ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2011 թվականի N 1
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
Նկատի ունենալով, որ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) SMS կարճ հաղորդագրություններով վիճակախաղի կազմակերպման հետ կապված հարաբերությունները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:
2. Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն վիճակախաղի տոմս` սույն օրենքին և վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար, և որը հանդիսանում է նաև կազմակերպչի և մասնակցի միջև կնքված պայմանագիր: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա.
Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`
Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի`
ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.
բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.
գ) վիճակախաղի տոմսի գինը.
դ) վիճակախաղի տոմսի համարը (սերիան).
ե) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հետ համաձայնեցված` տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված կարգին.
զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները.
է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.
ը) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
3. Օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն շահումային ֆոնդ` արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից և բաշխվում է նրանց միջև` վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան.
Վերը նշվածի հիման վրա պաշտոնապես պարզաբանում ենք «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
1. Օրենքում բերված սահմանման համաձայն` վիճակախաղ համարվելու համար անհրաժեշտ է հետևյալ 3 տարրերի` հրապարակայնության, շահումային ֆոնդի և պատահականության գործոնի միաժամանակյա առկայությունը:
Եթե SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող վիճակախաղը հանդիսանում է վիճակախաղ և այդ գործունեությամբ իրավունք ունեն զբաղվելու «Վիճակախաղերի կազմակերպում» գործունեության լիցենզիա ունեցող անձինք: ՀՀ վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունը կարող է կազմակերպել SMS կարճ հաղորդագրություններով վիճակախաղ` կազմակերպման և անցկացման կանոնակարգերը նախքան դրանց կիրառումը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:
2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի վիճակախաղի տոմսը: Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում խոսքը SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող վիճակախաղի մասին է, որի դեպքում գործնականում անհնար է Օրենքի վերոնշյալ մասով պահանջվող մեծածավալ տեղեկատվության ներառումը վիճակախաղի տոմս հանդիսացող SMS հաղորդագրության մեջ` տվյալ պարագայում Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը հնարավոր է իրավաչափ կերպով կատարել` մասնավորապես վիճակախաղի տոմսում հղում կատարելով վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական ինտերնետային կայքին, որում տեղադրված կլինի վերոնշյալ տեղեկությունները պարունակող փաստաթուղթը, որը նախապես պետք է համաձայնեցված լինի լիազոր մարմնի հետ:
3. Օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն շահումային ֆոնդը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից, հետևաբար վիճակախաղի տոմսի գինը դա փաստացի այն գումարն է, որը վիճակախաղի մասնակիցների կողմից վճարվել է վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը և SMS հաղորդագրության սպասարկման համար գանձվող գումարը: