Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅ ...

 

 

040.0971.060810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2010 թվականի N 971-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծությունը և սերմնարտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի իրականացման նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

1) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել 950 տոննա սերմացու ցորեն, որից` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված «Բատկո», «Կոլեգա», «Եսաուլ», «Յուբիլեյնի 100», «Նոտա» և «Տանյա» սորտերի աշնանացան ցորենի` 823 տոննա և ցանկում գրանցված «Կրասնոդար 99» սորտից 127 տոննա.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրվող Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված աշնանացան ցորենի սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված 6 սորտի` յուրաքանչյուրից` 7.6-ական տոննա (ընդամենը 45.6 տոննա), սորտափորձարկման նպատակով 23 նոր սորտի` յուրաքանչյուրից` 300-ական կգ (ընդամենը 6.9 տոննա) և ցանկում գրանցված «Կրասնոդար 99» սորտի 7.6 տոննա էլիտային վերարտադրության սերմացուները` ընդամենը 60.1 տոննա:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետությունում բարձր վերարտադրության (էլիտա) սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սկսած 2010 թվականի սեպտեմբերի 1-ից` պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման մասին.

2) մեկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշման 5-րդ կետով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

i

5. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 40-րդ կետի արդյունավետ իրականացման և մոնիթորինգն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Հայկական զարգացման գործակալության, հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի, «Գյուղատնտեսության ասոցիացիաների ֆեդերացիա» և «Ֆերմերների ազգային միություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 29-ի

N 971-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ-2010

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

I. Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության բնագավառում ստեղծված իրավիճակը

II. Ծրագրի նպատակը և խնդիրները

III. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները:

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

V. Առաջարկություններ

VI. Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրից և տեղական սերմնաբուծական տնտեսություններից ձեռք բերվող սերմացուների ծավալները, արժեքները, մաքսազերծման, մարզկենտրոններ տեղափոխման, «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացման ծախսերը

VII. Ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում հողատարածքների ընտրության չափորոշիչները և ներկայացվող պահանջները

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա և դրանք, առաջին հերթին, ի հայտ են եկել ապրանքների և հումքի միջազգային գների, սակագների, վարկավորման պայմանների, պայմանագրային և վճարային հարաբերությունների ընդհանուր տիրույթում նկատվող անորոշության, անկայուն վիճակի և դրա արագ փոփոխության հետևանքով:

2. Գյուղատնտեսությունը, լինելով մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, անմասն չի մնացել ճգնաժամի հետևանքներից: Տնտեսավարողների կողմից ձեռք բերվող ռեսուրսների գների և սպասարկման ծառայությունների սակագների բարձրացման և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ վճարունակ պահանջարկի անկման հետևանքով մեր երկրի ագրոպարենային համակարգում կարող են գրանցվել անցանկալի արդյունքներ: Ստեղծված իրավիճակում առավել սրվում է գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հողի և աշխատուժի արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը:

3. Գյուղատնտեսությունում ճգնաժամի հետևանքների մեղմման համընդհանուր լուծումներ չկան, սակայն առաջնահերթ կարևոր ենթաճյուղերում նպատակային քաղաքականության կիրառման շնորհիվ և առկա ներուժի լիարժեք օգտագործման միջոցով կարելի է բարձրացնել մեր երկրի ագրոպարենային համակարգի կայունությունը:

4. Նշված քաղաքականությունը պետք է ուղղվի գյուղատնտեսական ծագման արտադրանքի ավելացմանը, դրանց ներմուծման փոխարինմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Անշուշտ, վերոհիշյալը պահանջում է պետական աջակցության միջոցառումների տարբեր մեխանիզմների կիրառում:

5. Հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների դիմակայությանն ուղղված երկրի ընդհանուր ռազմավարությունում այն պետք է ունենա առանցքային դեր:

6. Ազգային պարենային հաշվեկշռի տվյալներով 2004-2008 թթ. ցորենի ինքնաբավության մակարդակը տատանվում է 31.6-43.1` միջինը` 37%-ի սահմաններում: Յուրաքանչյուր տարի հանրապետությունում ընդամենը օգտագործվում է 650-720 հազ. տոննա ցորեն, իսկ տեղական արտադրության ծավալները 2007, 2008, և 2009 թթ. հանրապետությունում համապատասխանաբար կազմել են` 254,2, 225.7 և 198.1 հազ. տոննա: Սա բավականին ցածր ցուցանիշ է: Ընդունված միջազգային չափանիշներով երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, երբ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 75%-ն ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

7. Հանրապետության պարենային հաշվեկշռի տվյալները վկայում են, որ մի շարք մշակաբույսեր ունեն գրեթե ինքնաբավության մակարդակ, դրանք են` կարտոֆիլը, բանջարեղենը, բոստանը, խաղողը և պտուղը (ներկրվում են հիմնականում մերձարևադարձային պտղատեսակները): Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ և առաջնահերթ խնդիր է, դրանց արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումը, մասնավորապես, սա վերաբերում է պարենային ցորենին:

8. Հետևաբար հաշվի առնելով պարենային հաշվեկշռում ցորենի ունեցած մեծ տեսակարար կշիռը (սպառված էներգետիկ արժեքի ավելի քան 40%), տվյալ պարենամթերքի ստրատեգիական նշանակությունը և ապահովվածության դեռևս ցածր մակարդակը, առաջնահերթ խնդիր է մնում սեփական արտադրության հաշվին հացամթերքով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

 

Վերջին 6 տարիների հնձված ցորենի ցանքատարածությունները, արտադրության ծավալները և ներկրումները բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով

 

.________________________________________________.

|Տարեթիվը|Տարածությունը|Միջին |Համախառն|Ներկրումը|

|        |     հա      |բերքը |բերքը   |տոննա    |

|        |             |ց/հա  |տոննա   |         |

|________|_____________|______|________|_________|

|2004    |   124511    |23.5  | 291555 | 384608  |

|________|_____________|______|________|_________|

|2005    |   127574    |20.3  | 258361 | 319087  |

|________|_____________|______|________|_________|

|2006    |   100118    |14.7  | 146545 | 305513  |

|________|_____________|______|________|_________|

|2007    |    98400    |25.9  | 254233 | 421185  |

|________|_____________|______|________|_________|

|2008    |    92810    |24.3  | 225733 | 297336  |

|________|_____________|______|________|_________|

|2009    |    88530    |22.4  | 198080 | 374920  |

.________________________________________________.

 

9. Ըստ օպերատիվ տվյալների 2009 թ. աշնանը 2010 թ. բերքի համար կատարված աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմում է 82.7 հազ. հա նախորդ տարվա 87.8 հազ. հա և 2005 թվականի 127.6 հազ. հեկտարի դիմաց: Կրճատվել են նաև գարնանացան ցորենի ցանքատարածությունները: Նվազման միտումը կապված է մշակաբույսի ցածր եկամտաբերության հետ: Վերջինս պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը բարձր վերարտադրության սերմացուների պակասն է:

10. Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ձևավորվել էր գիտաարտադրական հզոր, հանրապետության պահանջները հիմնականում բավարարող սերմնաբուծության համակարգ, որն իր մեջ ներառում էր հանրապետական նշանակության գիտաարտադրական միավորումներ, էլիտային և մասնագիտացված սերմնաբուծական տնտեսություններ: Սերմնաբուծության նպատակով մշակության տակ էին դրված հանրապետության ամենաբերրի հողերը` շուրջ 30000 հա ջրովի վարելահող, սերմնաբուծության բոլոր օղակներն ունեին երաշխավորված ֆինանսավորում, սերմերի իրացման կենտրոնացված, վճարունակ համակարգ, նյութատեխնիկական հզոր բազա:

11. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն հացահատիկի սերմերի արտադրության գծով այսօր հանրապետությունում գործում են պետական 2 սերմնաբուծական տնտեսություններ` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ն և «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որոնք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման ու հողատարածքների ընդարձակման:

12. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև տարբեր մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական միություններ, որոնցից են` Սյունիքի սերմ արտադրողների իրավաբանական անձանց միությունը, Սյունիքի ֆերմերների միությունը, Արմենիան Թեքնոլըջի Գրուփ հիմնադրամը և Սերմ արտադրողների աջակցության միությունը: Սակայն նշված տնտեսություններն ինչպես արտադրանքի որակական, այնպես էլ ծավալային առումով չեն բավարարում հանրապետության պահանջարկը:

13. Սերմնաբուծությունը որպես գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոէկոլոգիական և գենետիկական բազմազանության վերարտադրության համակարգ անփոխարինելի նշանակություն ունի բուսաբուծության զարգացման տեսակետից: Ներկայումս հանրապետության բուսաբուծության ոլորտի ամենամեծ հիմնահարցը դարձել է սերմնաբուծության արդյունավետ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, որի լուծման արագությունից է կախված ՀՀ ագրոպարենային համակարգում բազմաթիվ խնդիրների կարգավորումը:

14. Ցորենի սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2007 թ. մարտի 15-ի N 451-Ա որոշմամբ հաստատվեց «Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման 2007-2011 թթ ծրագիրը», որի հիմնական նպատակն է հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացումը և արդյունքում` ինքնապահովության մակարդակի էական ավելացումը:

15. Ծրագրի կատարման համար նախատեսված գումարները 2008 թվականից սկսած կրճատվել են: Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լարվածությունից, շուրջ 70%-ով կրճատվել է նաև 2010 թվականի ՀՀ ճշտված բյուջեով ծրագրի կատարման համար նախատեսված գումարը, որի հետևանքով վտանգվում է ծրագրում նշված հիմնական նպատակների լիարժեք կատարումը: Նույնիսկ նման պայմաններում հացահատիկի բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուների 1 կգ-ի գինը 2007 թ-ի` 200-220 դրամի փոխարեն ներկայումս կազմում է 140-160 դրամ: Ծրագրի իրականացումը մեծ դեր է ունեցել նաև հացահատիկային մշակաբույսերի` հատկապես ցորենի բերքատվության բարձրացման գործում: Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների 2000-2006 թթ ցորենի միջին բերքատվությունը կազմել է 20.6 ց/հա, իսկ 2007-2009 թթ` 24.2 ց/հա, այսինքն ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում ցորենի 1 հա-ի միջին բերքատվությունն ավելացել է 3.6 ցենտներով, կամ տարեկան միջինը` 1.2 ցենտներով:

16. Բացի վերը նշված ծրագրով արտադրված սերմացուներից սերմնաբուծական պետական կազմակերպությունների և սերմնաբուծությամբ զբաղվող մասնավոր ֆերմերների կողմից տարեկան արտադրվում է ևս 1200-1500 տոննա բարձր վերարտադրության սերմացու: Այսինքն հանրապետության հացահատիկի ցանքերի շուրջ 6-7%-ն է ապահովվում սեփական արտադրության բարձր վերարտադրության սերմացուներով:

17. Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվում են ICARDA-ի, SIMIT-ի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի լայնամասշտաբ փորձարկումներ: Մասնավորապես, 2010 թվականին ՈՒկրաինայի Խարկովի մարզից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի հինգ տարբեր սորտերի 1250 կգ սերմացու և հանրապետության տարբեր գոտիներում` սորտափորձարկումներ իրականացնելու նպատակով, հատկացվել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ին, «Սյունիքի սերմնարտադրողների իրավաբանական անձանց միությանը» և «Սերմնարտադրողների աջակցության միությանը»: Սերմացուները հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարվելու և բերքատվության բարձր ցուցանիշ ունենալու դեպքում` կգրանցվեն «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում»:

18. Առաջիկա 3 տարիների ընթացքում, հողօգտագործողներին պետական որևէ նպատակային աջակցություն տրամադրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել մշակաբույսի ռազմավարական նշանակությունը, մշակության ժամանակ 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, ստացվող բերքը և ակնկալվող շահույթը: Վերջինս ելակետային պետք է լինի պետական աջակցության ուղղությունների և չափերի սահմանման համար:

19. Ստորև ներկայացվում է հանրապետության տարբեր գոտիներում, հացահատիկի 1 հա-ի մշակության համար կատարվող ծախսերը, ստացվող միջին բերքը և զուտ եկամուտը:

 

.____________________________________________________________________.

|Մշակաբույսը         |1 հա-ի   |Միջին  |1 կգ-ի  |Հասույթը, |Զուտ     |

|                    |հաշվով   |բերքը, |իրացման |հազ. դրամ |եկամուտը,|

|                    |կատարվող |ց/հա   |միջին   |          |հազ. դրամ|

|                    |ծախսերը, |       |գինը,   |          |         |

|                    |հազ. դրամ|       |դրամ    |          |         |

|____________________|_________|_______|________|__________|_________|

|      1             |    2    |   3   |    4   |    5     |    6    |

|____________________|_________|_______|________|__________|_________|

|Հացահատիկ (Արարատյան|  300-325|  35-40|    90  |   315-360|    15-35|

|հարթավայր)          |         |       |        |          |         |

|____________________|_________|_______|________|__________|_________|

|Հացահատիկ (անջրդի   |  200-220|  20-22|    90  |   180-200|      -20|

|տարածքներ)          |         |       |        |          |         |

.____________________________________________________________________.

 

20. Երաշխավորված բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է: Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուների գները կարգավորելու և տնտեսավարող սուբյեկտների համար մատչելի դարձնելու նպատակով, հանրապետությունում 2007-2011 թթ. ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում որոշակիորեն կարգավորվեց սերմնաբուծական տնտեսությունների կողմից արտադրվող սերմացուների իրացման գինը` ի հաշիվ ծրագրով նախատեսված լրավճարների: Բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) 1 կգ սերմացուն հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին վաճառվում է 160 դրամ արժեքով` գործող շուկայական գներից 25-30%-ով պակաս:

21. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրություններից բացահայտվել է, որ`

1) գրեթե բոլոր, և հատկապես հացահատիկային, մշակաբույսերի գծով զգացվում է որակյալ` բարձր վերարտադրության, բերքատվության մեծ պոտենցիալ ունեցող սերմացուների կարիք,

2) հողօգտագործողների համար մատչելի չեն դիզելային վառելանյութի, պարարտանյութերի և բուժանյութերի գները,

3) անջրդի պայմաններում, միավոր տարածքից, ամենաքիչ եկամուտ են ապահովում հատկապես հացահատիկային մշակաբույսերը,

4) գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` պայմանավորված մշակության նպատակով կատարվող ծախսերի ավելացմամբ,

5) հողօգտագործողներին պետական աջակցության (սուբսիդիա) տրամադրումը նպաստում էր տևականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավմանը, մշակության ագրոտեխնիկայի բարելավմանը և ցանքատարածությունների ու համախառն բերքի ավելացմանը,

22. Հիմք ընդունելով սերմերի պահանջարկը` սորտափորձարկման նպատակով, յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է հանրապետություն ներմուծել արտերկրներում իրենց լավագույնս դրսևորած 15-20 սորտեր և նրանցից հեռանկարայինները, փորձարկումների ավարտից հետո, շրջանացնել հանրապետությունում:

23. «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ի կարողությունների հզորացման համար անհրաժեշտ է 150-200 հա հողատարածքի տրամադրում` երկարատև վարձակալման կամ սեփականության իրավունքով, գյուղատնտեսական տեխնիկայի ու գործիքների ձեռքբերում, ոռոգման ցանցի վերակառուցում, պահեստային տնտեսության բարելավում, ինչի հետևանքով շուրջ 65-70%-ով կավելանան սերմնարտադրության ծավալները:

24. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների հզորացման համար անհրաժեշտ է 70-100 հա հողատարածքի տրամադրում` երկարատև վարձակալման կամ սեփականության իրավունքով, գյուղատնտեսական տեխնիկայի ու գործիքների ձեռքբերում, ոռոգման ցանցի վերակառուցում և բարելավում, ինչի հետևանքով շուրջ 65-70%-ով կավելանան սերմնարտադրության ծավալները:

25. Սերմնաբուծությամբ և սերմնարտադրությամբ զբաղվող մասնավոր տնտեսավարող սուբյեկտների կարողությունների հզորացման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների ու գործիքների ձեռքբերում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

26. Ծրագրի նպատակն է` հանրապետության ագրարային ոլորտի առաջնահերթ կարևորություն ունեցող ենթաճյուղերից մեկում` բուսաբուծության ոլորտի, սերմնաբուծության բնագավառում պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառմամբ նպաստել` ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, հացահատիկային մշակաբույսերի տեղական արտադրության ավելացմանը, ներմուծման փոխարինմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:

27. Ծրագրի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման առաջին տարում արտերկրներից 950 տոննա և տեղական արտադրության 500 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

2) ծրագրի իրականացման երկրորդ տարում արտերկրներից 800 տոննա և տեղական արտադրության 900 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

3) ծրագրի իրականացման երրորդ տարում արտերկրներից 600 տոննա և տեղական արտադրության 1500 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

4) ծրագրի իրականացման չորրորդ տարում արտերկրներից 450 տոննա և տեղական արտադրության 1950 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

5) ծրագրի իրականացման հինգերորդ տարում արտերկրներից ներկրումների դադարեցում և տեղական արտադրության 3300 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

6) պետական և սերմնաբուծության գծով մասնագիտացված ֆերմերային տնտեսություններից գնված սերմացուների վերարտադրության կազմակերպում,

7) արտադրված առաջին վերարտադրության սերմացուն հացահատիկի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին տրամադրում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

28. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նախատեսված են առաջիկա հինգ տարիների համար և ընդգրկում են մեր երկրի ագրոպարենային համակարգի առանցքային ճյուղերից մեկը` բուսաբուծությունը:

29. Իրականացվող միջոցառումները

 

2010 թվական

 

2010 թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 950 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1450 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 4830 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2011 թ. ակնկալվում է հետ ստանալ 2900 տոննա (1450x2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:

2011 թ. նախատեսվում է հետ վերադարձված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուն, 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 9660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն կհատկացվի Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը` համաձայն աղյուսակի:

2011 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 2900 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2012 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2012 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ` հետ վերադարձվող 1 կգ-ի համար սահմանելով 80 դրամ: Գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

 

2011 թվական

 

2011թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 800 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 900 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1700 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 5660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավել հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2012 թ. ակնկալվում է հետ ստանալ 3400 տոննա (1700x2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:

2012 թ. հետ վերադարձված 3400 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` կտրամադրվի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11330 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:

2012 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 3400 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2013 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2012 թվականի Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2013 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:

 

2012 թվական

 

2012 թվականին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, ձեռք բերել մինչև 640 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված, «Կոլեգա», «Տանյա» և ցանկում գրանցված «Կրասնոդար-99» սորտերից, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2130 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն, հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետ վերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2013 թվականին ակնկալվում է հետ ստանալ 1280 տոննա (640 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից` ըստ իրենց հայեցողության:

2013 թվականին նախատեսվում է հետ վերադարձված 1280 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 4260 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

1280 տոննա առաջին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:

2013 թվականին շահառուների կողմից ծրագրով նախատեսված առաջին վերարտադրության 1280 տոննա սերմացուների հետ վերադարձն ամբողջությամբ չապահովելու դեպքում ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2014 թվականին, իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2013 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 1280 տոննա առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2014 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցելու պայմանով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

2013 թվական

 

2013 թվականին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել 440 և Հայաստանի Հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից` մինչև 180 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, իսկ Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է 1:2 փոխհարաբերությամբ հետ ստանալ 40 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը մինչև 660 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2200 հեկտար տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում առավելություն տալով խոշոր հողատարածք ունեցողներին` էլիտային վերարտադրության սերմացուն կհատկացվի շահառուներին, 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու պայմանով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի վերադարձի պայմանները: Սերմացուի հատկացումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում, 2014 թվականին ակնկալվում է հետ ստանալ մինչև 1320 տոննա (660 x 2) առաջին վերարտադրության սերմացու, որը պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Սերմացուները 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած քանակությունը կտնօրինվի վերջիններիս կողմից` ըստ իրենց հայեցողության:

2014 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկված շահառուներից վերադարձված` մինչև 1320 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա գնված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով վերադարձնելու պայմանով հատկացնել հողօգտագործողներին, առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Վերադարձված` մինչև 1320 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով մինչև 1320 տոննա և իրենց պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի հողօգտագործողներին, առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2015 թվականին բերքահավաքից հետո ապահովելով սերմերի գումարների հավաքագրումը` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով, և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

2014 թվական

 

Նախատեսվում է հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 360 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 1200 հեկտար տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում առավելություն տալով խոշոր հողատարածք ունեցողներին` էլիտային վերարտադրության սերմացուն կհատկացվի շահառուներին` 2015 թվականին 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու պայմանով, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի վերադարձի պայմանները: Սերմացուի հատկացումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում` 2015 թվականին նախատեսվում է հետ ստանալ մինչև 720 տոննա (360 x 2) առաջին վերարտադրության սերմացու, որը պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Սերմացուները 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած քանակությունը կտնօրինվի վերջիններիս կողմից` ըստ իրենց հայեցողության:

2015 թվականին վերադարձված` մինչև 720 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա շահառուներից գնված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները պայմանագրային հիմունքներով` մինչև 720 տոննա և իրենց պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի հողօգտագործողներին` առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2016 թվականին բերքահավաքից հետո ապահովելով սերմերի գումարների հավաքագրումը` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով, և «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցումը:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Տեղական սերմնարտադրողների կարողությունները հզորացնելու, սերմնաբուծության զարգացման և ցորենի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով առաջարկվում է ծրագրի իրականացման տարիներին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարում կուտակված գումարն օգտագործել հետևյալ նպատակներով`

ա) սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ և մատչելի գներով հատկացնել հանրապետության բարձր վերարտադրության սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին ու ֆերմերներին.

բ) սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ` հանրապետության բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին և ֆերմերներին մատչելի գներով տրամադրելու նպատակով:

Նկատի ունենալով ցորենի ռազմավարական նշանակությունը` նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել հողօգտագործողների շահագրգռվածությունը ցորենի մշակության նկատմամբ` վերջինիս ցանքատարածությունները 2014 թվականին հասցնելու 110-115 հազ. հեկտարի և 30-31 ց/հա միջին բերքատվության, որի պայմաններում 2015 թվականին կարտադրվի 330-350 հազ. տոննա ցորեն, կամ 2010 թվականին կանխատեսվող 160-170 հազ. տոննայից ավելի արտադրել 170-190 հազ. տոննա ցորեն: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու արտերկրից ցորենի ներմուծումը և ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 37 տոկոսից հասցնելու 50-55 տոկոսի:

(հավելվածը փոփ. 17.07.14 թիվ 790-Ն, 14.08.14 թիվ 911-Ն որոշումներ)

 

Աղյուսակ 1

 

2005-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՄԻՋԻՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, 2010 Թ. ՌԴ-ԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ 950 ՏՈՆՆԱ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԴԻՄԱՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ 1900 ՏՈՆՆԱ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԳՆՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ 117 ՏՈՆՆԱ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԴԻՄԱՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ 334 ՏՈՆՆԱ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2011 Թ. ԳՆՎՈՂ 766 ՏՈՆՆԱ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԿՑՈՎ)

 

._________________________________________________________________________.

|N |Մարզեր   |   Կատարվել է աշնանացան                |5 տարվա   |Ընդամենը |

|  |         |_______________________________________|միջին     |մարզին   |

|  |         |2005-ին|2006-ին|2007-ին|2008-ին|2009-ին|ցանկ      |հատկացվող|

|  |         |կատարած|կատարած|կատարած|կատարած|կատարած|          |քանակը   |

|  |         |2006-ի |2007-ի |2008-ի |2009-ի |2010-ի |          |(ԴՌ-ից և |

|  |         |բերքի  |բերքի  |բերքի  |բերքի  |բերքի  |          |ՀՀ-ից)   |

|  |         |տակ    |տակ    |տակ    |տակ    |տակ    |          |(տոննա)  |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|1 |Արագածոտն|8812   |10260  |8185   |8281   |8312   |8770,0    |282      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|2 |Արարատ   |8280   |5353   |4290   |4136   |3895   |5190,8    |167      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|3 |Արմավիր  |11431  |7161   |6469   |6694   |5255   |7402,0    |238      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|4 |Գեղարքու-|14936  |14775  |15195  |11928  |17777  |14922,2   |481      |

|  |նիք      |       |       |       |       |       |          |         |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|5 |Լոռի     |9289   |9595   |8015   |7136   |6446   |8096,2    |261      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|6 |Կոտայք   |7552   |7486   |7265   |6599   |4875   |6755,4    |218      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|7 |Շիրակ    |21921  |23234  |21272  |21422  |18778  |21325,4   |687      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|8 |Սյունիք  |12850  |13161  |12572  |14058  |11154  |12759,0   |411      |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|9 |Վայոց ձոր|1251   |870    |995    |1367   |1027   |1102,0    |35       |

|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|10|Տավուշ   |4369   |3468   |3488   |3183   |4131   |3727,8    |120      |

|____________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|

|Ընդամենը    |100691 |95363  |87746  |84804  |81650  |90050,8   |2900     |

._________________________________________________________________________.

 

2011 թ. մարզերին հատկացվող 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուի բաշխման գործակից (2900 տոննա/90050.8 հա)` 0,032204045

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

30. Տեղական արտադրության հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացման համար նախադրյալների ստեղծում,

31. տեղական բարձր վերարտադրության սերմերի արտադրության մրցունակության բարձրացման և ծավալների ավելացման միջոցով ներմուծման փոխարինում,

32. նպատակային պետական աջակցության մեխանիզմների կիրառմամբ բնատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծում,

33. ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծում,

34. հանրապետության ագրոպարենային համակարգի` սերմնաբուծության ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ընկերությունների, ֆերմերային տնտեսությունների ժամանակավոր դժվարությունների հաղթահարման և կայուն գործունեության ապահովման պայմանների ստեղծում,

35. ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում:

36. ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի, համալիր միջոցառումների արդյունքում, երկրի ագրոպարենային համակարգում ձևավորել համեմատաբար կայուն իրավիճակ,

37. ցորենի մշակության եկամտաբերության բարձրացում, ցանքատարածությունների ընդարձակում և համախառն բերքի ծավալների ավելացում:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

38. Վերլուծությունները և հաշվարկները ցույց են տալիս, որ ցորենի մշակությունը համարվում է ոչ եկամտաբեր ճյուղ, ինչի հետևանքով տարեցտարի կրճատվում են ցանքատարածությունները և նվազում է համախառն բերքը: Որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, անհրաժեշտ է ցորենի արտադրությունը հանրապետությունում համարել գերակա ուղղություն:

39. Ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու, հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացման տեղական բարձր վերարտադրության սերմնարտադրության ծավալներն ընդլայնելու և տնտեսավարող սուբյեկտներին բարձրորակ սերմացուներով ապահովելու նպատակով կարևորվում է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում մասնավոր հիմունքներով սերմնաբուծական տնտեսությունների հիմնումը:

40. Սերմացուների գնման, բաշխման, հետվերադարձի, Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխման, հողատարածքների ընտրության, պայմանագրերի կնքման, շրջանառու հիմնադրամի ֆինանսական միջոցների հավաքագրման, օգտագործման գործընթացի և ծրագրի իրականացման պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

41. Հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հաշվետու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

42. Սերմնարտադրության գործընթացում առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սերմնարտադրողների իրավաբանական անձանց միության» օրինակով ստեղծել սերմնարտադրողների միություններ, որոնց հիման վրա ստեղծել նաև «Սերմնարտադրողների միություն» հանրապետական կենտրոն կամ խորհուրդ: Վերջինիս նպատակը պետք է լինի`

ա) հանրապետության սերմնարտադրողների շահերի ներկայացումը և պաշտպանությունը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն սերմնարտադրողների խնդիրների ներկայացումը և մասնագիտական օգնության ցուցաբերումը

գ) հացահատիկի մթերմամբ, համակցված կերերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների և ալրաղացների հետ պայմանագրային գործընթացների կնքումը,

դ) միության անդամներին մատչելի գներով տեխնիկայի, պարարտանյութերի, բուժանյութերի, պահեստային մասերի և այլնի մատակարարումը,

ե) օրենսդրական դաշտի բարելավումը,

զ) արտերկրից սերմացուների ներկրումը,

է) սերմնարտադրողներին աջակցության համար պահուստային ֆոնդի ստեղծումը:

43. Երևան քաղաքի տարածքում կառուցված, 3200 տոննա հզորությամբ սերմազտիչ գործարանը ապամոնտաժել, տեղակայված 800-ական տոննա տարողությամբ 4 բունկերներից յուրաքանչյուրը տեղափոխել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Արագածոտնի մարզեր և վերջիններիս բազայի հիման վրա տեղերում կառուցել սերմազտիչ գործարաններ:

44. Հանրապետությունում ցանքաշրջանառություն իրականացնելու նպատակով, վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ցորենի սերմացուների ներկրման հետ միասին իրականացնել նաև այլ մշակաբույսերի, մասնավորապես` եգիպտացորենի, կերային մշակաբույսերի և այլնի բարձր վերարտադրության սերմացուների ներկրումներ:

45. Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրներից ներմուծվող և հանրապետությունում գնվող սերմացուների գները սղաճի դեպքում ենթակա են վերանայման:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ, ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

2010 թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված է`

-պետական աջակցության գյուղատնտեսական հողօգտագործողներին -558.0 մլն դրամ

-գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության

    տրամադրման համակարգում                                 -20.835 մլն դրամ

այդ թվում`

    -գյուղ. հողօգտագործողներին պետ. աջակցութ. տրամադր.     -15.0 մլն դրամ

համակարգում

-»Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական

ծառայություն

    -ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացում                  -5.835 մլն դրամ

2011 թ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է`

    -պետական աջակցություն գյուղատնտեսական                  -550,0 մլն դրամ

հողօգտագործողներին

-գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական

    աջակցության տրամադրման համակարգում                     -20.835 մլն դրամ

 

2010 թ. արտերկրից սերմի ներմուծում 950 տոննա X 400 դր = 380.0 մլն դրամ

    ԱԱՀ                                 380.0 մլն X 20% = 76.0 մլն դրամ

    Տեղական սերմնաբուծական              500 տոննա X 160 դր = 80.0 մլն դրամ

տնտեսություններից

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման,

բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր-22.0 մլն դրամ

380,0+76.0+80.0+22.0=558.0 մլն դրամ

558.0+20.835=578.835 մլն դրամ

 

2011 թ. արտերկրից սերմի ներմուծում 800 տոննա X 400 դր = 320,0 մլն դրամ

    ԱԱՀ                                320.0 մլն դրամ X 20% = 64,0 մլն դրամ

    Տեղական սերմնաբուծական              900 տոննա X 210 դր = 189.0 մլն դրամ

տնտեսություններից

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված

սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ

մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր -22.0 մլն դրամ

320.0+64.0+189.0+22.0=595,0 մլն դրամ

595.0+20.835=615,835 մլն դրամ

 

2012 թ. արտերկրից սերմի ներմուծում 600 տոննա X 400 դր = 240.0 մլն դրամ

    ԱԱՀ                                240.0 մլն X 20% = 48.0 մլն դրամ

Տեղական սերմնաբուծական

    տնտեսություններից                  1500 տոննա X 210 դր = 315,0 մլն դրամ

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման,

բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր -22.0 մլն դրամ

240.0+48.0+315,0+22.0=625,0 մլն դրամ

325,0+20.835=645,835 մլն դրամ

 

2013 թ. արտերկրից սերմի ներմուծում 450 տոննա X 400 դր = 180.0 մլն դրամ

    ԱԱՀ                                 160.0 մլն X 20% = 36.0 մլն դրամ

Տեղական սերմնաբուծական

    տնտեսություններից                  1950 տոննա X 210 դր = 409,5 մլն դրամ

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք

բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման,

    ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և  այլ ծախսեր    -22.0 մլն դրամ

180.0+36.0+409.5+22.0=647,5 մլն դրամ

647,5+20,835=668,335 մլն դրամ

 

2014 թ. արտերկրից սերմի ներմուծում

ԱԱՀ

    Տեղական սերմնաբուծական         3300 տոննա X 210 դր = 693,0 մլն դրամ

տնտեսություններից

Տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման,

    ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման ու այլ ծախսեր       -22.0 մլն դրամ

693,0+22.0=715,0 մլն դրամ

715,0+20.835=735,835 մլն դրամ

 

2010 թ. 578.835 մլն դրամ

2011 թ. 615,835 մլն դրամ

2012 թ. 645,835 մլն դրամ

2013 թ. 668,335 մլն դրամ

2014 թ. 735,835 մլն դրամ

Ընդամենը` 3244,675 մլն դրամ

 

._____________________________________________________________________.

|Տարեթիվ   |Արտերկրից ներմուծում|Տեղական արտադրության    |Ընդամենը    |

|          |                    |սերմացուների ձեռքբերման |            |

|__________|____________________|________________________|____________|

|          |տոննա |1 տ-ի |Ընդ.  |տոննա|1 տ-ի   |Ընդ.     |տոննա|մլն.  |

|          |      |արժեքը|արժեքը|     |արժեքը  |արժեքը   |     |դր.   |

|          |      |(հազ. |(մլն. |     |(հազ. դր|(մլն դր) |     |      |

|          |      |դր)   |դր.)  |     |        |         |     |      |

|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|

|2010      |   950| 400.0| 380.0|  500|   160.0|     80.0| 1450| 460,0|

|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|

|2011      |   800| 400.0| 320.0|  900|   210.0|    189.0| 1700| 509,0|

|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|

|2012      |   600| 400.0| 240.0| 1500|   210.0|    315.0| 2100| 555,0|

|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|

|2013      |   450| 400.0| 180.0| 1950|   210.0|    409.5| 2400| 589,5|

|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|

|2014      |     -|   -  |   -  | 3300|   210.0|    693.0| 3300| 693,0|

|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|

|Ընդամենը  |  2800| 400.0|1120.0| 8150|   210.0|   1686.5|10950|2806,5|

._____________________________________________________________________.

 

Ծրագրում ըստ տարիների ամրագրված սերմացուների գները նախնական հաշվարկային են և ենթակա են փոփոխության գնման գործընթացի արդյունքում:

Ծրագրի շրջանակներում տեղական սերմնարտադրողներից սերմացուները ձեռք բերելիս ղեկավարվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթով:

 

(հավելվածը փոփ. 04.08.11 թիվ 1062-Ն, 26.07.12 թիվ 917-Ն, 22.08.13 թիվ 905-Ն, 18.09.14 թիվ 1016-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2010
N 971-Ն
Որոշում