Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՐԱՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՕՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՐԱՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 մայիսի 2011 թվականի N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԴԱՏԱՐԱՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌԸ, ՈՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ) ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԻՐԱՌՎԱԾ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

i

Օրենսգրքի 36-րդ գլխով նախատեսվում է հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթը: Համաձայն նշված գլխի 202-րդ հոդվածի` կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում: Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին և կարգին: Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որը ներկայացնում են հարկադիր կատարողին: Օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան: Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է Օրենսգրքի 19-րդ գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով: Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին: Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը:

Նույն օրենքի 44.1 հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ «արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետը` պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, երբ վճռի եզրափակիչ մասում դատարանը նաև անդրադարձել է կիրառված հայցի ապահովման վերացմանը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համար բավարար հիմք է դատարանի որոշման հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար: Ընդ որում, նշված դեպքում հայցի ապահովման միջոցը վերացվում է Օրենսգրքի 101-րդ հոդվածի ուժով:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
23.05.2011
N 1
Պաշտոնական պարզաբանում