Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0347.030414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2014 թվականի N 347-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների 2014 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 347-Ա որոշման

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը:

2. Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը:

3. Ելնելով տարածաշրջանում կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով` ամեն տարի իրականացվում են հակաանասնահամաճարակային միջոցառումներ` գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ, գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ, խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների պաստերելյոզ, խշխշան պալար, խոզերի դասական ժանտախտ, թռչունների Նյու-Քասլ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների կանխարգելման համար: Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում արձանագրվել է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունը, որի նկատմամբ պատվաստման և բուժման միջոցներ դեռևս մշակված չեն, ուստի, պայքարը սահմանափակվում է հիվանդների ու հիվանդությամբ կասկածվող կենդանիների հարկադիր ոչնչացմամբ և ախտահանություններով:

4. 2010-2012 թվականներին իրականացված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում պահպանվել է կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել` բացառությամբ կենդանիների սիբիրախտ և բրուցելյոզ հիվանդությունների, որոնց կանխարգելման նկատմամբ իրականացվել են համապատասխան միջոցառումներ:

5. 2010-2012 թվականներին անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման համար պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 931 համայնքում առկա գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը (հակաանասնահամաճարակային միջոցառումներ` ախտորոշում և պատվաստումներ) իրականացվել է անասնաբույժ-մասնագետների կողմից, որոնց մինչև 2012 թվականը վճարվել է հավասարաչափ աշխատավարձ:

6. Մինչև 2012 թվականը հանրապետությունում հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և այլ անասնաբուժական ծառայությունների իրականացումը պետությունը պատվիրակել է համայնքների ղեկավարներին, և համայնքների ղեկավարների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր: Պատվիրակված լիազորությունների դիմաց գումարները համայնքներին վճարվել են հաստիքների թվին համապատասխան, միևնույն գումարի չափով` անկախ տվյալ համայնքում առկա անասնագլխաքանակից և իրականացվող միջոցառումների ծավալներից:

7. 2012-2013 թվականներին փոխվել է վարձատրության կարգը, և ներդրվել է նոր կարգ` հիմնված պայմանական անասնագլխաքանակի պատվաստումների և ախտորոշիչ աշխատանքների մեկ միավոր գնի հաշվարկի վրա:

8. Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում ծառայությունների մատուցման համար (պատվաստումներ և ախտորոշիչ հետազոտություններ) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անասնաբույժ-մասնագետների հետ 2014 թվականին կկնքվեն շուրջ 630 պայմանագիր:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ծրագրի նպատակն է` ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ունենալ առողջ գլխաքանակ և, հանրապետության տարածքում ստեղծելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ, ապահովել կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությունը:

10. Ծրագրի խնդիրն է` սահմանված կարգով ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կենսապատրաստուկներ, ախտորոշիչ միջոցներ ու ախտահանիչներ և իրականացնել առկա անասնագլխաքանակի պատվաստումներ ու ախտորոշիչ հետազոտություններ` համաձայն արտադրողի կողմից սահմանված հրահանգի:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

11. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

12. Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի անասնահամաճարակային միջոցառումներում (ախտորոշում, պատվաստում, ախտահանություն և այլն) նախատեսվել է ընդգրկել կենդանիների, կենդանիների ու մարդկանց համար ընդհանուր վարակիչ` առավել վտանգավոր հետևյալ հիվանդությունների ախտորոշման, պատվաստման և ախտահանության աշխատանքները`

1) բրուցելյոզ հիվանդության նկատմամբ արյան նմուշառում` խոշոր եղջերավոր կենդանիներ (կովեր, արտադրող ցուլեր), մանր եղջերավոր կենդանիներ (մայր ոչխար, արտադրող խոյեր).

2) տուբերկուլյոզ (տուբերկուլինիզացիա)` խոշոր եղջերավոր կենդանիներ (կովեր).

3) սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստում` խոշոր եղջերավոր կենդանիներ, մանր եղջերավոր կենդանիներ, ձիեր.

4) դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստում` խոշոր եղջերավոր կենդանիներ, մանր եղջերավոր կենդանիներ.

5) խշխշան պալար (էմկար)` հիվանդության նկատմամբ պատվաստում` խոշոր եղջերավոր կենդանիներ (3 ամսականից բարձր մատղաշ և մինչև 4 տարեկան կենդանիներ).

6) պաստերելյոզ հիվանդության նկատմամբ պատվաստում` խոշոր եղջերավոր կենդանիներ, մանր եղջերավոր կենդանիներ.

7) բրադզոտ հիվանդության նկատմամբ պատվաստում` մանր եղջերավոր կենդանիներ.

8) դասական ժանտախտ հիվանդության նկատմամբ պատվաստում` խոզեր.

9) կեղծ ժանտախտ հիվանդության նկատմամբ պատվաստում` բոլոր տեսակի թռչուններ.

10) վարրոատոզ հիվանդության դեմ մշակում` մեղվաընտանիքներ.

11) կարանտինային և հատուկ վտանգավոր հիվանդությունների բռնկման ժամանակ ախտահանության աշխատանքների իրականացում:

13. Կենսապատրաստուկների և ախտորոշիչ միջոցների թույլատրելի խոտանի չափը կազմում է` տուբերկուլին ախտորոշչի համար` մինչև 3 տոկոս, սիբիրախտի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս, պաստերելյոզի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս, դաբաղի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս, էմկարի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս, խոզերի ժանտախտի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս, թռչունների կեղծ ժանտախտի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս, բրադզոտի դեմ պատվաստանյութի համար` մինչև 3 տոկոս:

14. 2014 թվականին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում անասնաբուժական ծառայություններ մատուցող համայնքն սպասարկող անասնաբույժներին վճարել ամսական սահմանված վճար` հաշվի առնելով տվյալ համայնքում առկա պայմանական անասնագլխաքանակը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) անհրաժեշտ չափաքանակներով անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերում.

2) պատվաստված և վարակամերժ անասնագլխաքանակի ապահովում: Հանրապետությունում յուրաքանչյուր տարի ծրագրի իրականացման արդյունքում հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, թռչունների, մեղվաընտանիքների և ձիերի նկատմամբ.

3) հանրապետությունում կայուն անասնահամաճարակային վիճակի և կենդանական ծագում ունեցող անվտանգ մթերքի ու հումքի ապահովում.

4) հանրապետությունում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության ապահովում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2014
N 347-Ա
Որոշում