040.0217.100315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2015 թվականի N 217-Ն
i
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 5-ի
N 217-Ն որոշման
2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ»
Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ու գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով ու զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և դրանով իսկ աղքատության հաղթահարման, ինչպես նաև երկրում սոցիալական համերաշխության ու քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ` 2014 թվականին հետևողական աշխատանք է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ին պետական աջակցությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացման ուղղությամբ:
Այս համատեքստում իրականացման փուլում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ` սույն ծրագրի իրականացումը նպաստում է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի համախառը ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:
«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ 2014 թվականին ֆինանսական ու ներդրումային աջակցության, տեղական և տարածքային տնտեսական զարգացման, ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանը) աջակցության, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման, սկսնակ գործարարների ու կանանց ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական ու խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում շուրջ 6200 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ապահովելով շուրջ 15000 անգամ աջակցություն:
ԳԼՈՒԽ 2. |
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է (4-րդ հոդվածի պահանջ):
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշումը (N 1 հավելվածի 76-րդ կետ).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրային որոշումը (3-րդ կետ).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1511-Ն որոշմամբ հաստատված «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրով նախատեսված ծրագրային ցուցանիշների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:
ԳԼՈՒԽ 3. |
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
1. Ծրագրի նպատակներն են`
1) պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանումը.
2) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը.
3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը.
4) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
2. Ծրագրի նպատակների իրագործման ապահովման համար նախատեսվում են`
1) գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու, ինչպես նաև նրանց ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվությունը տալով Հայաստանի Հանրապետության մարզերին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման առանձնահատկությունները.
2) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա մեխանիզմների (գործիքների) (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական և այլն) կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմների (գործիքների) ներդրում, մասնավորապես, տեղական տնտեսական զարգացում ու ոլորտային բիզնեսներին աջակցություն.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն` գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրում.
5) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ռեսուրսախնայողական և մաքուր արտադրության սկզբունքների կիրառման խրախուսում.
6) ծրագրի իրականացման շրջանակներում ավելի շատ ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավում և նրանց ցուցաբերվող պետական աջակցության շրջանակների ընդլայնում.
7) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացման միջոցառումների իրականացում:
ԳԼՈՒԽ 4. |
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ծրագիրն իրականացվում է ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող կառույցների միջոցով.
2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության և ծառայությունների ոլորտում գործող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող` գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը.
3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.
4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում մշակվում և իրականացվում են ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5. |
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ (ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) |
Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումները (ուղղությունները) են`
1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում
Սույն ծրագրային միջոցառման (ուղղության) շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման, ինչպես նաև աջակցության ծրագրերում գործընկեր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանը, դրանց նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացմանը, դրանց գործունեության ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը:
2. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում)
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցության շրջանակներում կիրականացվեն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրեր, որոնք ընդգրկում են հետևյալ բաղադրիչները` մասնակիցների ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, մանրակրկիտ ընտրության փուլ անցած գաղափարների կյանքի կոչման նպատակով գործարար ծրագրերի մշակում: Այդ ամենի արդյունքում սկսնակ գործարարները ձեռք կբերեն իրենց բիզնեսի, անձնակազմի և ֆինանսական միջոցների կառավարման (պլանավորման) ու շուկայավարման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
2015 թվականին «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում:
Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության մարզերում կիրականացվեն նաև սկսնակ գործարարներին աջակցության ոլորտային ծրագրեր, որոնց իրականացման վայրը և բնույթը կորոշվեն կարիքների գնահատման հիման վրա` ըստ առկա պահանջարկի:
Սույն ծրագրային միջոցառման (ուղղության) իրականացման ժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ:
Բացի դրանից, տվյալ ծրագրային միջոցառման (ուղղության) շրջանակներում կիրականացվեն նաև ուսուցողական դասընթացներ` գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար, որոնք կկազմակերպվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում և հիմնված կլինեն 2013-2014 թվականներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործարարների շրջանում գործարար ծառայությունների կարիքների գնահատման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ:
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի հետևյալ ուղղություններով`
ՓՄՁ-ի սուբյեկտների առավել լայն շրջանակների համար գործարար տեղեկատվության և խորհրդատվության հասանելիության և մատչելիության ապահովման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եռամսյակային պարբերականությամբ խմբային և անհատական հանդիպումներ կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչների (գործարարների) հետ, որոնք կանցկացվեն հատուկ մշակված ձևաչափով: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում տեղի ունեցած ու նախատեսվող փոփոխությունները և կտրվեն պարզաբանումներ: Մասնագետները կպատասխանեն նաև մասնակիցների կողմից տրվող հարցերին: Նախատեսվում է հանդիպումներին մասնակից դարձնել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին: Որոշակի հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն նաև հատուկ թիրախավորված խմբերի հետ: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից պարբերաբար կմշակվեն ու գործարարներին կտրամադրվեն տեղեկատվական նյութեր, կհրատարակվի մասնագիտական գրականություն, ինչպես նաև կօգտագործվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքի հնարավորությունները:
2015 թվականի ընթացքում այս բաղադրիչի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համաֆինանսավորման սկզբունքով աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մրցութային կարգով ընտրված գործարար ծառայություններ մատուցող (ԳԾՄ) կառույցների միջոցով որակյալ հաշվապահական հաշվառման, ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման և այլ ուղղություններով ծառայությունների մատուցման ճանապարհով:
Պետություն - մասնավոր հատված երկխոսության ամրապնդման շրջանակներում նախատեսվում է ձևավորել մի հարթակ, որտեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առանձին գործարար խմբերի հետ: Համագործակցության շրջանակներում կքննարկվեն առանձին ոլորտներում առկա խնդիրները, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրության և վարչարարության բնագավառներում գոյություն ունեցող հիմնահարցերը, կձևավորվեն խնդիրների լուծման և պետական աջակցության նոր գործիքների վերաբերյալ առաջարկություններ: Քննարկումների արդյունքները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և շահագրգիռ ճյուղային նախարարություններին: Նշված հարթակը Հայաստանի Հանրապետության կառավարության համար միաժամանակ կծառայի նաև որպես հետադարձ կապի միջոց, որի միջոցով հնարավոր կլինի գործարար համայնքի հետ նախապես քննարկել ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանն ու նրանց գործունեության կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնությունները և իրավական ակտերի նախագծերը: Այս հարթակը համադրելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում առկա մասնագիտական կարողությունների և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործարարների հետ հաստատված երկարամյա համագործակցության հետ` կձևավորվի մի միջավայր, որը կնպաստի Հայաստանում պետություն - մասնավոր հատված երկխոսության արդյունավետությանը և գործարար միջավայրի բարելավմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտների շահերի պաշտպանության ուղղությամբ հասցեական աջակցություն կցուցաբերվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտներին` օրենսդրական և պետական վարչարարության շրջանակներում վերջիններիս շահերի պաշտպանության ուղղությամբ: Այս նպատակով համապատասխան պետական մարմինների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում համատեղ կմշակվեն համագործակցության և տեղեկատվության փոխանակման աշխատակարգեր:
ՓՄՁ-ի վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրությունների իրականացման շրջանակներում մի շարք պետական մարմիններից կհայցվի ՓՄՁ-ի մասին համապատասխան տեղեկատվություն` հետագա վերլուծությունների իրականացման նպատակով: ՈՒսումնասիրությունների շրջանակներում կբացահայտվեն և կվերլուծվեն ՓՄՁ-ն բնութագրող հիմնական ցուցանիշները: Նշված ուսումնասիրությունները կարող են որպես տեղեկատվության աղբյուր ծառայել ՓՄՁ-ի հետագա զարգացման քաղաքականության և ռազմավարության մշակման ու հիմնավորման համար:
Տվյալ բաղադրիչի շրջանակներում համագործակցություն կհաստատվի միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ` Հայաստանում ՓՄՁ-ի մասին վիճակագրական տվյալների հասանելիության, ինչպես նաև ՓՄՁ-ն բնութագրող մի շարք ինդեքսային ցուցանիշների ձևավորման ուղղություններով միջազգային լավագույն փորձի տեղայնացման նպատակով:
ՓՄՁ-ն կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում մասնակցության համատեքստում նախատեսվում է ուժեղացնել օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դերակատարության կարողությունները: Այս նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն ՓՄՁ-ի սուբյեկտների հետ անհատական և խմբային քննարկումների արդյունքները, ՓՄՁ-ի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունները, կներդրվեն ազդեցության գնահատման միջազգային պրակտիկայում կիրառվող մի շարք գործիքներ:
2015 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար տեղեկատվությամբ: Մասնավորապես, նախատեսվում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների, տեղեկագրերի) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև դրանք կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ներով) գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Միաժամանակ կվերահեռարձակվի «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարը:
2015 թվականին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նաև Հաշվապահական կենտրոնի գործունեության կազմակերպման համար, ինչը ՓՄՁ-ի սուբյեկտներին հնարավորություն կտա օգտվելու հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների պատրաստման մատչելի ծառայություններից: Դրա հետ մեկտեղ Հաշվապահական կենտրոնի կողմից կկազմակերպվեն խորհրդատվական և ուսուցողական բնույթի սեմինարներ` ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատողների մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 4500-5000 ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 8000-10000 անգամ աջակցություն:
4. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության զարգացման համար կարևոր խնդիր է ֆինանսական (վարկային) ռեսուրսների հասանելիությունը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում 2015 թվականին կշարունակվեն ֆինանսական և ներդրումային աջակցության մեխանիզմների (գործիքների) կիրառումը և դրանց ընդլայնումը: Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում կհաստատվի համագործակցություն մի շարք նոր ֆինանսական կազմակերպությունների հետ:
Ծրագրային այս միջոցառումը (ուղղությունը) ներառում է հետևյալ ֆինանսական մեխանիզմները (գործիքները)`
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում).
2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում).
3) գործարար նախաձեռնություններին աջակցություն.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում:
Անհրաժեշտության դեպքում` կդիտարկվեն (կքննարկվեն ու կմշակվեն) նաև այլ ֆինանսական մեխանիզմներ (գործիքներ), որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա ներդրման համար:
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում)
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ֆինանսական աջակցության գործիք, 2015 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրումը, որը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:
Այստեղ նախապատվությունը տրվում է գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
2015 թվականին նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի իրականացման ֆինանսական (վարկային) ռեսուրսների ծավալի ավելացում` Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը 5 տարի է: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 15,000.0 հազ. դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով:
Առանձին դեպքերում ՓՄՁ-ի սուբյեկտներին կարող են տրամադրվել 15,000.0 հազ. դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` 5 տարվանից ավելի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում)
Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության շրջանակներում կցուցաբերվի աջակցություն` սկսնակ գործարարների ֆինանսավորման (վարկավորման) հնարավորություններն ընդլայնելու և ֆինանսավորման (վարկավորման) պայմանները բարելավելու համար:
Ֆինանսական աջակցություն (վարկավորում) կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող` «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում իրականացված ուսուցման դասընթացների արդյունքում իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակ գործարարներին:
Սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5,000.0 հազ. դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից` ֆինանսավորումը (վարկավորումը) կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը: Ընդ որում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունները շահառուներին (սկսնակ գործարարներին) կտրամադրվեն վարկային պարտավորության 100 տոկոսի չափով:
3) Գործարար նախաձեռնություններին աջակցություն
2015 թվականից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կսկսվի իրականացվել ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցության (վարկավորման) նոր` «Գործարար նախաձեռնություններին աջակցություն» փորձնական ծրագիրը: Այս ծրագրի նպատակներն են նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը, ներքին և արտաքին ներդրումների խթանումը, Հայաստանի տնտեսական զարգացման նպատակով սփյուռքի ներուժի ներգրավումը, Հայաստանում նորարարական գործարար գաղափարների ներդրումը և արտահանման ներուժ ունեցող, ներմուծմանը փոխարինող ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծումն ու զարգացումը և ներգաղթի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Ծրագրի նպատակային խմբերն են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և ծառայությունների ոլորտներում մինչև 3 տարի գործող ՓՄՁ-ի սուբյեկտները, օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են գործարարությամբ զբաղվել Հայաստանում:
Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից շահառուներին կտրամադրվեն վարկային երաշխավորություններ` վարկային պարտավորության մինչև 100 տոկոսի չափով, սակայն շահառուից նախապես կպահանջվի իրականացնել դրամական ներդրումներ:
«Գործարար նախաձեռնություններին աջակցություն» փորձնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող գործարար ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և ձախողման ռիսկերը նվազեցնելու նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից շահառուներին համալիր կիրառական աջակցություն կցուցաբերվի ֆինանսական աջակցության ամբողջ գործիքակազմի միջոցով, որտեղ հատկապես կարևորվում է գործարար խորհրդատվության և հաշվապահական հաշվառման ծառայությունների համաֆինանսավորումը:
3) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում
2015 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և սեփական կապիտալի ֆինանսավորման ծրագրեր կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության շրջանակներում:
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է 2015 թվականին ակտիվ շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման` ուղղակի վարկավորման և սեփական կապիտալի ֆինանսավորման գործընթացը:
Միաժամանակ, բացի ուղղակի վարկավորումից և սեփական կապիտալի ֆինանսավորումից, 2015 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցել ֆինանսական ծառայության նոր տեսակ` առևտրային երաշխիքների տրամադրում: Մասնավորապես, կտրամադրվեն մրցույթներին մասնակցության, կանխավճարների ապահովման, պայմանագրերի կատարման, հետավարտման (որակի) և արտահանման երաշխիքներ, որոնք կնպաստեն ինչպես տեղական շուկայում գործունեություն իրականացնող, այնպես էլ` արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների գործունեության զարգացմանը:
Այս ֆինանսական գործիքի կիրառմամբ կարևոր նշանակություն կտրվի ՓՄՁ-ի սուբյեկտների` սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուն: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կբացահայտվեն ՓՄՁ-ի սուբյեկտներ (հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերում), որոնք հետաքրքրված կլինեն այս ֆինանսական գործիքի կիրառմամբ, և որոնց զարգացումը հնարավոր կլինի ապահովել այս ֆինանսական գործիքի ներդրմամբ: Այդ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի գործարար առաջարկների ձևավորման գործում: Հետագայում գործարար առաջարկները կներկայացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն` այդ գործարար առաջարկների կենսունակությունը գնահատելու և դրական գնահատված գործարար առաջարկներ ներկայացրած ՓՄՁ-ի սուբյեկտների` սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու նպատակով:
Ընդլայնելով աջակցության ֆինանսական գործիքների շարքը` 2015 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններին ցուցաբերել ֆինանսական աջակցություն` ֆինանսական վարձակալության (լիզինգի) սկզբունքով:
Ընդհանուր առմամբ` 2015 թվականին գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրման) և գործարար նախաձեռնություններին աջակցության շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 150-200 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի:
5. Տեղական տնտեսական զարգացում
«Տեղական տնտեսական զարգացում» ծրագրային միջոցառման (ուղղության) նպատակն է Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով մասնակցային պլանավորման և արդյունքների մասնակցային գնահատման մեթոդների վրա հիմնված տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ: Դրա հետ մեկտեղ տեղական տնտեսական զարգացումը միտված է բացահայտելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական ներուժը և դրա հիման վրա ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման նախաձեռնություններ, որոնք կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության համայնքների մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի արդյունավետությունը:
2015 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքները տեղական տնտեսական զարգացման միջազգային լավագույն փորձի տեղայնացման ու ներդրման ուղղությամբ (այդ թվում` ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգը): Վերջինիս շրջանակներում կշարունակվի 2012 թվականին մեկնարկած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագիրը` ուղղված տեղական արտադրանքի խթանմանը և ապրանքանիշերի ձևավորմանը:
Ընդհանուր առմամբ` 2015 թվականին կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 10 ծրագիր` ներառելով 30-40 համայնքներ, կբացահայտվեն առնվազն 150 տնտեսական նախաձեռնություններ:
6. Ոլորտային բիզնեսներին աջակցություն
Ոլորտային բիզնեսներին աջակցության նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության` հատկապես արտահանման ներուժ ունեցող մրցունակ ոլորտների զարգացումը և ներմուծմանը փոխարինող տեղական արտադրությունների ձևավորման խթանումը` օրինակելի գործարար մոդելների ներդրման միջոցով:
Ոլորտային բիզնեսներին աջակցության շրջանակներում կստեղծվեն և կգործարկվեն նոր օրինակելի գործարար մոդելներ, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերվի արդեն իսկ ստեղծված ոլորտային բիզնեսներին: Մասնավորապես, կշարունակվի աջակցություն ցուցաբերվել չրագործությամբ, ջերմոցային ու սառնարանային տնտեսություններով ու պանրի արտադրությամբ զբաղվող բիզնեսներին, ինչպես նաև կմեկնարկեն այլ մրցունակ ենթաճյուղերի աջակցության աշխատանքները:
Ոլորտային բիզնեսներին աջակցության շրջանակներում կիրականացվեն օրինակելի գործարար մոդելների ստեղծում և ներդրում, տեխնոլոգիական ձեռնարկ-ուղեցույցի հրատարակում, տեխնոլոգիական դրամաշնորհի տրամադրում, ուղեկցում, մոնիթորինգ և գնահատում:
Ընդհանուր առմամբ` 2015 թվականին կմշակվեն մինչև 3 ոլորտի վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ` ժամանակակից սարքավորումների (միջոցների) տեսքով, ինչպես նաև կցուցաբերվի շարունակական աջակցություն գործող բիզնեսներին:
7. Կանանց ձեռներեցությանն աջակցություն
Կանանց ձեռներեցությանն աջակցության համատեքստում Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարների համար:
«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մարտի 1-ից և շարունակվելու է մինչև 2015 թվականի դեկտեմբերը: Սույն ծրագիրն իրականացնող կազմակերպությունը գերմանական «Փեմ Քընսալթ» ընկերությունն է:
«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի շրջանակներում 2015 թվականին կշարունակվեն իրականացվել հետևյալ հիմնական գործողությունները`
1) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների, Հայ-գերմանական հիմնադրամի ծրագրերի կառավարման վարչության, ինչպես նաև մասնակից ֆինանսական կառույցների կարողությունների հզորացում` կանանց ձեռներեցության զարգացման գործում.
2) կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացում, մասնավորապես, դասընթացների կազմակերպում և խորհրդատվության մատուցում սկսնակ կին գործարարներին, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի առկա ֆինանսական աջակցության մեխանիզմներով (գործիքներով).
3) կին գործարարների և նրանց գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգացում:
Սույն ծրագրի շրջանակներում 2015 թվականի ընթացքում կշարունակվեն իրականացվել հետևյալ միջոցառումները`
1) սկսնակ գործարարների աջակցության ծրագրերի կազմակերպում կին գործարարների համար.
2) դասընթացների (սեմինարների) կազմակերպում կին գործարարների համար.
3) տեղեկատվական (խորհրդատվական) բնույթի հանդիպումների կազմակերպում կին գործարարների համար.
4) միջոցառումներ` կանանց ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում.
5) «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության կազմակերպում:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականության խրախուսման, Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների` ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով 2015 թվականին կշարունակվի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը:
8. Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար` արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում: Աջակցության տվյալ ուղղության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (այսուհետ` ՁԵՑ) գործարար համագործակցության կենտրոնի հնարավորությունները, ինչպես նաև կուժեղացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների կարողությունները` ՓՄՁ-ի սուբյեկտներին` համապատասխան հարցերին վերաբերող գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերման ուղղությամբ:
ՁԵՑ-ի գործունեության նպատակն է աջակցել ՁԵՑ-ի անդամ երկրներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` վերջիններիս նորարարական ներուժը զարգացնելու և Եվրամիության շրջանակներում գործարարության խթանման համար իրականացվող գործընթացներին մասնակից դառնալու նպատակով:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոն:
Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեությունն ուղղված է հայ գործարարների գործունեության միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի կողմից 2015 թվականին նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի և ստանդարտների պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:
Բացի դրանից, ՓՄՁ-ի սուբյեկտների և այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են ստանալ գործարար տեղեկատվություն, մասնավորապես, տեղեկանալ Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներին, ինչպես նաև` ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին: Նշված գործարար տեղեկատվությունը կտեղադրվի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
2015 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ` համագործակցության հաստատման նպատակով:
Այս համատեքստում նպատակ ունենալով խթանելու ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը` ՁԵՑ-ի գործընկեր տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում կապահովվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և գործարար համագործակցության հաստատման այլ միջոցառումներին:
Ընդհանուր առմամբ` 2015 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող հայ գործարարների կողմից ներկայացվող 50-60 նոր գործարար համագործակցության վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև գործունեության միջազգայնացման նպատակով աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 հայ գործարարների:
9. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում
Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման արդյունավետության բարձրացման ու ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով` ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ` նոր ծրագրերի մշակման ու իրականացման, նաև միջազգային լավագույն փորձի փոխանցման նպատակով աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր իրականացնող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկների մշակման ու իրականացման ուղղությամբ: Մասնավորապես`
2015 թվականին կշարունակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ` «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ` «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի, Ասիական զարգացման բանկի հետ` «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ` «Փոքր և միջին ձեռնարկություններում բնապահպանական գործունեության խրախուսում» ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ` «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հետ` «Շահութաբեր և ռեսուրսաարդյունավետ կառավարման համակարգ» նախաձեռնության շրջանակներում, Գերմանական տնտեսական միավորման, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
Աշխատանքներ կիրականացվեն նաև Եվրամիության կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակություն» ծրագրին Հայաստանի անդամակցության համար:
Միաժամանակ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությամբ նախատեսվում է ձևավորել համակարգող մարմին, որի գործունեությունը միտված կլինի Հայաստանում գործարարության զարգացմանն ուղղված միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի ու առանձին նախաձեռնությունների միասնական համակարգմանը, ինչի արդյունքում նախատեսվում է բարձրացնել վերջիններիս արդյունավետությունը, ապահովել դրանց միջև փոխկապակցվածությունը և բացառել կրկնությունը:
ԳԼՈՒԽ 6. |
ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով: Այն կարող է իրականացվել (համալրվել) նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից հատկացնել 152,300.0 հազ. դրամ, որի հաշվին կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը` լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:
Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) ֆինանսական ապահովումը կիրականացվի հետևյալ ֆինանսական միջոցների հաշվին`
1) «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը (ուղղությունը) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին.
2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների) տրամադրումը և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության (վարկային երաշխավորությունների) տրամադրումը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների (1,787,082.7 հազ. դրամ) հաշվին, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող ֆինանսական միջոցների (900,000.0 հազ. դրամ) ներգրավման հաշվին, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին (այդ թվում` սկսնակ կին գործարարներին) վարկային երաշխավորություններ տրամադրելուն.
3) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորումը և սեփական կապիտալի ֆինանսավորումը կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների (10,288,100.0 հազ. դրամ) հաշվին.
4) հաշվապահական կենտրոնի գործունեությունը կապահովվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին, ինչպես նաև նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 հասցեում տեղակայված տարածքի օգտագործումը.
5) մնացած ծրագրային միջոցառումները (ուղղությունները) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում ներգրավված միջոցների, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի հաշվին.
6) նշված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման նպատակով կարող են լրացուցիչ ներգրավվել նաև միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները, այդ թվում` համաֆինանսավորման սկզբունքով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 5-ի
N 217-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Կատարողը |Կատարման |
|ը/կ| | |ժամկետը |
|___|________________________________________|______________|_________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|________________________________________|______________|_________|
|1. |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| |ենթակառուցվածքների պահպանում և |նախարարություն|ընթացքում|
| |ամրապնդում | | |
| | |Հայաստանի | |
| |2015 թվականին կիրականացվեն աշխատանքներ |ՓՄՁ ԶԱԿ | |
| |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության |(համաձայնու- | |
| |ենթակառուցվածքների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի |թյամբ) | |
| |կենտրոնական գրասենյակի և մարզային | | |
| |մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական | | |
| |հմտությունների զարգացման և որակավորման | | |
| |բարձրացման, ինչպես նաև աջակցության | | |
| |ծրագրերում գործընկեր | | |
| |կազմակերպությունների ներգրավման համար: | | |
|___|________________________________________|______________|_________|
|2. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| |ուսուցողական աջակցություն |նախարարություն|ընթացքում|
| |(կարողությունների զարգացում) | | |
| | |Հայաստանի | |
| |2015 թվականին սկսնակ գործարարների |ՓՄՁ ԶԱԿ | |
| |ձեռներեցությանն աջակցության |(համաձայնու- | |
| |շրջանակներում Հայաստանի Հանրապետության |թյամբ) | |
| |բոլոր մարզերում և Երևան քաղաքում | | |
| |գործարար ուսուցողական դասընթացներին | | |
| |կմասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ: | | |
|___|________________________________________|______________|_________|
|3. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| |տեղեկատվական և խորհրդատվական |նախարարություն|ընթացքում|
| |աջակցություն | | |
| | |Հայաստանի | |
| |2015 թվականին գործարար տեղեկատվական և |ՓՄՁ ԶԱԿ | |
| |խորհրդատվական աջակցության շրջանակներում |(համաձայնու- | |
| |աջակցություն կցուցաբերվի 4500-5000 ՓՄՁ-ի|թյամբ) | |
| |սուբյեկտի` ապահովելով 8000-10000 անգամ | | |
| |աջակցություն: | | |
|___|________________________________________|______________|_________|
|4. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| |ներդրումային աջակցություն |նախարարություն|ընթացքում|
| | | | |
| |2015 թվականին գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին|Հայաստանի | |
| |և սկսնակ գործարարներին ֆինանսական |ՓՄՁ ԶԱԿ | |
| |աջակցության (վարկային |(համաձայնու- | |
| |երաշխավորությունների տրամադրման) և |թյամբ) | |
| |գործարար նախաձեռնություններին | | |
| |աջակցության շրջանակներում ֆինանսական |«ՓՄՁ | |
| |աջակցություն կցուցաբերվի 150-200 գործող |ներդրումներ» | |
| |և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի: |ունիվերսալ | |
| | |վարկային | |
| | |կազմակերպու- | |
| | |թյուն» ՓԲԸ | |
| | |(համաձայնու- | |
| | |թյամբ) | |
|___|________________________________________|______________|_________|
|5. |Տեղական տնտեսական զարգացում |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| | |նախարարություն|ընթացքում|
| |2015 թվականին կիրականացվի տեղական | | |
| |տնտեսական զարգացման 10 ծրագիր` |Հայաստանի | |
| |ներգրավելով 30-40 համայնքներ, կյանքի |ՓՄՁ ԶԱԿ (համա-| |
| |կոչելով առնվազն 150 տնտեսական |ձայնությամբ) | |
| |նախաձեռնություններ: | | |
|___|________________________________________|______________|_________|
|6. |Ոլորտային բիզնեսներին աջակցություն |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| | |նախարարություն|ընթացքում|
| |2015 թվականին կմշակվեն մինչև 3 ոլորտի | | |
| |վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, |Հայաստանի | |
| |համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն|ՓՄՁ ԶԱԿ (համա-| |
| |10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ` |ձայնությամբ) | |
| |ժամանակակից սարքավորումների (միջոցների) | | |
| |տեսքով, ինչպես նաև շարունակական | | |
| |աջակցություն կցուցաբերվի գործող | | |
| |բիզնեսներին: | | |
|___|________________________________________|______________|_________|
|7. |Կանանց ձեռներեցությանն աջակցություն |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| | |նախարարություն|ընթացքում|
| |2015 թվականին կին գործարարների համար | | |
| |կկազմակերպվեն սկսնակ կին գործարարներին |Հայաստանի | |
| |աջակցության ծրագրեր, գործնական |ՓՄՁ ԶԱԿ (համա-| |
| |դասընթացներ (սեմինարներ), տեղեկատվական |ձայնությամբ) | |
| |(խորհրդատվական) բնույթի հանդիպումներ, | | |
| |«Լավագույն կին գործարար» | | |
| |մրցանակաբաշխություն, ինչպես նաև | | |
| |կիրականացվեն միջոցառումներ` կանանց | | |
| |ձեռներեցության զարգացման ծրագրեր | | |
| |իրականացնող տեղական և միջազգային | | |
| |կազմակերպությունների (ծրագրերի) հետ | | |
| |համագործակցության շրջանակներում: | | |
|___|________________________________________|______________|_________|
|8. |Տեղական արտադրանքի արտահանմանն |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| |աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների |նախարարություն|ընթացքում|
| |միջազգային համագործակցության ընդլայնման | | |
| |ապահովում |Հայաստանի | |
| | |ՓՄՁ ԶԱԿ (համա-| |
| |2015 թվականին Հայաստանում |ձայնությամբ) | |
| |ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ)| | |
| |գործարար համագործակցության կենտրոնի | | |
| |գործունեության ապահովման շրջանակներում | | |
| |ՁԵՑ-ի գործարար համագործակցության | | |
| |հիմնապաշարը կհամալրվի միջազգային | | |
| |համագործակցության ներուժ ունեցող հայ | | |
| |գործարարների կողմից ներկայացվող 50-60 | | |
| |նոր` գործարար համագործակցության | | |
| |վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև | | |
| |գործունեության միջազգայնացման համար | | |
| |աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 հայ | | |
| |գործարարների: | | |
|___|________________________________________|______________|_________|
|9. |Միջազգային և օտարերկրյա դոնոր |ՀՀ էկոնոմիկայի|2015 թ. |
| |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման|նախարարություն|ընթացքում|
| |համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) | | |
| |ծրագրերի մշակում և իրականացում |ՀՀ շահագրգիռ | |
| | |կառույցներ | |
| |2015 թվականին ծրագրային միջոցառումների | | |
| |(ուղղությունների) իրականացման |Հայաստանի | |
| |արդյունավետության բարձրացման ու |ՓՄՁ ԶԱԿ (համա-| |
| |ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ|ձայնությամբ) | |
| |ֆինանսական ռեսուրսների ներգրավման | | |
| |նպատակով` ինչպես ընթացքի մեջ գտնվող | | |
| |ծրագրերի շրջանակներում, այնպես էլ` նոր | | |
| |ծրագրերի մշակման ու իրականացման, նաև | | |
| |միջազգային լավագույն փորձի փոխանցման | | |
| |նպատակով աշխատանքներ կիրականացվեն | | |
| |Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված | | |
| |համապատասխան ծրագրեր իրականացնող | | |
| |միջազգային և օտարերկրյա | | |
| |կազմակերպությունների (ծրագրերի) հետ | | |
| |համագործակցության ընդլայնման, ինչպես | | |
| |նաև նոր ծրագրային առաջարկների մշակման | | |
| |և իրականացման ուղղությամբ: | | |
._____________________________________________________________________.