040.1350.271010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 1350-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1350-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. 2001-2007 թթ. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը (միջինը` 13 տոկոս) աշխարհում ամենաբարձրերից են եղել, ինչը հնարավորություն է տվել կարճ ժամանակահատվածում կրկնապատկելու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն: Նշված առաջընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր իրականացնել տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովումը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների միջև բնակչության եկամուտների տարբերությունը: Այս տեսանկյունից կարևորվում է մակրոտնտեսական կայունության պահպանումը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2. Ազգային անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքներից է տնտեսական անվտանգության ապահովումը, որի իրագործման գլխավոր նախապայմաններից է կայուն մակրոտնտեսական միջավայրի առկայությունը և դրա պահպանումը` հետագա տարիներին տնտեսական աճ ապահովելու համար:
3. Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված` տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը: Տնտեսական աճը հիմնականում պետք է պայմանավորված լինի տնտեսության բազմազանեցմամբ` բացառելով առանձին ճյուղերում ենթաճյուղի հաշվին տնտեսական աճի ապահովումը, նպաստելով համաշխարհային տնտեսական աճից բարձր աճի ապահովումը: Նշված նպատակադրումն իրագործելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է ապահովի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը` կոորդինացնելով դրամավարկային քաղաքականության հետ: Մասնավորապես պետք է իրականացվի`
1) մակրոտնտեսական կայունության ապահովում,
2) տնտեսական աճի կայունությանը միտված հարկաբյուջետային քաղաքականություն,
3) ֆինանսական համակարգի զարգացմանը, ֆինանսական միջնորդության խորացմանը և կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ,
4) էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներ` բարձրացնելով հատկապես էլեկտրոնային գնումների համակարգի արդյունավետությունը:
4. Ծրագիրը հանդիսանում է ընդհանուր տնտեսական քաղաքականության բաղադրիչներից մեկը, որի մշակման և իրականացման հիմքում ընկած են նաև ՀՀ կառավարության և Կայուն զարգացման ծրագրերը:
III. Մակրոտնտեսական կայունության ապահովում
5. Մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի տնտեսական հաշվեկշռվածության ապահովմանը, թույլ չտալով խեղաթյուրումների առաջացմանը և ճշգրտվի արտաքին տնտեսությունների զարգացումներին համահունչ` ինչը բնորոշ է փոքր բաց տնտեսություններին: Կայուն տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից կարևորվում է հակացիկլիկ մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը:
Իրավիճակը
6. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա սկսեցին դրսևորվել դեռևս 2008 թ. հոկտեմբեր ամսվանից: Ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջնային ազդեցությունը` այն է ֆինանսական շուկաներում խուճապ և լիկվիդայնության խնդիրներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ, տնտեսությունում չդրսևորվեց: Սակայն մեզ մոտ նկատվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդային ազդեցություն, որը մեր երկրի տնտեսության վրա անդրադարձավ հետևյալ 4 գործոններով`
1) մասնավոր տրանսֆերտների կրճատում,
2) համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների և հատկապես մետաղների գների նվազում,
3) արտահանելի ապրանքների և ծառայությունների արտահանման նկատմամբ պահանջարկի անկում` պայմանավորված համաշխարհային պահանջարկի անկմամբ,
4) ՀՀ տնտեսություն ներհոսող ներդրումների ծավալների անկում` պայմանավորված համաշխարհային ֆինանսական շուկաներում լիկվիդայնության անկմամբ:
7. Վերոնշյալ գործոններով պայմանավորված, տնտեսական աճը 2008 թ. վերջին կազմեց 6.9 տոկոս, նախորդ տարիների երկրնիշ տնտեսական աճի փոխարեն: Իսկ արդեն 2009 թ. ճգնաժամի բացասական հետևանքները մեր տնտեսությունում ավելի վառ սկսեցին դրսևորվել: Նշված հետևանքները մեղմելու նպատակով 2009 թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել է հակացիկլիկ-ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն: Ընդ որում, իրականացվել է համախառն պահանջարկը խթանող և առաջարկին նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն թե եկամտային, և թե ծախսային առումով: Բյուջեի կապիտալ ծախսերի իրականացումը 2009 թ. ունեցավ երկու էֆեկտ, կարճ ժամկետում նպաստեց աշխատատեղերի պահպանմանը, իսկ երկար ժամկետում հանդես եկավ որպես տնտեսական աճին նպաստող կարևոր լծակ: Արդյունքում աճեց պետական բյուջեի դեֆիցիտը, որը ֆինանսավորվել է հիմնականում արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին` զերծ մնալով ամբողջովին ներքին տնտեսության խնայողությունների հաշվին ծախսերն իրականացնելու քաղաքականությունից:
8. 2009 թ. ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը համահունչ է եղել ձևավորված մակրոտնտեսական միջավայրին: Ելնելով տնտեսական ակտիվության և գների կայունության ապահովման խնդիրների արդյունավետ համադրումից` ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ կառավարության կողմից իրականացված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությանը զուգընթաց իրագործել է խիստ ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն: Դա արտահայտվել է ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական իջեցմամբ, այնպես էլ ծավալային ընդլայնման քաղաքականության իրականացմամբ, որի շրջանակներում երկարաժամկետ ռեպոների, պետական արժեթղթերի երկրորդային շուկայում ակտիվ մասնակցության և ՀՀ կառավարության հետ կոորդինացված քաղաքականության շրջանակներում վարկային ծրագրերի իրագործման միջոցով ՀՀ կենտրոնական բանկը մեծածավալ դրամային ռեսուրսներ է ներարկել բանկային համակարգի միջոցով տնտեսություն:
9. Հաշվի առնելով 2010 թ. առաջին եռամսյակի տնտեսական զարգացումների միտումները` ներկայումս վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է հակաճգնաժամային քաղաքականությունից դեպի կայուն տնտեսական զարգացմանը վերադառնալուն: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով ներկայիս գնաճային բարձր մակարդակը (պայմանավորված նաև հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ), կարևորվում է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը (մի կողմից չնպաստելով գնաճային միջավայրի ձևավորմանը, մյուս կողմից չխաթարել տնտեսական աճի վերականգնմանը): Մասնավորապես, 2010 թ. առաջին եռամսյակի համար ծրագրված պետական բյուջեի դեֆիցիտը պետք է կազմեր 53.2 մլրդ դրամ, սակայն փաստացի կազմել է 25.08 մլրդ դրամ, որն իր զսպողական ազդեցությունը կթողնի գնաճի վրա: Միաժամանակ` գնաճային միջավայրը մեղմելու նպատակով, 2010 թ. ՀՀ կենտրոնական բանկը նույնպես իրականացնելու է կոշտ դրամավարկային քաղաքականություն: Մասնավորապես, ռեպո տոկոսադրույքը հունվար-մայիս ժամանակահատվածում աստիճանաբար բարձրացվել է 2.25 տոկոսային կետով` հասցնելով այն 7.25 տոկոսի:
Մարտահրավերներ
10. Տնտեսության վրա արտաքին աղբյուրներից եկող շոկերին հակազդելու ցածր մակարդակ, որը կարող է խաթարել տնտեսության մակրոտնտեսական կայունությունը:
11. Երկարաժամկետ կանխատեսումների վրա հիմնված զարգացումների իրատեսականության և վերլուծական կարողությունների ոչ բավարար մակարդակ:
Նպատակադրումներ
12. Երկարաժամկետ կանխատեսումների իրատեսականության աստիճանի բարձրացում և վերլուծական կարողությունների բարձրացում:
13. Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հակացիկլիկ դերի բարձրացում` ի դեմս բարձր հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման և տոկոսադրույքի փոխանցման լիարժեք մեխանիզմի առկայության:
Լուծումներ
14. Երկարաժամկետ կանխատեսումների իրատեսականության աստիճանը բարձրացնելու նպատակով` միջազգային փորձի ուսումնասիրություն, կանխատեսման նոր մոդելների ներդրում, որը թույլ կտա իրականացնել կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականություն:
15. Լինել հետևողական արտաքին աշխարհի իրադարձությունների և վարվող քաղաքականության նկատմամբ, ինչպես նաև դրսևորել ճկունություն փոփոխվող իրավիճակի նկատմամբ: Փոքր բաց տնտեսությունների համար կարևոր է ոչ միայն իր վարած քաղաքականությունը, այլ նաև այն երկրներինը, որոնց հետ կա մեծ ինտեգրվածություն: Այդ առումով կարևորվում է այնպիսի հակացիկլիկ (տնտեսության անկման փուլում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները պետք է ընդլայնեն համախառն պահանջարկը, իսկ տնտեսության վերելքի փուլում պետք է կրճատեն այն) մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, որը թույլ կտա ճկունություն ցուցաբերել և հակազդել արտաքին աշխարհից եկող ցնցումներին` ապահովելով կայուն մակրոտնտեսական միջավայր:
16. Բարձրացնել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հակացիկլիկ դերը` ի հաշիվ ստվերային տնտեսության կրճատման (հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում), ֆինանսական ինստիտուտների ընդլայնման և միջնորդության խորացման (տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմի կատարելագործում):
17. Իրականացնել քայլեր հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններն առավել կոորդինացված իրականացնելու ուղղությամբ (մասնավորապես, տնտեսությունն աշխուժացնելու նպատակով իրականացվող ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է զուգակցվի բանկային տոկոսադրույքների իջեցումով, իսկ գնաճային ճնշումները թուլացնելու նպատակով իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու դեպքում անհրաժեշտ կլինի վարել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն)` նպաստելով կայուն մակրոտնտեսական միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ միջավայր է ստեղծում տնտեսավարողների և սպառողների կողմից ռացիոնալ վարքագծեր դրսևորելու համար, ինչպես նաև ընդլայնում է կառավարության հնարավորություններն արդյունավետ իրագործելու իր նախագծերը:
Միջոցառումներ
._____________________________________________________________________.
| Միջոցառում | Նպատակ |Ժամկետ |Ֆինանսական |
| | | |ապահովումը |
|_______________________|______________________|________|_____________|
|1. Կանխատեսումների |Կանխատեսելի |շարունա-|չի պահանջվում|
|մեթոդների |մակրոտնտեսական |կական | |
|կատարելագործում և |քաղաքականության | | |
|զարգացում, նոր |իրականացման ապահովում | | |
|մոդելների ներդրում | | | |
|_______________________|______________________|________|_____________|
|2. Պարբերաբար |Հակազդել արտաքին |շարունա-|չի պահանջվում|
|ուսումնասիրել գործընկեր|աշխարհից եկող |կական | |
|երկրների տնտեսական |ցնցումներին, | | |
|իրավիճակը, գնահատել |նպաստելով կայուն | | |
|տնտեսության վրա արտաքին|մակրոտնտեսական | | |
|աշխարհից եկող ռիսկերի |միջավայրի ապահովմանը | | |
|ազդեցությունը, | | | |
|անհրաժեշտությունից | | | |
|ելնելով ներկայացնել | | | |
|համապատասխան | | | |
|առաջարկություններ | | | |
|վարվող հարկաբյուջետային| | | |
|քաղաքականության | | | |
|ճշգրտման ուղղությամբ | | | |
|_______________________|______________________|________|_____________|
|3. Հարկաբյուջետային |Ապահովել |շարունա-|չի պահանջվում|
|(պետական բյուջե, ՄԺԾԾ) |հարկաբյուջետային և |կական | |
|և դրամավարկային |դրամավարկային | | |
|(դրամավարկային |քաղաքականությունների | | |
|քաղաքականության ծրագիր)|առավել կոորդինացված | | |
|քաղաքականությունների |իրականացում | | |
|հիմքում ընկած ծրագրերի | | | |
|փոխհամաձայնեցում | | | |
|_______________________|______________________|________|_____________|
|4. Տնտեսության |Նպաստել կայուն |շարունա-|չի պահանջվում|
|հավասարակշռությունը |մակրոտնտեսական |կական | |
|վտանգող` մակրոտնտեսական|միջավայրի ապահովմանը | | |
|ցուցանիշների | | | |
|վատթարացման պարագայում | | | |
|ՀՀ կենտրոնական բանկի | | | |
|հետ համատեղ | | | |
|միջոցառումների | | | |
|իրականացում` | | | |
|հիմնախնդիրները օպերատիվ| | | |
|կերպով հաղթահարելու | | | |
|ուղղությամբ | | | |
._____________________________________________________________________.
IV. Տնտեսական աճի կայունությանը միտված հարկաբյուջետային
քաղաքականություն
IV.I Պետական եկամուտների ձևավորման նպատակով հարկման օպտիմալ
մակարդակի ապահովում
Իրավիճակը
18. Հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին մշակվող և իրականացվող քաղաքականությունը, որը միտված է եղել ինչպես հարկային (մաքսային) քաղաքականության կատարելագործմանը, այնպես էլ հարկահավաքման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն է ընձեռել ապահովելու պետական եկամուտների մակարդակի աճ: Սակայն կատարվող վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ հարկերի հավաքագրելիությունը դեռևս օպտիմալ մակարդակի վրա չէ, և հարկային վարչարարության կատարելագործումն ու տնտեսության մեջ ստվերային շրջանառության ծավալների կրճատումը շարունակական գործընթացներ են:
19. Վերոնշյալ խնդիրների լուծման և պետական եկամուտների` առավել առաջանցիկ տեմպերով աճ ապահովելու համար հարկային և մաքսային ոլորտներում իրականացվել են բազմաթիվ նպատակային միջոցառումներ: Մասնավորապես`
1) ստվերային տնտեսության դեմ պայքարի և հարկերի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել գործող հարկային օրենսդրության մեջ, որոնց համաձայն 2010 թ. հունվարի 1-ից խոշոր հարկ վճարողների համար ներդրվել է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը, ակցիզային հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար ներդրվել է «Ակցիզային պահեստ» ռեժիմը,
2) մանրածախ առևտրի ոլորտում ապրանքաշրջանառության իրական ծավալների հաշվառման հնարավորությունների ընդլայնման ու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների միջոցով վիճակահանությունների կազմակերպման և բոնուսների տրամադրման համակարգ:
20. Վերոնշյալ միջոցառումների իրականացումը հարկային մարմիններին հնարավորություն կընձեռի իրականացնելու առավել արդյունավետ ընթացիկ հարկային հսկողություն` հարկ վճարողների կողմից մատակարարվող ապրանքների ու կատարվող աշխատանքների ծավալների, գների և նշյալ գործարքների փաստաթղթավորման նկատմամբ:
21. Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության առանձին ուղղություններին, ապա հարկ է նկատել, որ դրանք նպատակադրված են եղել մի կողմից` նպաստավոր ձեռնարկատիրական միջավայրի ձևավորմանը, մյուս կողմից` պետական եկամուտների հավաքագրման օպտիմալ մակարդակի ապահովմանը: Մասնավորապես`
1) փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության նպատակով բազմաթիվ փոփոխություններ են կատարվել գործող հարկային օրենսդրությունում (բարձրացվել է ավելացված արժեքի հարկով չհարկվող նվազագույն շեմը, պարզեցվել են հարկային հաշվառման ու գրանցումների կատարման ընթացակարգերը, կրճատվել և պարզեցվել են հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունները և այլն),
2) 2008թ. երկրորդ կիսամյակից մեր տնտեսությունում նկատված ճգնաժամային երևույթները մեղմացնելու նպատակով որոշակի հարկային արտոնություններ են տրամադրվել գործունեության առանձին ոլորտների (գորգագործություն, թանկարժեք քարերի ու մետաղների արտադրություն և իրացում),
3) ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվել երեք տարով հետաձգելու ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
22. Հարկային քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումները չեն սահմանափակվում միայն վերոնշյալով, հետևաբար շարունակվելու են իրականացվել ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանը, հարկման բազայի ընդլայնմանը և հարկահավաքման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսվում է`
1) կրճատել, պարզեցնել և միասնականացնել հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունները,
2) ներդնել գերավճարների հետ վերադարձն ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողներին տույժերի վճարման համակարգ,
3) գործունեության առանձին տեսակների համար նախատեսված հաստատագրված վճարների համակարգը փոխարինել հարկման ընդհանուր համակարգով,
4) որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալների հաշվառման նպատակով ներդնել հատուկ դրոշմապիտակների կիրառության համակարգ,
5) կեղծ փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի գործուն միջոցներ կիրառելու նպատակով ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգ:
23. Վերոնշյալ միջոցառումները հնարավորություն կընձեռեն մի կողմից` բարելավել ձեռնարկատիրական միջավայրը, մյուս կողմից` բարձրացնել հարկահավաքման գործընթացի արդյունավետությունը: Արդյունքում` կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` պետական բյուջեի եկամուտների անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար:
Մարտահրավերներ
24. Հարկային օրենսդրության դեռևս ոչ լիարժեք կիրառություն
25. Տնտեսության մեջ ստվերային շրջանառության առկայություն
Նպատակադրումներ
26. Հարկային եկամուտների հավաքագրելիության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է ապահովել` հարկման արդարացիության սկզբունքներին համահունչ հարկային համակարգի շարունակական կատարելագործում, հարկային և մաքսային օրենսդրության պարզեցում, հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման կամավորության սկզբունքի արմատավորում` ինքնագնահատման համակարգի ներդրման միջոցով, արտաքին առևտրի խթանում, ներքին արտադրության խրախուսում և պաշտպանվածություն` միաժամանակ չխախտելով նաև այդ ուղղությամբ միջազգային կազմակերպություններին անդամակցելու հետ կապված` Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը:
27. Հարկային և մաքսային համակարգերի մրցունակության բարձրացման համար պետք է իրականացվի հարկային և մաքսային վարչարարության մեթոդաբանական կատարելագործում:
Լուծումներ
28. Հարկման արդարացիության սկզբունքի ապահովում` ենթադրում է օրենքի գերակայության սկզբունքի կիրառում բոլոր հարկ վճարողների նկատմամբ, ինչպես նաև հարկման այլընտրանքային համակարգերից անցում ընդհանուր հարկման դաշտ:
29. Հարկային և մաքսային օրենսդրության պարզեցում` ենթադրում է հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցում, այսինքն հարկային և մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների միասնականացում, էլեկտրոնային եղանակով դրանց ներկայացման հնարավորության ապահովում, մաքսային սահմանին ինքնահայտարարագրման համակարգի կիրառման ընդլայնում, էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման տեսակարար կշռի ավելացում, մաքսային արժեքի որոշման ժամանակ «գործարքի գնի» մեթոդի կիրառման ընդլայնում, հետբացթողումային հսկողության միջոցով ռիսկերի կառավարում, նախնական հայտարարագրման և մաքսային ձևակերպման հնարավորության ստեղծում:
30. Ինքնագնահատման համակարգի ձևավորում` ենթադրում է հարկ վճարողների կողմից իրենց առևտրային գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների ինքնուրույն, ինքնակամ գնահատում, հաշվարկում և վճարում:
31. Արտաքին առևտրի խթանում` ենթադրում է ներմուծման/արտահանման ընթացակարգերի պարզեցում, արտահանման ներուժի խթանում` արտահանման ժամանակ իրականացվող ընթացակարգերի կրճատում և պարզեցում:
32. Ներքին արտադրության խրախուսում և պաշտպանվածություն` ենթադրում է ներմուծման փոխարինմանն ուղղված միջոցառումների իրականացում, օպտիմալ հարկման դաշտի և պարզ ընթացակարգերի ձևավորման միջոցով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծում:
33. Հարկային և մաքսային համակարգերի մրցունակության բարձրացում` ենթադրում է հարկային և մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի ապահովում, ռիսկերի չափանիշների հիման վրա հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության սկզբունքների ձևավորում, կոռուպցիոն ռիսկերի կառավարում և նվազեցում` հարկային և մաքսային մարմինների և հարկ վճարողների շփման նվազեցման միջոցով:
Միջոցառումներ
._____________________________________________________________________.
| Միջոցառում | Նպատակ |Ժամկետ |Ֆինանսական |
| | | |ապահովումը |
|_______________________|______________________|________|_____________|
|1. Պետական եկամուտների |Հարկային/մաքսային |2010 թ. |չի պահանջվում|
|քաղաքականության |քաղաքականության և |հուլիսի | |
|ստորաբաժանման |վարչարարության |3-րդ | |
|գործառույթների |մեթոդաբանության |տասնօր- | |
|վերանայում |համադրման միջոցով |յակ | |
| |արդյունավետ | | |
| |համակարգերի | | |
| |ձևավորում: Նոր | | |
| |կառուցվածքը ենթադրում | | |
| |է վարչարարության | | |
| |մեթոդաբանության | | |
| |գործառույթների | | |
| |ավելացում | | |
|_______________________|______________________|________|_____________|
|2. Վարչարարության |Արդյունավետ հարկային |Շարունա-|չի պահանջվում|
|կատարելագործմանն |և մաքսային |կական | |
|ուղղված օրենսդրական |վարչարարության | | |
|փոփոխություններ |մեթոդաբանության | | |
| |մշակում | | |
|_______________________|______________________|________|_____________|
|3. Հարկային օրենսգրքի |Միասնական հարկային |2010 թ. |չի պահանջվում|
|մշակում |օրենսդրության |դեկտեմբե| |
| |ձևավորում |րի 3-րդ | |
| | |տասնօր- | |
| | |յակ | |
|_______________________|______________________|________|_____________|
|4. Հարկման |Հարկման արդարացիության|2010 թ. |չի պահանջվում|
|այլընտրանքային դաշտից |սկզբունքի ապահովում |սեպտեմբե| |
|ընդհանուր հարկման դաշտ | |րի 2-րդ | |
|անցում | |տասնօր- | |
| | |յակ | |
|_______________________|______________________|________|_____________|
|5. Ներմուծման և |Ռիսկերի չափանիշների |2010 թ. |չի պահանջվում|
|արտահանման ժամանակ |հիման վրա մաքսային |դեկտեմ- | |
|ռիսկերի կառավարման |հսկողության |բերի | |
|չափանիշների |ընթացակարգերի |3-րդ | |
|սահմանում |արդյունավետության |տասնօր- | |
| |բարձրացում |յակ | |
._____________________________________________________________________.
IV.II. Տնտեսության գերակա ուղղություններին համահունչ արդյունավետ
ծախսային քաղաքականության իրականացում
Իրավիճակը
34. Կայուն զարգացման ծրագրով (ԿԶԾ) սահմանված տնտեսության գերակա ուղղություններին համահունչ առաջիկա տարիների համար առավել կարևորվում են պետական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները`
1) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառներում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,
2) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
3) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:
35. ԿԶԾ-ով նախանշված հիմնական ցուցանիշներին հասնելու կարևորագույն գրավականներից մեկը պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է` բյուջետային միջոցների միջոլորտային և ներոլորտային բաշխումների` կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետ փոխկապակցվածության ուժեղացման շնորհիվ: Այս առումով առավել կարևորվում են հանրապետության պետական ֆինանսական կառավարման համակարգի արդյունավետության բարելավմանն ուղղված աշխատանքները, որոնք ընդգրկում են ֆինանսական կառավարման տարբեր ոլորտների գործառույթների ինտեգրումը, յուրաքանչյուր ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում առկա ծրագրերի ներդրման աշխատանքների ապահովումը:
36. Այս բնագավառում կառավարության կողմից անցած ժամանակաշրջանում արդեն իսկ իրականացվել են էական բարեփոխումներ: Դրանցից ամենանշանակալիցն անցումն էր պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրմանը: Սկսած 2003 թ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) օրենսդրորեն ամրագրվեց որպես բյուջետային գործընթացի անբաժանելի մաս: Դա հնարավորություն ընձեռեց ավելի կանխատեսելի և իրատեսական դարձնելու կառավարության միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը` դրանց ամրագրելով կոնկրետ ֆինանսական ռեսուրսներ: Մեծացան նաև ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների կարողությունները և ինքնուրույնությունը` միջին ժամկետ հատվածում ռազմավարական ծրագրեր կազմելու և իրագործելու առումով: ՄԺԾԾ-ն արտացոլելով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) և այնուհետ ԿԶԾ-ի հիմնական սկզբունքներն ու գերակայությունները` հանդիսացավ դրա իրականացման ֆինանսական ապահովման հիմնական աղբյուրը` մի կողմից էապես բարձրացնելով ԱՀՌԾ-ի և ԿԶԾ-ի իրագործման իրատեսականությունը, իսկ մյուս կողմից ապահովելով կառավարության երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական ծրագրերի ներդաշնակությունը:
37. Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում իրականացվում են ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման հետ կապված լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև փորձնական ներդրման ծրագրեր` հաշվի առնելով համաշխարհային փորձը և տեղական առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ 2008 թ. Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է շարունակել ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումները և ընդլայնել դրանց շրջանակը: Դրան համապատասխան աշխատանքների այս ուղղությունն ամրագրվել է որպես առաջնահերթություն և արդյունքում տարեցտարի ընդլայնվում են ինչպես ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման շրջանակները, այնպես էլ այդ գործընթացում բյուջետային ծրագրեր իրականացնող պետական մարմինների ընդգրկվածությունը:
Մարտահրավերներ
38. Երկրում իրականացվող քաղաքականության և բյուջետավորման միջև կապի ոչ բավարար մակարդակ:
39. Բարեփոխումների արդյունավետ իրականացման համար պետական մարմինների բավարար կարողությունների մշտապես զարգացման հնարավորությունների պակաս:
Նպատակադրումներ
40. Պետական բյուջեի կազմման գործընթացներում պետական քաղաքականության նպատակայնության շարունակական մեծացում և պատշաճ արտացոլում բյուջետային փաստաթղթերում:
41. Բյուջետային ծրագրերի արդյունքային ցուցանիշների կիրառելիության աստիճանի բարձրացում:
42. Բյուջետային ծրագրերի իրականացման նպատակային արդյունավետությունը բնութագրող հաշվետվողականության համակարգի զարգացում (տարեկան և եռամսյակային հաշվետվությունների մոնիթորինգի համակարգի ներդրում):
Լուծումներ
43. Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների իրագործմանն օժանդակող օրենսդրական դաշտի փուլային ձևավորում:
44. Պետական ծախսերի մոնիթորինգի և հաշվետվությունների համակարգի ընդլայնում` ոչ ֆինանսական չափորոշիչների կիրառմամբ:
45. Ծրագրային բյուջետավորման բարեփոխումներում ընդգրկված պետական մարմինների կարողությունների զարգացում:
Միջոցառումներ
._____________________________________________________________________.
| Միջոցառում | Նպատակ |Ժամկետ |Ֆինանսական |
| | | |ապահովումը |
|_______________________|______________________|________|_____________|
|1.1. «ՀՀ բյուջետային |Ծրագրային | |չի պահանջվում|
|համակարգի մասին» ՀՀ |բյուջետավորումն | | |
|օրենքում |օրենսդրորեն որպես | | |
|փոփոխությունների և |բյուջետային գործընթացի| | |
|լրացումների մշակում և |իրականացման հիմնարար | | |
|շրջանառում, այդ թվում` |պահանջի ամրագրում և | | |
| |փուլ առ փուլ ներդրում | | |
|առաջին փուլ | | 2010 թ.| |
| | | | |
|երկրորդ փուլ | | 2014 թ.| |
| | | | |
|1.2. Օրենքում կատարվող | | | |
|փոփոխություններից բխող | | | |
|այլ իրավական ակտերի | | | |
|մշակում | | | |
|_______________________|______________________|________|_____________|
|2. Բյուջետային |Նպաստել ծախսերի |շարունա-|չի պահանջվում|
|գործընթացում ծրագրերի |արդյունավետության |կական | |
|կառուցվածքի |բարձրացմանը | | |
|բարեփոխումներ և | | | |
|քաղաքականություն-բյուջե| | | |
|կապն ապահովող | | | |
|վերլուծական աշխատանքներ| | | |
|(հայտերի և | | | |
|մոնիթորինգային | | | |
|հաշվետվությունների | | | |
|ուսումնասիրություն և | | | |
|դրանց արտացոլում | | | |
|բյուջետային | | | |
|որոշումներում) | | | |
|_______________________|______________________|________|_____________|
|3. Պետական մարմինների |Ապահովել պլանավորման |շարունա-|ՀՀ պետական |
|ծրագրային |և վերլուծական |կական |բյուջե, դոնոր|
|բյուջետավորման կիրառման|աշխատանքների պատշաճ | |կազմակերպու- |
|ուղղությամբ |մակարդակ | |թյուններ |
|կարողությունների | | | |
|զարգացում | | | |
._____________________________________________________________________.
IV.III. Պետական պարտքի կառավարման արդյունավետություն
Իրավիճակը
46. Պետական պարտքի արդյունավետ կառավարումը կարևոր դեր է խաղում պետական ֆինանսների կառավարման գործընթացում, որն առավել կարևորվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, քանի որ փոխառության քաղաքականությունն ապագայում չպետք է մեծացնի բյուջեի ֆինանսավորման ծախսերը մինչև անընդունելի և ծայրահեղ մակարդակ` երկիրը դարձնելով խոցելի: Հետևաբար, կառավարման գործուն համակարգի կիրառման անհրաժեշտություն է առաջանում, որն անբարենպաստ պայմաններում կարող է նվազեցնել բացասական ազդեցությունները և մեղմել հավանական ռիսկերը:
47. Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում, ինչպես շատ այլ երկրներ, ՀՀ-ն նույնպես ստիպված էր կանգնել դժվարին մարտահրավերների առջև: 2009 թ. մակրոտնտեսական ցուցանիշների (մասնավորապես` ՀՆԱ, պետական բյուջեի և ընթացիկ հաշվի դեֆիցիտներ) վատթարացման արդյունքում մեծացել է փոխառությունների ծավալը և արձանագրվել ազգային արժույթի էական արժեզրկում: Համաշխարհային տնտեսության ակտիվության նվազեցման և ներքին տնտեսությունում իրավիճակի վատթարացմանը զուգահեռ ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ: Չնայած 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում 2009 թ. ծրագրված եկամուտների թերստացումներն ստիպեցին կառավարությանը վերանայել պետական բյուջեի ծրագրային դեֆիցիտի չափն ու ներգրավել նոր փոխառու միջոցներ և մեծացնել պարտքի բեռը (պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2009 թ. վերջին կազմել է 41%), այնուամենայնիվ պարտքի ցուցանիշները չեն գերազանցում «Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածով նախատեսած սահմանափակումները և գտնվում են կառավարելիության սահմաններում, որը բացատրվում է մինչ ճգնաժամը պարտքի բեռի ցուցանիշների շատ ցածր մակարդակով (պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2008 թ. վերջին կազմել է 16.4%): Ընդհանուր առմամբ պետական պարտքի խելամիտ կառավարման մակարդակը և, մասնավորապես, պարտքի կուռ կառավարումը պետք է շարունակվի նույնիսկ ճգնաժամից հետո, երբ տնտեսությունը կմտնի բնականոն զարգացման փուլ:
Մարտահրավերներ
48. Ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում պետական պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների գրանցված էական աճը կարող են դժվարացնել ՀՀ պարտք ներգրավելու հնարավորությունները: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արտոնյալ պայմաններով համագործակցության սահմանափակումը ՀՀ-ի համար մեծացնում է այլընտրանքային ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրների նշանակությունը:
49. Ներկայումս արտաքին աղբյուրներից արտոնյալ պայմաններով վարկավորման հնարավորությունների սահմանափակումը կառավարությանը պարտադրում է առևտրային պայմաններով փոխառու միջոցներ ներգրավել: Հետևաբար, ի հայտ են գալիս ռիսկեր կապված վարկերի տոկոսադրույքների հետ` հատկապես, երբ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:
Նպատակադրումներ
50. Պետական պարտքին առնչվող փոխհարաբերությունների կանոնակարգում և պետական պարտքի կառավարման թափանցիկության, արդյունավետության և հրապարակայնության ապահովում:
51. Երկարաժամկետ հատվածում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացում:
52. Արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության շարունակում և խորացում` նախապատվությունը տալով արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը, ինչպես նաև հնարավորինս խուսափելով լողացող տոկոսադրույքով վարկեր ներգրավելուց:
53. Պարտքի կայուն և խելամիտ կառավարման նպատակով պարտքի կառավարման բարեփոխումների համակարգային ծրագրի իրականացում:
Լուծումներ
54. Իրականացնել քայլեր կառավարության նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ, որը կհանգեցնի պոտենցիալ ներդրողների բազայի ընդլայնմանը, հետևաբար դրական ազդեցություն կունենա պարտքը բնութագրող ցուցանիշների բարելավման վրա` նպաստելով ներքին պարտքի շուկայի կայունությանը (կթուլացնի արտաքին և ներքին շոկերի ազդեցությունը պարտքի շուկայի վրա), այդ թվում`
ա) պարբերաբար ներկայացնել պարտքի վերաբերյալ կարևոր տեղեկատվությամբ հաշվետվություններ` ապահովելով հրապարակայնությունը ներդրողների հետ աշխատանքներում,
բ) կարևորել պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացումը` քայլեր ձեռնարկելով խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով, կառավարության նկատմամբ վստահության ամրապնդմանը զուգահեռ կակտիվացվեն գովազդային աշխատանքները պոտենցիալ ներդրողների շրջանում, ինչպես նաև կներդրվի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային համակարգ,
գ) ներդնել պարտքի գրանցման և հաշվառման համակարգ,
դ) բարելավել և հզորացնել պարտքի կառավարման ստորաբաժանման կառուցվածքը (նախատեսված է «Պետական պարտքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի մարտի 3-ի թիվ 150-Ա հրամանով),
ե) բարելավել պետական պարտքի մասին տարեկան և կիսամյակային հաշվետվությունները,
զ) քայլեր իրականացնել առաջնային շուկայի զարգացման ուղղությամբ,
է) մշակել պարտքի միջնաժամկետ ռազմավարություն:
55. Երկարաժամկետ հատվածում պետական պարտքի տոկոսադրույքների ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը`
1) կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,
2) ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,
3) հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,
4) արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,
5) արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս նախապատվություն տալ առավելագույն արտոնյալ ժամկետ ունեցող` առնվազն 5 տարի և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,
6) անհրաժեշտության դեպքում արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:
56. Պետական պարտքի արդյունավետ կառավարման գործում վարկային միջոցների անձնագրերի հետ իրականացվող աշխատանքներում նախատեսվում է ՀՀ կառավարության արտաքին պարտք ձևավորող յուրաքանչյուր վարկային համաձայնագրի վերաբերյալ շարունակել կազմել վարկի անձնագիր, որում կամփոփվի տվյալ վարկային ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը (վարկային ծրագրի անվանում, վարկատու, վարկառու, ստորագրման ամսաթիվ, գումար, արժույթ, վարկային ծրագրի ավարտման ժամկետ, տոկոսադրույք, սպասարկման գծով այլ վճարներ, մայր գումարի մարման պայմաններ և ժամկետներ, վարկային ծրագրի նպատակներ և բաղադրիչներ, որոշակի պահի դրությամբ վարկի գծով պարտքի մնացորդը, վճարված տոկոսավճարները, մայր գումարի մարումները, կատարված մասհանումները): Այս տեղեկատվությունն անհրաժեշտ հիմք կհանդիսանա ապագայում պետական պարտքի գրանցման և հաշվառման համակարգի ձեռքբերումից հետո վարկային համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրելու համար:
ՀՀ պետական պարտքի մասին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարբերաբար թողարկվող տարեկան և կիսամյակային հաշվետվություններում կշարունակվի հրապարակվել գործող վարկային համաձայնագրերի ցանկը` ներառյալ վարկավորման պայմանները, իսկ յուրաքանչյուր վարկի գծով համապատասխան եռամսյակի ընթացքում իրականացված գործառնությունների (տոկոսավճար, մայր գումարի մարում, վարկային միջոցների ստացում, պարտքի մնացորդ) վերաբերյալ տեղեկատվությունը կշարունակվի հրապարակվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» եռամսյակային զեկույցներում: Նախատեսվում է կիսամյակային կտրվածքով վարկային անձնագրերի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում:
57. Հարկային եկամուտները պետք է արագ աճեն, որպեսզի պետական պարտքի սպասարկումը տեղի չունենա ի հաշիվ այլ ծրագրերի կրճատման:
Միջոցառումներ
._____________________________________________________________________.
| Միջոցառում | Նպատակ |Ժամկետ |Ֆինանսական |
| | | |ապահովումը |
|_______________________|______________________|________|_____________|
|1. Պարտքի կառավարման |ՈՒնենալ միջազգային |2012 թ. |չի պահանջվում|
|ստորաբաժանման |լավագույն փորձին |դեկտեմ- | |
|գործառույթների |համապատասխան պարտքի |բերի | |
|հստակեցում |կառավարմամբ զբաղվող |3-րդ | |
| |ստորաբաժանման նոր |տասնօր- | |
| |կառուցվածք` կոնկրետ |յակ | |
| |գործառույթներով: Նոր | | |
| |կառուցվածքը ենթադրում | | |
| |է երեք ստորաբաժանում- | | |
| |ների առկայություն` | | |
| |առաջնային, միջանկյալ | | |
| |և հետին գրասենյակների| | |
| |գործառույթներով: | | |
|_______________________|______________________|________|_____________|
|2. Պարտքի գրանցման և |Պարտքը կառավարող |2011 թ. |դոնոր |
|հաշվառման նոր համակարգի|մարմնի կողմից պարտքի |դեկտեմ- |կազմակերպու- |
|ներդրում |վերաբերյալ ժամանակին |բերի |թյուններ |
| |ու ամբողջական |3-րդ | |
| |տեղեկատվության |տասնօր- | |
| |հավաքագրում, մշակում |յակ | |
| |և օգտագործում: | | |
|_______________________|______________________|________|_____________|
|3. Պետական պարտքի |Անձնակազմի |շարունա-|չի պահանջվում|
|կառավարման մեջ |մասնագիտական |կական | |
|ընդգրկված անձանց |կարողությունների | | |
|մասնագիտական |զարգացում: | | |
|ունակությունների | | | |
|բարելավում | | | |
|_______________________|______________________|________|_____________|
|4. Դրամական հոսքերի |Դրամական հոսքերի |2012 թ. |չի պահանջվում|
|կառավարման գործընթացի |կառավարման |ապրիլի | |
|բարելավում |արդյունավետության |3-րդ | |
| |բարձրացում: Վերջինս |տասնօր- | |
| |ենթադրում է բարձրացնել|յակ | |
| |ինչպես հոսքերի | | |
| |ծրագրավորման որակը, | | |
| |այնպես էլ ընդլայնել | | |
| |հոսքերի կառավարման | | |
| |գործիքակազմը: | | |
|_______________________|______________________|________|_____________|
|5. Պարտքի աղբյուրների |Պարտքի ներգրավման |2011 թ. |չի պահանջվում|
|դիվերսիֆիկացման |հնարավոր այլ |հունիսի | |
|հնարավորությունների |աղբյուրների ստեղծում: |3-րդ | |
|ուսումնասիրում |Ներքին աղբյուրներից |տասնօր- | |
| |փոխառու միջոցների |յակ | |
| |ներգրավման հիմնական | | |
| |աղբյուր կշարունակվեն | | |
| |դիտարկվել պետական | | |
| |պարտատոմսերը: | | |
| |Ֆինանսական շուկայի | | |
| |ներկայումս իրականացվող| | |
| |բարեփոխումների հաջող | | |
| |ընթացքը կնպաստի | | |
| |պետական պարտատոմսերի | | |
| |շուկայի զարգացմանն ու | | |
| |ընդլայնմանը, որն էլ իր| | |
| |հերթին կավելացնի | | |
| |կառավարության | | |
| |ֆինանսական | | |
| |ճկունությունը, թույլ | | |
| |կտա պետական պարտքի | | |
| |ընդհանուր ծավալում | | |
| |զգալիորեն մեծացնել | | |
| |ներքին աղբյուրներից | | |
| |ներգրավված միջոցների | | |
| |տեսակարար կշիռը, | | |
| |դիվերսիֆիկացնել | | |
| |պետական պարտատոմսերի | | |
| |կառուցվածքում | | |
| |ներդրողների | | |
| |կառուցվածքը` հիմնական | | |
| |շեշտը դնելով | | |
| |կենսաթոշակային | | |
| |հիմնադրամների և | | |
| |ապահովագրական | | |
| |ընկերությունների վրա | | |
| |(ներկայումս հիմնական | | |
| |ներդրող է հանդիսանում | | |
| |բանկային հատվածը): | | |
._____________________________________________________________________.
IV.IV. Հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների կատարելագործում` ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ
հսկողություն
Իրավիճակը
58. Հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործում.
ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության համակարգի կատարելագործման տեսակետից կարևորվում է Եվրամիության կողմից հաստատված` պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի (ՊՆՖՀ) ներդրումը: ՊՆՖՀ-ը կառուցվածքային մոդել է, որն ուղղորդում է կառավարություններին հանրային ծառայությունների մատուցման համար ժամանակակից կառավարման և հսկողության միջավայր ձևավորելու գործընթացում: Դրա նպատակն է պատշաճ հավաստիացում տալ, որ գործարքները համապատասխանում են արդյունավետության, օգտավետության և տնտեսման սկզբունքներին, ինչպես նաև համապատասխան օրենսդրությանը:
59. ՊՆՖՀ համակարգի առկայության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները`
1) հստակ ամբողջական կառավարման կառուցվածք,
2) համարժեք տեղեկատվական համակարգեր (բյուջետային, հաշվապահական և ծախսային, ինչպես նաև ոչ ֆինանսական տեղեկատվական համակարգեր և ռիսկերի կառավարման մեխանիզմներ),
3) բյուջետային միջոցները պետք է հնարավորինս սերտորեն կապված լինեն այն նպատակների հետ, որոնց հասնելու համար օգտագործվում են այդ ֆոնդերը: Այդ միջոցները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ, օգտավետ և նպատակային, ինչպես նաև պետք է հստակ սահմանված լինի դրա համար կառավարչական պատասխանատվություն,
4) կառավարման և ներքին հսկողության կայուն մեխանիզմներ ձևավորելու համար պետք է հստակ սահմանված լինեն ներքին կառույցների պատասխանատվության շրջանակները,
5) ներքին հավաստիացման համակարգեր (ներքին աուդիտ),
6) ստանդարտների սահմանման և մոնիթորինգի կենտրոնական մարմին (Ներդաշնակեցման կենտրոնական ստորաբաժանում),
7) հաշվետվությունների համակարգ` ներքին և արտաքին,
8) արդյունավետ արտաքին աուդիտ, որն ի վիճակի է բավարարել արտաքին օգտագործողների կարիքները:
60. Հայաստանում գործող պետական ֆինանսական կառավարման միջավայրում ՊՆՖՀ-ի նշված պայմանները հիմնականում բացակայում են: Շատ դեպքերում բացակայում են նաև կառավարչական հաշվետվողականությունը և արդյունավետության համար անհրաժեշտ պայմանները:
61. Այս հիմնախնդիրների մի մասը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ` պետական ֆինանսների կառավարումը բարելավելու համար: Այդուհանդերձ, կառավարությունը դեռևս չի անդրադարձել հանրային ծառայությունների կառավարչական համակարգի բարեփոխումների ընդհանուր խնդրի լուծմանը: Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ընթացիկ բարեփոխումները ներկայումս կենտրոնացված են հիմնականում ներքին աուդիտի գործառույթի զարգացման վրա, իսկ ֆինանսական կառավարման և հսկողության մասը գործնականում չի շոշափվում:
62. ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն.
ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսավարող սուբյեկտների կողմից բյուջեի եկամուտների ձևավորմանն ու ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության նկատմամբ հսկողության նպատակով 2009 թ. ընթացքում իրականացված ստուգումների քանակը զգալիորեն կրճատվել է` կազմելով թվով 231, որը 2008 թ. համեմատ նվազել է շուրջ 1.5, իսկ 2007 թ. համեմատ` շուրջ 1.6 անգամ:
63. Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել նաև 2006-2008 թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված գումարների վերականգնման/վերաձևակերպման ցուցանիշերի բարելավման ուղղությամբ` հսկողություն իրականացնելով արձանագրված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման նպատակով համապատասխան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ և հաշվառվել են ինչպես նախկինում, այնպես էլ հաշվետու ժամանակահատվածում ստուգված կազմակերպությունների կողմից վերականգնված գումարները: Մասնավորապես, 2006-2009 թթ. արձանագրված գումարներից` 2009 թվականին, վերականգնվել կամ վերաձևակերպվել է 8,5 մլրդ դրամ (որից` 3,3 մլրդ դրամը վերականգնվել է պետական բյուջե, 331 մլն դրամը կազմակերպությունների հաշվին, 432 մլն դրամը պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումից, իսկ 4,4 մլրդ դրամը հաշվապահական հաշվառմամբ վերաձևակերպվել է կազմակերպությունների հաշվետվություններում), շուրջ 5,8 մլրդ դրամով գերազանցելով 2008 թ. և 8 մլրդ դրամով գերազանցելով 2007 թ. գրանցված ցուցանիշներին:
64. 2009 թ. ընթացքում շարունակվել են աշխատանքները նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և նրանց ենթակա հիմնարկներում ու ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրման և կատարելագործման ուղղությամբ: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվով 110 մարմիններից 2009 թ. համար սահմանված կարգով հաստատված ներքին աուդիտի տարեկան ծրագրեր ունեն 71-ը` նախորդ տարվա 64-ի և 2007 թ. 71-ի դիմաց, որոնց հիման վրա աուդիտի պետք է ենթարկվեն թվով 898 օբյեկտներ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 9, իսկ 2007 թ. համեմատ` 10 տոկոսով: Զգալիորեն ակտիվացել է նաև աուդիտորական հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Վերոհիշյալ մարմինները կատարված աուդիտների մասով ներկայացրել են համապատասխան հաշվետվություններ, որոնցում ընդգրկված են շուրջ 606 օբյեկտներ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 9, իսկ 2007 թ. համեմատ` 58 տոկոսով:
Մարտահրավերներ
65. Հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն`
1) կառավարչական հաշվետվողականության թույլ համակարգը չի ապահովում պետական ծախսերի արդյունավետության բավարար մակարդակը,
2) ներքին աուդիտի համակարգը բավարար արդյունավետությամբ չի գործում:
66. ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության գործընթացում վերահսկողության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն.
ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության գործընթացում նախնական ռիսկերի գնահատման բացակայություն:
Նպատակադրումներ
67. Հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործում.
ՊՆՖՀ-ի համակարգի ներդրում, որն իրենից ներկայացնում է կառավարչական հաշվետվողականության վրա հիմնված ֆինանսական կառավարման, հսկողության և գործառնական առումով անկախ ներքին աուդիտի ու նշված գործառույթների կարգավորման լիազորությամբ օժտված կենտրոնացված ներդաշնակեցման միավորի (Central Harmonisation Unit) համախումբ:
68. ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն.
ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողություն` ռիսկերի վրա հիմնված վերահսկողության միջոցով:
Լուծումներ
69. Հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործում.
ՊՆՖՀ-ի համակարգի ներդրման նպատակով նախատեսվում է հաստատել ՊՆՖՀ-ի ռազմավարությունը, «Ներքին աուդիտի մասին», «Ֆինանսական կառավարման, հսկողության մասին», «Ֆինանսական տեսչության մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմում ստեղծել կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանում: ՊՆՖՀ-ի համակարգի իրականացման համար կարևորվում է նաև նշված ստորաբաժանման, ինչպես նաև բյուջետային կազմակերպությունների համապատասխան պաշտոնյաների ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը:
---------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում