ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ
18 հոկտեմբերի 2010 թվականի թիվ 1
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Խաչհար» ՍՊԸ-ն 2010 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել է ՀՀ վերահսկիչ պալատ` նշելով, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը «վերահսկվող օբյեկտ» հասկացությունը սահմանում է որպես ծրագրային հարցի կատարման նպատակով վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական կամ ոչ պետական կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական տեսակից, անհատ ձեռնարկատեր: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս Վերահսկիչ պալատն իրավասու է հանդիպակաց ստուգում իրականացնել բյուջետային միջոցների, պետական ու համայնքային սեփականության օգտագործման գործարքի մյուս կողմի մոտ (անկախ վերջինիս կազմակերպաիրավական տեսակից)` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում: Միաժամանակ, նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով մանրամասնորեն ամրագրված են Վերահսկիչ պալատի գործառույթները:
Դիմումում «Խաչհար» ՍՊԸ-ն հայցել է պաշտոնական պարզաբանում այն մասին, թե արդյոք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանդիպակաց ստուգման իրավասությունը սահմանափակում է վերահսկվող օբյեկտում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործառույթների ուղղակի (առանց հանդիպակաց ստուգման հրամանի) իրականացումը:
Դիմումին ի պատասխան` հարկ ենք համարում նշել, որ 1977 թ. Գերագույն Վերահսկիչ Ատյանների Միջազգային Կազմակերպության (INTOSAI) 9-րդ համագումարում ընդունված «Վերահսկողության Ղեկավար Սկզբունքների» Լիմայի Հռչակագրի 24-րդ հոդվածի համաձայն, Բարձրագույն վերահսկիչ մարմինը պետք է լիազորված լինի ստուգելու պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման գործընթացը: Ավելին` «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական տեսակից) որպես վերահսկվող օբյեկտ են դիտարկվում ոչ միայն հանդիպակաց ստուգումների, այլև ծրագրային հարցի կատարման նպատակով:
ՈՒստի` ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջներով` պաշտոնապես պարզաբանում ենք.
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանդիպակաց ստուգման գործառույթը նախատեսված է ՀՀ վերահսկիչ պալատի ընդհանուր իրավասությունների շրջանակում` որպես հիմնական իրավասություն և որևէ կերպ չի սահմանափակում վերահսկվող օբյեկտում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գործառույթների ուղղակի (առանց հանդիպակաց ստուգման հրամանի) իրականացման իրավասությունը: