24/08/2013 - 15/08/2020
040.0820.050813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2013 թվականի N 820-Ն
i
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 13.08.2020 թիվ 1336-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 1-ի
N 820-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա:
3. Սույն կարգը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, կարգավորվող շուկայի oպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա:
4. Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագիրը համարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանող, եթե այն ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը`
1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.
2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը:
5. Համակարգչային ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի նաև, որպեսզի`
1) անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները համապատասխանեն միմյանց.
2) բոլոր գործառնությունների, դեպքերի և իրադարձությունների արդյունքները հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որոնց վերաբերում են:
(հավելվածը խմբ. 13.08.2020 թիվ 1336-Ն որոշում)