(ուժը կորցրել է 24.07.13 թիվ 613-Ա պաշտոնական պարզաբանում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 4
i
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գնումների մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ 2-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի համաձայն, Օրենքի իմաստով պատվիրատու են համարվում նաև հանրային ծառայությունները:
Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`
1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.
2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են նաև տեղեկագրում.
3) բողոքարկումն իրականացվում է Օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիթորինգ):
Միաժամանակ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված են գնում կատարելու ընթացակարգերը, իսկ Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը:
Վերը նշված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս այն առումով, որ հանրային կազմակերպությունների կողմից հաստատված գնումների կատարման կարգերը պետք է համապատասխանեն նաև Օրենքի մնացած հոդվածներում սահմանված դրույթներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168-Ն որոշման (այսուհետ` Որոշում) պահանջներին և այդ կարգերում կարող են սահմանվել միայն այն լրացուցիչ պահանջները (առանձնահատկությունները), որոնք չեն կարգավորվում Օրենքով և Որոշմամբ, թե այդ կարգերը միայն պետք է համապատասխանեն Օրենքի 3-րդ հոդվածում սահմանված նպատակներին, սկզբունքներին և հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պահանջներին:
Տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս նաև այն, թե հանրային կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ բողոքները պետք է քննվեն գնումների բողոքարկման խորհրդում, թե՞ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը` պաշտոնապես պարզաբանում ենք`
1. Հանձնաժողովը պետք է քննարկի հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջները (առանձնահատկությունները) և վերջիններիս ներկայացրած հիմնավորումներն ընդունելու դեպքում միայն դրանք կարող են Հանձնաժողովի կողմից սահմանվել որպես լրացուցիչ պահանջներ և տարբերվել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից:
2. Հանրային կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ բողոքները պետք է քննվեն գնումների բողոքարկման խորհրդում, իսկ Հանձնաժողովը չի կարող քննել այդ բողոքները, քանի որ վերջինս օրենքով նման լիազորությամբ օժտված չէ: Սակայն դա չի սահմանափակում մասնակիցների իրավունքը իրենց մտահոգությունների և անհամաձայնությունների մասին որևէ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի, այդ թվում` Հանձնաժողովին հայտնելու վերաբերյալ: