Սեղմել Esc փակելու համար:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱ ...

09.07.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2011  -ից մինչեւ   09.07.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 02.06.16 թիվ 631-Ն որոշում)

i

040.0164.010311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2011 թվականի N 164-Ն

 

i

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 922-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի N 111 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 922-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույց և այն տրամադրել խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 24-ի

N 164-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները սահմանվում են օրենքով:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Երևանում քաղաքապետի անունից խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը (5-9-ը անձ) հաստատելու մասին որոշումը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշմամբ հանձնաժողովի անհատական կազմից սահմանվում են նաև հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի քարտուղար:

4. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մարզպետարանների աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, սոցիալական ծառայության տարածքային մարմինների աշխատողներ, համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայողներ, համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

6. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

7. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի, համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների, սոցիալական ծառայության տարածքային մարմինների, զբաղվածության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների վերաբերյալ խորհրդատվություն, աջակցություն և տեղեկատվություն ստանում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Խնամակալության և հոգաբարձության մարմիններն անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն և տեղեկատվություն են ստանում նաև մարզպետարանից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանից:

9. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն իրենց գործունեությունը կազմակերպում և իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային տարեկան ծրագրերով:

10. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան:

11. Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

II. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Խնամակալության և հոգաբարձության մարմինների խնդիրներն են`

1) անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը.

2) ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը.

4) օրենքով նախատեսված այլ խնդիրներ:

 

III. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են հետևյալ գործառույթները`

1) սահմանում են`

ա. խնամակալություն տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ,

բ. հոգաբարձություն 14-18 տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ.

2) իրականացնում են`

ա. խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը,

բ. երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում,

գ. առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի բացակայության փաստի հաստատման դեպքում ապահովում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը` մինչև նրա տեղավորման հարցի լուծումը` օրենքով սահմանված կարգով,

դ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը,

ե. երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն և ներկայացնում դատարան հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը,

զ. վերահսկողություն խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ,

է. հսկողություն է իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ.

3) նշանակում են քաղաքացու օգնական (պատրոն)` քաղաքացու համաձայնությամբ չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները: Սահմանված պատրոնաժը դադարում է օրենքով նախատեսված դեպքերում.

4) թույլատրում են`

ա. խնամակալին կնքել, իսկ հոգաբարձուին` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, ինչպես նաև նրա գույքը բաժանելուն կամ դրանից բաժիններ առանձնացնելուն, խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքների,

բ. հոգաբարձուին 16 տարին լրացած խնամարկյալից առանձին ապրել, եթե դա բացասաբար չի անդրադառնա խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա.

գ. սահմանված կարգով ծնողական սահմանափակված իրավունքներով ծնողներին երեխայի հետ շփումը, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա.

5) բացահայտում են`

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և այն չափահաս անձանց մասին տեղեկությունները, ովքեր ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

բ. ծնողների, ծնողական խնամքի բացակայության, ծնողական խնամքից զրկվելու այլ դեպքերը և ապահովում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքը,

գ. համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, ինչպես նաև երեխաների մահացության դեպքերը և դրա մասին իրազեկում մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին), միաժամանակ նախաձեռնում դրանց գրանցման գործընթացը,

դ. համայնքում երեխաների թրաֆիքինգի դեպքերը և դրա մասին իրազեկում լիազոր մարմնին.

6) հաշվի են առնում 10 տարին լրացած երեխայի կարծիքը` նրա իրավունքներին և շահերին առնչվող ցանկացած հարց լուծելիս.

7) հաշվառում են անչափահաս տուժողին, քաղաքացիական հայցվորին, կասկածյալին, մեղադրյալին.

8) ընտրում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքներում տեղավորելու ձևերը (խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության հանձնելը, խնամակալ, հոգաբարձու նշանակելը)` ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից.

9) մասնակցում են`

ա. դատարանում երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը,

բ. երեխայից առանձին ապրող ծնողի ծնողական իրավունքների իրականացման հարցում ծագած կամ երեխայի դաստիարակության հետ կապված վեճերը քննող դատական նիստերին,

գ. դատարանում ծնողական իրավունքների վերականգնման քննությանը,

դ. ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերի քննությանը,

ե. դատարանում 16 տարեկան դարձած անչափահասին լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին գործերի քննմանը` օրենքով սահմանված դեպքերում,

զ. անչափահասների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը,

է. քրեական վարույթում որպես օրինական ներկայացուցիչ չունեցող անչափահաս տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչ.

10) աջակցում են`

ա. խնամատար ընտանիքին` երեխայի կյանքի և դաստիարակության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար,

բ. խնամակալներին և հոգաբարձուներին խնամարկյալների խնամքի և դաստիարակության, նրանց հանգիստը կազմակերպելու գործում.

11) քննության են առնում խնամակալների և հոգաբարձուների գործողությունների կամ անգործության մասին դիմումներն ու բողոքները.

12) լուծում են ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները.

13) քննարկում են ընտանիքի, կանանց և երեխաների, ինչպես նաև համայնքում առկա գենդերային հիմնախնդիրները.

14) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Խնամակալության և հոգաբարձության մարմինների իրավունքներն ու պարտականություններն են`

1) կնքում են`

ա. գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր իրենց կողմից նշանակված կառավարչի հետ` խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում,

բ. խնամատար ծնողների (ծնողի) հետ պայմանագիր երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին.

2) կարող են անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում նշանակել այդ գույքի կառավարիչ և նրա հետ կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր, ինչպես նաև կառավարչի նշանակման օրվանից 3 տարի անցնելուց հետո դիմում են դատարան` անձին մահացած ճանաչելու համար, եթե անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռն չի վերացվել.

3) կարող են խնամակալին կամ հոգաբարձուին ազատել իր պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար`

ա. խնամակալությունը և հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում,

բ. անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում,

գ. խնամարկյալին համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատությունում տեղավորելիս (եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին),

դ. հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) դեպքում,

ե. խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականություններն անպատշաճ կատարելու դեպքում.

4) երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում երեխային վերցնում են ծնողներից կամ խնամակալից, անհապաղ ապահովում են երեխայի ժամանակավոր տեղավորումը և 7-օրյա ժամկետում դիմում դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով.

5) դիմել դատարան 14-18 տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը սահմանափակելու միջնորդությամբ.

6) կարգավորում են անչափահաս ծնողների և երեխայի խնամակալի միջև առաջացած տարաձայնությունները.

7) կարող են պարտավորեցնել ծնողներին կամ ծնողին նրանցից մեկի մերժման դեպքում չխանգարելու պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ մերձավոր ազգականների հետ երեխայի շփումը.

8) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում են խնամակալների ու հոգաբարձուների.

9) խնամակալներին և հոգաբարձուներին տալիս են համապատասխան վկայագրեր լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով և ձևանմուշին համապատասխան.

10) անչափահասի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ ընդունում են որոշում անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) մասին.

11) ընդունում են որոշում ընտրված երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին.

12) տալիս են համաձայնություն անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս` վերջինիս ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում.

13) անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն են սահմանում` ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության և այլ դեպքերում.

14) իրավունք ունեն ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել օրենքով սահմանված դեպքերում.

15) օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.2011
N 164-Ն
Որոշում