040.1105.290915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2015 թվականի N 1105-Ն
i
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1105-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից անվճար կամ ցածր գներով մանկական սննդի և հարակից ապրանքների հատկացման ընթացակարգի, դեպքերի ու պայմանների, ինչպես նաև տևողության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով պետության կողմից անվճար կամ ցածր գներով տրամադրվող մանկական սնունդը ներառում է մանկական կաթնախառնուրդը, վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդը (այսուհետ` մանկական սնունդ):
3. Սույն կարգում կիրառված հասկացություններն են`
1) մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական հասակը.
2) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի մանուկների և վաղ տարիքի երեխաների կերակրման համար.
3) չհարմարեցված (ոչ ադապտացված) կաթնախառնուրդ` կովի, այլ կենդանիների թարմ կամ փոշի կաթի հիմքով պատրաստված ոչ գործարանային արտադրության և հատուկ մշակում չանցած կաթնային խառնուրդ, որոնց շարքն են դասվում «Նարինեն», կեֆիրը, մածունը, ամբողջական կամ նոսրացված կովի կամ այլ կենդանիների կաթը:
4) երեխայի օրինական ներկայացուցիչ` երեխայի օրինական ներկայացուցիչներ են համարվում ծնողները (հայրը, մայրը), որդեգրողը, խնամակալը, խնամատար ծնողները, հոգաբարձուն: Ընտանիքի մյուս անդամները երեխայի օրինական ներկայացուցիչներ չեն համարվում:
4. Մանկական սնունդն անվճար տրամադրվում է`
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին.
2) բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաներին.
3) մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում:
5. Մանկական սնունդը, բացի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերից, անվճար տրամադրվում է նաև`
1) բազմապտուղ (երկու և ավելի) հղիությունից ծնված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող երեխաներին.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող չհարմարեցված (ոչ ադապտացված) կաթնախառնուրդ ստացող և սնուցման ծանր խանգարում ունեցող երեխաներին.
3) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված երեխաներին:
6. Մանկական սնունդը ցածր գներով (արժեքի 50 տոկոս զեղչ) տրամադրվում է`
1) բազմապտուղ (երկու և ավելի) հղիությունից ծնված ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 10.01-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավոր ունեցող երեխաներին.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 10.01-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավոր ունեցող ոչ ադապտացված կաթնախառնուրդ ստացող և սնուցման ծանր խանգարում ունեցող երեխաներին:
7. Հարակից ապրանքներն անվճար տրամադրվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին:
8. Հատուկ սնուցողական պահանջներով պայմանավորված բժշկական ցուցումների, ինչպես նաև մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
9. Անվճար մանկական սնունդ տրամադրվում է հետևյալ տևողությամբ.
1) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` մինչև երեխայի ինը ամսական հասակը.
2) սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` հիվանդության ախտորոշման պահից մինչև երեխայի 18 տարին լրանալը.
3) սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում` երեխայի մոր մոտ կրծքով կերակրման հակացուցում հանդիսացող հիվանդության ախտորոշման պահից մինչև երեխայի ինը ամսական հասակը` հիմք ընդունելով կերակրող մոր առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթից քաղվածքը կամ բժշկական եզրակացությունը:
10. Հարակից ապրանքները տրամադրվում են մինչև երեխայի ինը ամսական դառնալը:
11. Մանկական սնունդը և հարակից ապրանքները ձեռք են բերվում բժշկական կազմակերպությունների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակում, յուրաքանչյուր բյուջետային տարվա համար նախատեսված ծավալներին համապատասխան` բացառությամբ բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաների համար գնվող մանկական սննդի, որի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, կենտրոնացված կարգով և բաշխվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
12. Սույն կարգով նախատեսված դեպքերում առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից մանկական սնունդը և հարակից ապրանքները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Բնակչության առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում, բնակչության անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովման համար նախատեսված միջոցների հաշվին:
II. ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Անվճար կամ ցածր գներով մանկական սնունդ կամ հարակից ապրանքներ տրամադրելու հիմք է մանկական սննդի կամ հարակից ապրանքների` բժշկի կողմից նշանակումը` համաձայն N 1 ձևի (այսուհետ` ձևաթուղթ):
14. Նշանակումը կատարում է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով երեխային սպասարկող համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)` երեխայի բժշկական հսկողություն իրականացնող բժիշկը.
2) ծնվելուց հետո առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դեպքում նորածին երեխայի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում գտնվելու ժամանակահատվածում` նրան վարող բժիշկը` մինչև երեխայի դուրսգրումը.
3) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված, բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաների դեպքում` համապատասխան մասնագիտացված կենտրոնում երեխայի դիսպանսեր (շարունակական) հսկողություն իրականացնող բժիշկը:
15. Մանկական սննդի կամ հարակից ապրանքի տրամադրումը երեխայի օրինական ներկայացուցչին իրականացվում է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեղատնից կամ դեղատնային կրպակից, որի հետ սույն կարգի 14-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքել են համապատասխան պայմանագիր:
16. Ձևաթուղթը ստանալու նպատակով երեխայի օրինական ներկայացուցիչը բժշկական կազմակերպություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` բժշկական կազմակերպության տնօրենի անվամբ.
2) երեխայի օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.
3) երեխայի ծննդյան վկայականի կամ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (պատճենները).
4) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով նախատեսված դեպքերում` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը.
5) սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքում` համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված երեխայի հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը.
6) սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 5-րդ կետի 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` մոր հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը.
7) սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում, 6-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում նշված դեպքերում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու և համապատասխան միավորներ ունենալու վերաբերյալ սոցիալական աջակցության համապատասխան տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված տեղեկանքը և երեխայի սնուցման կարգավիճակի վերաբերյալ համապատասխան բժշկական եզրակացությունը:
17. Առանց ծնողական խնամքի մնացած նորածին երեխայի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում գտնվելու ժամանակահատվածում մանկական սննդի նշանակման հիմք է`
1) երեխայից հրաժարվելու վերաբերյալ ծնողի (ծնողների) դիմումը (պատճենը).
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և բժշկական կազմակերպության կողմից համատեղ կազմված ընկեցիկության ակտը.
3) բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը մոր փաստացի բացակայության վերաբերյալ.
4) մոր մահվան բժշկական վկայականը (պատճենը):
18. Ձևաթղթի բնօրինակը տրվում է երեխայի օրինական ներկայացուցչին` մանկական սնունդը կամ հարակից ապրանքները սույն կարգին համաձայն ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է բժշկական կազմակերպությունում երեք տարի ժամկետով:
19. Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեղատան կամ դեղատնային կրպակի կողմից մանկական սննդի կամ հարակից ապրանքների անվճար կամ ցածր գներով հատկացումը երեխաներին իրականացվում է սույն կարգով հաստատված` մանկական սննդի կամ հարակից ապրանքի նշանակման ձևաթուղթը ներկայացնելու դեպքում: Ձևաթղթի վրա նշվում է մանկական սննդի կամ հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գնով տրամադրելու վերաբերյալ համապատասխան տեղեկություն, եթե տրամադրվում է ցածր գնով` նաև վճարման ենթակա գումարը, իսկ ձևաթղթի դարձերեսի մասում ստացողը կատարում է նշում ստացած մանկական սննդի կամ հարակից ապրանքի (ապրանքների) թվի և վճարված գումարի մասին:
20. Մանկական սննդի կամ հարակից ապրանքների տրամադրման ձևաթղթերը պահվում են դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ երեք տարի ժամկետով:
21. Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեղատան կամ դեղատնային կրպակի կողմից ամփոփվում է նախորդ ամսվա անվճար կամ ցածր գներով տրված մանկական սննդի կամ հարակից ապրանքների փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են համապատասխան բժշկական կազմակերպություն, որի հիման վրա համատեղ կազմվում է անվճար կամ ցածր գնով տրամադրվող մանկական սննդի կամ հարակից ապրանքների նշանակման ձևաթղթերի ամփոփ ռեեստր` համաձայն N 2 ձևի:
22. Ռեեստրը կազմվում է երկու օրինակից, օրինակներից մեկը պահվում է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ, իսկ երկրորդ օրինակը` բժշկական կազմակերպությունում:
Ձև N 1
ՁԵՎԱԹՈՒՂԹ
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԿԱՄ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ
_______ ______________ 20 ___ թ.
(նշանակման օրը, ամիսը, տարեթիվը)
._____________________________________________________________________.
| ._. ԱՆՎՃԱՐ | ._. ՑԱԾՐ ԳԻՆ (հիսուն տոկոս զեղչ) |
| ._. | ._. |
._____________________________________________________________________.
Երեխայի անունը, հայրանունը, ազգանունը _________________________________
Օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը __________________
Ծննդյան օրը_____ ամիսը_____տարեթիվը_______, բնակության վայրը __________
Հեռախոսահամարը ________________________________________________________
Մանկական սննդի կամ հարակից ապրանքի նշանակման հիմքը ____________________
Մանկական սննդի կամ հարակից ապրանքի անվանումը և քանակը` մեկ ամսվա համար
_______________________________________________________________________
Հարակից ապրանքի անվանումը, քանակը _____________________________________
Բժիշկ ___________________ _______________________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
Բժշկական հաստատության
տնօրեն ___________________ _______________________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 2
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԿԱՄ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԱՄՓՈՓ ՌԵԵՍՏՐ
N __________
20_____ թ. ______________-ի համար
_________________________________ _______________________________
Դեղատնային գործունեություն Բժշկական հաստատության անվանումը
իրականացնող իրավաբանական անձի
կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը
1. Ձևաթղթերի թիվը (հատ) ______________________________________________
2. Վճարման ենթակա գումարը`
______________________________________________
(թվերով)
______________________________________________
(բառերով)
Դեղատան կամ դեղատնային կրպակի Բժշկական հաստատության տնօրեն
տնօրեն ____________________________ __________________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
___________________________________ __________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
Հաշվապահ __________________________ Հաշվապահ _________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
___________________________________ __________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
Կ.Տ Կ.Տ.