040.1394.051011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 1394-Ն
i
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 29-ի
N 1394-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության համաձայն նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացները (այսուհետ` ուսուցման դասընթացներ) անցկացնելու (անցնելու) հետ կապված հարաբերությունները:
2. Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումն է` գործնական հմտությունների ուսուցման, ինչպես նաև աշխատանքային բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ոլորտների ուսումնասիրության միջոցով:
3. Նոտարի թեկնածուների ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են նոտարի թեկնածուների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: ՈՒսուցման դասընթացի արժեքը սահմանում է սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունը: ՈՒսուցման դասընթացի մեկ ակադեմիական ժամի արժեքը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման մեկ ժամվա համար նախատեսված նախահաշվային արժեքի կրկնապատիկը:
4. Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացներին կարող է մասնակցել նոտարական գործունեության ստաժավորում չանցած, իրավաբանի` առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, ով որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունը և ստացել որակավորման վկայական:
5. ՈՒսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է առնվազն 120 ակադեմիական ժամից և գործնական պարապմունքներից: Գործնական պարապմունքներն իրականացվում են սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունում կամ նոտարական գրասենյակներում, կամ նոտարական պալատում:
II. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացների ծրագրերը, ժամանակացույցը, դասընթացներին մասնակցող նոտարների թեկնածուների ցանկը:
7. Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) կազմվում է` հաշվի առնելով նոտարի առջև դրված խնդիրների առանձնահատկությունները:
III. ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Նոտարների թեկնածուների ուսուցման դասընթացները կազմակերպվում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (այսուհետ` իրավաբանական ինստիտուտ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան:
9. Նոտարների թեկնածուների ուսուցման դասընթացներն սկսվում են նոտարների որակավորման ստուգման արդյունքների հիման վրա որակավորման վկայականների հանձնումից հետո մեկամսյա ժամկետում:
10. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք դասընթացներին մասնակցելու նպատակով կարող են ոչ ուշ, քան նոտարների թեկնածուների ուսուցման դասընթացներն սկսվելուց քսան օր առաջ հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` վճարելով ուսումնական դասընթացի համար նախատեսված գումարը:
11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ստացված հայտերի հիման վրա կազմում է դասընթացներին մասնակցող նոտարների թեկնածուների ցանկը, ինչպես նաև ուսուցման դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը, որոնք դասընթացներն սկսվելուց ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հաստատման:
12. Նոտարների թեկնածուների ուսուցման ժամանակ իրավաբանական ինստիտուտի կողմից վարվում են դասընթացի մասնակիցների հաճախումների մատյաններ, որոնցում ուսուցման դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է մասնակիցների ներկա կամ բացակա լինելը:
13. Դասընթացի ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում նոտարի թեկնածուն համարվում է ուսուցման դասընթացը չավարտած: Նշված դեպքում նոտարի թեկնածուին հնարավորություն է տրվում մասնակցելու նոտարների թեկնածուների համար կազմակերպվելիք հաջորդ ուսուցման դասընթացին: Ընդ որում, նոտարի թեկնածուն նոր դասընթացի համար կրկին վճարում է, իսկ նախորդ դասընթացի վճարը չի վերադարձվում նրան:
14. ՈՒսուցման դասընթացն ավարտվելուց հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում ուսուցման դասընթացն ավարտած նոտարների թեկնածուների ցանկը:
15. ՈՒսուցման դասընթացն ավարտած նոտարի թեկնածուին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվում է համապատասխան վկայագիր: