Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

15 մայիսի 2012 թվականի թիվ 3

 

i

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ը» ԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը նախատեսում է ներդրումային համաձայնությունը որպես արժեթղթի տեսակ` միևնույն ժամանակ չսահմանելով ներդրումային համաձայնության հասկացությունը, ինչը հնարավորություն է ստեղծում նշված հասկացության տարաբնույթ ընկալման:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցեր են առաջացել` կապված նշված հասկացության միատեսակ ընկալման հետ` ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է տվյալ ոլորտի միջազգային փորձը: ՈՒսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային պրակտիկայում «ներդրումային համաձայնություն» հասկացության մեկնաբանման համար հիմնականում կիրառվում է «Հոուեյ թեստ»-ը (Hօwey test).1:

 

___________________________

1. «Հոուեյ թեստ»-ը սահմանվել է 1946թ. ԱՄՆ «Sec. v. Howey Co. 328 US 293» դատական գործով, համաձայն որի ԱՄՆ գերագույն դատարանը «ներդրումային համաձայնություն» հասկացությունը բացահայտելու համար կիրառել է չորս փուլային թեստ:

 

Արդյունքում` ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումները եկել են այն համոզման, որ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված «ներդրումային համաձայնություն» հասկացության մեկնաբանման համար ևս կիրառելի է վերոնշյալ քառափուլ «Հոուեյ թեստ»-ը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի իմաստով ներդրումային համաձայնություն է համարվում ի թիվս այլոց նաև այն համաձայնությունը (պայմանագիրը, գործարքը, համաձայնագիրը, սխեման, պայմանավորվածությունը)` անկախ դրա ձևից, որի դեպքում անձը ներդնում է իր միջոցները «ընդհանուր ձեռնարկ»-ում (բիզնեսում)` ակնկալելով եկամուտ, որը պետք է ստացվի գլխավորապես այլ անձանց ջանքերի շնորհիվ: Այսինքն, նման ներդրումային համաձայնության դեպքում պետք է առկա լինեն հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) Միջոցների ներդրում: Ներդրումը կարող է լինել դրամական կամ ոչ դրամական ձևով, որը կատարվում է եկամուտ ստանալու նպատակով: Այսինքն` դրանով անձը (ներդրողը) անմիջականորեն ձեռք չի բերում սպառման ապրանք կամ ծառայություն:

2) «Ընդհանուր ձեռնարկ» (բիզնես): Ներդրողներն ունեն ընդհանուր, փոխկապակցված շահ ընդհանուր սխեմայում (հորիզոնական և/կամ ուղղահայաց): Հորիզոնական ընդհանրությունը նշանակում է, որ տարբեր ներդրողների «հաջողությունները» փոխկապված են (այդ թվում` ներդրողի միջոցների միավորման, ընդհանուր եկամտի/վնասի բաշխման միջոցով): Օրինակ` X անձինք ներդնում են միջոցներ «Ընդհանուր ձեռնարկ»-ում, որտեղ նշված անձանց ներդրված միջոցները միավորվում են, իսկ X անձանցից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է «Ընդհանուր ձեռնարկ»-ի հաջողությունից. այսինքն` եկամուտներն ու վնասները համամասնորեն բաշխվում են X անձանց միջև` ըստ ներդրված միջոցների:

ՈՒղղահայաց ընդհանրությունը նշանակում է, որ ներդրողի «հաջողությունը» կախված է կազմակերպչի կամ կառավարչի «հաջողություն»-ից (ընդհանուր շահ ներդրողի ու կազմակերպչի միջև): Օրինակ` X անձը (կամ անձինք) ներդնում է որոշակի միջոցներ «Ընդհանուր ձեռնարկ»-ում, որից X անձի (կամ յուրաքանչյուր անձի) եկամուտը կախված է կազմակերպչի կամ կառավարչի եկամտից: Ընդ որում, նշված կախվածությունը կարող է դրսևորվել անձի և կառավարչի միջև համաձայնությամբ` ստացված եկամուտը բաշխելու վերաբերյալ:

3) Եկամուտ ստանալու ակնկալիք: Անձի ակնկալվող եկամուտը պետք է ստացվի ընդհանուր «ձեռնարկի» (բիզնեսի) եկամուտներից և ոչ թե բացառապես նրա լրացուցիչ հատկացումներից (այսինքն` անձը ակնկալում է ստանալ ավելին, քան իր կողմից կատարված ներդրումն է), և այդ եկամուտ ստանալու ակնկալիքը պետք է լինի ներդրում կատարելու հիմնական շարժառիթը: Ակնկալվող եկամուտը կարող է լինել տարբեր ձևերով, այդ թվում` դրամական, կամ տնտեսական (ֆինանսական) վիճակի փոփոխություն: Ընդ որում, խոստացվող եկամուտը կարող է լինել ֆիքսված կամ փոփոխական:

4) Եկամուտը ստացվում է հիմնականում այլ անձանց ջանքերի շնորհիվ: Եկամուտը պետք է ստացվի այլ անձանց (այդ թվում` կազմակերպչի, կառավարչի) ջանքերի շնորհիվ: Ներդրողը կարող է կատարել ջանքեր, որոնք նպաստեն ընդհանուր «ձեռնարկ»-ի (բիզնեսի) եկամուտների ստացմանը, սակայն եկամուտները պետք է կախված լինեն գլխավորապես այլ անձանց ջանքերից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.05.2012
N 3
Պաշտոնական պարզաբանում