040.0163.030315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2015 թվականի N 163-Ն
i
ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի փետրվարի 19-ի
N 163-Ն որոշման
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ)` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ինչպես նաև ուսուցման ձևից (առկա, հեռակա, հեռավար) իրականացվող` ըստ հիմնական կրթական աստիճանների (բակալավր և մագիստրոս) և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն չափի սահմանման հետ կապված հարաբերությունները:
2. Ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն չափը ուսման վարձի այն շեմն է, որը ուսումնական հաստատությունը կարող է սահմանել տվյալ մասնագիտության գծով կրթական ծառայություններ մատուցելու համար:
II. ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
i
3. Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն չափը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից տվյալ մասնագիտության համար ուսման վարձի չափը սահմանելու նպատակով կիրառվում են հետևյալ սկզբունքները`
1) ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի նախատեսված առավելագույն չափից ելնելով` համապատասխան մասնագիտության համար ուսման վարձի չափը սահմանելիս ուսումնական հաստատությունները պետք է հաշվի առնեն նաև մեկ ուսանողի կրթության նպատակով ուսումնական հաստատության կողմից կատարվող ծախսերը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված գործակցի կիրառում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 19-րդ կետերի համաձայն` համապատասխան միջազգային կառույցների (այսուհետ` կառույց) կամ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (այսուհետ` ՄԿՈԱԱԿ) կողմից հավատարմագրված (ինստիտուցիոնալ կամ ծրագրային) ուսումնական հաստատության, ինչպես նաև նրա չհավատարմագրված լինելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` կարգավիճակի փոփոխման դեպքում սահմանված գործակիցը փոփոխվում է` յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության կողմից ուսման վարձի չափը սահմանելիս:
4. ՈՒսումնական հաստատության կողմից ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների` համապատասխան մասնագիտության համար ուսման վարձի սահմանված չափն ուսումնառության սահմանված ամբողջ ժամանակահատվածում անփոփոխ է տվյալ տարում ընդունված ուսանողների պարագայում:
5. Բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող սանդղակներում (www.arwu.org և http://www.timeshighereducation.co.uk/) ընդգրկված` 1-200 տեղերը զբաղեցնող ուսումնական հաստատությունների համար կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ:
6. Նույն մասնագիտության գծով երկրորդ անգամ ծրագրային հավատարմագրում անցնելու դեպքում կարող է սահմանվել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ, բայց ոչ ավելին` քան առավելագույն չափի կրկնապատիկը:
7. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի պահանջներին համապատասխան ընդունված օտարերկրյա ուսանողների համար ուսումնական հաստատության կողմից կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ նախատեսված ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
8. Ինտեգրացված կրթական ծրագրերի համար սահմանվում է մագիստրոսական կրթական աստիճանի համար սահմանված ուսման վարձի առավելագույն չափ:
III. ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
9. Կառույցի կամ ՄԿՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված (ինստիտուցիոնալ կամ ծրագրային) ուսումնական հաստատության ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ բազմապատիկ գործակիցների կիրառմամբ` աղյուսակով նախատեսված չափերին համապատասխան.
._____________________________________________________________________.
|Հավատարմագրման արդյունքը |Կառույց | ՄԿՈԱԱԿ |
| |____________________|____________________|
| |Բակալավրի|Մագիստրոսի|Բակալավրի|Մագիստրոսի|
| |կրթական |կրթական |կրթական |կրթական |
| |աստիճան |աստիճան |աստիճան |աստիճան |
|___________________________|_________|__________|_________|__________|
|Ինստիտուցիոնալ պայմանական | 900 | 1000 | 800 | 900 |
|___________________________|_________|__________|_________|__________|
|Ինստիտուցիոնալ | 1000 | 1100 | 900 | 1000 |
|___________________________|_________|__________|_________|__________|
|Ծրագրային պայմանական | 1100 | 1200 | 1000 | 1100 |
|___________________________|_________|__________|_________|__________|
|Ծրագրային | 1200 | 1300 | 1100 | 1200 |
._____________________________________________________________________.
10. Ինստիտուցիոնալ կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրում չունեցող ուսումնական հաստատության համար, ըստ կրթական աստիճանների, ուսման վարձի առավելագույն չափը սահմանվում է 2015-2016 ուստարվա համար` ըստ մասնագիտությունների, բուհի կողմից սահմանված վարձավճարների չափով: