040.1511.281213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1511-Ն
i
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1511-Ն որոշման
2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ»
Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացմանը:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2013 թվականին, հետևողական աշխատանք է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացման ուղղությամբ:
Այս համատեքստում իրականացման փուլում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ սույն ծրագրի իրականացումը կնպաստի նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի համախառը ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:
«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ 2013 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման, տեղական և տարածքային տնտեսական զարգացման, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման ու սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ավելի քան 15000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
ԳԼՈՒԽ 2. |
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է (սույն օրենքի 4-րդ հոդվածի պահանջ):
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշումը.
3. Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ).
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 55-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ծրագրային ցուցանիշների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:
ԳԼՈՒԽ 3. |
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
1. Ծրագրի նպատակներն են`
1) պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանումը.
2) ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը.
3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
2. Ծրագրի նպատակների ապահովման ուղղությամբ նախատեսվում է`
1) գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու, ինչպես նաև նրանց ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվություն տալով Հայաստանի Հանրապետության մարզերին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման առանձնահատկությունները.
2) կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում.
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա գործիքների (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական և այլն) կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.
4) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր գործիքների ներդրում, մասնավորապես, տեղական և տարածքային տնտեսական զարգացում ու ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանն) աջակցություն.
5) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն` գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրում.
6) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական նախաձեռնությունների խթանում, մասնավորապես, արտահանմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո իրականացվող միջոցառումների շրջանակներում նորարարությունների ներդրման նպատակով դրամաշնորհների տրամադրում.
7) հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերում.
8) գիտատար արտադրության իրականացման հնարավորությունների բացահայտում և այդ ուղղությամբ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների կարողությունների առաջնահերթ զարգացում.
9) ծրագրի իրականացման շրջանակներում ավելի շատ ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավում և նրանց ցուցաբերվող պետական աջակցության շրջանակների ընդլայնում.
10) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
ԳԼՈՒԽ 4. |
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1. Ծրագիրն իրականացվում է ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող կառույցների միջոցով:
2. Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության և ծառայությունների ոլորտում գործող, նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը:
3. Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:
4. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում մշակվում և իրականացվում են ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5. |
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ) |
Ծրագրով նախատեսված ծրագրային ուղղությունները (միջոցառումներն) են`
1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) դրանց մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2002 թվականին Երևանում հիմնադրվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կենտրոնական գրասենյակը, իսկ 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններ)` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:
Ներկա փուլում կարևորվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների զարգացման խնդիրները և ծրագրային այս ուղղությունը միտված է նշված ենթակառուցվածք հանդիսացող Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների հզորացմանը:
Այս համատեքստում սույն ծրագրային ուղղության շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում իրականացնող Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աջակցության ծրագրերում գործընկեր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանը, դրանց նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացմանը, դրանց գործունեության ընդլայնմանն ու վերջիններիս կարողությունների հզորացմանը:
Ծրագրի իրականացման շրջանակներում 2014 թվականին միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համատեղ պարբերաբար միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ապահովելու ծրագրով նախատեսված մի շարք ծրագրային ուղղությունների (միջոցառումների) իրականացումը` սեփական կադրային ռեսուրսներով:
2. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը` նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Սույն ծրագրային ուղղության շրջանակներում նախատեսվում է սկսնակ գործարարներին տրամադրել աջակցության հետևյալ բաղադրիչները`
1) Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի մասնակիցների ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, մանրակրկիտ ընտրության փուլ անցած գաղափարների կյանքի կոչման նպատակով գործարար ծրագրերի (գործարար նախաձեռնությունների) մշակում.
2) սկսնակ գործարարների գործարար ծրագրերի (գործարար նախաձեռնությունների) ֆինանսական աջակցության (վարկավորման) ապահովում, ինչպես նաև առանց ուսուցման և վերապատրաստման դասընթացների մասնակցության նախապայմանի սկսնակ գործարարների կողմից ներկայացված գործարար ծրագրերի (գործարար նախաձեռնությունների) ֆինանսավորում:
Սկսնակ գործարարներին ուղղված ֆինանսական աջակցությունը (վարկավորումը) կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև այլ առևտրային բանկերի միջոցով, ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:
Հարկ է նշել, որ սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5,000.0 հազ. դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից` ֆինանսավորումը (վարկավորումը) կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը:
«Ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանն) աջակցություն» ծրագրային ուղղության շրջանակներում մշակված օրինակելի գործարար մոդելների իրականացման ժամանակ, եթե իրականացնողն սկսնակ գործարար է, նույնպես կֆինանսավորվի այս ֆինանսական գործիքի ներքո: Եթե օրինակելի գործարար մոդելի իրականացման համար անհրաժեշտ լինի ավելի մեծ գումար, քան նախատեսված է ֆինանսական գործիքի ընթացակարգով, ապա նման յուրաքանչյուր դեպքի ֆինանսավորումը (վարկավորումը) կհաստատվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Այս ծրագրային ուղղության իրականացման ժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ, մասնավորապես, աջակցության 1-ին բաղադրիչի իրականացման համատեքստում:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում ուսուցողական աջակցություն կցուցաբերվի 350-450 սկսնակ գործարարի, ինչպես նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 250-300 սկսնակ գործարարի, ինչի արդյունքում կստեղծվի 300-450 նոր աշխատատեղ:
3. Տեղական և տարածքային տնտեսական զարգացում
Տեղական և տարածքային տնտեսական զարգացման ծրագրային ուղղության նպատակն է Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով մասնակցային ախտորոշման, մասնակցային պլանավորման և արդյունքների մասնակցային գնահատման մեթոդների վրա հիմնված տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ:
2014 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքները տեղական տնտեսական զարգացման միջազգային լավագույն փորձի, մասնավորապես, գերմանական «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» (PACA) մեթոդի (գործիքի) տեղայնացման ու ներդրման ուղղությամբ: Այն ենթադրում է համայնքներում ռեսուրսների և մրցակցային առավելությունների գնահատում, որը հնարավորություն է տալիս համայնքի տնտեսության ախտորոշման, ռեսուրսների ու մրցակցային առավելությունների մասնակցային վերլուծության միջոցով ի հայտ բերելու բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքները և կառուցելու դրանց արժեքային շղթաները:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության 100 համայնքների տնտեսական քարտեզագրման աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա կվերլուծվեն համայնքների տնտեսական ներուժի օգտագործմանն ուղղված աշխատանքները, և որոշ համայնքներում կներդրվեն տեղական տնտեսական զարգացման գործիքներ:
2014 թվականին նշված ծրագրային ուղղության շրջանակներում կկիրառվեն մի շարք տեղական և տարածքային տնտեսական զարգացման գործիքներ` գերմանական «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» (PACA) մեթոդը (գործիքը) և ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village, One Product) հայեցակարգը: Վերջինիս շրջանակներում կշարունակվի 2012 թվականին մեկնարկած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ ծրագիրը` ուղղված տեղական արտադրանքի խթանմանը և ապրանքանիշերի ձևավորմանը: Սույն ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին համակողմանի աջակցություն կցուցաբերվի Հայաստանի Հանրապետության 5 տարածաշրջաններում (Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում) ճապոնական հայեցակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստան ժամանած փորձագետների կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին կփոխանցվի նման ծրագրերի իրականացման ճապոնական հարուստ փորձը, նշված տարածաշրջաններում կիրականացվեն տեղական արտադրանքի զարգացման և առաջմղման հնարավորությունների վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրություններ, կմշակվեն համապատասխան փաստաթղթեր, կձևավորվեն կոնկրետ առաջարկություններ և ծրագրերում ներգրավված տեղական ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի համապատասխան տեխնիկական և խորհրդատվական աջակցություն:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին կիրականացվի տեղական և տարածքային տնտեսական զարգացման 13 ծրագիր` ներառելով 30-40 համայնքներ, կբացահայտվեն առնվազն 150 տնտեսական նախաձեռնություններ, ինչը կնպաստի տնտեսության հիմնական ճյուղերի և առկա արժեշղթաների արդյունավետության բարձրացմանը, կտպագրվեն 13 համայնքային խմբերի վերլուծության արդյունքները:
4. Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում
1) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկաներ, մասնավորապես, արտաքին շուկաներ առաջ մղելը:
Այս համատեքստում Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման ներկա փուլում առանձնակի կարևորվում է տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների արտահանման ներուժի զարգացումը և արտաքին շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը, ինչը կստեղծի լրացուցիչ հնարավորություններ վերջիններիս համար` ապահովելով նշանակալի տնտեսական արդյունք:
2014 թվականին միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործընկեր ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի աջակցություն արտահանում սկսելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման, վերջիններիս կողմից իրականացվող արտահանման գործունեության զարգացման և ընդլայնման ուղղությամբ:
Այդ նպատակով արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն արտաքին շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ փորձարկումների անցկացման, թույլտվությունների, սերտիֆիկատների ձեռքբերման և համապատասխան փաստաթղթերի պատրաստման հարցերում, Եվրամիության երկրներ ապրանք արտահանողներին Արտոնությունների ընդհանրացված համակարգի և նրա ընձեռած հնարավորությունների, միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների վերաբերյալ: ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի նաև տեղեկատվություն ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ և կցուցաբերվի աջակցություն դրանց ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ավելի մրցունակ դարձնելու ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը` արտաքին շուկաներ դուրս բերելու համար:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանմանն աջակցության ծրագրի շրջանակներում համալիր աջակցություն կցուցաբերվի առանձին ոլորտներում գործող արտահանման մեծ ներուժ ունեցող առաջատար տնտեսավարող սուբյեկտներին` նրանց արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու և արտահանման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:
2014 թվականին նշված ծրագրի շրջանակներում կշարունակվի և կընդլայնվի համագործակցությունն արտահանումը խթանող տարբեր միջազգային կառույցների (ծրագրերի)` Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի հետ և այլն` դրանցում Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտներին ներգրավելու նպատակով:
Արտահանող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կօգտագործվեն նաև ձեռնարկությունների եվրոպական ցանցի (այսուհետ` ՁԵՑ) ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես, պոտենցյալ գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցերում:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ուղղություններով աջակցություն կցուցաբերվի շուրջ 100 ՓՄՁ-ի սուբյեկտի:
2) Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովում
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում:
Այս համատեքստում կարևորվում է ՁԵՑ-ի գործունեությունը Հայաստանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով որպես ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոն Հայաստանում:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեությունն ուղղված է հայ գործարարների գործունեության միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի կողմից 2014 թվականին նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի և ստանդարտների պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:
Բացի դրանից` ՓՄՁ-ի սուբյեկտների և այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են ստանալ գործարար տեղեկատվություն, մասնավորապես, տեղեկանալ Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներին, ինչպես նաև ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և միջոցառումների վերաբերյալ: Նշված գործարար տեղեկատվությունը կտեղադրվի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
2014 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն տեղական և միջազգային (օտարերկրյա) կազմակերպությունների (ծրագրերի) հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ:
Այս համատեքստում նպատակ ունենալով խթանել ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը` ՁԵՑ-ի գործընկեր տեղական և միջազգային (օտարերկրյա) կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կապահովվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և գործարար համագործակցության հաստատման այլ միջոցառումներին:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը (բազայում տեղակայված շուրջ 100 գործարարներ) կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող հայ գործարարների կողմից ներկայացվող 50-60 նոր գործարար համագործակցության առաջարկներով, ինչպես նաև գործունեության միջազգայնացման ուղղությամբ աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 հայ գործարարների:
5. Ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանն) աջակցություն
«Ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանն) աջակցություն» ծրագրային ուղղության նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ ոլորտային ուղղությունների (հատկապես արտահանման ներուժ ունեցող) զարգացումը և տեղական արտադրությունների ձևավորման խթանումը (մասնավորապես, ներմուծման փոխարինումը)` օրինակելի գործարար մոդելների ներդրման միջոցով:
Սույն ծրագրային ուղղության շրջանակներում կիրականացվեն հետևյալ գործողությունները`
1) Օրինակելի գործարար մոդելների ստեղծում
Օրինակելի գործարար մոդելների ստեղծման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մարզերի տնտեսության զարգացման ներուժ ունեցող 2 ոլորտների քարտեզագրում և կրկնօրինակման ենթակա առավել մրցունակ ոլորտների ընտրություն, որից հետո յուրաքանչյուր ոլորտի համար կներգրավվեն կարճաժամկետ փորձագետներ, որոնք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների հետ համատեղ կստեղծեն օրինակելի գործարար մոդել տվյալ ոլորտի համար: Օրինակելի գործարար մոդելների ստեղծման համար, որպես սկզբունք, կկիրառվի նաև ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը.
2) Օրինակելի գործարար մոդելների ներդրում
Օրինակելի գործարար մոդելի ներդրման փուլում ենթադրվում է ընտրված ոլորտում գործունեության որոշակի փորձ ունեցող գործարարների բացահայտում և ընտրություն, որոնք կանցնեն որոշակի դասընթացային փուլ` բիզնեսի վարման կարողությունների զարգացման և ստեղծված օրինակելի գործարար մոդելի տեխնոլոգիական տարրերի համակցությամբ, ինչպես նաև կստանան խորհրդատվություն և ֆինանսավորում` ըստ անհրաժեշտության: Այս փուլի ավարտին արդեն նախատեսվում է ունենալ փաստացի գործող նորաստեղծ բիզնես.
3) Տեխնոլոգիական ձեռնարկ-ուղեցույցի հրատարակում
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները և մշակված ուսուցողական ու խորհրդատվական նյութերն ամփոփելով կկազմվի և կհրատարակվի տեխնոլոգիական ձեռնարկ-ուղեցույց ոլորտի գործարարներին տրամադրելու նպատակով.
4) Տեխնոլոգիական դրամաշնորհի տրամադրում
Ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցման) աջակցության շրջանակներում (համաֆինանսավորման սկզբունքով) որպես դրամաշնորհ կտրամադրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ (չորանոցներ, սառնարաններ, ջերմատների ջեռուցման համակարգեր և այլն)` բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու նպատակով.
5) ՈՒղեկցում, մոնիթորինգ և գնահատում
Այս փուլում նախատեսվում է ստեղծված բիզնեսների ուղեկցում գործունեության առաջին մեկ տարվա ընթացքում (տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, կարճաժամկետ դասընթացներ և այլն): ՈՒղեկցման գործընթացին զուգահեռ իրականացվելու է նաև փորձնական ծրագրերի մոնիթորինգ և գնահատում:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին տնտեսության 2 ոլորտների վերաբերյալ կմշակվեն օրինակելի գործարար մոդելներ, շարունակական աջակցություն կցուցաբերվի 20 բիզնեսներին, որոնք կավելացնեն իրենց վաճառքի ծավալներն ու եկամուտները, ժամանակակից տեխնոլոգիաներ ձեռք բերելու նպատակով (համաֆինանսավորման սկզբունքով) բիզնեսներին կտրամադրվեն 10 տեխնոլոգիական դրամաշնորհներ:
6. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն և Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն
Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, լիցենզավորման, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու, հարկային ու մաքսային ձևակերպումների, իրավաբանական և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից, հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, խմբային հանդիպումներ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը և դրանց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր:
Միաժամանակ, գործընկեր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), ինչպես նաև տեղական գործընկեր մասնագիտացված ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության մարզերում կկազմակերպվեն հանդիպումներ այնտեղ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` գիտելիքների և փորձի փոխանցման, տեղերում մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով:
2014 թվականին ծրագրի շրջանակներում աշխատանքներ կտարվեն նաև ՓՄՁ-ի ոլորտում բազմակողմանի ուսումնասիրությունների անցկացման ուղղությամբ: Նախատեսվում է մի շարք պետական մարմիններից հայցել տեղեկություններ ՓՄՁ-ի ոլորտի վերաբերյալ հետագա վերլուծությունների իրականացման նպատակով: ՈՒսումնասիրությունների շրջանակներում դուրս կբերվեն և կվերլուծվեն ՓՄՁ-ի ոլորտը բնութագրող հիմնական ցուցանիշները: Նշված ուսումնասիրությունները հետագայում կարող են որպես տեղեկատվության աղբյուր ծառայել ՓՄՁ-ի ոլորտում իրականացվող քաղաքականության մշակման և հիմնավորման համար:
2014 թվականից նախատեսվում է ուժեղացնել օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնակցության հնարավորությունները: Այս նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն ՓՄՁ-ի սուբյեկտների հետ անհատական և խմբային քննարկումների արդյունքները, ՓՄՁ-ի ոլորտում իրականացված ուսումնասիրությունները կներդրվեն ազդեցության գնահատման միջազգային պրակտիկայում կիրառվող մի շարք գործիքներ:
Նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների, տեղեկագրերի) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև դրանք կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ), (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ներով) գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Բացի դրանից` հաղորդման շրջանակներում կստեղծվի թեմատիկ բաժին, որի միջոցով գործարարներին պարբերաբար տեղեկատվություն և պարզաբանումներ կտրամադրվեն ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի և դրանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:
2014 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար տեղեկատվությամբ:
Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրության ու վարչարարության պարզաբանման նպատակով 2014 թվականին կշարունակի գործել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «թեժ գիծը», որի միջոցով հայ գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիմում-բողոքները, հարցադրումները և առաջարկությունները:
Գործարար ուսուցողական աջակցության շրջանակներում նախատեսվում է կիրառել նոր մոտեցումներ` ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող ուսուցողական աջակցության արդյունավետության բարձրացման և այն առավել նպատակային ու շարունակական դարձնելու ուղղությամբ:
Ծրագրային այս ուղղության բաղադրիչներից է հանդիսանում նաև սկսնակ գործարարների ուսուցումը, որը նկարագրված է 5-րդ գլխի 2-րդ կետում:
Կարևորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող տնտեսական դաշտին առնչվող փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների հրատապ տեղեկացվածության, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին այդ փոփոխությունների ներկայացման և պարզաբանման անհրաժեշտությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով «բաց դռների» սկզբունքով կկազմակերպվեն ուսուցողական (տեղեկատվական) բնույթի միջոցառումներ:
Անհրաժեշտության դեպքում, ՓՄՁ-ի սուբյեկտներին նեղ մասնագիտական ուղղություններով (կահույքագործ, պանրագործ, մեղվաբույծ, հացթուխ, հրուշակագործ և այլն) արհեստավարժ կադրերով ապահովելու համար կկազմակերպվեն նեղ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանն ուղղված դասընթացներ` համագործակցելով Հայաստանում այդ ուղղությամբ գործող կազմակերպությունների և հաստատությունների հետ (մասնավորապես, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ), ինչպես նաև ներգրավելով միջազգային մասնագետներին ու փորձագետներին:
Գործարար ուսուցողական դասընթացները նպաստում են ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռնարկատիրությանն առնչվող գիտելիքների մակարդակի բարձրացմանը, գործարար հմտությունների զարգացմանը, ինչը հանգեցնում է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը:
Գործարար ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների և ունակությունների մակարդակի բարձրացման նպատակով միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցության շրջանակներում վերջիններիս համար 2014 թվականին կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության շրջանակներում նախատեսվում է`
ա) գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 13000-15000 ՓՄՁ-ի սուբյեկտի,
բ) գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցության ցուցաբերում 450-500 ՓՄՁ-ի սուբյեկտի:
2) Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում
2014 թվականին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ-ի սուբյեկտներին օգտվելու հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների կազմման մատչելի ծառայություններից: Հաշվապահական կենտրոնի գործունեության նոր ռազմավարությունը կնպաստի Հաշվապահական կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքներ կիրականացվեն Հաշվապահական կենտրոնի գործունեության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Այդ նպատակով պայմաններ կստեղծվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում. Հայաստանի Հանրապետության մարզերի ՓՄՁ-ի սուբյեկտները հնարավորություն կունենան ստանալու Հաշվապահական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայություններին համանման ծառայություններ:
Դրա հետ մեկտեղ 2014 թվականին Հաշվապահական կենտրոնի կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատողների մասնակցությամբ կկազմակերպվեն խորհրդատվական և ուսուցողական բնույթի սեմինարներ:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին Հաշվապահական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից կօգտվեն առնվազն 2000 ՓՄՁ-ի սուբյեկտներ:
7. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության զարգացման համար կարևոր խնդիր է հանդիսանում նաև ֆինանսական (վարկային) ռեսուրսների հասանելիությունը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում 2014 թվականին կշարունակվի ֆինանսական աջակցության գործիքների կիրառումը:
Ծրագրային այս ուղղությունը ներառում է հետևյալ ֆինանսական գործիքները`
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում.
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում.
3) սկսնակ գործարարների գործարար ծրագրերի ֆինանսական աջակցություն, ինչը նկարագրված է ծրագրի 5-րդ գլխի 2-րդ կետում:
Անհրաժեշտության դեպքում, կդիտարկվեն (կքննարկվեն ու կմշակվեն) նաև այլ ֆինանսական գործիքներ, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա ներդրման համար:
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ֆինանսական աջակցության գործիք, 2014 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին (այդ թվում` կին գործարարներին) վարկային երաշխավորությունների տրամադրումը, որը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայիս ազդեցությունը` առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խնդիրների լուծմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման գործիքն ունի մարզային ուղղվածություն, սակայն 2013 թվականից սկսած սույն ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է նաև Երևան քաղաքում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Այստեղ նախապատվությունը տրվում է գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով միավորվել են սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության դրամագլուխը և վարկային երաշխավորությունների դրամագլուխը որպես մեկ միավորված դրամագլուխ (այսուհետ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլուխ):
2014 թվականին նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի իրականացման ֆինանսական (վարկային) ռեսուրսների ծավալի ավելացում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին, այդ թվում` սկսնակ կին գործարարներին, վարկային երաշխավորությունների տրամադրմանը:
Վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 15,000.0 հազ. դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի («Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ և «Կիլիկիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն) միջոցով:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կարող են տրամադրվել 15,000.0 հազ. դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` 5 տարվանից ավելի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին 300-350 գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին կտրամադրվեն վարկային երաշխավորություններ:
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում
2014 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և սեփական կապիտալի ֆինանսավորման ծրագրեր կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն նախատեսում է 2014 թվականին ակտիվ շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման` ուղղակի վարկավորման և սեփական կապիտալի ֆինանսավորման գործընթացը:
Միաժամանակ, բացի ուղղակի վարկավորումից և սեփական կապիտալի ֆինանսավորումից, 2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն կշարունակի ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցել ֆինանսական ծառայության նոր տեսակ` «առևտրային երաշխիքների տրամադրում»: Մասնավորապես, կտրամադրվեն մրցույթների մասնակցության, կանխավճարների ապահովման, պայմանագրերի կատարման, հետավարտման (որակի) և արտահանման երաշխիքներ, որոնք կնպաստեն ինչպես տեղական շուկայում գործունեություն իրականացնող, այնպես էլ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության զարգացմանը:
Ֆինանսական այս գործիքի ներքո կարևոր նշանակություն կտրվի ՓՄՁ-ի սուբյեկտների սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուն: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կբացահայտվեն ՓՄՁ-ի սուբյեկտներ (հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերում), որոնք հետաքրքրված կլինեն այս գործիքի կիրառմամբ և որոնց զարգացումը հնարավոր կլինի ապահովել այս գործիքի ներդրմամբ: Այդ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի գործարար առաջարկների ձևավորման հարցում: Հետագայում գործարար առաջարկները կներկայացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին` այդ գործարար առաջարկների կենսունակությունը գնահատելու և դրական գնահատված գործարար առաջարկներ ներկայացված ՓՄՁ-ի սուբյեկտների սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու նպատակով:
Ընդլայնելով աջակցության ֆինանսական գործիքների շարքը` 2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն գյուղացիական տնտեսություններին կցուցաբերի ֆինանսական աջակցություն` ֆինանսական վարձակալության (լիզինգի) սկզբունքով:
8. Կանանց ձեռներեցությանն աջակցություն
Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարների համար:
«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մարտի 1-ից և շարունակվելու է մինչև 2015 թվականի դեկտեմբերը: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունն է գերմանական «Փեմ Քընսալթ» ընկերությունը:
Տեխնիկական աջակցության շրջանակներում 2014 թվականին կշարունակվեն իրականացվել հետևյալ հիմնական գործողությունները`
1) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների, Հայ-գերմանական հիմնադրամի ծրագրերի կառավարման վարչության, ինչպես նաև մասնակից ֆինանսական կառույցների կարողությունների հզորացում` կանանց ձեռներեցության զարգացման հարցում.
2) կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացում, մասնավորապես, դասընթացների կազմակերպում և խորհրդատվության մատուցում սկսնակ կին գործարարներին, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի առկա ֆինանսական աջակցության մեխանիզմներով.
3) կին ձեռներեցների և գործարար աջակցություն մատուցող կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացում և այլն:
Սույն ծրագրի շրջանակներում 2014 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) սկսնակ գործարարների աջակցության ծրագրերի կազմակերպում կին գործարարների համար.
2) դասընթացների (սեմինարների) կազմակերպում.
3) տեղեկատվական (խորհրդատվական) բնույթի հանդիպումների կազմակերպում.
4) միջոցառումներ` կանանց ձեռներեցության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում.
5) «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության կազմակերպում:
Նշված միջոցառումների իրականացման վայրը և բնույթը կորոշվի գործարար կանանց կարիքների գնահատման արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում կազմակերպվող դասընթացներին (սեմինարներին) կմասնակցեն 200-250 կին գործարարներ:
9. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում
2014 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ծրագրի շրջանակներում «Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում» ծրագրային ուղղության (միջոցառման) իրականացման համար:
Ծրագրով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ, նաև միջազգային լավագույն փորձի փոխանցման նպատակով աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկների մշակման և իրականացման ուղղությամբ: Մասնավորապես`
2014 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում», Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև` «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում», ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև` «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար. աջակցություն երիտասարդ ձեռներեցներին», Ասիական զարգացման բանկի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև` «Կանանց ձեռներեցության զարգացում» համատեղ ծրագրերի շրջանակներում, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» և «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրերի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության, Գերմանիայի տնտեսագիտական միության, Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
ԳԼՈՒԽ 6. |
ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով: Այն կարող է իրականացվել (համալրվել) նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 151,983.7 հազ. դրամ, որի հաշվին կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը` լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:
Ծրագրով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) ֆինանսական ապահովումը կիրականացվի հետևյալ ֆինանսական միջոցների հաշվին`
1. «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում» ծրագրային ուղղությունը (միջոցառումը) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին (մասնավորապես, կապահովվի վերջինիս պահպանման ծախսերը), ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցների հաշվին` վերջինիս հետ համագործակցության շրջանակներում:
2. Սկսնակ գործարարների գործարար ծրագրերին ֆինանսական աջակցության տրամադրումը և ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրումը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի (1.001,000.0 հազ. դրամ) միջոցների հաշվին, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող ֆինանսական միջոցների (811,840.0 հազ. դրամ) ներգրավման հաշվին, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին (այդ թվում` սկսնակ կին գործարարներին) վարկային երաշխավորությունների տրամադրմանը:
3. ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորումը և սեփական կապիտալի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների (10,288,100.0 հազ. դրամ) հաշվին:
4. «Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում» ծրագրային ուղղությունը (միջոցառումը) կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին, ինչպես նաև նախատեսվում է շարունակել Երևանի Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում տեղակայված տարածքի օգտագործումը:
5. «Ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանն) աջակցություն» ծրագրային ուղղության (միջոցառման) իրականացումը նախատեսվում է`
1) օրինակելի գործարար մոդելների ստեղծումը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին.
2) օրինակելի գործարար մոդելների ներդրումը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների հաշվին, եթե այդ օրինակելի գործարար մոդելների ներդրման համար անհրաժեշտ կլինի վարկային երաշխավորության տրամադրում կամ սկսնակ գործարար ծրագրի իրականացման ֆինանսական աջակցություն:
6. Մնացած ծրագրային ուղղությունները (միջոցառումները) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի հաշվին:
7. Նշված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) իրականացման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները, այդ թվում` համաֆինանսավորման տարբերակով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1511-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Կատարողը |Կատարման |
|ը/կ| | |ժամկետը |
|___|________________________________|_____________________|__________|
|1. |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |ծրագրերի համակարգում, կառավարում|(համաձայնությամբ) |ընթացքում |
| |և ընդլայնում | | |
|___|________________________________|_____________________|__________|
|2. |Սկսնակ գործարարների |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |ձեռներեցությանն աջակցություն |(համաձայնությամբ) |ընթացքում |
|___|________________________________|_____________________|__________|
|3. |Տեղական և տարածքային տնտեսական |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |զարգացում |(համաձայնությամբ) |ընթացքում |
|___|________________________________|_____________________|__________|
|4. |Տեղական արտադրանքի արտահանմանն |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |աջակցություն և ՓՄՁ-ի |(համաձայնությամբ) |ընթացքում |
| |սուբյեկտների միջազգային | | |
| |համագործակցության ընդլայնման | | |
| |ապահովում` | | |
| |1) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից | | |
| |թողարկվող արտադրանքի (մատուցվող | | |
| |ծառայությունների) արտահանման և | | |
| |շուկաներում առաջմղմանն | | |
| |աջակցություն. | | |
| |2) Հայաստանում | | |
| |Ձեռնարկությունների եվրոպական | | |
| |ցանցի հաղորդակցման կենտրոնի | | |
| |գործունեության ապահովում | | |
|___|________________________________|_____________________|__________|
|5. |Ոլորտային (արդյունաբերական |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |համակարգերի կառուցմանն) |(համաձայնությամբ) |ընթացքում |
| |աջակցություն | | |
|___|________________________________|_____________________|__________|
|6. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |տեղեկատվական, խորհրդատվական և |(համաձայնությամբ) |ընթացքում |
| |ուսուցողական աջակցություն և | | |
| |Հաշվապահական կենտրոնի | | |
| |գործունեության ապահովում` | | |
| |1) ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար | | |
| |տեղեկատվական, խորհրդատվական և | | |
| |ուսուցողական աջակցություն. | | |
| |2) Հաշվապահական կենտրոնի | | |
| |գործունեության ապահովում | | |
|___|________________________________|_____________________|__________|
|7. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |և ներդրումային աջակցություն` |(համաձայնությամբ) |ընթացքում |
| |1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային | | |
| |երաշխավորությունների տրամադրում.|«ՓՄՁ ներդրումներ» | |
| |2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի |ունիվերսալ վարկային | |
| |վարկավորում և սեփական կապիտալի |կազմակերպություն» ՓԲԸ| |
| |ֆինանսավորում |(համաձայնությամբ) | |
|___|________________________________|_____________________|__________|
|8. |Կանանց ձեռներեցությանն |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2014 թ. |
| |աջակցություն |(համաձայնությամբ) |ընթացքում |
|___|________________________________|_____________________|__________|
|9. |Միջազգային և օտարերկրյա դոնոր |ՀՀ էկոնոմիկայի |2014 թ. |
| |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի |նախարարություն |ընթացքում |
| |զարգացման համատեղ | | |
| |(համաֆինանսավորման սկզբունքով) |ՀՀ շահագրգիռ | |
| |ծրագրերի մշակում և իրականացում |կառույցներ | |
| | | | |
| | |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ | |
| | |(համաձայնությամբ) | |
._____________________________________________________________________.