ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 նոյեմբերի 2011 թվականի թիվ 832-Ն
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փոփոխվել են լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին` աշխատող աուդիտորների մասով ներկայացվող պահանջները («Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ): Ներկայումս աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 աշխատող աուդիտոր, որոնցից 3-ը այլ գործատուի մոտ չպետք է աշխատեն` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների:
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն օրենքի անցումային դրույթների (22-րդ հոդվածի 3-րդ մաս) համաձայն` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին` թվով առնվազն 3 աշխատող աուդիտորների մասով, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` նաև 5 աշխատող աուդիտորների մասով:
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «ա» կետը, 86-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 318-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
1. գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքով սահմանված պահանջներին` թվով առնվազն 3 հիմնական աշխատող (այլ գործատուի մոտ չաշխատող) աուդիտորներ ունենալու մասով` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, այսինքն մինչև 2012 թվականի հունվարի 4-ը, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 4-ից,
2. գործող աուդիտորական կազմակերպությունների համար թվով առնվազն 5 աշխատող աուդիտորներ (որից 3-ը հիմնական, 2-ը` համատեղությամբ) ունենալու պահանջը կգործի 2013 թվականի հունվարի 1-ից: