Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱ ...

28.06.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.12.2013  -ից մինչեւ   28.06.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 04.06.14 թիվ 577-Ն որոշում)

i

040.1443.241213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1443-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆՀ-184-Ն հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ֆինանսական գործունեության ապահովման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին տարածքով և անհրաժեշտ գույքով ապահովելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1443-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մասնակցում է ճարտարապետության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի առաջին տեղակալից, կոմիտեի նախագահի տեղակալից, կոմիտեի աշխատակազմից, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

6. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

1) ազգային ճարտարապետության հոգևոր ու մշակութային ավանդույթների պահպանումը, դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) ըստ անհրաժեշտության նոր կառուցվող ճարտարապետական համալիրների և առանձին կառույցների իրականացմանն ուղղված ներդրումային նախաձեռնությունների, դրանց կառուցապատման հայեցակարգերի և նախագծերի մշակման գործընթացում մասնագիտական-խորհրդատվական աջակցության ապահովումը.

3) ըստ անհրաժեշտության տեղական ինքնակառավարման մարմիններին ճարտարապետության ոլորտի մասնագիտական խորհրդատվության տրամադրումը.

4) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցապատման միջավայրի զարգացման պայմանների ապահովումը.

5) միջազգային չափանիշներին համապատասխանող նոր տեխնոլոգիաների կիրառման խթանումը:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մշակում է ճարտարապետության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին` միաժամանակ տեղեկացնելով քաղաքաշինական ոլորտի լիազոր մարմնին.

2) մշակում է ճարտարապետության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը` նպատակային և հատուկ ծրագրեր, հայեցակարգեր ու զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր.

3) ըստ անհրաժեշտության ապահովում է մասնագիտական օժանդակություն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին ճարտարապետության ոլորտին առնչվող խնդիրներում.

4) պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում աջակցում է ճարտարապետական համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերին և դրանց իրագործմանը.

5) նախաձեռնում և իրականացնում է միջոցառումներ` ուղղված ճարտարապետության ոլորտի կատարելագործմանը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում համաձայնեցնում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցվող առանձին օբյեկտների կամ համալիրների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առանձնացված օբյեկտների կամ համալիրների ճարտարապետահատակագծային առաջադրանքները և նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները.

7) մասնակցում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) մշակումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, այդ փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների վերաբերյալ սահմանված կարգով եզրակացությունների կազմմանը.

8) սահմանում է ճարտարապետության ոլորտում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները.

9) կազմակերպում է հասարակայնության հետ կապերը, համագործակցում մասնագիտական, հասարակական և այլ կազմակերպությունների հետ.

10) կազմակերպում կամ աջակցում է սույն կետի 6-րդ ենթակետում նշված քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթներին.

11) ճարտարապետության ոլորտին առնչվող մասով համագործակցում և մասնակցում է ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

12) կազմակերպում է ճարտարապետության ոլորտին առնչվող ցուցահանդեսներ, մրցույթներ, համաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ.

13) համակարգում է կոմիտեի ենթակայության տակ գտնվող թանգարանների աշխատանքային գործունեությունը.

14) ճարտարապետության ոլորտում իրենց վաստակով նշանավոր անձանց սահմանված կարգով ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, շնորհում է կոմիտեի պարգևներ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

9. Կոմիտեի նախագահն ունի առաջին տեղակալ, տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:

10. Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

11. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներ ու գործառույթները և պատասխանատու է լիազորված ճարտարապետության ոլորտում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ:

5) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

9) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքները, կանոնադրությունները, հաստիքացուցակները և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.

11) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերստուգման արդյունքները.

12) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը.

14) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

15) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

17) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

18) ճարտարապետության ոլորտում ավանդ ունեցող անձանց շնորհում է կոմիտեի հուշամեդալներ, կրծքանշաններ, շնորհակալագրեր, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը:

14. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի առաջին տեղակալը, իսկ անհնարինության դեպքում տեղակալներից մեկը:

15. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է իրեն հանձնարարված ոլորտում աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով.

3) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված ոլորտում` կոմիտեի համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականները և առաջադրանքները, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.

4) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված ոլորտում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին.

10) կոմիտեի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

11) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Կոմիտեի առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է կից կոլեգիա: Կոմիտեի նախագահին կից կոլեգիան`

1) օժանդակում է կոմիտեի գործունեության ռազմավարական պլանավորման ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է կոմիտեի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրն օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

18. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Կոմիտեի գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կողմից հատկացումների հաշվին:

24. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ:

27. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային (վարչություններ, բաժիններ) ստորաբաժանումները:

31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կոմիտեի նախագահը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը:

34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և կոմիտեի նախագահի որոշումների, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ ու 3-րդ դասերի առաջատար ծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ ու 3-րդ դասերի կրտսեր ծառայողների դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

8) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

40. Կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1443-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. Ճարտարապետական քաղաքականության վարչություն

2. Կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն

3. Ֆինանսատնտեսագիտական վարչություն

4. Իրավաբանական վարչություն

5. Քարտուղարություն

6. Արտաքին կապերի բաժին

7. Անձնակազմի կառավարման բաժին

8. Ներքին աուդիտի բաժին

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2013
N 1443-Ն
Որոշում