմում ներկայացնելու պահին տվյալ ծառայողական բնակարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված չէ այլ անձի (անձանց).
2) դիմումատուի կողմից ապահովվել են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.
3) առկա են սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմանները:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններից որևէ մեկը չապահովելու կամ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հանձնաժողովն ընդունում է որոշում ծառայողական բնակարան հատկացնելու անհրաժեշտության բացակայության մասին:
8. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է պետական մարմնի ղեկավարը:
9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` ծառայողական բնակարան ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում` նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
11. Հանձնաժողովի բոլոր նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները:
12. Ծառայողական բնակարան ստանալու համար դիմում ներկայացրած անձը հանձնաժողովի նիստին է ներկայացնում սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի բնօրինակները:
13. Հանձնաժողովի կողմից անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան հատկացնելու մասին դրական որոշում ընդունվելու դեպքում ծառայողական բնակարանն օգտագործող անձի և համապատասխան պետական մարմնի միջև 30-օրյա ժամկետում կնքվում է պաշտոնեական (ծառայողական) բնակարան հանդիսացող բնակելի տարածքի անհատույց, ժամանակավոր օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որից ծագող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Ծառայողական բնակարանի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելուց հետո տվյալ ծառայողական բնակարանն օգտագործողը պետք է`
1) հնգօրյա ժամկետում` պետական մարմին ներկայացնի պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման վկայականը.
2) երկամսյա ժամկետում, պայմանագրի ժամկետին համապատասխան, իր միջոցների հաշվին կատարի ծառայողական բնակարանի ապահովագրությունը:
15. Պետական մարմինը սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված` պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման վկայականն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման վկայականի լուսապատճենը` հաշվառում իրականացնելու համար:
16. Պետական մարմիններին` սույն կարգին համապատասխան կնքված պայմանագրերում պարտադիր կարգով նախատեսել, որ պայմանագիրը ենթակա է լուծման, եթե`
1) ծառայողական բնակարանն օգտագործողի հետ դադարեցվել են աշխատանքային հարաբերությունները, կամ`
2) ծառայողական բնակարանն օգտագործողի կամ նրա կնոջ (ամուսնու) կողմից աշխատավայրի գտնվելու վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ բնակելի տարածք է ձեռք բերվել:
Հայաստանի Հանրապետության
__________________________________
__________________________________
պարոն _____________________ -ին
___________________________________
(դիմումատուի անունը, ազգանունը,
___________________________________
պետական մարմնում զբաղեցրած պաշտոնը)
___________________________________
(դիմումատուի հասցեն)
Հեռախոսահամարը ____________________
Էլեկտրոնային փոստը ________________
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ __________________________________________________ ստեղծված
(պետական մարմնի անվանումը)
հանձնաժողովում քննարկել ________________________________________ -ում
(նշել հասցեն)
ինձ ծառայողական բնակարան տրամադրելու մասին հարցը:
Դիմումին կից ներկայացնում եմ`
_______________________________________________________________:
(թվարկել փաստաթղթերը)
Դիմումատու _____________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ __________________ 20 թ.