(ուժը կորցրել է 06.07.2023 թիվ 1136-Ն որոշում)
i
040.0720.030715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2015 թվականի N 720-Ն
i
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, հաշտարարներին որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 2-ի
N 720-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հաշտարարության որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և գործունեության կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք), այլ օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով` երկու տարի ժամկետով:
4. Հանձնաժողովի գործունեությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի (այսուհետ` նախարարության աշխատակազմ) միջոցով: Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է նախարարության աշխատակազմը:
5. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու համար նախարարը`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության երկու ներկայացուցչին նշանակում է միանձնյա.
2) Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մեկ ներկայացուցչին նշանակում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությամբ.
3) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները բավարարող մեկ նախկին դատավորին նշանակում է միանձնյա` նախկին դատավորի գրավոր համաձայնությամբ.
4) մեկ հոգեբանին և մեկ գիտնական-իրավաբանին նշանակում է Հայաստանի Հանրապետության գիտակրթական հաստատությունների առաջարկությունների հիման վրա.
5) մեկ արտոնագրված հաշտարարին նշանակում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության առաջարկությամբ: Մինչև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծումը հանձնաժողովի կազմում` հաշտարարության ոլորտում գիտական փորձ ունեցող անձին նշանակում է նախարարը` միանձնյա:
7. Հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված մեկ նախկին դատավորի, մեկ հոգեբանի և մեկ գիտնական-իրավաբանի հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով նախարարության աշխատակազմը հայտարարություն է տեղադրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) կայքում` թեկնածուներ առաջադրելու համար:
9. Առաջադրող մարմինը կամ կազմակերպությունը մինչև հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակը նախարարություն ներկայացնելը տվյալ թեկնածուին գրավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակում առաջադրված լինելու մասին` ստանալով թեկնածուի գրավոր համաձայնությունը:
10. Հանձնաժողովի անդամների թեկնածուների վերաբերյալ նախարարություն են ներկայացվում հետևյալ տվյալները`
1) հանձնաժողովի անդամի թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), աշխատանքի վայրը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում).
2) առաջադրող մարմնի կամ կազմակերպության անվանումը.
3) գիտական աստիճանը և կոչումը (առկայության դեպքում):
11. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները նախարարության աշխատակազմի կողմից պատշաճ կարգով տեղեկացվում են ստորև թվարկված բոլոր գործողությունների մասին`
1) նախարարության կողմից հաստատված որակավորման դասընթացի անցկացման վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվա և վայրի մասին.
2) հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի մասին.
3) հաշտարարների որակավորման դասընթացի կազմակերպման և անցկացման մասին.
4) հաշտարարների որակավորման դասընթացի ավարտի, հաշտարարների որակավորման քննությունների անցկացման մասին.
5) հաշտարարների որակավորման վկայագրերի տրամադրման ամսաթվի, ժամի և վայրի մասին.
6) հանձնաժողովի հերթական նիստերի մասին:
12. Հանձնաժողովի աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի կազմը փոփոխվում կամ համալրվում է` սույն կարգով սահմանված հանձնաժողովի անդամի նշանակման կանոնակարգումների համաձայն` տասն աշխատանքային օրվա ընթացքում:
13. Հանձնաժողովի աշխատանքներին նախագահի հետագա մասնակցության անհնարինության դեպքում նախագահի ընտրությունն իրականացվում է ընդհանուր կարգով` սույն կարգի 7-րդ կետի համաձայն:
14. Հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է նախարարի կողմից դրա անհատական կազմի հաստատման օրվան հաջորդող օրը և գործում է երկու տարի ժամկետով:
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ նախարարության աշխատակազմն սկսում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով նոր հանձնաժողովի ձևավորման աշխատանքների կազմակերպումը: Հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի անդամ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով:
18. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են` հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
19. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
20. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) որոշում է աշխատանքների հետ կապված հարցերի, դիմումների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
21. Հանձնաժողովի քարտուղարությունը`
1) արձանագրում է տվյալ հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ.
3) կազմում է հանձնաժողովի կողմից ընդունվելիք որոշումների նախագծերը.
4) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի որոշումների նախագծերը:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
22. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) ուսումնասիրում է հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը.
3) մասնակցում է հանձնաժողովի նիստերի քվեարկություններին.
4) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում կցում է գրավոր հատուկ կարծիքը և գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
23. Հանձնաժողովը կարող է դիմել նախարարին` հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը`
1) երեք անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերի քվեարկությանը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 2-ի
N 720-Ն որոշման
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հաշտարարների որակավորման դասընթացների կազմակերպումը և անցկացումը, հաշտարարի որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները:
2. Հաշտարարների որակավորման դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու և անցկացնելու նպատակը հաշտարարների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի ուսուցումը, ինչպես նաև հաշտարարական հմտությունների դասավանդումը և որակավորման քննության միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու հաշտարարի որակավորում շնորհելն է:
3. Դասընթացներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջները բավարարող ֆիզիկական անձինք:
4. Դասընթացները կազմակերպվում են արտոնագրված հաշտարարների թեկնածուների կողմից` հաշտարարի որակավորման դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար կատարված միանվագ վճարների հաշվին (այսուհետ` միանվագ վճար)` հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով:
II. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
5. Դասընթացները կազմակերպվում են Երևան քաղաքում` տարեկան առնվազն մեկ անգամ: Դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից, այնպես էլ` հաշտարարների վերապատրաստող մասնագիտացված կազմակերպություն ներգրավելու միջոցով:
6. Հանձնաժողովը հաշտարարների արտոնագրման և դասընթացների կազմակերպման մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև նախարարության կայքում:
7. Հայտարարության մեջ նշվում են`
1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները.
2) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.
3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) դիմում ներկայացնելու և դասընթացն անցկացնելու վայրը.
5) միանվագ վճարման ենթակա գումարի չափը և վճարման կարգը:
8. Դասընթացին մասնակցելու համար ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (այսուհետ` նախարարության աշխատակազմ) է ներկայացնում հաշտարարների որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից հաստատված տիպային դիմում, 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի, անձնագրի պատճենը (անձնագրի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ` փաստաթղթերը հանձնելու պահին), բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ` փաստաթղթերը հանձնելու պահին), կենսագրական տվյալները և համաձայնություն օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող տվյալների իսկության, այդ թվում դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու փաստն ստուգելու վերաբերյալ:
9. Դասընթացներին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը վարում է նախարարության աշխատակազմը և դրա մասին պարբերաբար տեղեկացնում է հանձնաժողովին:
10. Հանձնաժողովը, դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասընթացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին:
11. Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձին հանձնաժողովը ծանուցում է հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով: Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձանց ցանկը հրապարակվում է նախարարության կայքում:
12. Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք նախարարության կայքում ցանկը հրապարակվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար միանվագ վճարումը: Եթե դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձը սահմանված ժամկետում վճարում չի կատարում, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ անձին դասընթացներին մասնակցելը մերժելու վերաբերյալ:
i
13. Դասընթացների ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով, որը տեղադրվում է նախարարության կայքում:
III. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ
14. Հաշտարարների թեկնածուներին որակավորում շնորհվում է որակավորման քննության արդյունքում:
15. Որակավորման քննությունն անցկացվում է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի միջոցով: Որակավորման քննությունն անցկացվում է դռնբաց: Որակավորման քննությանը կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
16. Որակավորման քննության թեստերը կազմում է հանձնաժողովը: Թեստերը կազմվում են հաշտարարի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի շրջանակում:
17. Թեստավորման փուլում յուրաքանչյուր հաշտարարի թեկնածուի տրամադրվում է 50 թեստային հարցից բաղկացած թեստ: Յուրաքանչյուր թեստային հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
18. Որակավորման քննության թեստային առաջադրանքների լուծման համար հատկացվում է 60 րոպե ժամանակ:
19. Որակավորման քննության ընթացքում չի թույլատրվում օգտվել գրքերից, տեղեկագրերից, փաստաթղթերից և տեխնիկական միջոցներից:
20. Որակավորման քննության թեստային հարցերը մասնակցին են տրամադրվում որակավորման քննությունն սկսելու պահին:
21. Հանձնաժողովը թեստային հարցերի ստուգման արդյունքներն ամփոփում է դռնփակ:
22. Թեստային հարցերից առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ձեռք է բերում որակավորման քննության երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք:
23. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և հմտություններն ստուգելու նպատակով: Հարցատոմսերը կազմում է հանձնաժողովը: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող` ճշգրտող բանավոր հարցեր: Հարցատոմսի հարցերի պատասխանների նախապատրաստման համար մասնակցին հատկացվում է տասնհինգ րոպե ժամանակ: Յուրաքանչյուր հարցատոմս ընդգրկում է երկու հարց և մեկ իրավիճակային խնդիր, սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դասընթացների ծրագրին, ինչպես նաև որպես հաշտարար աշխատելու համար անհրաժեշտ հմտություններին վերաբերող հարցեր: Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտվելուց հետո ամփոփվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Ճշգրտող հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում: Հարցազրույցի փուլը հաղթահարելու համար հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս: Հանձնաժողովը որակավորման քննության հարցազրույցի փուլի արդյունքներն ամփոփում է դռնփակ:
24. Որակավորման քննության վերջնական արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով իրազեկվում է ոչ ուշ, քան որակավորման քննության արդյունքներն ամփոփելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
25. Որակավորման քննության արդյունքը կարող է վերանայվել հանձնաժողովի կողմից` դիմողի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա` արդյունքների մասին դիմողին իրազեկելուց հետո 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
26. Հանձնաժողովն իրավունք չունի նվազեցնելու որակավորման քննության արդյունքը: Եթե հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացած միավորները համապատասխանաբար ավելացվում են:
27. Որակավորման քննությանն առանց հարգելի պատճառների չներկայացած դիմողները զրկվում են որակավորման քննությանը մասնակցելու իրավունքից, իսկ նրանց կողմից կատարված միանվագ վճարը ենթակա չէ վերադարձման, սակայն, եթե հանձնաժողովը դիմողի չներկայանալը ճանաչում է հարգելի, ապա վերջինս, առանց լրացուցիչ վճարում կատարելու, իրավունք ունի մասնակցելու հաշտարարների որակավորման հաջորդ քննաշրջանի որակավորման քննություններին` ընդհանուր կարգով` առանց դասընթացներին հաճախելու:
28. Հաշտարարի որակավորման վկայագիրը (այսուհետ` վկայագիր) տրվում է հինգ տարի ժամկետով:
29. Վկայագրում նշվում են`
1) վկայագիր տվող մարմնի անվանումը.
2) վկայագրի համարը.
3) վկայագիրը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
4) վկայագրի վրա փակցվում է հաշտարարի լուսանկարը:
30. Վկայագիրն ուժը կորցրած է համարվում վկայագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված դեպքերում:
31. Վկայագրի կորստի կամ օգտագործման համար այն ոչ պիտանի դառնալու դեպքում հանձնաժողով է ներկայացվում դիմում` վկայագրի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում են անձնագրի պատճենը և օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայագիրը: Կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայագրի փոխարեն տրվում է նոր վկայագիր` «Կրկնօրինակ» նշումով:
32. Հաշտարարի որակավորման վկայագիր ստացած ֆիզիկական անձանց ցուցակը տեղադրվում է նախարարության կայքում և ներառվում արտոնագրված հաշտարարների ռեեստրում:
33. Վկայագրերի հաշվառումը վարում է նախարարությունը: