040.0704.010611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2011 թվականի N 704-Ն
i
Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 98 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 20-ի
N 704-Ն որոշման
2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
1. Ժամանակակից տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկայի զարգացումը պահանջում է մարդկային, նյութական և ֆինանսական նշանակալից ռեսուրսների ներդրումներ: Քանի որ այս ուղղությամբ հետազոտությունները ժամանակակից գիտության մեջ համարվում են առաջնային, ապա նրանց զարգացման համար աշխարհի առաջատար պետությունների կողմից հատկացվում են զգալի ֆինանսական միջոցներ, որոնց չափն այսօր անցնում է տասնյակ միլիարդավոր դոլարների սահմանը: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (այսուհետ` ԱԱԳԼ) գիտնականները կարող են իրականացնել լուրջ գիտափորձեր ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ գիտական կենտրոններում` միայն համապատասխան միջազգային համագործակցության և պետության օժանդակության դեպքում:
2. ԱԱԳԼ-ն բավականին արդյունավետ ընդգրկված է համաշխարհային գիտական համագործակցության ծրագրերի մեջ և ԱԱԳԼ-ի ֆիզիկոսներից շատերը լայնորեն ներգրավված են աշխարհի խոշոր արագացուցիչների և կայանների վրա կատարվող փորձարարական և տեսական հետազոտական աշխատանքներում: ԱԱԳԼ-ն մասնակցում է Եվրոպայի և ԱՄՆ-ի բարձր էներգիաների ֆիզիկայի խոշորագույն կենտրոններում կատարվող և ծրագրվող գիտափորձերին: Կազմակերպությունը շատ կենտրոնների հետ կնքել է գիտական համագործակցության պայմանագրեր: ԱԱԳԼ-ի արտասահմանյան հիմնական գործընկերներն են Գերմանիայում գտնվող Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոնը (ԴԵԶԻ), ԱՄՆ-ում գտնվող Ջեֆերսոնի լաբորատորիան (Ջեֆերսոն լաբ), Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնը (ՑԵՌՆ) և բազմաթիվ այլ խոշոր գիտական կենտրոններ, որոնց թիվն անցնում է 40-ը: Այս աշխատանքները թույլ են տալիս պահպանելու ԱԱԳԼ-ի կադրային կազմը, ներգրավելու երիտասարդների, առնչվելու բարձր տեխնոլոգիաների հետ, ապահովելու աշխատողների բարձր գիտատեխնիկական մակարդակը, բարձրացնելու հայկական գիտության վարկը և ստանալու գիտական սարքավորումների արտասահմանյան պատվերներ: Որպես կարևոր օրինակ, պետք է նշել համագործակցությունը ՑԵՌՆ-ի հետ, որն այժմ գտնվում է տարրական մասնիկների բնագավառում կատարվող հետազոտությունների առաջավոր դիրքերում: ՑԵՌՆ-ում ԱԱԳԼ-ն մասնակցում է 8 գիտափորձերում (ԱՏԼԱՍ, ՍիԷմԷՍ, ԱԼԻՍ, ԷնԷյ50, ԻԷմՅու01, ԷնԷյ59, ԷնԷյ38, ԷնԷյ43): Շատ կարևոր է մասնակցությունը ԷլԷյչՍի արագացուցչի վրա կատարվելիք գիտափորձերի համար սարքավորումների կառուցման աշխատանքներին:
3. Ամեն տարի ԱԱԳԼ-ի կողմից լավագույն ուսանողները և ասպիրանտները գործուղվում են ԴԵԶԻ, ՋեյԼաբ և ՑԵՌՆ` մասնակցելու այդ կենտրոնների կողմից կազմակերպվող տարրական մասնիկների ֆիզիկայի ամենամյա ամառային դպրոցներին:
4. 1994 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության կառավարության և ՑԵՌՆ-ի ղեկավարության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը հնարավորություն ընձեռեց ԱԱԳԼ-ից մի խումբ ֆիզիկոսների և ինժեներների ակտիվ մասնակցություն ունենալ համատեղ կատարված գիտահետազոտական աշխատանքներում և գիտափորձերում (ԷնԷյ22, ԷնԷյ43/2, ԻԷմՅու12, ԷնԷյ50):
5. ԱԱԳԼ-ի գիտնականները ԷլԷյչՍի համագործակցության շրջանակներում ակտիվորեն մասնակցել են երեք խոշոր սարքավորումների` ԱՏԼԱՍ-ի, ԱԼԻՍ-ի, ՍիԷմԷՍ-ի ստեղծմանը, որոշակի հանգույցների ուսումնասիրություններին` ՑԵՌՆ-ի ԷսՊէԷս արագացուցչի վրա` կատարելով չափումներ տարբեր փնջերով (էլեկտրոններ, պրոտոններ, մյուոններ, E=50-250 ԳէՎ) և ֆիզիկական հետազոտությունների ծրագրերի մշակման և հաշվողական աշխատանքներին:
6. ԱԱԳԼ-ի գիտաշխատողների մասնակցությունը խոշոր գիտական նախագծերին, համատեղ գիտափորձերն արագացուցչային համալիրների վրա Եվրոպայում և ԱՄՆ-ում, ժամանակակից փորձարարական տեխնիկայի նախագծումն ու գործարկումն ամենաարդյունավետ և ուղղակի ճանապարհն են համաշխարհային գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները ներմուծելու ազգային նախագծերի մեջ: Այդպիսի կապերը պետք է իրագործվեն ԱԱԳԼ-ի միջոցով, որը գտնվում է երկրի մայրաքաղաքում և սերտորեն կապված է նրա գիտական, կրթական և տեխնիկական կառույցների հետ:
7. ԱԱԳԼ-ի երիտասարդ գիտնականների որակավորումը պատշաճ մակարդակի վրա պահելու համար նախատեսվում են ընդլայնել միջազգային գիտական համագործակցության ծրագրերը և գործուղել նրանց աշխարհի այնպիսի առաջնակարգ արագացուցչային կենտրոններ, ինչպիսին է ՑԵՌՆ-ը, որտեղ նրանք կմասնակցեն լուրջ գիտափորձերի և ձեռք կբերեն համապատասխան վերապատրաստավորում:
8. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԱԳԼ-ում զարգացնել ուսումնական ենթակառուցվածքները` ստեղծելով բարենպաստ պայմաններ` երիտասարդ կադրերի ուսուցումը նոր որակական աստիճանի հասցնելու համար: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումները` կազմակերպվի ուսումնական գործընթացը, կօգտագործվեն ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ռեսուրսները և Հայաստանի գիտահետազոտական ու կրթական կազմակերպությունների, տեղեկատվական ռեսուրսների, գիտատեխնիկական գրադարանների միասնական տեղեկատվական համակարգը:
9. Ելնելով նշվածից, «Ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովում» ծրագրով 2011 թվականի բյուջետային հայտով նախատեսվել է ավելացնել ֆինանսավորման չափն իրականացվող ծրագրի գծով մինչև 90 մլն դրամ, որը համապատասխանում է 2011-2013 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված չափորոշիչներին: Ֆինանսավորման աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախատեսվում է ԱԱԳԼ-ում զարգացնել ուսումնագիտական ենթակառուցվածքը, իրականացնել ԱԱԳԼ-ի երիտասարդ գիտնականների խրախուսման միջոցառումներ, ինչպես նաև ներգրավել երիտասարդներին` գիտատեխնոլոգիական ծրագրերի մշակման և իրականացման մեջ` ապահովելով ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի զարգացումը:
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
10. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 758-Ն որոշման 4-րդ մասը.
2) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» N 20 արձանագրային որոշումը, որն ամրագրում է գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը` 2011-2020 թվականներին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եռամյա ռազմավարությունը հաստատելու մասին» N 45 արձանագրային որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշումը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11. Ընդունելով գիտելիքի վրա հիմնված մրցունակ տնտեսություն ստեղծելու մարտահրավերը` այս ծրագրի հիմնական նպատակներն են Հայաստանում առկա գիտական և տեխնոլոգիական ներուժն արդյունավետ օգտագործելը, տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման գիտատեխնիկական և տեխնոլոգիական բազան ապահովելը, մասնավորապես`
1) ԱԱԳԼ-ի մասնագետների, այդ թվում` ուսանողների և ասպիրանտների մասնակցությունը ՑԵՌՆ-ի մեծ հադրոնային կոլայդերի (ԷլԷյչՍի) երկրորդ թողարկմամբ սկսվող ԱՏԼԱՍ միջազգային գիտափորձերի շարքին, որին մասնակցելու են նաև աշխարհի խոշոր արագացուցչային կենտրոնների գիտնականներ: Գիտափորձերի հիմնական նպատակը տարրական մասնիկների և ատոմային միջուկների փոխազդեցությունների բնույթի և դրանց ներքին կառուցվածքի համակողմանի տեսական և փորձարարական ուսումնասիրություններն են, որոնք այսօր հանդիսանում են հիմնարար ֆիզիկայի կարևոր հարցերից մեկը.
2) ԱԱԳԼ-ի գիտնականների մասնակցությունը ՑԵՌՆ-ի գիտափորձերում կիրառվող աննախադեպ բարդ փորձարարական սարքավորումների նախագծմանը և ստեղծմանը, ինչը հնարավորություն կընձեռի հանրապետության արդյունաբերությանը ստանալու պատվերներ, իսկ հայ գիտնականների հետագա մասնակցությունը ֆիզիկական հետազոտություններում կպահպանի և կզարգացնի Հայաստանում բարձր էներգիաների տարրական մասնիկների ֆիզիկայի մակարդակը.
3) նշված փորձարարական սարքավորումների վրա վերապատրաստված մասնագետների փորձի հետագա կիրառումը` ԱԱԳԼ-ի նոր արագացուցչային սարքավորումների շահագործման և երիտասարդ կադրերի ուսուցման գործընթացում.
4) ԱԱԳԼ-ի միջազգային գիտական համագործակցության լայն կապերի հաստատումը, որոնց շնորհիվ ԱԱԳԼ-ն հաջողությամբ կշարունակի իր մասնակցությունը միջազգային գիտական դրամաշնորհներ ստանալու մրցույթներին` շարունակելով գիտահետազոտական աշխատանքները Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ), ՍիԱրԴէԷֆ-ի և Ամերիկյան գիտական հիմնադրամի, ՆԱՏՕ-ի, ԷյԷնՍԵՖ-ի դրամաշնորհների օժանդակությամբ, որոնց ընդհանուր գումարը կազմում է տարեկան շուրջ 1 մլն ԱՄՆ-ի դոլար.
5) առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ԳՐԻԴ ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների իրագործումը` երիտասարդ մասնագետների մասնակցությամբ, որը թույլ կտա Հայաստանում նոր տեխնոլոգիաների վերաբերյալ համաշխարհային տեղեկատվության կուտակման, մշակման և համակարգման հնարավորությունների ստեղծմանը, որի առկայությունը մեծ չափով կխթանի երկրի տնտեսական զարգացման գործընթացին.
6) երիտասարդ գիտնականների խրախուսման միջոցառումների հետևողական իրականացման շնորհիվ գիտության ոլորտից երիտասարդ գիտական կադրերի արտահոսքի կանխումը:
12. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
1) ՑԵՌՆ-ի համագործակցության շրջանակներում կվերապատրաստվեն ԱԱԳԼ-ի 9 մասնագետներ և ասպիրանտներ, որոնք ձեռք բերված փորձն ու գիտելիքները կներդնեն ԱԱԳԼ-ի հետագա գիտական գործունեության արդյունավետության բարձրացման և երիտասարդ գիտական կադրերի պատրաստման համար.
2) ծրագրի շրջանակներում Մեծ Հադրոնային Կոլայդերի պրոտոնային փնջերի փոխազդեցություններից սպասվող նոր մասնիկների հայտնաբերում, ինչն էականորեն կընդլայնի գիտելիքները ֆիզիկական երևույթների վերաբերյալ և կբերի նոր բնագիտական պատկերացումների` մասնավորապես, առաջին անգամ ԷլԷյչՍի-ի համագործակցության շրջանակներում ԱԼԻՍ գիտափորձում քվարկ-գլյուոնային պլազմայի գոյության վերաբերյալ ծանր իոնների փնջերի օգնությամբ մի շարք կարևոր փորձարարական ապացույցների ստացում.
3) առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ԳՐԻԴ ենթակառուցվածքների զարգացում` աշխարհագրորեն տարածված մեծ կենտրոններում (այսպես կոչված վիրտուալ կազմակերպություններ) գիտական ռեսուրսների միավորում և դրանց համատեղ օգտագործման ապահովում և ԳՐԻԴ համակարգում ԱԱԳԼ-ի հաշվողական միջոցների միավորումը և կազմավորումը` որպես նոր տեխնոլոգիաների վերաբերյալ համաշխարհային տեղեկատվության կուտակման, մշակման և համակարգման կենտրոնի.
4) ԱԱԳԼ-ում բարելավել և զարգացնել ուսումնագիտական ենթակառուցվածքը` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումները և ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ռեսուրսները, ինչպես նաև Հայաստանի գիտահետազոտական և կրթական կազմակերպությունների, տեղեկատվական ռեսուրսների, գիտատեխնիկական գրադարանների միասնական տեղեկատվական համակարգը.
5) ծրագրի շրջանակներում ԱԱԳԼ-ի երիտասարդ գիտնականների համար դրամաշնորհային ծրագրերի, լավագույն գիտական աշխատանքների մրցույթների կազմակերպումը:
13. Հայաստանի մասնագետների մասնակցությունն աննախադեպ բարդ սարքավորումների ստեղծման փուլում հնարավորություն կտա հանրապետության արդյունաբերությանն ստանալու պատվերներ և նրանց հետագա մասնակցությունը ֆիզիկական հետազոտություններում կպահպանի և կզարգացնի Հայաստանում բարձր էներգիաների տարրական մասնիկների ֆիզիկայի մակարդակը:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
14. Ծրագիրն իրականացվում է որպես պետական աջակցություն` ուղղված ԱԱԳԼ-ի միջազգային գիտական համագործակցության հետագա զարգացմանը և բարձր որակավորման մասնագետների պատրաստմանը:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
15. Միջոցառում 1. Գիտական գործուղումներ ՑԵՌՆ` միջազգային գիտափորձերին մասնակցության և վերապատրաստման նպատակով`
1) այս գիտական գործուղումների նպատակն ԱԱԳԼ-ի գիտաշխատողների և ասպիրանտների մասնակցությունն է ՑԵՌՆ-ի մեծ հադրոնային կոլայդերի (ԷլԷյչՍի) ԱՏԼԱՍ միջազգային գիտափորձերի շարքին, որին մասնակցելու են նաև աշխարհի խոշոր արագացուցչային կենտրոնների գիտնականներ: Գիտափորձերի հիմնական նպատակը տարրական մասնիկների և ատոմային միջուկների փոխազդեցությունների բնույթի և դրանց ներքին կառուցվածքի համակողմանի տեսական և փորձարարական ուսումնասիրություններն են, որոնք այսօր հանդիսանում են հիմնարար ֆիզիկայի կարևոր հարցերից մեկը: ԱԱԳԼ-ի գիտնականների մասնակցությունը ՑԵՌՆ-ի գիտափորձերում կիրառվող փորձարարական սարքավորումների նախագծմանը և ստեղծմանը հնարավորություն կընձեռի հանրապետության արդյունաբերությանն ստանալու պատվերներ, իսկ հայ գիտնականների հետագա մասնակցությունը ֆիզիկական հետազոտություններում կպահպանի և կզարգացնի Հայաստանում բարձր էներգիաների տարրական մասնիկների ֆիզիկայի մակարդակը: Այս փորձարարական սարքավորումների վրա վերապատրաստված մասնագետների փորձը հետագայում կկիրառվի ԱԱԳԼ-ի նոր արագացուցչային սարքավորումների շահագործման և երիտասարդ կադրերի ուսուցման գործընթացում.
2) այս միջոցառման համար նախատեսված է 30000.0 հազ. դրամ:
16. Միջոցառում 2. Նորարարական նախագծերին աջակցության ծրագիր`
1) ԱԱԳԼ-ի գիտատեխնոլոգիական ծրագրերի իրականացման շրջանակներում կհայտարարվի երիտասարդ գիտնականների մասնակցությամբ նորարարական նախագծերի մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորման համար կընտրվի 2 նորամուծական առաջարկ` նվիրված ԱԱԳԼ-ում արագացուցիչների հիման վրա նոր ռադիացիոն տեխնոլոգիաների մշակման և զարգացման խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այլ գիտատեխնոլոգիական ծրագրերին: Նախագծերը պետք է բավարարեն արդիականության պահանջներին, իրենց մեջ ներառեն ոլորտի զարգացման համաշխարհային միտումները և ունենան կիրառությունների լայն շրջանակ.
2) նախագծերը կներառվեն ԱԱԳԼ-ում ճառագայթային վերամշակման լիարժեք տեխնոլոգիական բազա ստեղծելու և նոր արտադրական կարողությունների գործարկելու համար կատարվող աշխատանքներում, որտեղ անհրաժեշտ կլինի լուծել մի շարք առաջնահերթ խնդիրներ, առանց որոնց անհնար կլինի ստեղծել համաշխարհային մակարդակի արտադրություն նյութերի ճառագայթային վերամշակման բնագավառում և, որոնք թույլ կտան ստեղծելու նորամուծական-տեխնոլոգիական հիմքերը` նոր սենդի մրցունակ գիտատար արտադրության համար.
3) այս միջոցառման համար նախատեսված է 20000.0 հազ. դրամ:
17. Միջոցառում 3. ԱԱԳԼ-ի երիտասարդ գիտնականների խրախուսման ծրագիր`
1) այս միջոցառումը նախատեսում է երիտասարդ գիտնականների համար հավելավճարների սահմանում, լավագույն գիտական աշխատանքների մրցույթի կազմակերպում և միանվագ դրամաշնորհների տրամադրում` 4-ական լավագույն գիտական աշխատանքի համար, տեսական և փորձարարական ֆիզիկայի, ինչպես նաև կիրառական ֆիզիկայի բնագավառներում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև համալսարանական և ակադեմիական համակարգից հրավիրված մասնագետների կողմից գիտաթեմատիկ սեմինարների կազմակերպում` ԱԱԳԼ-ի ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար.
2) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԱԳԼ-ի ուսումնագիտական ենթակառուցվածքի զարգացում. ԱԱԳԼ-ն ձեռք կբերի ժամանակակից սարքավորումներ, որոնք կապահովեն ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումների ներդրմանը` օգտագործելով ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ռեսուրսները և Հայաստանի գիտահետազոտական ու կրթական կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների, գիտատեխնիկական գրադարանների միասնական տեղեկատվական համակարգը.
3) այս միջոցառման համար նախատեսված է 40000.0 հազ. դրամ:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
18. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 90000.0 հազ. դրամը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 20-ի
N 704-Ն որոշման
ՑԱՆԿ
Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Կատարողը |Կատարման |Ակնկալվող արդյունքները|
|ը/կ| | |ժամկետը | |
|___|_________________|______________|_________|______________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_________________|______________|_________|______________________|
|1. |Միջազգային |ՀՀ էկոնոմիկայի|2011 թ. |ԱՏԼԱՍ, ԱԼԻՍ, ՍիԷմԷՍ |
| |գիտափորձերին |նախարարություն|ընթացքում|գիտափորձերին Ա. Ի. |
| |մասնակցության և |Ա. Ի. | |Ալիխանյանի անվան |
| |վերապատրաստման |Ալիխանյանի | |ազգային գիտական |
| |նպատակով գիտական |անվան ազգային | |լաբորատորիայի 6 |
| |գործուղումներ |գիտական | |առաջատար գիտնականի և |
| | |լաբորատորիա | |3 ասպիրանտի |
| | |(համաձայնու- | |մասնակցություն և |
| | |թյամբ) | |որակավորման բարձրացում|
|___|_________________|______________|_________|______________________|
|2. |Նորարարական |ՀՀ էկոնոմիկայի|2011 թ. |2 նորարարական նախագծի |
| |նախագծերին |նախարարություն|ընթացքում|մրցույթի կազմակերպում |
| |աջակցություն |Ա. Ի. | | |
| | |Ալիխանյանի | | |
| | |անվան ազգային | | |
| | |գիտական | | |
| | |լաբորատորիա | | |
| | |(համաձայնու- | | |
| | |թյամբ) | | |
|___|_________________|______________|_________|______________________|
|3. |Ա. Ի. Ալիխանյանի |ՀՀ էկոնոմիկայի|2011 թ. |- երիտասարդ |
| |անվան ազգային |նախարարություն|ընթացքում|գիտնականների լավագույն|
| |գիտական |Ա. Ի. | |աշխատանքների մրցույթի |
| |լաբորատորիայի |Ալիխանյանի | |կազմակերպում. |
| |երիտասարդ |անվան ազգային | |միանվագ դրամաշնորհներ |
| |գիտնականների |գիտական | |(4-ական լավագույն |
| |խրախուսման |լաբորատորիա | |գիտական աշխատանքներ |
| |ծրագիր |(համաձայնու- | |փորձարարական |
| | |թյամբ) | |ֆիզիկայի, տեսական |
| | | | |ֆիզիկայի և ինովացիոն |
| | | | |մշակումների |
| | | | |բնագավառներում) |
| | | | |- 40 երիտասարդ |
| | | | |գիտնականներին |
| | | | |հավելավճարների |
| | | | |նախատեսում |
| | | | |- Ա. Ի. Ալիխանյանի |
| | | | |անվան ազգային գիտական |
| | | | |լաբորատորիայի |
| | | | |ուսումնագիտական |
| | | | |ենթակառուցվածքի |
| | | | |զարգացում |
._____________________________________________________________________.