041.0653.181198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 1998 թ. թիվ 653
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհրդի ստեղծման մասին» թիվ 484 որոշման`
Հաստատել Հայաստանի հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ
18-Ի ԹԻՎ 653 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) խորհրդատվական մարմին է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհրդի ստեղծման մասին» թիվ 484 որոշմամբ:
2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
ա) ազգային մշակույթի զարգացման ուղիների մշակումը և մեթոդական կամ հայեցակարգային առաջարկությունների միջոցով մշակութային քաղաքականության ձևավորմանը նպաստելը.
բ) մշակութային կյանքի ու միջավայրի բարելավման առանձին կամ համալիր ծրագրերի կազմումն ու ընդհանուր բարենպաստ հոգևոր մթնոլորտի ձևավորումը.
գ) ներքին զարգացման և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու միջոցով մշակութային ինֆրակառույցների նորացմանն օժանդակելը.
դ) մշակութային գործիչների ստեղծագործական գործունեության խթանումը:
4. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` խորհուրդը`
ա) նպաստում է մշակույթի վերաբերյալ օրենսդրության ձևավորմանը, սատարում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանությանը և համագործակցում ստեղծագործական միությունների հետ.
բ) քննարկում է հանրապետական նշանակության մշակութային միջոցառումների իրականացման ծրագրեր (հոբելյաններ, փառատոններ, մրցույթներ), Հայաստանի հանրապետության վարչապետին ներկայացնում առաջարկություններ հանրապետության քաղաքներում ու մարզերում մշակութային միջավայրի բարելավման վերաբերյալ.
գ) հեռուստատեսությամբ, ռադիոյով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով նպաստում է մշակութային կյանքի տարածմանն ու քարոզչությանը.
դ) օժանդակում է Հայաստանի և սփյուռքի արվեստագետների, Հայաստանի և սփյուռքի մշակութային կազմակերպությունների ու գործիչների փոխադարձ կապերի զարգացմանը, նպաստում այլ երկրների արվեստագետների, մշակութային հաստատությունների հետ կապերի, մշակույթների երկխոսության ու փոխճանաչման աշխատանքներին.
ե) մշակում և Հայաստանի հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություններ երիտասարդության գեղագիտական դաստիարակության և կրթության բարելավման վերաբերյալ, նպաստում երիտասարդ արվեստագետների մասնագիտական կայացմանը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Խորհուրդն ստեղծում է մինչև 5 հոգուց բաղկացած քարտուղարություն, որի կազմի մեջ ընդգրկվում են խորհրդի համակարգողը և քարտուղարը: Մյուս անդամներն ընտրվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
6. Խորհուրդն ըստ բնագավառների ձևավորում է մասնագիտական հանձնախմբեր, որոնք ներկայացնում են իրենց ծրագրերը:
7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ: Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է տվյալ նիստում նախագահողը:
Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը:
Խորհրդի նիստերի օրակարգը ձևավորում է քարտուղարությունը խորհրդի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:
Խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել մշակույթի բնագավառի գործիչներ:
8. Խորհրդի համակարգողը, քարտուղարը կամ քարտուղարության անդամները վարում են նիստերը, ապահովում նրա անդամների մասնակցությունը, տեղեկատվությունը, պատրաստում օրակարգը, կազմում արձանագրություն և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:
9. Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեությունը համակարգում են խորհրդի համակարգողն ու քարտուղարը:
10. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
11. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: