040.0080.140211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2011 թվականի N 80-Ն
i
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 13-ի
N 80-Ն որոշման
2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պատմությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնանում է յուրահատուկ զարգացումներով, որոնք իրենց նշանակալի ազդեցությունն են թողնում երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:
ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում ՓՄՁ-ի զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
Որպես ՓՄՁ-ին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հետևողական տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք` վերջին տարիներին արձանագրվեց ՓՄՁ-ն բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ:
ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում. ըստ 2009 թվականի տվյալների` ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 42.5 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 41.7 տոկոս:
Նշանակալի է ՓՄՁ-ի դերը երկրի հարկաբյուջետային (ֆիսկալ) ցուցանիշների ձևավորման գործում. 2009 թվականի տվյալներով ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսքով (բացառությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված վճարումների տեսակարար կշիռն ընդհանուր ցուցանիշի մեջ կազմել է 26.8 տոկոս (139.6 մլրդ դրամ): Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 28.0 տոկոս (174.2 մլրդ դրամ):
ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում 2009 թվականին կազմել է 17.7 տոկոս, իսկ ներմուծման ծավալում` 26.2 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 17.9 տոկոս և 37.8 տոկոս:
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը, որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, 2009 թվականին կազմել է 404.7, ինչը 2002 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 7 անգամ (2002 թվականին ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը կազմել է 58.1, 2003 թվականին` 82.0, 2004 թվականին` 117.8, 2005 թվականին` 172.0, 2006 թվականին` 237.2, 2007 թվականին` 398.6, 2008 թվականին` 544.0, 2009 թվականին` 404.7):
Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2010 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Ըստ նախնական գնահատականների` 2010 թվականի ընթացքում վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման միջազգային ստանդարտների (համակարգերի), նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ապրանքների (ծառայությունների) շուկաներ առաջմղման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` 4500-5000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
ՓՄՁ-ին պետական աջակցության 2011 թվականի ծրագրային միջոցառումների (ծրագրային ուղղությունների) ընդլայնման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ 2011 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպության, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի, Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության, Բուլղարիայի ՓՄՁ-ի զարգացման գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
ԳԼՈՒԽ 1. |
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ծրագիրը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 54-Ն որոշմամբ հաստատված` Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010 թվականի ծրագիրը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը:
ԳԼՈՒԽ 2. |
ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ |
Ծրագրի ռազմավարական նպատակներն են`
1) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների «ագրեսիվ» նորարարական նախաձեռնությունների խթանումը.
2) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, մասնավորապես, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև ՓՄՁ-ի աջակցության գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրումը.
3) գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես, կանանց, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար` նախապատվություն տալով Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին.
4) աջակցության նոր մեխանիզմների (նոր մոտեցումների) կիրառմամբ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության գործող համակարգից աջակցության նոր համակարգին անցման նախապատրաստումը և իրականացումը, ինչը կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցության արդյունավետության բարձրացմանը:
Ռազմավարական նպատակներով պայմանավորված ծրագրի գերակայությունն է նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնող ու կիրառող («ագրեսիվ» նորարարական նախաձեռնություններ ունեցող), ինչպես նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով երկրում գործազրկության մակարդակի կրճատմանը:
ԳԼՈՒԽ 3. |
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) (համաձայնությամբ) և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող այլ կառույցների միջոցով.
2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացմանը: Այլ հավասար պայմաններում առաջնայնությունը տրվում է գործազուրկներին, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և ազատամարտիկներին.
3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.
4) համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ին պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով.
5) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2011 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4. |
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
2011 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`
1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման և աջակցության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության էական ձեռքբերումներից է երկրում ՓՄՁ-ի զարգացման ու պետական աջակցության ծրագրերն իրականացնող հիմնական կառույցի` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ստեղծումն ու կայացումը` Երևան քաղաքում գործող կենտրոնական գրասենյակով և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող մարզային մասնաճյուղերով (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններով):
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պահպանմանը, ամրապնդմանն ու դրանց գործունեության ընդլայնմանը:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) ՓՄՁ-ի պետական աջակցության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:
2011 թվականի ընթացքում կմշակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի գործունեության նոր մոդելը և այն փորձնականորեն կներդրվի նախապես ընտրված 2 մասնաճյուղերում: Նոր մոդելի փորձարկումից հետո այն հաջորդ տարվա ընթացքում կներդրվի նաև մնացած մարզային մասնաճյուղերում:
Մարզային մասնաճյուղերի գործունեության նոր մոդելի մշակման և ներդրման նպատակներն են` մարզում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին մասնաճյուղի գործունեության շրջանակներում սեփական մարդկային ռեսուրսներով նոր տեսակի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ կարողությունների ձևավորումը, նախկինում վարվող գործառույթների իրականացման ընթացակարգերի հստակեցումը և արդյունավետության բարձրացումը, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակում իրականացվող աջակցության ծրագրերի նպատակայնության ապահովումը` ՓՄՁ-ի սուբյեկտների մոտ կարիքների ճիշտ գնահատման համար համապատասխան կարողությունների զարգացման միջոցով և «մեկ կանգառի» սկզբունքով գործարարներին սպասարկումը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի գործունեության նոր մոդելի ներդրման հիմք կհանդիսանան Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատողների վերապատրաստումը և մասնագիտացումը` գործընկեր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) և Հայաստանում գործող առաջատար գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄԿ-ներ) հետ համագործակցության շրջանակներում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատողների վերապատրաստման և մասնագիտացման արդյունքում յուրաքանչյուր աշխատողի համար կհստակեցվի աշխատանքային նկարագիրը` ըստ տվյալ աշխատողի կողմից մատուցվող ծառայությունների, ինչը հիմք կհանդիսանա մարզային մասնաճյուղերում հետագա տարիների համար աշխատանքի արդյունքների գնահատման և խրախուսման համակարգի մշակման ու ներդրման համար:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի գործունեության նոր մոդելի ներդրման շրջանակներում կսահմանվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից ուղղակիորեն մատուցվող ծառայությունների ցանկը, կմշակվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը, ծառայությունները կդասակարգվեն և կբաշխվեն ըստ աշխատողների: Գործընթացի ավարտական փուլում աշխատանքներ կիրականացվեն մարզային մասնաճյուղերի կառուցվածքը, ներքին հարդարանքը և տեխնիկական հագեցվածությունն առաջադրվող նոր խնդիրներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի գործունեության նոր մոդելի ներդրման արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում սեփական կարողություններով ՓՄՁ-ի սուբյեկտներին ծառայություններ կմատուցվեն հետևյալ ուղղություններով. իրավական և հարկային խորհրդատվական ծառայությունների տրամադրում, «թեժ գծի» գործարկում տեղերում, աջակցություն ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցերում, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի իրականացում, գործարար ծրագրերի մշակում` տիպային ծրագրերի անհատականացմամբ, աջակցություն առցանց առևտրի գործարքների իրականացման, ինտերնետում գործարար տեղեկատվության որոնման և նմանատիպ այլ հարցերում, աջակցություն ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական գնումների գործընթացում մասնակցության հարցերում, Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցում տեղերում և այլն:
2011 թվականին կմշակվի և կներդրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներցանցը, որը մեկ միասնական համակարգում կմիավորի մարզային մասնաճյուղերի ցանցը և կենտրոնական գրասենյակը: Սա հնարավորություն կընձեռի էականորեն կրճատելու փաստաթղթավորման ծավալները, պարզեցնելու շահառուների սպասարկման ընթացակարգերը և կրճատելու դրանց ժամկետները: Բացի այդ, ներցանցի ներդրման արդյունքում մարզային մասնաճյուղերի համար հնարավորություն կստեղծվի իրար միջև տեղեկատվության, ինչպես նաև փաստաթղթերի և այլ տեղեկատվական նյութերի արագ փոխանակման համար` նպաստելով մասնաճյուղերում թիմային աշխատանքի ոճի ձևավորմանը:
2011 թվականին նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործարարությանն աջակցող, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
2011 թվականին պարբերաբար կկազմակերպվեն քննարկումներ և հանդիպումներ հատկապես հեռավոր և սահմանամերձ քաղաքային ու գյուղական համայնքներում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` նրանց գործունեությանը խոչընդոտող հիմնախնդիրների հստակեցման ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը դրանց լուծմանն ուղղելու նպատակով:
2011 թվականին կշարունակի գործել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «թեժ գիծը», որի միջոցով գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիմում-բողոքները, հարցադրումները և առաջարկությունները, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրությանն ու վարչարարությանը: «Թեժ գծի» միջոցով գործարարներն իրենց հարցադիմումները կարող են ներկայացնել ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում գործող ինտերակտիվ խորհրդատվության բաղադրիչի միջոցով:
Բացի դրանից, 2011 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով հիմնականում աշխատանքներ կիրականացվեն մասնավոր հատվածի հետ համատեղ գործարար նախաձեռնությունների (գործարար ծրագրերի) մշակման և դրանց իրագործման ուղղությամբ:
Նշված միջոցառումները, ընդհանուր առմամբ, կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների (աջակցության համակարգի) կայացման և զարգացման գործընթացին:
2. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը` նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում: Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև ֆինանսական աջակցության բաղադրիչներ: Սույն ծրագրի շրջանակներում մանրակրկիտ ընտրության փուլ անցած սկսնակ գործարարները փորձառու մասնագետների ուղղորդմամբ կմշակեն իրենց նախաձեռնությունների իրականացման գործարար ծրագրերը և գնահատելով դրանց իրատեսականությունը կսկսեն սեփական գործը:
Հիշյալ ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում սկսնակ գործարարների վարկավորման հնարավորություններն ընդլայնելու ու վարկավորման պայմանները բարելավելու ուղղությամբ: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կներկայացվեն վարկավորման: Վարկավորումն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր առևտրային բանկերի միջոցով: 2011 թվականի ընթացքում կընդլայնվեն սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) ծավալները` կազմելով առավելագույնը 3 մլն դրամ, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով. ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից ֆինանսավորումը կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը:
Ընդհանուր բնույթի ծրագրերից բացի կիրականացվեն նաև սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ոլորտային ծրագրեր, այդ թվում` կդիտարկվի նաև հյուրատների կլաստերների զարգացման ծրագրերի իրականացումը: Ծրագրերի իրականացման վայրը և բնույթը կորոշվի նախապես կատարված կարիքների գնահատման հիման վրա:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում առաջատար ԳԾՄԿ-ների միջոցով կմշակվեն և սկսնակ գործարարներին կտրամադրվեն տիպային գործարար ծրագրեր` հաշվի առնելով նախկինում իրականացված առավել հաջողված ծրագրերը: Միաժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների միջոցով խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի տիպային ծրագրերի լրամշակման և տեղայնացման հարցերում:
Բացի դրանից, կուսումնասիրվեն և կբացահայտվեն տվյալ տարածաշրջանում հեռանկարային զարգացում ունեցող ոլորտները և գործունեության առանձին տեսակները: Առաջատար ԳԾՄԿ-ների միջոցով կմշակվեն նոր բիզնես մոդելներ և կիրականացվեն կոնկրետ ոլորտային ուղղվածություն ունեցող սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրեր:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրում սկսնակ գործարարների ներգրավման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը 2011 թվականին կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում` մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
Միաժամանակ սույն ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման, ծավալների ընդլայնման և ճկունության ու շարունակականության ապահովման նպատակով նախատեսվում է հետագայում հիշյալ ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ռեսուրսներով:
2011 թվականի ընթացքում նախատեսվում է Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպության` ԳՏՀԿ (GTZ) աջակցությամբ կազմակերպել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համապատասխան աշխատողների վերապատրաստում ՍԷՖԷ (CEFE: Competency Based Economies Through Formation of Enterprises) մեթոդաբանությամբ և լրացուցիչ փորձնական ծրագրերի իրականացում Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում:
Հաշվի առնելով իրականացված միջոցառումների գծով նախորդ տարիներին ձեռք բերված փորձը` 2011 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը կատարելագործելու և ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես կուսումնասիրվի և կխթանվի ֆրանչայզինգի կիրառմամբ գործունեության ծավալման հնարավորությունները, կմշակվեն համապատասխան մոդելներ:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
1) աջակցության ցուցաբերում առնվազն 150 սկսնակ գործարարի` ապահովելով շուրջ 30 նոր գրանցված կազմակերպություններ, շուրջ 50 նոր ստեղծված աշխատատեղեր Հայաստանի Հանրապետության մարզերում.
2) առնվազն 7 տիպային գործարար ծրագրերի մշակում և հետագա տեղայնացում,
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի վերապատրաստում ՍԷՖԷ մեթոդաբանությամբ` ապահովելով առնվազն 5 մասնակցի որակավորում.
3) ՍԷՖԷ մեթոդաբանությամբ առնվազն 2 փորձնական ծրագրի իրականացում` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղերի սեփական ռեսուրսներով:
3. Տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում
Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ:
Սույն ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) տարածաշրջաններում առանձին ապրանքատեսակների արտադրության համար առկա արտադրական ներուժի միավորումը.
2) ապրանքատեսակների արտադրական գործընթացի բոլոր փուլերում` առավելապես տեղական հումքի, աշխատուժի և այլ ռեսուրսների կիրառումը.
3) ապրանքատեսակների արտադրական բոլոր գործընթացների (տեխնոլոգիաների) նույնացումը.
4) արտադրական և գործընթացներում ավանդական գիտելիքի ու նորարարական մոտեցումների համադրումը.
5) սույն ծրագրում ներգրավված արտադրողների միջև համախմբվածության և միաժամանակ մրցակցային միջավայրի ձևավորումը.
6) սույն ծրագրի իրականացման ընթացքում համագործակցության հաստատումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի էությունը կայանում է նրանում, որ առանձին համայնքները (տարածաշրջանները) իրենց ջանքերը պետք է միավորեն և ուղղեն այն ապրանքների արտադրությանը, որտեղ նրանք ունեն մրցակցային առավելություն` պայմանավորված տվյալ տարածաշրջանում ձևավորված ավանդույթներով, ինչպես նաև նոր տեսակի արտադրության համար անհրաժեշտ տեղական ռեսուրսների առկայությամբ:
2011 թվականին սույն ծրագրի շրջանակներում կուսումնասիրվեն Հայաստանի Հանրապետության մարզերն ըստ առանձին տարածաշրջանների, որպեսզի բացահայտվեն զարգացման համար առավել հեռանկարային տեղական ավանդական կամ նոր տեսակի ապրանքատեսակները, որոնց արտադրության համար տվյալ տարածաշրջանում առկա են համապատասխան ավանդույթները, հումքը, բնակլիմայական պայմանները, գիտելիքը և տվյալ տեսակի արտադրանքի մրցունակության համար անհրաժեշտ այլ գործոնները:
Ընտրված առանձին արտադրատեսակների համար կձևավորվեն հիշյալ ծրագրի շահառու հանդիսացող արտադրողների թիրախային խմբերը, որտեղ ներառված կլինեն ինչպես տվյալ արտադրատեսակի արտադրության փորձ և գիտելիք, այնպես էլ ցանկություն և կամք ունեցող գործող ՓՄՁ-ի սուբյեկտները, սկսնակ գործարարները, առանձին անհատները և (կամ) նրանց ընտանիքները, որոնք ներգրավվելով սույն ծրագրի շրջանակներում, որոշակի պարտավորություններ կստանձնեն սույն ծրագրով սահմանված պահանջները կատարելու ուղղությամբ:
Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի իրականացման հաջորդ փուլում ընտրված յուրաքանչյուր արտադրատեսակի համար կձևավորվեն փորձագիտական խորհուրդներ` բաղկացած տվյալ արտադրատեսակի արտադրության տեղական ավանդույթները կրող և առավել հարուստ փորձ և գիտելիք ունեցող անհատներից (այդ թվում նաև թիրախային խմբերի ներկայացուցիչներից), մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներից, ինչպես նաև առանձին դեպքերում` միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) մասնագետներից: Նշված փորձագիտական խորհուրդների կողմից աշխատանքներ կիրականացվեն հետևյալ ուղղություններով`
1) արտադրանքի արտադրության միասնական ստանդարտների և տեխնոլոգիաների մշակում (ներառյալ համապատասխան գործիքների և սարքավորումների կազմը), որոնք կապահովեն լավագույն ավանդույթների, նորարարական մոտեցումների և միջազգային փորձի համադրումը.
2) խորհրդատվական և ուսուցողական բնույթի միջոցառումների միջոցով գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցում թիրախային խմբի անդամներին.
3) մշակված միասնական ստանդարտների և տեխնոլոգիաների պահպանման նպատակով արտադրության հետագա վերահսկում:
Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի շրջանակներում, կախված տվյալ արտադրատեսակի արտադրության առանձնահատկություններից, կստեղծվեն նաև առանձին ՓՄՁ-ի սուբյեկտներ, որոնք կենտրոնացված ձևով օժանդակող ծառայություններ կմատուցեն արտադրողներին (փաթեթավորման և պիտակավորման արտադրամասեր, պահեստներ, սառնարանային տնտեսություններ, մասնագիտացված վաճառքի կետեր և այլն):
Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կիրականացվեն աշխատանքներ` կիրառելով ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում իրականացվող աջակցության ծրագրերի հետևյալ մեխանիզմները`
1) համապատասխան մասնագետների ներգրավում փորձագիտական խորհուրդներում.
2) թիրախային խմբերի մասնակիցների ընտրություն.
3) թիրախային խմբերի մասնակիցների համար տարբեր տեսակի ֆինանսական աջակցության ցուցաբերում (այդ թվում` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից իրականացվող վարկավորման ծրագրեր)` անհրաժեշտ հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման նպատակով.
4) տվյալ արտադրատեսակի համար միասնական ապրանքանշանի, արտաքին ձևավորման, փաթեթավորման և պիտակավորման մշակում, ինտերնետային էջերի պատրաստում և գովազդի իրականացում առաջատար մասնագիտացված կառույցների կողմից.
5) Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին մասնակցության ապահովում.
6) արտահանման խթանում.
7) թիրախային խմբի մասնակիցների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների 100 տոկոսով ֆինանսավորում.
8) տեղեկատվական բնույթի աջակցություն.
9) սույն ծրագրի ընդհանուր համակարգում:
Հիշյալ ծրագրի վերաբերյալ իրազեկվածության և ճանաչելիության ապահովման նպատակով կմշակվեն և կտարածվեն տեղեկատվական գրքույկներ, կձևավորվի սույն ծրագրի տարբերանշանը և կարգախոսը (դրանք զետեղված կլինեն նաև արտադրանքի վրա), ինչպես նաև տեղեկատվություն կտարածվի զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ):
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման 2 ծրագիր` նախապես ընտրված 2 տեսակի արտադրանքի ուղղությամբ` ծրագրում ներգրավելով 20-30 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների:
4. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցության ծրագիր
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման ներկա փուլում առանձնակի կարևորվում է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների արտահանման ներուժի զարգացումը և արտաքին շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը, ինչը կստեղծի լրացուցիչ հնարավորություններ վերջիններիս համար` ապահովելով նշանակալի տնտեսական արդյունք:
2011 թվականին միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործընկեր ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի արտահանում սկսելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման, վերջիններիս կողմից իրականացվող արտահանման գործունեության զարգացման և ընդլայնման ուղղությամբ:
Սույն ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական միջոցառումները`
1) արտաքին շուկաների հետազոտությունների իրականացում` արտահանման առավել մեծ ներուժ ունեցող հայկական ապրանքների արտահանման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով.
2) արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերում նեղ մասնագիտացված խորհրդատվական ծառայությունների համաֆինանսավորման ուղղությամբ (գործարար և ներդրումային ծրագրերի կազմում, շուկայական ուսումնասիրությունների իրականացում, արտադրանքի համապատասխանեցում արտաքին շուկաների ստանդարտներին և իրավական պահանջներին, ԻՍՕ (ISO), ՋՄՓ (GMP), ՀԱՍՍՓ (HACCP) և որակի կառավարման ու միջազգային այլ ստանդարտների ներդրում, լոգիստիկայի կազմակերպում և այլն).
3) արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերում արտաքին շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ փորձարկումների անցկացման, թույլտվությունների, սերտիֆիկատների ձեռքբերման և համապատասխան փաստաթղթերի պատրաստման հարցերում.
4) տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում Եվրամիության երկրներ ապրանք արտահանողներին Արտոնությունների ընդհանրացված համակարգի ՋՍՓ (GSP), ՋՍՓ+ (GSP+) և նրա ընձեռած հնարավորությունների վերաբերյալ.
5) ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին.
6) արտահանողներին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2011 թվականի ընթացքում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շրջանակում կմշակվեն արտահանմանն անհրաժեշտ ընթացակարգերը պարզաբանող, ինչպես նաև արտահանման առավել մեծ ներուժ ունեցող առանձին ապրանքատեսակների համար որակական պահանջները (բաղադրությունը, փաթեթավորումը, պիտակավորումը և այլն) պարզաբանող ուղեցույցներ: ՈՒղեցույցների էլեկտրոնային տարբերակները կզետեղվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցության ծրագրի շրջանակներում համալիր աջակցություն կցուցաբերվի առանձին ոլորտներում գործող արտահանման մեծ ներուժ ունեցող առաջատար ընկերություններին` նրանց արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացման և արտահանման ծավալների ընդլայնման ուղղությամբ:
2011 թվականին հիշյալ ծրագրի շրջանակներում կշարունակվի և կընդլայնվի համագործակցությունն արտահանումը խթանող տարբեր միջազգային ծրագրերի հետ ՍԲԻ (CBI), ԷՎԴ (EVD), ՄՄՖ (MMF), ՕՐԻՕ (ORIO), ՓՍԻ (PSI), ՊՈՒՄ (PUM) և այլն` դրանցում Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտներին ներգրավելու նպատակով:
Արտահանողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կօգտագործվեն նաև ՁԵՑ-ի ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես, պոտենցիալ գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցերում:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցության ծրագրով նախատեսված առանձին ուղղություններով աջակցություն կցուցաբերվի 30-40 ՓՄՁ-ի սուբյեկտների: Բացի այդ, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, կընտրվեն արտահանման ներուժ ունեցող 3-5 ՓՄՁ-ի սուբյեկտ, որոնց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը աջակցություն կցուցաբերի արտահանման գործընթացի բոլոր փուլերում` վերջիններիս մոտ ձևավորելով արտահանման համար անհրաժեշտ կարողություններ միջազգային համագործակցություն հաստատելու և միջազգային շուկայի պահանջներին համապատասխան ապրանքների արտահանում իրականացնելու համար:
5. ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտների տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնման նպատակով ծրագրի շրջանակներում կիրականացվի ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվություն կտրամադրվի ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ և աջակցություն կցուցաբերվի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Սույն ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական միջոցառումները`
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվության տրամադրում Հայաստանում և արտաքին շուկաներում տվյալ արտադրության համար ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց սեփականատերերի (հեղինակների, արտադրողների) վերաբերյալ.
2) պարբերաբար արտաքին շուկաներում տվյալ արտադրության համար ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրություն, վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության տարածում համապատասխան ոլորտում գործող տեղական գործարարների շրջանում` խրախուսելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ՓՄՁ-ի սուբյեկտներում.
3) աջակցության ցուցաբերում տեղական արտադրողներին` ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով բանակցությունների վարման և գործարար համագործակցության հաստատման ուղղությամբ ՁԵՑ-ի գործունեության շրջանակներում.
4) աշխատանքների իրականացում տարբեր ոլորտներում գործող առաջավոր փորձ ունեցող և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող գործարարների (մասնագետների) կողմից կուտակված փորձը և գիտելիքները սկսնակ, դեռևս կայացման փուլում գտնվող գործարարներին փոխանցելու համար` միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող «բիզնես ուղղորդման» (business mentoring) ծրագրերի իրականացման ուղղությամբ.
5) ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործընթացի իրավական կողմն ապահովելու ուղղությամբ (ժամանակակից տեխնոլոգիաների տեղափոխման և ներդրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, թույլտվությունների ձեռքբերում, մաքսազերծում և այլն).
6) նեղ մասնագիտական խորհրդատվական աջակցության շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաներ ներդրող ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար և ներդրումային ծրագրերի մշակման ու մարքեթինգային հետազոտությունների իրականացման համաֆինանսավորում:
Ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունների ընդլայնման նպատակով 2011 թվականին ֆինանսական աջակցության գործող ծրագրերից բացի (վարկային երաշխավորությունների տրամադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից, կապիտալի ֆինանսավորում և ուղղակի վարկավորում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից և այլն)` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աշխատանքներ կիրականացվեն ֆինանսական աջակցության նոր նպատակային գործիքների մշակման և ներդրման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագրով նախատեսված առանձին ուղղություններով աջակցություն կցուցաբերվի 40-50 ՓՄՁ-ի սուբյեկտների: Բացի դրանից, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, կընտրվեն 3-5 ՓՄՁ-ի սուբյեկտ, որոնց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը աջակցություն կցուցաբերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործընթացի բոլոր փուլերում` վերջիններիս մոտ ապահովելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրության իրականացումը:
6. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման շրջանակներում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Դրա հետ մեկտեղ կդիտարկվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը, ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերը, և կմշակվեն ու կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար: ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերը կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2011 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայիս ազդեցությունը` առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խնդիրների լուծմանը:
Սույն ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկային երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ գործարարներին վարկավորվելու գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչն առավել արդիական է երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Վարկային երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմում է 3 տարի: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 10 մլն դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք բանկ, Ինեկոբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ և Արմսվիսբանկ) միջոցով, որոնց հետ փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:
Որպես երաշխավորագրերի ապահովման միջոց` գործընկեր առևտրային բանկերում ավանդադրվում են դրամական միջոցներ, որոնք ըստ առանձին երաշխավորագրի դեպոնացվում (գրավադրվում) են համապատասխան չափաքանակով:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրամադրվել 10 մլն դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` առավելագույնը 5 տարի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
Ինչպես 2010 թվականի, այնպես էլ 2011 թվականի ընթացքում, ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնայնությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին: Երևան քաղաքում, որպես բացառություն, կդիտարկվի միայն նորարարական, նոր տեխնոլոգիաների կիրառություն և արտահանում ապահովող ծրագրեր ներկայացնող ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման հարցը, որոնց կողմից ներկայացվող հայտերը կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վարկային երաշխավորություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող 10-15 ՓՄՁ-ի սուբյեկտի:
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրեր
2009 թվականի օգոստոս ամսին Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի շրջանակներում հիմնադրվեց «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն: Ընկերությունն իրականացնում է ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում:
Վարկերի տրամադրումը և կապիտալի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ առաջնայնություններից ելնելով`
1) նոր արտադրության կազմակերպում կամ արտադրության ընդլայնում.
2) ներմուծումը փոխարինող, արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրություն.
3) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող արտադրություն.
4) լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում.
5) տեղային տարածաշրջանի զարգացում.
6) տեղական հումքի և ռեսուրսների օգտագործման ուղղվածություն.
7) կոոպերացիայի սկզբունքով այլ կազմակերպությունների և տնային տնտեսությունների հետ համագործակցություն.
8) կորպորատիվ կառավարման համակարգին անցման պատրաստակամություն.
9) հանրային վերահսկողությամբ գործունեություն կազմակերպելու պատրաստակամություն:
Կապիտալի ֆինանսավորման ցանկացած մեխանիզմ տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում խոշոր գործարար նախագծեր իրագործելու և կառավարելու նպատակով ներգրավելու կապիտալ միջոցներ:
2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալում ներդրումները նախատեսվում է իրականացնել ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցության ցուցաբերման շրջանակներում 2009 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից հիմնադրված «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջոցով: Սույն ծրագրի շրջանակներում բաժնեմասերում ներդրումները կամ փայամասնակցության ձեռքբերումը չի ենթադրում փոխառու միջոցների տրամադրում, այլ հիմնվում է բաժնեմասի հաշվեկշռային կամ շուկայական գնի աճի և կազմակերպության շահույթից ակնկալվող դիվիդենտի սկզբունքի վրա:
ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորումից հետո մինչև 5 տարվա ընթացքում նախատեսվում է բաժնեմասի վաճառք ՓՄՁ-ի սուբյեկտների բաժնետերերին կամ վաճառք ուղղակի հասարակական առաջարկի սկզբունքով, որը մինչ այդ կենթադրի Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ կազմակերպության արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացների, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված աշխատանքների իրականացում:
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիր
2011 թվականի ընթացքում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացումը, որի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին» N 1017-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային ներդրումների ծավալը` վարկառուների համար վարկավորման գնի նվազման միջոցների նկատմամբ պահանջարկի բարձրացման միջոցով:
ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքը բավական բարձր է, ինչը խոչընդոտ է նշված բնակավայրերի տնտեսական զարգացման համար: Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ի սուբյեկտներին առավել մատչելի պայմաններով օգտվելու վարկային ծառայություններից, ինչն իր հերթին կհանգեցնի այդ բնակավայրերում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Սուբսիդավորման ենթակա վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվել է 10 տոկոսային կետ (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), որը, սակայն, չի կարող գերազանցել տարեկան 500 հազ. դրամը:
ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունքում ձևավորված եկամուտների հաշվին և կիրառվում է որպես ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խթանման լրացուցիչ գործիք: Սույն ծրագրի իրականացումը չի կրում լայնածավալ բնույթ:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող 2-3 ՓՄՁ-ի սուբյեկտի մոտ:
7. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջ մղելը:
Ելնելով նշված նկատառումներից` 2011 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի), սննդամթերքի արտադրության ոլորտում արդյունաբերական վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման և այլ միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի (խորհրդատվություն կամ հավաստագրում), ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման համակարգերի բարելավման ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի: Աջակցությունն առավելապես կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելուն ուղղված աջակցությունը կիրականացվի նաև ԶԼՄ-ների միջոցով լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման, գովազդային վահանակների պատրաստման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Բացի դրանից` համապատասխան միջոցառումներ կիրականացվեն նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, մասնավորապես, ճանաչված ինտերնետային կայքերում ՓՄՁ-ի սուբյեկտների և նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մասին տեղեկատվության (մի քանի լեզուներով) տեղադրման ուղղությամբ, ինչը կխթանի տեղական և միջազգային շուկայում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) առաջմղումը, որն էլ վերջին հաշվով, կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն նաև ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի և ավտոմատացված կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ` ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից համապատասխան հայտերի առկայության պարագայում:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ծրագրով նախատեսված առանձին ուղղություններով աջակցություն կցուցաբերվի 80-100 ՓՄՁ-ի սուբյեկտի, որոնք հիմնականում ներգրավված կլինեն աջակցության համալիր ծրագրերում (տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն և թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցություն):
8. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն
Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, լիցենզավորման, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու, հարկային ու մաքսային ձևակերպումների և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար, հատկապես, Հայաստանի Հանրապետության մարզերում: Մասնավորապես, կընդլայնվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տարածաշրջանային ընդգրկվածությունը` ներգրավելով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին: Այդ նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների գործունեության համար տվյալ ուղղությամբ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու առանձնահատկությունները պարզաբանելու համար:
2011 թվականի ընթացքում կշարունակվեն աշխատանքները նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այս ուղղությամբ աջակցության հիմնական մասը կուղղվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող համալիր աջակցության ծրագրերում (արտահանմանն աջակցություն, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն, տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում) ընդգրկված և տարածաշրջաններում հեռանկարային զարգացման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին: ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող խորհրդատվական աջակցության արդյունավետության բարձրացման և այն առավել նպատակային ու շարունակական դարձնելու նպատակով նախատեսվում է կիրառել նաև նոր մոտեցումներ:
2011 թվականին նախատեսվում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով մշակել մոդելային գործարար ծրագրեր` ըստ նախապես ընտրված գործունեության տեսակների, որոնք կներառեն նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և աղյուսակների ձևերն ու դրանց լրացման կարգերը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների աջակցությամբ ինքնուրույն մշակել գործարար ծրագիր այդ ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով: Մշակված մոդելային գործարար ծրագրերը կծառայեն որպես ձեռնարկ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի փորձագետների համար, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին ընտրել իրենց գործունեությանը համապատասխանող ծրագիրը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների աջակցությամբ տեղում արագ և անվճար մշակել իրենց գործունեությանը համապատասխանող գործարար ծրագրերը: Հետագայում այդ ՓՄՁ-ի սուբյեկտները հնարավորություն կունենան աջակցություն ստանալու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագրային այլ ուղղություններով: Նման մոտեցման կիրառումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել խորհրդատվական աջակցության ծրագրին ուղղված միջոցները, ավելի արագացնել և մատչելի դարձնել ՓՄՁ-ի սուբյեկտների համար զարգացման գործարար ծրագրի մշակումը:
Պետական գնումների իրականացման գործընթացում ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովման նպատակով կմշակվի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքում կտեղադրվի նոր բաղադրիչ, որտեղ կներկայացվեն մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը, պետական պայմանագրի ձևը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի խորհրդատվական աջակցություն մրցույթի անցկացման կարգի, մրցութային հայտի և փաստաթղթերի կազմման ուղղությամբ:
Նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ ԶԼՄ-ների, մասնավորապես, «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարի միջոցով գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Բացի դրանից` հաղորդման շրջանակներում կստեղծվի թեմատիկ բաժին, որի միջոցով գործարարներին պարբերաբար տեղեկատվություն և պարզաբանումներ կտրամադրվեն ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավաօրենսդրական դաշտի և դրանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին տեղեկատվություն կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների միջոցով:
2011 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:
2011 թվականին տեղեկատվական աջակցության ծրագրի շրջանակներում նախապես ընտրված Հայաստանի Հանրապետության մարզերում կմեկնարկեն ՓՄՁ-ի պետական աջակցության միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ստացած տարածաշրջանների գործարար քարտեզների ձևավորման փորձնական ծրագրերը: Գործարար քարտեզը մեկ միասնական համակարգում կենտրոնացված տարածաշրջանում առկա գործարար տեղեկատվության ամբողջություն է: Գործարար քարտեզի ձևավորումը լայնածավալ և շարունակական գործընթաց է, որը պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը:
Գործարար քարտեզն առկայությունը զգալիորեն կարող է նպաստել տվյալ տարածաշրջանում ներդրումային գործընթացի ակտիվացմանը և արդյունավետության բարձրացմանը: Այն հնարավորություն է ընձեռում ներքին և առավելապես արտաքին պոտենցիալ ներդրողին ավելի ճիշտ կողմնորոշվել բոլոր իմաստներով արդյունավետ և շահութաբեր ներդրում իրականացնելու համար, ավելի ճիշտ գնահատել ընկերության հետագա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև զարգացմանը խոչընդոտող հնարավոր սպառնալիքները տվյալ տարածաշրջանում:
Գործարար քարտեզն արդյունավետ գործիք է հանդիսանում նաև ՓՄՁ-ի աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման համար: Գործարար քարտեզը կօգնի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերին, տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական կառույցներին, հասարակական, միջազգային ու օտարերկրյա կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին ավելի ճիշտ կողմնորոշվել, թե աջակցության ո՞ր ուղղություններն են նախընտրելի տվյալ տարածաշրջանի համար, դրանք դարձնել ավելի նպատակային, պլանավորել տվյալ տարածաշրջանում ՓՄՁ-ի աջակցության համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալները, ինչպես նաև աջակցության հատուկ միջոցառումներ մշակել առանձին տարածաշրջանների համար:
Հաջորդ կարևոր հիմնախնդիրը, որի լուծմանը կարող է նպաստել գործարար քարտեզը, ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրն է: Գործարար քարտեզն իր մեջ ամփոփելով տեղեկություններ տարածաշրջանում առկա բնական և աշխատանքային ռեսուրսների ծավալների, ինչպես նաև կիսակառույց և չօգտագործվող շինությունների ու արտադրատարածքների մասին, հնարավորություն է ընձեռում հետագայում ծախսերի նվազագույնի հասցնելու և առավելագույն շահութաբերության տեսակետից ավելի արդյունավետ պլանավորել հատկապես արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների տեղաբաշխումը տվյալ տարածաշրջանում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից, հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, կկազմակերպվեն խմբային հանդիպումներ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը և դրանց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի նաև գործարար համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչը հնարավորություն կտա իրականացվող աջակցության ծրագրերում ներգրավելու ՓՄՁ-ի սուբյեկտների լայն շրջանակ:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերի շրջանակներում նախատեսվում է`
1) տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում ընդհանուր առմամբ 3000-4000 ՓՄՁ-ի սուբյեկտի.
2) նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ցուցաբերում 80-100 ՓՄՁ-ի սուբյեկտի, որոնք հիմնականում ներգրավված կլինեն աջակցության համալիր ծրագրերում (տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն, թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցություն).
3) 5-8 մոդելային գործարար ծրագրերի մշակում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով.
4) գործարար քարտեզների ձևավորման փորձնական ծրագրերի իրականացում մեկ մարզի կտրվածքով, ինչպես նաև գործարար քարտեզի ընդհանրացված մոդելի մշակում և հետագա տարածում:
9. ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորում և զարգացում
ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորման և զարգացման ծրագրի հիմնական նպատակն է ՓՄՁ-ի սուբյեկտների կադրերի ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպումն ու որակավորված մասնագետներով համալրումը, նրանց շարունակական զարգացման ապահովումը` ուսուցման նոր մոտեցումների կիրառմամբ:
Սույն ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է կիրառել նոր մոտեցումներ ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող ուսուցողական աջակցության արդյունավետության բարձրացման և այն առավել նպատակային ու շարունակական դարձնելու ուղղությամբ:
Հիշյալ ծրագրի շրջանակներում մասնագիտացված կառույցների, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական միջոցառումները`
1) Հայաստանում գործող, մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ԳԾՄԿ-ների կողմից առաջարկվող ուսուցողական ծրագրերի ուսումնասիրություն, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից պահանջարկի գնահատում և դրանց համապատասխանությունը նմանատիպ միջազգային ծրագրերին.
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի նոր մոդուլների մշակում.
3) մշակված մոդուլներին համապատասխան ուսուցողական և վերապատրաստման դասընթացների կազմակերպում ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների (Training of Trainers) համար, ինչը կնպաստի նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և այդ ուղղությամբ մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը.
4) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ մի շարք հիմնական թեմաների ուղղությամբ մշակված մոդուլների տեղադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքում, ինչը հնարավորություն կընձեռի մեծ թվով ՓՄՁ-ի սուբյեկտներին ընտրել իրենց համար անհրաժեշտ դասընթացների մոդուլներ և անվճար ու ինքնուրույն ձեռք բերել համապատասխան գիտելիքներ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու և իրականացնելու ուղղությամբ.
5) ուսուցողական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների համար ուսուցողական և վերապատրաստման դասընթացների կազմակերպում մշակված մոդուլներին համապատասխան` պայմանով, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին այդ դասընթացներին մասնակցության հայտ ներկայացրած ՓՄՁ-ի սուբյեկտների մի մասը կընդգրկվի դրանցում անվճար:
Միաժամանակ, համագործակցելով տեղական և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, աշխատանքներ կիրականացվեն առցանց (on-line) կրթության կազմակերպման ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի գործարարներին ինտերնետային ցանցում տեղադրված կրթական ծրագրերի միջոցով, իրենց գործունեության համար անհրաժեշտ ուղղություններին համապատասխան, ստանալու լրացուցիչ գիտելիքներ և բարձրացնելու իրենց որակավորումը: Կրթական համակարգի նման կազմակերպումը հնարավորություն կտա գործարարներին ինքնուրույն ընտրել իրենց համար անհրաժեշտ թեման ու կրթական մոդուլները և անցնել առցանց ատեստավորումը:
Կարևորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող տնտեսական դաշտին առնչվող փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների հրատապ տեղեկացվածության, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին այդ փոփոխությունները ներկայացնելու և պարզաբանելու անհրաժեշտությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով «բաց դռների» սկզբունքով կկազմակերպվեն ուսուցողական (տեղեկատվական) բնույթի միջոցառումներ Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում:
ՓՄՁ սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացման և ժամանակակից մրցակցային պայմաններում նրանց նեղ մասնագիտական ուղղություններով (կահույքագործ, պանրագործ, մեղվաբույծ, հացթուխ, հրուշակագործ և այլ) արհեստավարժ կադրերով ապահովելու նպատակով կկազմակերպվեն նեղ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանն ուղղված դասընթացներ` համագործակցելով Հայաստանում այդ ուղղությամբ գործող կազմակերպությունների և հաստատությունների հետ, ինչպես նաև ներգրավելով միջազգային մասնագետների և փորձագետների:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորման և զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
1) ուսուցողական աջակցություն ցուցաբերում 150-200 ՓՄՁ-ի սուբյեկտի, որոնք հիմնականում ներգրավված կլինեն աջակցության համալիր ծրագրերում (տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն, թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցություն).
2) առցանց (on-line) կրթության կազմակերպում.
3) ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ իրականացնող ԳԾՄԿ-ների կարողությունների զարգացում:
10. Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովում
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում: Այս համատեքստում կարևորվում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեությունը Հայաստանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով որպես ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոն Հայաստանում: Այն հանդիսանում է Եվրամիության ամենամեծ նախաձեռնություններից մեկը` ուղղված ՓՄՁ-ի ոլորտի աջակցությանը: ՁԵՑ-ը միավորում է 45 երկրների շուրջ 600 ՓՄՁ-ին աջակցող կառույցների, տարածքային զարգացման կենտրոնների, առևտրաարդյունաբերական պալատների, գիտահետազոտական ինստիտուտների: ՁԵՑ-ի գործունեությունն ապահովում են շուրջ 4000 մասնագետներ:
ՁԵՑ-ի գործունեության նպատակն է աջակցել ՁԵՑ-ի անդամ երկրներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` իրենց նորարարական ներուժը զարգացնելու և Եվրամիության շրջանակներում գործարարության խթանման ուղղությամբ իրականացվող գործընթացներին մասնակից դառնալու համար: ՁԵՑ-ը գործարարներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, ինչը մեծ հնարավորություններ է ընձեռում ձեռնարկատիրական գործունեության զարգացման և ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման համար:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի կողմից 2011 թվականի ընթացքում նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:
Մասնավորապես, ՁԵՑ-ի գործունեության լուսաբանման և տեղեկատվության տարածման նպատակով նախատեսվում է պատրաստել ու հեռուստատեսության և ռադիոյի եթերով հեռարձակել հաղորդումներ, գովազդային հոլովակներ, տարածել տարաբնույթ հոդվածներ, նորություններ տպագիր և էլեկտրոնային մամուլում, ինչպես նաև գործարարների շահերը ներկայացնող կառույցների միջոցով ՁԵՑ-ի ծառայությունների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել գործարարների համար:
Բացի դրանից` ՓՄՁ-ի սուբյեկտների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են գտնել Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներ, ինչպես նաև տեղեկատվություն ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և միջոցառումների մասին և այլ գործարար տեղեկատվություն: Հիշյալ գործարար տեղեկատվությունը հասանելի կլինի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջից:
2011 թվականի ընթացքում ՁԵՑ-ի գործունեության շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուսուցողական և խորհրդատվական բնույթի միջոցառումներ, որոնք տեղեկատվություն տրամադրելով ՁԵՑ-ի ընդհանուր գործունեության, Եվրամիության քաղաքականության, ստանդարտների, ծրագրերի և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ, կունենան նաև ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման և նորարարական կարողությունների զարգացման ուղղվածություն:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեության շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի գործարար համագործակցության հաստատման ուղղությամբ: Կիրառելով ՁԵՑ-ի գործունեությունն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները` ներցանցում կշարունակվեն տեղադրվել Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար համագործակցության, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ հետազոտությունների անցկացման վերաբերյալ առաջարկները: 2011 թվականի ընթացքում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող` Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար համագործակցության առաջարկներով:
Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նախատեսվում է`
1) ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարի համալրում Հայաստանի գործարարների կողմից ներկայացվող շուրջ 200 գործարար համագործակցության առաջարկներով.
2) գործարար համագործակցության հաստատման միջոցառումների կազմակերպում և (կամ) Հայաստանի գործարարների մասնակցության ապահովում գործընկերների կողմից կազմակերպվող միջոցառումներին.
3) նորարարական և միջազգայնացման աջակցության ցուցաբերում շուրջ 70 ՓՄՁ-ի սուբյեկտի, որոնք հիմնականում ներգրավված կլինեն աջակցության համալիր ծրագրերում (տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն, թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցություն).
4) գործարար համագործակցության շուրջ 15 համաձայնագրերի հաստատման ապահովում:
11. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում
2011 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Այս համատեքստում 2011 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, ՁԵՑ-ի, Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպության, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի, Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության, Բուլղարիայի ՓՄՁ-ի զարգացման գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
Աշխատանքներ կիրականացվեն նաև եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի, Արևելյան գործընկերություն/ՓՄՁ զարգացում (EAST-INVEST) 2010-2013 թվականների ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող Ձեռնարկությունների զարգացման և մրցունակության ծրագրի 2010-2015 թվականների շրջանակներում նոր համատեղ ծրագրերի իրականացման և նոր համագործակցության հաստատման ուղղությամբ:
2011 թվականին աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության հաստատման և համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:
ԳԼՈՒԽ 5. |
ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով:
Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի սահմաններում կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը (100 մլն դրամ) և «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը (50 մլն դրամ):
Տեխնիկական աջակցության բնույթի ծրագրային միջոցառումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 2010 և 2011 թվականների եկամուտների, ազատ դրամական միջոցների, 2009 թվականի խնայողությունների, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին:
Ծրագրով նախատեսված «ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» ծրագրային միջոցառումը (ծրագրային ուղղությունը) վարկային երաշխավորությունների տրամադրման մասով կիրականացվի ձևավորված դրամագլխի ամորտիզացումների հաշվին, իսկ կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | Միջոցառումը | Կատարողը |Կատարման |
|ը/կ| | |ժամկետը |
|___|____________________________________|_________________|__________|
|1. |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|2011 թ. |
| |համապատասխան ենթակառուցվածքների |(համաձայնությամբ)|ընթացքում |
| |պահպանում և ամրապնդում Հայաստանի | | |
| |ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, | | |
| |մարզային մասնաճյուղերի և | | |
| |ներկայացուցչությունների պահպանում | | |
| |և ամրապնդում | | |
|___|____________________________________|_________________|__________|
|2. |Սկսնակ գործարարների ձեռներեցությանն |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |աջակցություն |(համաձայնությամբ)|2011 թ. |
| | | |1-ին |
| | | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|3. |Տեղական արտադրանքի խթանում և |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |տեղական ապրանքանիշերի ձևավորում |(համաձայնությամբ)|2011 թ. |
| | | |2-րդ |
| | | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|4. |ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |արտադրանքի արտահանմանն աջակցության |(համաձայնությամբ)|2011 թ. |
| |ծրագիր | |2-րդ |
| | | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|5. |ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |տեխնոլոգիաների ներդրմանն |(համաձայնությամբ)|2011 թ. |
| |աջակցություն | |2-րդ |
| | | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|6. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |ներդրումային աջակցություն |(համաձայնությամբ)|2011 թ. |
| |ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային |«ՓՄՁ ներդրումներ»|1-ին |
| |երաշխավորությունների տրամադրման |ՈՒՎԿ ՓԲԸ |եռամսյակից|
| |ծրագիր |(համաձայնությամբ)| |
| |ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի | | |
| |վարկավորման և կապիտալի | | |
| |ֆինանսավորման ծրագրեր | | |
| |ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող | | |
| |վարկերի տոկոսադրույքի մասնակի | | |
| |սուբսիդավորման ծրագիր | | |
|___|____________________________________|_________________|__________|
|7. |ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |արտադրանքի (մատուցվող |(համաձայնությամբ)|2011 թ. |
| |ծառայությունների)` շուկաներ | |1-ին |
| |առաջմղմանն աջակցություն | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|8. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |տեղեկատվական և խորհրդատվական |(համաձայնությամբ)|2011 թ. |
| |աջակցություն | |1-ին |
| | | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|9. |ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| |ձևավորում և զարգացում |(համաձայնությամբ)|2011 թ. |
| | | |1-ին |
| | | |եռամսյակից|
|___|____________________________________|_________________|__________|
|10.|Հայաստանում Ձեռնարկությունների |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|2011 թ. |
| |եվրոպական ցանցի հաղորդակցման |(համաձայնությամբ)|ընթացքում |
| |կենտրոնի գործունեության ապահովում | | |
|___|____________________________________|_________________|__________|
|11.|Միջազգային և օտարերկրյա դոնոր |ՀՀ էկոնոմիկայի |2011 թ. |
| |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի |նախարարություն |ընթացքում |
| |զարգացման համատեղ (համաֆինանսավորման|ՀՀ շահագրգիռ | |
| |սկզբունքով) ծրագրերի մշակում և |նախարարություններ| |
| |իրականացում |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ| |
| | |(համաձայնությամբ)| |
._____________________________________________________________________.