040.0616.270614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2014 թվականի N 616-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշման 3.1-ին և 3.2-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 15-րդ կետի 7-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հունիսի 12-ի
N 616-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որպեսզի այն համապատասխանի միջազգային պահանջներին և չափանիշներին:
2. Ծրագիրը բաղկացած է որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ` ոլորտային ծրագրերից: Մասնավորապես, տեխնիկական կանոնակարգման ոլորտի «Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացմանը պետական աջակցություն», հավատարմագրման ոլորտի «Հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում», ստանդարտացման ոլորտի «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով», չափագիտության ոլորտի «Պետական աջակցություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը» և շուկայի վերահսկողության ոլորտի «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրերից, որոնք ներառում են իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
3. Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել`
1) «Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացմանը պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտի առկա համակարգը` համապատասխանության գնահատման ընթացակարգերի տեսանկյունից: Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո, և տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքի բնութագրերին և (կամ) դրա հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին` ներառյալ կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման ու շուկայահանման պայմաններ, բացառապես արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ.
2) հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է և նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը: «Հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում» ծրագիրը նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար` համապատասխանության գնահատման կայացած համակարգի առկայության դեպքում.
3) «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» ծրագրի շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ստանդարտների ազգային ինստիտուտ) (իր կազմում գործող տեխնիկական հանձնաժողովների միջոցով), տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմնի հանձնարարությամբ, նախապատրաստում, մշակում և հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրարկումն ապահովող ստանդարտներն ու ստանդարտների ցանկը: Ելնելով ներկայիս տնտեսական ինտեգրման գործընթացներից, արդյունաբերական քաղաքականության գերակայություններից և միջազգային համաձայնագրերի պահանջներից` հրատապ պահանջ է առաջացել փորձաքննության ենթարկել և ներդաշնակեցնել շուրջ 3000-ից ավելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող միջազգային ու միջպետական ստանդարտներ, ինչպես նաև հրապարակել տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող համապատասխան ստանդարտների ցանկերը: Այդ աշխատանքներն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվեն ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային տեղեկատվական արդի համակարգի ձևավորմամբ և առցանց էլեկտրոնային խանութի ներդրմամբ ու սպասարկմամբ: Ծրագիրը նախատեսում է նաև ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր կարողությունների զարգացում` նավթամթերքներում ծծմբի վերլուծիչ լաբորատոր սարքի ձեռքբերմամբ, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը.
4) «Պետական աջակցություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը» բարեփոխման 2014 թվականի ծրագիրը նախատեսում է «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` չափագիտության ազգային ինստիտուտ) ելակետային չափման միջոցների տրամաչափարկման աշխատանքների կազմակերպում և իրականացում, նաև չափագիտության ազգային ինստիտուտի կարողությունների ավելացում և համապատասխան աշխատանքների կատարում` օրենսդրական չափագիտության ոլորտի գործառույթների որակի բարձրացման համար: Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը.
5) շուկայի վերահսկողության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա: Շուկայի վերահսկողությունը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, շուկայի վերահսկողության նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի, վտանգավոր ու սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման համար, որին ուղղված միջոցառումներն ընդգրկված են «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրի շրջանակներում:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 1693-Ն որոշման 3.1-ին ու 3.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման 15-րդ կետը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
5. Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագրի նպատակն է ոլորտային բարեփոխումները, մասնավորապես`
1) «Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացմանը պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում, միջազգային չափանիշներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտի գործող օրենսդրության վերանայում` տեխնիկական կանոնակարգերով սահմանվող համապատասխանության գնահատման ընթացակարգերի տեսանկյունից.
2) «Հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում» ծրագրի նպատակը միջազգային համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման երկկողմ, բազմակողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրում տեխնիկական խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման ու կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանն ու միջազգային շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը.
3) «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» ծրագրի նպատակն է`
ա. ապահովել Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման գործուն մեխանիզմներ` միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների ներդաշնակեցման ու տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկի մշակման և հրապարակման միջոցով,
բ. ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ սահմանված պահանջների կատարումը` լաբորատոր կարողությունների զարգացման միջոցով,
գ. բարձրացնել ստանդարտացման փաստաթղթերի վերաբերյալ իրազեկության մակարդակը` էլեկտրոնային տեղեկատվական արդի համակարգի և առցանց էլեկտրոնային խանութի ստեղծման ու սպասարկման միջոցով.
4) «Պետական աջակցություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը» ծրագրի շրջանակներում չափումների միասնականության ապահովման համակարգի բարեփոխման ոլորտում չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, տնտեսության զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացը: Օրեցօր զարգացող տեխնիկական համակարգերը թելադրում են նոր խնդիրներ` չափագիտական սպասարկման թե՛ որակի, թե՛ տեխնիկական մակարդակի առումով: Չափագիտության ազգային ինստիտուտը չափագիտական սպասարկում է ապահովում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, և այդ համակարգն անմիջականորեն շոշափում է տնտեսության բնականոն զարգացումը: Նպատակներն են նաև` ազգային էտալոնների արդիականացումը և պահպանությունը, պարամետրերի բարելավումը և աշխատունակ վիճակի ապահովումը, որոնք սերտորեն առնչվում են չափագիտության ազգային ինստիտուտի զարգացման ծրագրերի իրականացմանը:
5) «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրի նպատակն է միջազգային և տարածաշրջանային համակարգերին ինտեգրումը, այդ թվում` շուկայի վերահսկողության արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում շուկայի վերահսկողության մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի վտանգավոր արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և կնպաստի տնտեսության զարգացմանը:
IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագրի միջոցառումներն ուղղված են` ինչպես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական քաղաքականության արդյունավետ և հետևողական իրականացմանը, որակի ենթակառուցվածքի ոլորտի ինստիտուտների զարգացմանը, այնպես էլ` որակի ենթակառուցվածքի ոլորտի պետական քաղաքականության իրականացմանը: Ծրագրի իրականացման գործընթացը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ ռազմավարական ծրագրերով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ որակի ենթակառուցվածքի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված գործառույթների իրականացմանը:
7. Ծրագրի իրականացումը կնպաստի ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես`
1) տեխնիկական կանոնակարգման ոլորտում`
ա. ոլորտի աստիճանական համապատասխանեցում միջազգային պահանջներին,
բ. լիակատար ինտեգրում գլոբալ համակարգին,
գ. միջազգային շուկայում Հայաստանի` որպես շուկայահանման համար բարենպաստ երկրի ամրապնդում,
դ. համապատասխանության գնահատման համակարգի հզորացում և զարգացում,
ե. ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում.
2) «Հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում» ծրագրի շրջանակներում`
ա. միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորում,
բ. հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչում,
գ. արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացում, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,
դ. համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման առկա խոչընդոտների վերացում.
3) «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» ծրագրի շրջանակներում`
ա. կազմակերպել տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների փորձաքննությունը` ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով,
բ. տեխնիկական կանոնակարգման նոր ոլորտներին համապատասխան` կազմավորել նոր տեխնիկական հանձնաժողովներ` դրանցում ընդգրկելով համապատասխան ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին,
գ. ապահովել տեխնիկական հանձնաժողովների աշխատանքների անընդհատությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ստանդարտացման սկզբունքների պահպանումը,
դ. սերտորեն համագործակցել պետական կառավարման մարմինների` տեխնիկական կանոնակարգման գործընթացներում որոշումների կայացման համար` ապահովելով միջազգային փորձի ու գիտելիքի կիրառումը տեխնիկական կանոնակարգերում,
ե. ապահովել ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների իրազեկումը շահագրգիռ բոլոր կողմերին` արտադրողներին, կազմակերպություններին, սպառողներին, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին` այդ նպատակով ներդնելով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներ (ստանդարտացման փաստաթղթերի առցանց էլեկտրոնային ազգային ֆոնդ և էլեկտրոնային խանութ),
զ. բարելավել լաբորատոր կարողությունները և ապահովել հավաստի փորձարկումներ տեխնիկական կանոնակարգման ոլորտներում` ներդնելով նորագույն սարքավորումներ և ապահովելով անձնակազմի համապատասխան ուսուցումը.
4) «Պետական աջակցություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը» ծրագրի շրջանակներում`
ա. միջազգային միավորներին հետևելիությունն ապահովելուն նպաստող տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և ճշգրիտ չափումների ներդրումը,
բ. միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածման սահմանափակումները,
գ. սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովումը,
դ. հայկական և միջազգային շուկայում հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը,
ե. առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացումը.
5) «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրի շրջանակներում` սպառողի իրավունքների պաշտպանություն և շուկայում անվտանգ արտադրանքի առկայություն:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
8. Որակի ենթակառուցվածքի ծրագրային միջոցառումների համակարգը ներառում է հետևյալ ոլորտային միջոցառումները`
1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտի առկա օրենսդրական դաշտի մոտարկում և վերլուծություն, որը ենթադրում է`
ա. տեխնիկական կանոնակարգման ոլորտի գործող 17 տեխնիկական կանոնակարգերի վերանայում` համապատասխանության գնահատման ընթացակարգերի տեսանկյունից,
բ. տեխնիկական կանոնակարգման բաժնի աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացում` վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ,
գ. 17 տեխնիկական կանոնակարգերի վերանայված տարբերակների քննարկմանն ուղղված կլոր սեղանների և սեմինարների անցկացում` շահագրգիռ կողմերի` կանոնակարգող մարմինների, գործարար միջավայրի, արտադրողների և արտահանողների ներկայացուցիչների հետ,
դ. մասնագիտական փորձառություն ունեցող` որակավորված (միջազգային) փորձագետների վարձակալում` անձնակազմի որակավորման բարձրացման համար,
ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մոտարկում` միջազգային չափանիշներին համապատասխան.
2) հավատարմագրման գործընթացում ընդգրկված մասնակիցների ուսուցում` միջազգային չափանիշներին համապատասխան.
ա. անհրաժեշտ է իրականացնել հավատարմագրման բնագավառի մասնագետների վերապատրաստումներ` հավատարմագրմանը վերաբերող միջազգային պահանջների և լավագույն փորձի ուսումնասիրություն, գիտելիքներ ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի ստանդարտների կիրառման ուղղությամբ, համապատասխան տեղեկատվություն հավատարմագրմանը վերաբերող միջազգային իրավական ակտերի, ինչպես նաև եվրոպական և միջազգային հավատարմագրման համագործակցությունների կողմից ընդունված լրացուցիչ պահանջների մասին,
բ. ուսուցողական այցեր. հավատարմագրման ազգային համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հավատարմագրման ազգային մարմնի աշխատողներն ուսուցողական այցով գործուղվեն արտերկիր` ուսումնասիրելու համար արտերկրի հավատարմագրման համակարգի առանձնահատկությունները, հավատարմագրման միջազգային փորձը, հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (EA) և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին (ԼՀՄՀ` Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն, ՀՄՖ` Հավատարմագրման միջազգային ֆորում) անդամակցելու հնարավոր ուղիները և այլն: Մասնակցություն հավատարմագրման հարցերով գիտատեխնիկական հանձնաժողովի (ՄԳՍ) աշխատանքներին,
գ. հավատարմագրման ազգային մարմնի կայքէջի և հավատարմագրված անձանց շտեմարանի ստեղծում և հետագայում արդիականացում: Հավատարմագրման ազգային մարմնի կայքէջը կներառի հավատարմագրման ազգային մարմնի գործունեության մասին ընդհանուր տեղեկատվությունը, կառուցվածքը, իրավական դաշտը, հավատարմագրման պահանջները, հավատարմագրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ցանկերը և այլն,
դ. տվյալների շտեմարանի (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների) ստեղծում և սպասարկում: Հավատարմագրված անձանց տվյալների շտեմարանի ստեղծումը և արդիականացումը կներառի հավատարմագրված անձանց անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության ղեկավարի տվյալները, հավատարմագրման տեսակը, հավատարմագրման ոլորտը, հավատարմագրման ժամկետը, հավատարմագրման վկայագրի գրանցահամարը, նույնականացման նշագիրը և այլն: Տվյալ ծառայությունը կապահովի հասարակության ու հավատարմագրման ազգային մարմնի հետ կապը և իրականացվող աշխատանքների թափանցիկությունը,
ե. հավատարմագրման ազգային մարմնի մասնակցությունն աշխատաժողովներին և հանդիպումներին` մասնակցություն հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) և հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) գագաթնաժողովների աշխատանքներին: Միջազգային առևտրին նպաստող համակարգը կարող է հաջողությամբ գործել, եթե հավատարմագրման ու համապատասխանության գնահատման մարմինները գործում են միատեսակ և ընդհանուր պահանջներին համապատասխան` հաշվի առնելով ներգրավված կողմերի շահերը, որին և նպաստում է եվրոպական (EA), միջազգային (ILAC, IAF) հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությունը: Անդամակցության նպատակով անհրաժեշտ է մասնակցել եվրոպական, միջազգային հավատարմագրման կազմակերպությունների կողմից կազմակերպված աշխատաժողովներին և հանդիպումներին: Գիտելիքներ և փորձ ձեռք բերելու նպատակով գործուղումներ միջազգային հավատարմագրման մարմիններ, մասնակցություն հավատարմագրման հարցերով գիտատեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին, ուսուցողական այցեր և մասնակցություն արտերկրի համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման (գնահատման) գործընթացին, եվրոպական և միջազգային հավատարմագրման համագործակցությունների (EA, ILAC, IAF) գագաթնաժողովների աշխատանքներին, հավատարմագրման ոլորտի միջազգային փաստաթղթերի և ուղեցույցների կիրառում: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության, 2015 թվականին նախատեսում է դառնալ Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) ասոցացված անդամ: Միջազգային, միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությունը կլինի առաջին քայլը հավատարմագրման արդյունքների բազմակողմ և երկկողմ ճանաչման համաձայնագրերի (ԲՃՀ, ԵՃՀ) կնքման գործընթացում: Սա արդյունավետ կերպով կկրճատի թե՛ արտադրողի և թե՛ ներմուծողի ծախսերը, քանի որ այն կրճատում կամ վերացնում է արտադրանքի (ծառայության)` մյուս երկրում վերագնահատման անհրաժեշտությունը: Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած սերտիֆիկատները, փորձարկման արձանագրությունները և հաշվետվությունները կճանաչվեն ու կընդունվեն ԲՃՀ-ն և ԵՃՀ-ն ստորագրած ազգային հավատարմագրման մարմինների կողմից: ԲՃՀ-ի և ԵՃՀ-ի նպատակը հավատարմագրված մարմինների իրազեկության համընդհանուր մակարդակին հասնելն է և բազմակի գնահատումների անհրաժեշտությունը կրճատելը կամ վերացնելն է: Նշված կազմակերպություններին անդամակցությունը կապահովի հավատարմագրման պահանջների միասնական մոտեցում, հավատարմագրման աշխատանքների արդյունքների (հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների և այլն) համընդհանուր ճանաչման գործընթացի սկիզբ, փոխվստահություն ազգային հավատարմագրման համակարգերի միջև, տեխնիկական գիտելիքների փոխանակում բազմակողմ և երկկողմ ճանաչման համաձայնագրեր ստորագրած կողմերի միջև, որով և պայմանավորված է առաջարկվող ծրագրի շրջանակներում նշված միջոցառումների իրականացումը,
զ. կարողությունների զարգացում (տեխնիկական միջոցներով ապահովում): Հավատարմագրման համակարգի բարեփոխման և հավատարմագրման ազգային մարմնի կայացման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ, որոնք կնպաստեն հավատարմագրման ազգային մարմնի բնականոն գործունեության իրականացմանը.
3) «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» ծրագրի շրջանակներում գործող միջոցառումներն են`
ա. տեխնիկական կանոնակարգման ոլորտներում տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ներդաշնակեցման աշխատանքներ. տեխնիկական կանոնակարգումն ուղղված է շուկայում որոշակի ոլորտներում անվտանգության պահանջների և դրանց կատարման վերահսկման մեխանիզմների սահմանմանը, ինչը միջազգային առևտրում ոչ սակագնային խոչընդոտներ չստեղծելու նպատակով պետք է խարսխված լինի երկրի ներքին շուկային համահունչ ստանդարտների որդեգրմանը և ներդրմանը: Ներկայիս պետական տնտեսական քաղաքականության համաձայն նախատեսվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցումը միջազգային և տարածաշրջանային պահանջներին: Ստանդարտների ներդաշնակեցման աշխատանքների իրականացման նպատակով կմշակվի և տեխնիկական կանոնակարգման համակարգող մարմնի հետ համատեղ կհաստատվի համապատասխան ստանդարտացման ծրագիր, տեխնիկական հանձնաժողովների միջոցով փորձաքննության կենթարկվեն և կընդունվեն ծրագրում ընդգրկված ստանդարտները,
բ. լաբորատոր կարողությունների զարգացում` ծծմբի վերլուծիչ լաբորատոր սարքի ձեռքբերում: Ստանդարտների ազգային ինստիտուտի նավթամթերքների փորձարկման լաբորատորիան մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը ի վիճակի է եղել ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշման 1-ին կետով հաստատված ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջները, որով, մասնավորապես, ծծմբի պարունակության որոշումը կատարվել է ԳՕՍՏ 19121 ստանդարտի պահանջներին համապատասխան` լամպային մեթոդով: Այդուհանդերձ, նշված տեխնիկական կանոնակարգով նախատեսվում է սահմանված պահանջների աստիճանաբար խստացում, ըստ որի 2010 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բենզինում և դիզելային վառելիքում ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 մգ/կգ-ն: Այդ ցուցանիշի որոշումը պետք է կատարվի ՀՍՏ ԻՍՕ 20884 «Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենյան ֆլյուորեսցենտային սպեկտրաչափում» ստանդարտով սահմանված փորձարկման մեթոդով: Ներկայումս Հայաստանում ՀՍՏ ԻՍՕ 20884 ստանդարտին համապատասխան փորձարկումներ իրականացնող որևէ լաբորատորիա գոյություն չունի: Արդյունքում, մինչև այժմ նշված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջի կատարումը Հայաստանում որևէ կերպ չի ապահովվել: Սարքի ձեռքբերումը և ստանդարտների ազգային ինստիտուտի նավթամթերքի փորձարկման լաբորատորիայում շահագործումը թույլ կտա ոչ էթիլային ավտոմոբիլային և դիզելային վառելիքներում որոշել ծծմբի պարունակությունը, որի շնորհիվ կներմուծվի այնպիսի նավթամթերք, որի` շրջակա միջավայր թունավոր արտանետումների քանակը կլինի նվազագույնը: Հետևաբար, կնվազի շրջակա միջավայր արտանետվող ծծմբի ազդեցությունը մարդու կյանքի և առողջության վրա,
գ. ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի և առցանց էլեկտրոնային խանութի հիմնում և սպասարկում. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի համաձայն, ստանդարտների ազգային ինստիտուտը` որպես ստանդարտացման ազգային մարմին, ձեռնարկատերերին, պետական կառավարման մարմիններին և մասնագետներին ապահովում է ստանդարտացման փաստաթղթերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվության մատուցումը: Այդ նպատակով ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից արդեն իսկ ստեղծվել և www.sarm.am պաշտոնական կայքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային կատալոգը, որի որոնման համակարգը համապատասխանում է միջազգային գործելակարգին: Այդուհանդերձ, ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը ներկայումս թվայնացված չէ, իսկ առկա համակարգչային ծրագիրը և փաստաթղթերի բազան չեն համապատասխանում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջներին, ինչի հետևանքով հնարավոր չէ գործարկել ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային վաճառքը: Սույն բաղադրիչի շնորհիվ նախատեսվում է իրականացնել ստանդարտների ազգային ֆոնդում առկա շուրջ 40000 ստանդարտացման փաստաթղթերի թվայնացման աշխատանքները, նորագույն համակարգչային ծրագրերի միջոցով ձևավորել ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային ազգային ֆոնդ, ինչպես նաև ծրագրավորել, կազմավորել և ներդնել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի էլեկտրոնային խանութը: Էլեկտրոնային ֆոնդը կընդգրկի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող, այլև չեղյալ հայտարարված, գործողությունը դադարեցված կամ դեռևս չընդունված բոլոր միջազգային, միջպետական և Մաքսային միության երկրների ստանդարտները: Միաժամանակ, էլեկտրոնային խանութը կխթանի ստանդարտների վաճառքը` առցանց վաճառքի ներդրման միջոցով: Ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային ֆոնդը և խանութը մատչելի կլինեն նաև ստանդարտների ազգային ինստիտուտի Գյումրու, Վանաձորի և Կապանի բաժանմունքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտների կոմիտեում` բարելավելով ստանդարտների իրազեկման մակարդակը և դրանց ձեռքբերման մատչելիությունը,
դ. Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկի մշակում և հրապարակում. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համաձայն ստանդարտների ազգային ինստիտուտը, կանոնակարգող մարմնի հանձնարարությամբ, նախապատրաստում և հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկը: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են շուրջ 50 տեխնիկական կանոնակարգեր, որոնց զգալի մասի համար անհրաժեշտ է վերանայել և արդիականացնել դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը: Բացի դրանից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշմամբ, ինչպես նաև, ելնելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու պահանջներից, 2014 թվականին նախատեսվում է ընդունել 4 նոր տեխնիկական կանոնակարգ, և գործող ազգային կանոնակարգերը ներդաշնակեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին: Նշված աշխատանքները պահանջում են շուրջ 3000 ստանդարտի փորձաքննություն և տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող համապատասխան ստանդարտների ցանկերի հրապարակում.
4) «Պետական աջակցություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը» ծրագրի շրջանակներում`
ա. ելակետային չափման միջոցների տրամաչափարկում,
բ. որակավորմանն ուղղված գործուղման կազմակերպում,
գ. սարքավորումների և էտալոնային համակարգերի ձեռքբերում` ֆիզիկաքիմիական չափումների և բժշկական նշանակության սարքերի ստուգաչափման և տրամաչափարկման համար,
դ. սարքավորումների և էտալոնային համակարգերի ձեռքբերում` կենցաղային ջրաչափերի ստուգաչափման կայանքի համար.
5) «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրի շրջանակներում փորձարկման լաբորատորիայի ձեռքբերում` շուկայի վերահսկողության ոլորտի կայացման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար: Տեսչության համար անհրաժեշտ է ձեռք բերել փորձարկման լաբորատորիա, որը կնպաստի շուկայի վերահսկողության մարմնի` տեսչության բնականոն գործունեության իրականացմանը: Փորձարկման լաբորատորիան կներառի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների փորձարկման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումները, չափման միջոցները և այլն: Փորձարկման լաբորատորիայի ձեռքբերումը կապահովի հասարակության հետ կապը և իրականացվող աշխատանքների թափանցիկությունը:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի իրականացման սկզբունքները և ակնկալվող արդյունքներն են`
1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում մշակվող իրավական ակտերում հիմնական սկզբունքը միջազգային լավագույն փորձի կիրառումն ու ներդրումն է, ինչպես նաև անկողմնակալ վերաբերմունքը, որի արդյունքում կլինեն կիրառման լայն սպեկտր ունեցող իրավական ակտեր.
2) «Հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում» ծրագրի իրականացման սկզբունքներն են`
ա. որակի ենթակառուցվածքի շրջանակներում քաղաքական ազդեցության և պոտենցիալ շահերի բախման բացառումը,
բ. բարեփոխված հավատարմագրման ազգային մարմնի անկախությունը և կայունությունը,
գ. համապատասխան գիտելիքների, հմտությունների ուսուցման և վերապատրաստման ներքին համակարգի կարողությունների առկայությունը,
դ. հավատարմագրման ծառայություններից սպառողների օգտվելու պատրաստակամությունը,
ե. իրականացվող գործընթացում շահագրգիռ կողմերի ներգրավումը.
2.1. ակնկալվող արդյունքներն են`
ա. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում,
բ. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ազգային մարմնի կայացումը, ինչը պայմաններ կստեղծի միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման մարմինների` փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների, արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի և անձանց սերտիֆիկացման ու տեսչական մարմինների հավատարմագրման համար,
գ. հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում,
դ. ապրանքների ազատ տեղաշարժ և նույն ապրանքի կրկնական փորձարկման ու կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտության բացառում,
ե. հավատարմագրման ազգային մարմնում կառավարման համակարգի ներդրում, համացանցային պաշտոնական կայքէջի, տվյալների շտեմարանի (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների) ստեղծում,
զ. միջազգային ստանդարտների պահանջներին իրազեկ համապատասխանության գնահատման մարմիններ, վերապատրաստված մասնագետներ և (կամ) գնահատողներ,
է. արտաքին առևտրի պայմանների դյուրինացում, արտահանման ծավալների մեծացում, բիզնեսի զարգացում,
ը. համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատում, բարենպաստ պայմաններ` տեղական արտադրողի համար.
3) «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են համաձայն հետևյալ սկզբունքների`
ա. ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում,
բ. շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում,
գ. ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում,
դ. ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում,
ե. ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
զ. գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը,
է. միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը,
ը. բոլոր շահագրգիռ կողմերին գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում,
թ. ստանդարտացման աշխատանքների իրականացում` տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.
3.1. ակնկալվող արդյունքներն են`
ա. տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող` ներդաշնակեցված ստանդարտների առկայություն,
բ. միջազգային և տարածաշրջանային պահանջներին ներդաշնակ ստանդարտներ,
գ. տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում վերանայվող 17 տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող շուրջ 1000 ազգային ստանդարտի ընդունում,
դ. ծծմբի վերլուծիչ լաբորատոր սարքի ձեռքբերման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշման 1-ին կետով հաստատված ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ապահովում,
ե. ՀՍՏ ԻՍՕ 20884 «Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենյան ֆլյուորեսցենտային սպեկտրաչափում» ստանդարտով սահմանված փորձարկման մեթոդով փորձարկումների իրականացում,
զ. ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ու առցանց էլեկտրոնային խանութի հիմնում և շուրջ 40000 ստանդարտացման փաստաթղթերի թվայնացման աշխատանքների իրականացում,
է. նորագույն համակարգչային ծրագրերի միջոցով ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդի էլեկտրոնային համակարգի հիմնում և սպասարկում,
ը. մարզերում ստանդարտների վերաբերյալ տեղեկատվական սպասարկման և դրանց ձեռքբերման մատչելիության ապահովում,
թ. Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկի մշակում և հրապարակում.
4) «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրի իրականացման սկզբունքներն են` օրինականությունը, կամավորությունը (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում), շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքները, ինչպես նաև անկախությունը, անկողմնակալությունը, շուկայի վերահսկողության գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիությունը և միջազգային ու տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված շուկայի վերահսկողության պահանջների կիրառումը:
4.1. ծրագրի իրականացման արդյունքները` շուկայի վերահսկողության նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը, շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի, վտանգավոր ու սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովումը, ինչպես նաև միջազգային գործելակերպում ընդունված, պետական վերահսկողության շրջանակներում և համապատասխանության գնահատման իմաստով, արտադրանքի փորձարկումների իրականացումը` անկախ փորձարկման լաբորատորիայում:
VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
10. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:
VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
11. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` երկու հարյուր միլիոն դրամ գումարի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում