(ուժը կորցրել է 12.04.18 թիվ 441-Ն որոշում)
i
040.0664.280613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2013 թվականի N 664-Ն
i
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 32-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) դատախազների համազգեստ կրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների համազգեստի նկարագիրը և դրա կրելու կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 20-ի
N 664-Ն որոշման
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են դատախազների համազգեստի, տարբերանշանների և խորհրդանիշի նկարագիրը:
II. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Բարձրագույն դասային աստիճան ունեցող (արդարադատության պետական խորհրդականի, 1-ին, 2-րդ և 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան) դատախազների համազգեստը մուգ կապույտ գույնի գաբարդինից է, իսկ 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազներինը` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից:
3. Արական սեռի դատախազների համազգեստը կազմված է`
1) գլխարկ հովհարով` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ կանաչավուն եզրաշերտով: Գլխարկագագաթի եզրագծով և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 մմ լայնքով մուգ կանաչավուն եզրաշերտ: Երկու կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով: Գլխարկաբոլորքի վրա առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն օվալաձև գլխարկանշան, որի կենտրոնական մասում տեղադրված է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը: Գլխարկահովհարը սև է` արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` թավշյա կտորից (ձև N 6): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեգույն լարահյուսից, ամրացվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ` 5-տոկոսանոց ոսկեթելերով, որի կենտրոնական մասում տեղադրված է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, իսկ գլխարկագագաթի վրա առջևի կենտրոնական մասում` Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը (ձև N 1).
2) տոնական գլխարկ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նկարագրին, սակայն գլխարկահատակը և կողային մասերը` սպիտակ գույնի կիսաբրդյա կտորից (ձևեր N N 7, 9).
3) գլխարկ ականջակալներով (ձմեռային)` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից, քառասեպանի թասակից և սև կարակուլի մորթե ճակատամասից ու ականջակալներով ծոծրակամասից, ներսամասը մգդակարված է վատինայով: Թասակի, ճակատային մասի և ականջակալներով ծոծրակամասի հակադարձ երեսները` գլխարկների համար նախատեսված սև գույնի մահուդից, առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն օվալաձև Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանշանով գլխարկանշան (ձև N 3): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` մոխրագույն կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշան (ձև N 3).
4) կիտել` մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, հետծալված օձիքով, իսկ օձիքի եզրերը մշակված են մուգ կանաչավուն եզրագծով, օձիքի միացման կարում մշակված կախիչ, սովորական երկկարանի թևքերով, թևքերի վրա մշակված են ծալքեր (մանժետներ), որոնց վերին եզրերը կարված են մուգ կանաչ եզրագծով, կողքերից ունի կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, իսկ ձախ կողմում ունի ծոցագրպան (ձև N 6): 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազների համար միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով միաշարք չորս ոսկեգույն կոճակներով: Բարձրագույն դասային աստիճան ունեցող և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող դատախազների համար երկկոճկուն (երկփեղկ)` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով երկշարք վեց` 22 մմ ոսկեգույն ալյումինե համաձուլվածքից կոճակներով` տեղադրված երկշարք, ձախ կրծքամասում մշակված է ներկարված գրպան թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի, իսկ թևքածալքերի հետնամասում տեղադրված են երկուական Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 14 մմ ոսկեգույն ալյումինե համաձուլվածքից կոճակներ (ձևեր N N 1, 4).
5) տոնական կիտել` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նկարագրին, կարվում է սպիտակ գույնի կիսաբրդյա կտորից (ձևեր N N 7, 8, 9).
6) տաբատ` կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի (մանժետների), 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (ձև N 6): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով (ձևեր N N 1, 4).
7) տոնական տաբատ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված նկարագրին (ձևեր N N 7, 8, 9).
8) երկարաթև վերնաշապիկ` սպիտակ կտորից, ծալովի օձիքով (փափուկ կամ կոշտ), կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով,
9) կարճաթև վերնաշապիկ` սպիտակ կտորից է, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով (ձևեր N N 2, 5): Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների (այսուհետ` զինվորական դատախազներ) համար` ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար.
10) կոշիկ` սև գույնի կաշվից, երեսամասն ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով, հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից, ռետինե տակացուներով: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով: Արդարադատության պետական խորհրդականի համար` շևրոյից, կաշվե տակացուներով.
11) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով.
12) վերարկու ձմեռային` մուգ կապտագույն դրապից, կիսաբրդյա, ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, օձիքը ծալովի է, հետնամասի ներքևում` բացվածքով, ունի 3 զույգ ալյումինե համաձուլվածքից 22 մմ ոսկեգույն` Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակ` գրատալանջի վրա` տեղադրված երկշարք, կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Կոնքամասում թիկունքը ձգվում է կրկակի ախլակներով (պատրաստի ախլակների լայնությունը` 75 մմ): Թևքերը` երկկարանի, ներկարված: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ներսից, ունի ծոցագրպան, երկու կողքերից գրպանները` ներկարովի` մշակված քառանկյուն կափույրներով, փեշը` գետնից 40 սմ բարձր (ձև N 3): Զինվորական դատախազների համար` ուսադիրները` կարվող: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` բարձր որակի գորշ գույնի դրապից` երիզված մուգ կանաչավուն եզրաշերտով.
13) անձրևանոց` մուգ կապտագույն կտորից, անջրաթափանց, միակոճկուն` դեպի ձախ կոճկումով, ուղիղ ուրվագծով, հանովի գլխանոցով, օձիքը` ծալովի, մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով: ՈՒնի նույն կտորից պլաստմասսայե ճարմանդով գոտի: Փեշը` գետնից 40 սմ բարձր: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար անձրևանոցը և գոտին գորշ գույնի կտորից է.
14) փողկապ` սև գույնի, մետաքսյա, ունի լայնացած ուրվագծով ձևվածք, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով, վրան ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշան, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով.
15) փողկապի ամրակ` երկճյուղանի մետաղյա շերտիկ.
16) գոտի` կաշվե, սև, 50 մմ լայնությամբ երկանցք, մետաղյա ճարմանդը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով.
17) ձեռնոց` կաշվե, սև, հինգմատնյա.
18) վզարկու` սպիտակ տրիկոտաժե գործվածքից:
4. Կին դատախազների համազգեստը կազմված է`
1) գլխարկ կանացի (բերետ)` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից: Վերծալված եզրակարերն ավարտվում են մուգ կանաչ եզրակով (կանտով): Առջևի կենտրոնական ճակատային մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից պատրաստված օվալաձև գլխարկանշան, որի կենտրոնական մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը (ձևեր N N 10,11).
2) տոնական գլխարկ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նկարագրին (ձևեր N N 13, 15).
3) գլխարկ ականջակալներով (ձմեռային)` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նկարագրված գլխարկին (ձև N 12).
4) կիտել` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրված կիտելին` դեպի ձախ կոճկումով (ձևեր N N 10, 11).
5) տոնական կիտել` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված նկարագրին` դեպի ձախ կոճկումով, կարվում է սպիտակ գույնի կիսաբրդյա կտորից (ձև N 13).
6) կիսաշրջազգեստ` կիսաբրդյա կտորից, ուղիղ կարվածքով է, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում` բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (ձևեր N N 10, 11).
7) տոնական կիսաշրջազգեստ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված նկարագրին (ձևեր N N 13, 15).
8) երկարաթև վերնաշապիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար.
9) կարճաթև վերնաշապիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (ձև N 14).
10) վերարկու ձմեռային` կապտագույն դրապից, ուրվագիծը կիսանստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիֆային կարեր, լանջափեշերի գրպանատեղում ներկարված են կտրվածքով գրպաններ, թևերը ներկարված են, ուղիղ, օձիքը` ծալվող, հետևամասի ներքևը` մշակված կտրվածքով, տաք ներդիրով և մետաքսե աստառով, փեշը` գետնից մինչև 38-42 բարձր, ունի 3 զույգ ալյումինե համաձուլվածքից 22 մմ ոսկեգույն` Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակ` գրատալանջի վրա` դեպի ձախ կոճկումով (ձև N 12): Զինվորական դատախազների համար` ուսադիրները` կարվող: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կին դատախազների համար` բարձր որակի գորշ գույնի դրապից` երիզված մուգ կանաչավուն եզրաշերտով.
11) կոշիկ` սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական կաշվից, ներդիրը` կոշիկին համապատասխան կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով.
12) կիսաճտքավոր կոշիկ սև գույնի բնական կաշվից, բարձրությունը` 25-30 սմ, ներդիրը` կիսաճտքավոր կոշիկին համապատասխան կաշվից, միջադիրը` բայկա կամ համանման, կրունկը` մինչև 5.5 սմ բարձրության.
13) անձրևանոց` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրված անձրևանոցին` դեպի ձախ կոճկումով և փեշը` գետնից մինչև 38-42 սմ բարձր.
14) փողկապ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 14-րդ կետում նկարագրված փողկապին.
15) փողկապի ամրակ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետում նկարագրված փողկապի ամրակին.
16) գոտի` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետում նկարագրված գոտուն.
17) ձեռնոց` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 17-րդ ենթակետում նկարագրված ձեռնոցին.
18) վզարկու` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետում նկարագրված վզարկուին:
III. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
5. Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի տարրերն են` վահանը, կշեռքը և սուրը: Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևի մասում պատկերված է կշեռքը, իսկ կենտրոնում` Հայաստանի Հանրապետության դրոշը: Վերջինիս վրա տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանից դուրս, վերևի մասում երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը: Վահանը երիզված է մուգ կապույտ ժապավենով, որի վրա ոսկեգույն տառերով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» (ձև N 18):
6. Դատախազության խորհրդանշանը տեղադրվում է օձիքների մակակարերի վերին հատվածում` վերին եզրից 5 մմ ներքև, 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազներինը` ոսկեզօծ խորհրդանշան, կարված 29 մմ երկարությամբ և 18 մմ լայնությամբ, որը եզրազարդվում է ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով: Իսկ զինվորական դատախազների համար` տեղադրվում է օձիքների անկյուններում` 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազներինը` ոսկեզօծ խորհրդանշան, կարված 29 մմ երկարությամբ և 18 մմ լայնությամբ, որը եզրազարդվում է ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով:
IV. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
7. Դատախազների տարբերանշաններն են` գլխարկանշանները, թևքանշանը, օձիքի մակակարերն ու ուսադիրները:
8. Թևքանշանը վահանաձև է, երիզված ծիրանագույն 2 մմ երիզով, Հայաստանի Հանրապետության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 7.5 սմ մուգ կապույտ ֆոնի վրա (ձև N 19): Թևքանշանը կրում են զինվորական դատախազները` ձախ թևքի արտաքին կողմին, թևքի վերին կետից մինչև նշանը` 90 մմ հեռավորությամբ:
9. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների դասային աստիճանների տարբերանշանները տեղադրվում են (կարվում են կիտելի, վերարկուի, անձրևանոցի, վերնաշապիկի աջ և ձախ օձիքների վրա) համազգեստի օձիքների վրա (օձիքի մակակարեր, ձև N 16):
10. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված տարբերանշանները պատրաստվում են սև թավշյա կտորից, կիսակոշտ, մահուդե աստառի վրա` երեք կողմից երիզված ոսկեգույն հյուսվածքով: Տարբերանշանի վրա երկայնական երիզներն ասեղնագործված են ոսկեգույն հյուսվածքով: Տարբերանշանի բարձրությունը ներսի եզրով` 100 մմ, դրսի եզրով` 95 մմ, եզրակարերի և երկայնական երիզների լայնությունը 3 մմ: Տարբերանշանի լայնությունը եզրակարի հետ միասին` 33 մմ: Վրադիր վերնաշապիկի մակակարերը պատրաստվում են արծաթյա թելից:
11. Արդարադատության պետական խորհրդականի տարբերանշանն առանց երկայնական երիզի է, վերին եզրից 24 մմ ներքև ասեղնագործվում է ոսկեզօծ Հայաստանի Հանրապետության զինանշանը, զինանշանից 6 մմ ներքև` ոսկեզօծ հնգաթև աստղ` 25 մմ տրամագծով, իսկ աստղի թևերի միջև ասեղնագործվում են 5-ական ճառագայթներ:
12. Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի տարբերանշանի մակերեսին ասեղնագործվում է ոսկեզօծ 3 հատ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի տարբերանշանի մակերեսին` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով:
13. Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների տարբերանշանն ունի երկու երկայնական երիզ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին երկայնական երիզների մեջտեղում ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:
14. 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների տարբերանշանն ունի մեկ երկայնական երիզ: 1-ին դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին երկայնական երիզի վրա ամրացվում է 4 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 2-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 3-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 2 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով:
15. Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազություններում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների դասային աստիճանների տարբերանշաններն ուսադիրներն են (ձև N 17), որոնք լինում են`
1) կարովի (կիտելի, ձմեռային վերարկուի, անձրևանոցի վրա), տեղադրվում են թևքատեղադրման գծից ուսի կարի վրա այնպես, որ ուսի կարը համընկնի ուսադրի երկայնական առանցքային գծի հետ.
2) հանովի (կարճաթև վերնաշապիկի վրա), ամրացվում են ուսերի գոտեմակօղերին:
16. ՈՒսադիրը կիսափափուկ, ձգված վեցանկյուն է` երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է կտրվածքի կողմից, ստորին ծայրին զուգահեռ բութանկյունով: ՈՒսադիրներն սպիտակ գույնի դաշտով են, կանաչ գույնի մակաշերտով: ՈՒսադրի երկարությունը 11-12 սմ է, լայնությունը` դասային աստիճաններ ունեցող անձանց համար` սկսած արդարադատության պետական խորհրդականից մինչև արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` 4,5 սմ, իսկ արդարադատության 1-ին դասի խորհրդականից մինչև 3-րդ դասի խորհրդականը ներառյալ` 4 սմ: ՈՒսադրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն մահուդե գործվածքով: ՈՒսադիրներին, ըստ դասային աստիճանի, տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր, իսկ վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է 13 մմ տրամագծով ոսկեգույն կոճակ:
17. Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի պետական խորհրդականների ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից հատուկ միահյուսվածքով` մահուդի աստառի վրա` առանց մակաշերտի: Արդարադատության պետական խորհրդականի ուսադրի մակերեսի վրա կարվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը` 25 մմ բարձրությամբ, և դրանից ներքև` ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` 25 մմ տրամագծով: Աստղերի թևերի արանքներում ամեն կողմից կարվում են հնգական ճառագայթներ:
18. Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` մեկ ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով:
19. Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի խորհրդականների ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա: ՈՒսադիրների վրա` 2 մուգ կանաչավուն մակաշերտ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 հնգաթև ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:
20. 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի խորհրդականների ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա: ՈՒսադիրների վրա` մեկ մուգ կանաչավուն մակաշերտ: 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 13 մմ տրամագծով, 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 3 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 13 մմ տրամագծով, 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 13 մմ տրամագծով:
21. ՈՒսադիրներին աստղերը տեղադրվում են`
1) բարձրագույն դասային աստիճան ունեցող զինվորական դատախազների համար` երկայնակի առանցքային գծի վրա.
2) արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը մակաշերտի վրա, իսկ երրորդը` առաջին երկուսից բարձր, երկայնակի առանցքային գծի վրա.
3) արդարադատության 2-րդ դասի խորհրդականի համար` մակաշերտի վրա.
4) արդարադատության 3-րդ դասի խորհրդականի համար` երկայնակի առանցքային գծի վրա.
5) 1-ին դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը դաշտի կենտրոնում, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից բարձր, մակաշերտի վրա.
6) 2-րդ դասի խորհրդականի համար` դաշտի կենտրոնում.
7) 3-րդ դասի խորհրդականի համար` մակաշերտի վրա:
22. Աստղերը ճառագայթներից մեկով ուղղված են դեպի ուսադիրների վերին եզրը` համաձայն աղյուսակի`
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Դասային աստիճանը |Աստղերի |Աստղերի|Տարածու-|ՈՒսադիր-|
| |թիվն |տրամա- |թյունն |ների |
| |ուսադիր-|գիծը |ուսադրի |երկարու-|
| |ների վրա|(մմ) |ներքևի |թյամբ |
| |(հատ) | |եզրից |աստղերի |
| | | |մինչև |կենտրոն-|
| | | |առաջին |ների |
| | | |աստղի |միջև |
| | | |կենտրոնը|ընկած |
| | | |(մմ) |տարածու-|
| | | | |թյունը |
| | | | |(մմ) |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության պետական խորհրդական| 1 | 25 | 30 | - |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության 1-ին դասի պետական | 3 | 22 | 25 | 25 |
|խորհրդական | | | | |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության 2-րդ դասի պետական | 2 | 22 | 25 | 25 |
|խորհրդական | | | | |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության 3-րդ դասի պետական | 1 | 22 | 45 | - |
|խորհրդական | | | | |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության 1-ին դասի | 3 | 20 | 25 | 25 |
|խորհրդական | | | | |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության 2-րդ դասի | 2 | 20 | 25 | - |
|խորհրդական | | | | |
|__________________________________|________|_______|________|________|
|Արդարադատության 3-րդ դասի | 1 | 20 | 45 | - |
|խորհրդական | | | | |
|__________________________________|________|_______|________|________|
|1-ին դասի խորհրդական | 4 | 13 | 25 | 25 |
|__________________________________|________|_______|________|________|
|2-րդ դասի խորհրդական | 3 | 13 | 25 | 25 |
|__________________________________|________|_______|________|________|
|3-րդ դասի խորհրդական | 2 | 13 | 25 | - |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 20-ի
N 664-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են դատախազների համազգեստ կրելու կարգը և այն կրելու ժամկետները:
II. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Դատախազը համազգեստը կրում է սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան:
3. Դատախազը կրում է շնորհված դասային աստիճանին և պաշտոնին համապատասխանող համազգեստ:
4. Դատախազի համազգեստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:
5. Ամառային կամ ձմեռային համազգեստի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով:
6. Պաշտոնական միջոցառումների, հանդիպումների, հիշատակի օրերի, ծառայողական պարտականությունները կատարելու, դատախազության կոլեգիայի նիստերին մասնակցելու, ատեստավորման, վերապատրաստման ժամանակ դատախազները կրում են ամենօրյա համազգեստ, իսկ հատուկ միջոցառումներին` ամենօրյա համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կարգադրությամբ: Տոնական օրերին, պարգևներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ դատախազները կրում են տոնական համազգեստ:
7. Դատախազին արգելվում է`
1) համազգեստը, խորհրդանշանը և դասային աստիճանների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,
2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված նմուշի կրծքանշաններ, այլ խորհրդանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր.
3) գունաթափ և կեղտոտված փողկապներ.
4) կեղտոտ, վնասված վերնամասով, մաշված կրունկներով կամ ոլորված սրնքակալներով կոշիկներ.
5) համազգեստ քաղաքացիական հագուստի հետ համատեղ:
8. Կիտելի, վերարկուի, անձրևանոցի վրա տեղադրվում են դատախազության խորհրդանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների կիտելի, վերարկուի և անձրևանոցի օձիքների վրա տեղադրվում են ասեղնագործած խորհրդանշաններ (զարդանշաններ): Վերնաշապիկների վրա տեղադրվում են դասային աստիճանի տարբերանշաններ:
9. Համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`
1) գլխարկը, ձեռնոցները կրելու կարգը` ականջակալներով գլխարկը և ամենօրյա (հովհարով) գլխարկները կրում են ուղիղ, առանց թեքելու, ընդ որում, ամենօրյա գլխարկի հովարը պետք է գտնվի հոնքերի մակարդակին, իսկ ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև: Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում` գլխարկանշանը դեպի առաջ դիրքով: Ձեռնոցները կրում են ձմեռային վերարկուի հետ:
2) կիտելը, վերարկուն, անձրևանոցը, վզարկուն կրելու կարգը` կիտելը կրում են բոլոր կոճակները կոճկված, գրպանների կափույրները դուրս հանված: Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում: Վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված: Վերարկուի հետ կրում են սպիտակ վզարկու` օձիքի տակից: Անձրևանոցն անձրևային եղանակին կրում են հագուստի պարագաների վրայից, բոլոր կոճակները կոճկած:
3) տաբատը, վերնաշապիկը, փողկապը կրելու կարգը` տաբատը կրում են կոշիկների կամ կիսաճտքավոր կոշիկների վրա բաց թողնված, պետք է ունենա երկայնակի արդուկած փոթ: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկած, փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկները` առանց փողկապի, վերևի կոճակն արձակված, իսկ զինվորական դատախազները ուսադիրներով: Երկարաթև վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի կիտելի օձիքի վերին ծայրին հավասար, կամ դրանից ոչ ավելի, քան 0.5 սմ բարձր: Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ: Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապը վերնաշապիկին ամրացվում է սահմանված նմուշի ոսկեգույն ամրակով` վերևից 3-րդ և 4-րդ կոճակների միջև:
4) կոշիկները և գոտին կրելու կարգը` կոշիկները պետք է լինեն մշտապես մաքուր վիճակում: Կիսաճտքավոր կոշիկները պետք է խնամքով քուղակապված լինեն: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է: Կիսագուլպաները պետք է լինեն սև կամ մուգ կապույտ: Գոտին կրում են այնպես, որ ճարմանդն առջևից գտնվի մեջտեղում:
10. Համազգեստը տրամադրվում է հետևյալ ժամկետներով` համաձայն աղյուսակի`
Աղյուսակ
._____________________________________________________________.
|NN | Անվանումը | Քանակը | Կրելու |
|ը/կ| | |ժամկետները|
| | | | (տարի) |
|___|_____________________________________|________|__________|
|1. |Գլխարկ ականջակալով (բարձրագույն դասի)| 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|2. |Գլխարկ ականջակալով | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|3. |Գլխարկ հովարով (բարձրագույն դասի) | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|4. |Գլխարկ հովարով | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|5. |Գլխարկ տոնական | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|6. |Գլխարկ կանացի | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|7. |Գլխարկ կանացի տոնական | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|8. |Կիտել (բարձրագույն դասի) | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|9. |Կիտել | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|10.|Կիտել տոնական | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|11.|Վերարկու ձմեռային (բարձրագույն դասի) | 1 հատ | 4 |
| |բարձրորակ դրապից | | |
|___|_____________________________________|________|__________|
|12.|Վերարկու ձմեռային դրապից | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|13.|Անձրևանոց գոտիով (բարձրագույն դասի) | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|14.|Անձրևանոց գոտիով | 1 հատ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|15.|Տաբատ (բարձրագույն դասի) | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|16.|Տաբատ | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|17.|Տաբատ (տոնական) | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|18.|Կիսաշրջազգեստ | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|19.|Կիսաշրջազգեստ (տոնական) | 1 հատ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|20.|Վերնաշապիկ երկարաթև (սպիտակ կտորից) | 2 հատ | 1 |
|___|_____________________________________|________|__________|
|21.|Վերնաշապիկ կարճաթև (սպիտակ կտորից) | 2 հատ | 1 |
|___|_____________________________________|________|__________|
|22.|Փողկապ | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|23.|Կոշիկ (բարձրագույն դասի) | 1 հատ | 1 |
|___|_____________________________________|________|__________|
|24.|Կոշիկ | 1 հատ | 1 |
|___|_____________________________________|________|__________|
|25.|Կիսաճտքավոր կոշիկ | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|26.|Ձեռնոց | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|27.|Գոտի | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|28.|Փողկապի ամրակ | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|29.|Վզարկու | 1 հատ | 2 |
|___|_____________________________________|________|__________|
|30.|Ուսադիր (բարձրագույն դասի) |4 զույգ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|31.|Ուսադիր |4 զույգ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|32.|Ուսադիր (տոնական) |1 զույգ | 4 |
|___|_____________________________________|________|__________|
|33.|Օձիքի տարբերանշան (բարձրագույն դասի) |4 զույգ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|34.|Օձիքի տարբերանշան |4 զույգ | 3 |
|___|_____________________________________|________|__________|
|35.|Օձիքի տարբերանշան (տոնական) |1 զույգ | 4 |
._____________________________________________________________.
Ձև 1
Ամառային համազգեստ` բարձրագույն դասային աստիճան ունեցող
դատախազների համար
Ձև 2
Ամառային համազգեստ` բարձրագույն դասային աստիճան ունեցող
դատախազների համար
Ձև 3
Ձմեռային համազգեստ
Ձև 4
Ամառային համազգեստ` արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի
խորհրդականների դասային աստիճան ունեցող դատախազների համար
Ձև 5
Ամառային համազգեստ` արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի
խորհրդականների, 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի
խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազների համար
Ձև 6
3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականի դասային
աստիճան ունեցող դատախազների համար
Ձև 7
Ամառային տոնական համազգեստ` բարձրագույն դասային աստիճան ունեցող
դատախազների համար
Ձև 8
Ամառային տոնական համազգեստ` արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի
խորհրդականների դասային աստիճան ունեցող դատախազների համար
Ձև 9
Ամառային տոնական համազգեստ` 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին
դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազների համար
Ձև 10
Ամառային համազգեստ` բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ,
3-րդ դասի խորհրդականների դասային աստիճան ունեցող կին դատախազների
համար
Ձև 11
Ամառային համազգեստ` 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի
խորհրդականի դասային աստիճան ունեցող կին դատախազների համար
Ձև 12
Ձմեռային համազգեստ` կին դատախազների համար
Ձև 13
Ամառային տոնական համազգեստ` բարձրագույն և արդարադատության 1-ին,
2-րդ, 3-րդ դասի խորհրդականների դասային աստիճան ունեցող կին
դատախազների համար
Ձև 14
Ամառային համազգեստ` կին դատախազների համար
Ձև 15
Ամառային տոնական համազգեստ` 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին
դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող կին դատախազների համար
Ձև 16
ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ
Ձև 17
Ձև 18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Ձև 19
Թևքանշան
____________________________________
ԻՐՏԵԿ - ձևերի պատկերները չեն բերվում