040.0884.200710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2010 թվականի N 884-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 15-ի
N 884-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ` հաստատություններ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սահմանմամբ կարգավորվում է հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորումը:
2. Հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով` «Ներառական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հաստատության կողմից կատարվող աշխատանքի ծավալն ու դրա դիմաց հաստատության ֆինանսավորման չափն ամրագրվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական կառավարման համապատասխան մարմնի և հաստատության միջև կնքված պայմանագրով:
4. Հաստատություններին լրացուցիչ հատկացվող տարեկան գումարի չափը ձևավորվում է` հիմք ընդունելով տվյալ հաստատության կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը, սահմանված խմբերի խտությունը, մանկավարժական դրույքի միջին ամսական չափը, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվարկային չափաքանակները, գործող ուսումնական պլանները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և տվյալ հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ դրույթներ:
5. Պետական կառավարման համապատասխան մարմնի և հաստատության միջև կնքված պայմանագրով` մեկ թվով նախատեսված ֆինանսավորման շրջանակներում տվյալ հաստատության տնօրենի կողմից կազմվում է հաստատության ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի առաջարկությամբ ներկայացվում պետական կառավարման համապատասխան մարմնի հաստատմանը:
6. Հաստատությունների տարեկան ծախսերի նախահաշվով նախատեսված գումարները բաշխվում են ըստ եռամսյակների` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր տարվա որոշմամբ հաստատված եռամսյակային համամասնությունները:
7. Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս, գանձապետական համակարգի միջոցով` համաձայն հաստատված ծախսերի նախահաշվի և ժամանակացույցի:
8. Հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ`
1) այլ մանկավարժների (հատուկ մանկավարժ, դաստիարակ, հոգեբան և այլն) հաստիքները սահմանվում են` հաշվի առնելով խմբերի խտությունը` ձևավորված խմբում միևնույն կամ տարբեր կարգավիճակ ունեցող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առկայության դեպքում խմբի խտությունը սահմանվում է 20 սովորող (ընդ որում, սովորողների թիվը խմբում չի կարող գերազանցել 25-ը): Եթե երեխաների թիվը չի գերազանցում խմբի համար սահմանված խտության կեսից ավելին, ապա հաստիքները նախատեսվում են 0.5 միավոր.
2) ջուրը և էլեկտրաէներգիան տրվում են «Ներառական կրթություն» ծրագրով նախատեսված` ուսուցանվող երեխաների համար սահմանված հաշվարկային չափաքանակներով, իսկ տրանսպորտային ծախսերը` ուսումնառության ժամանակահատվածում քաղաքային տրանսպորտով մեկանգամյա երկկողմ երթևեկության համար գործող առավելագույն արժեքի չափով: