040.1227.141113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1227-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման միջոցառումների իրականացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 7-ի
N 1227-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության ծրագրով նախատեսված խնդիրների շրջանակներում վերջին տարիներին հանրապետությունում զգալի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական հետազոտությունների իրականացման, բույսերի վնասակար օրգանիզմների տարածման արեալների ճշտման, անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովման ուղղությամբ:
2. 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին իրականացվել են բուսասանիտարական հետազոտություններ և դիտարկումներ` համապատասխանաբար 198000, 199062, 225312 և 243656 հեկտար հողատարածության վրա: Կատարված աշխատանքների շնորհիվ նշված տարածքներում ճշտվել են գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակը, վնասակար օրգանիզմների տարածման արեալները և վնասակարության տնտեսական շեմերը:
3. Կատարված բուսասանիտարական հետազոտությունների շնորհիվ ճշտվել և լիազոր մարմին են ներկայացվել վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների ու մորեխների դեմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրում ընդգրկված տարածքների ցանկը, նվազագույնի են հասցվել ոչ նպատակային քիմիական պայքարի աշխատանքները, որի շնորհիվ շրջակա միջավայրը հնարավորինս զերծ է մնացել աղտոտումից, խնայվել են հողօգտագործողների ֆինանսական միջոցները:
4. 2011 թվականին հանրապետության 915 համայնքում իրականացվել են հակահամաճարակային (էպիզոդոլոգիական) միջոցառումներ` պատվաստանյութերի բաշխում, անասնաբույժների աշխատանքների համակարգում, հաշվետվությունների ընդունում և վերլուծություն, վերլուծության հիման վրա հակահամաճարակային իրավիճակի գնահատում, կարանտինային միջոցառումների իրականացում:
5. 2011-2012 թվականներին իրականացված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում պահպանվել է կայուն անասնահամաճարակային իրավիճակ, չեն արձանագրվել կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ` բացառությամբ կենդանիների սիբիրախտ հիվանդության:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Ծրագրի իրականացման նպատակն է`
1) հետազոտությունների, դիտարկումների միջոցով հանրապետությունում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերումը, հաշվառումը, տարածման արեալի և վնասակարության տնտեսական շեմերի ճշտումը, տարածման կանխարգելումն ու այդ աշխատանքներին մասնագիտական աջակցության ցուցաբերումը.
2) պատվաստված անասնագլխաքանակի նկատմամբ կայուն ֆոնի ձևավորման, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների իրականացման, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների, օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացումը և գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելը:
7. Ծրագրի իրականացման խնդիրը վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելը, կայուն անասնահամաճարակային վիճակն ապահովելը, ինչպես նաև մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչությանը զերծ պահելն է:
III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
8. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) բուսասանիտարական հետազոտություններ, այս բաղադրիչով նախատեսվում է հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացնել հետազոտություններ, դիտարկումներ հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատման, բույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների (ընդհանուր ծավալի 75-80 տոկոսը), ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների (լվիճներ, տզեր, վահանակիրներ, պտղակերներ, տերևակերներ, քոս, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն, մոնիլիոզ, միլդիու, օիդիու, ողկուզակեր, ոստայնատիզ), բանջարաբոստանային (լվիճներ, տզեր, կեղծ ու իսկական ալրացող, թառամումներ) և հացահատիկային (քարամրիկ, փոշեմրիկ, գաճաճային մրիկ, ժանգեր) մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերման, հաշվառման, տարածման արեալների և վնասակարության տնտեսական շեմերի ճշտման, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքներ:
2) անասնաբույժների աշխատանքների համակարգում, կանխարգելիչ միջոցառումներ. այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել պատվաստանյութի բաշխում, անասնաբույժների աշխատանքների համակարգում, հաշվետվությունների ընդունում և ամփոփում: Ծրագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ` ընդգրկված անասնագլխաքանակի նկատմամբ հնարավոր կլինի ունենալ կայուն անասնահամաճարակային վիճակ:
9. Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ` նախատեսելով միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
10. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ունենալու բույսերի` վնասակար օրգանիզմներով վարակվածության ճշտված արեալ, կանխատեսման համար հետազոտված գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր, ինչպես նաև հանրապետությունում յուրաքանչյուր տարի ապահովելու շուրջ 700 հազ. գլուխ խոշոր եղջերավոր և 800 հազ. գլուխ մանր եղջերավոր կենդանիների, 150 հազ. գլուխ խոզի, 11000 գլուխ ձիու, 4.2 մլն թռչնի և գյուղատնտեսական այլ կենդանիների` ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանվածության բարձր մակարդակ: