040.1431.111011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1431-Ն
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության փրկարար ուժերի ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 437-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի երկրորդ կետով նախատեսված «Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների հիմնում և դրանց հետագա զարգացման ապահովում» միջոցառման իրականացման ընթացքում ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1431-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական պաշտպանության փրկարար ուժերի (այսուհետ` ՔՊ-ի փրկարար ուժեր) ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման գործընթացները:
i
2. Քաղաքացիական պաշտպանության ուժերի տեսակները սահմանված են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
3. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ, որոնց համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը և կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
4. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումներն անհրաժեշտության դեպքում ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում, որոնց ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1532-Ն որոշմամբ:
5. ՔՊ-ի փրկարար ուժերն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության ընդհանուր թվի սահմաններում: ՔՊ-ի փրկարար ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, կազմը և կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
III. ՔՊ-Ի ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. ՔՊ-ի փրկարար ուժերը համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած մասնագիտացված հատուկ ստորաբաժանումներ են, որոնք նախատեսված են պատերազմի ժամանակ և արտակարգ իրավիճակներում բնակչության ու նյութական արժեքների պաշտպանության համար:
7. ՔՊ-ի փրկարար ուժերի խնդիրներն են`
1) ռազմական գործողությունների կամ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խոցման օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.
2) մասնակցությունը վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման և տուժած բնակչության կենսաապահովման իրականացման աշխատանքներին.
3) մասնակցությունը պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին.
4) քաղաքացիական պաշտպանության ուժերի` ռազմական գործողությունների կամ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խոցման օջախներ մուտքի ապահովումը.
5) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
8. ՔՊ-ի փրկարար ուժերի գործառույթներն են`
1) մասնակցությունը ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում ճառագայթային, քիմիական ու կենսաբանական վարակվածության տարածքներում հետախուզության և սահմանազատման իրականացմանը, վարակված օջախների շրջափակմանը,
2) մասնակցությունը ճառագայթային, քիմիական ու կենսաբանական վարակվածության օջախներում հատուկ և սանիտարական մշակման միջոցառումների իրականացմանը
3) մասնակցությունը վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ բնակչության տարահանման, տեղաբաշխման և տուժած բնակչության կենսաապահովման իրականացման աշխատանքներին.
4) քաղաքացիական պաշտպանության ուժերի` խոցման օջախներ մուտքի և տարահանման երթուղիներում ճանապարհների անցանելիության ապահովումը.
5) փլատակների մաքրման կամ փլվածքների հարթեցման միջոցով անցուղիների հարմարեցումը, անցումների բացումը և վթարային կառույցների անվնաս փլուզումը.
6) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և ուժերի միջև հուսալի ու անխափան կապի ապահովմանը.
7) պայթուցիկ (պայթյունավտանգ) առարկաների և նյութերի հայտնաբերումն ու վնասազերծումը` արտակարգ իրավիճակների պայմաններում.
8) ականապատ տարածքների հայտնաբերումը, արգելանշանների տեղադրումը, ականազերծման աշխատանքների և տարածքների հսկողության կազմակերպումը` պատերազմի կամ ռազմական դրության պայմաններում.
9) մասնակցությունը տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման, տեսակավորման և բժշկական հիմնարկներ տեղափոխման աշխատանքներին.
10) մասնակցությունը մարդասիրական օգնության բեռների ստացման, պահպանման և բաշխման գործընթացներին.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
IV. ՔՊ-Ի ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9. ՔՊ-ի փրկարար ուժերի ստորաբաժանումների գործունեության հիմնական սկզբունքները, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները, նյութական ապահովության հիմքերը և ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ու «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և նշված օրենքներից բխող այլ իրավական ակտերով:
10. ՔՊ-ի փրկարար ուժերի ստորաբաժանումների պատրաստվածության վիճակն ստուգվում է քաղաքացիական պաշտպանության համալիր և հատուկ տակտիկական ուսումնավարժությունների անցկացման միջոցով: