(խմբ. 19.10.98 թիվ 204 որոշում)
i
050.0179.020998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
02 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 179
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը և 20-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի կանոնակարգման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի վերաբերյալ» կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 21-ից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի սեպտեմբերի 2-ի
թիվ 179 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգի իմաստով`
- «Բանկ» հասկացությունն իր մեջ ներառում է ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերն ու գործառնական գրասենյակները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը:
- «Կանխիկ դրամ» հասկացությունն իր մեջ ներառում է շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն փոխանակման ենթակա ՀՀ դրամը` թղթադրամի և մետաղադրամի տեսքով:
- «Այլ արժեքներ» հասկացությունն իր մեջ ներառում է կանխիկ արտարժույթը, արժեթղթերը, վճարահաշվարկային փաստաթղթերը, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները:
- «Ինկասացիա» հասկացությունն իր մեջ ներառում է կանխիկ դրամի և այլ արժեքների միջբանկային փոխադրումները, բանկերում նրանց ընդունման և հանձնման գործընթացը, անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր պահպանությունը, ինչպես նաև բանկերի հաճախորդների կանխիկ դրամական հասույթների հավաքագրման, տեղափոխման ու բանկերի դրամարկղերին հանձնման և բանկերից հաճախորդներին կանխիկ դրամի փոխադրումների գործընթացները, որոնք իրականացվում են փոխադրվող արժեքների տիրոջ և փոխադրումը իրականացնող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
- «Ինկասացիոն ծառայություն» հասկացությունն իր մեջ ներառում է ՀՀ կենտրոնական բանկի միջնորդագրի հիման վրա ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության կողմից տրամադրվող կանխիկ դրամի և այլ արժույթի ինկասացիա կատարելու լիցենզիա ունեցող` ՀՀ պետռեգիստրում գրանցված կազմակերպություններն ու ձեռնարկությունները:
- «Բանկի հաճախորդ» հասկացությունն իր մեջ ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող սուբյեկտները (այդ թվում` ֆիզիկական անձինք), որոնց բանկային հաշիվների և դրամարկղային սպասարկումն իրականացվում է տվյալ բանկում: ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդներն են ՀՀ տարածքում գործող բանկերը և ՀՀ գանձապետարանը:
1.2. Սույն կարգի նպատակն է կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի ընթացքում բանկային ռիսկերի նվազեցումը և բանկերի գործառնությունների կանոնակարգումը:
1.3. Կանխիկ դրամի և այլ արժեքների միջբանկային բոլոր փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով:
1.4. Սույն կարգի 1.1 կետով նախատեսված սուբյեկտների միջև ինկասացիայի գործընթացները կանոնակարգվում են պայմանագրերով, որոնք այլ պայմանների հետ մեկտեղ պարտադիր կարգով պետք է ներառեն հետևյալ դրույթները`
- ինկասացվող արժեքների համար կողմերից յուրաքանչյուրի պատասխանատվության փոխանցման պահը և տեղը.
- ինկասացվող արժեքների համար ինկասացիոն ծառայության պատասխանատվության վերաբերյալ դրույթներ.
- մատուցվող ինկասացիոն ծառայությունների սակագները.
- ինկասացիոն ծառայության մատուցման (կատարման) ժամկետները.
- ինկասացիոն ծառայության կողմից արժեքների ընդունման և հանձնման կարգը` համաձայն սույն կարգով սահմանված ձևերի.
1.5. Ինկասացիոն ծառայության տեխնիկական հագեցվածության, անձնակազմի անհատական օգտագործման և պաշտպանվածության միջոցներով ապահովման պահանջները, ինչպես նաև ինկասատորների մասնագիտական պատրաստվածության պահանջները սահմանվում են ինկասացիոն ծառայությունների լիցենզավորման կարգով:
2. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՁԵՎԵՐԸ
2.1. Բանկերում կանխիկ դրամն ինկասացիոն ծառայությանը կարող է հանձնվել`
ա) Կապարակնքված պարկերով (կամ հատուկ փակ արկղերով), որոնցում արժեքները և արժեքների ցուցակը` ստորագրված բանկի պատասխանատու անձի կողմից, դրվում են ինկասատորների ներկայությամբ և կնքվում բանկի կապարակնիքներով (կնիքով): Մինչև պարկերի կնքումը ինկասատորները ճշտում են առաքվող արժեքների և արժեքների ցուցակի համապատասխանությունը` ստուգելով թղթադրամների կապոցները և արմատները:
բ) Թղթադրամներն ու մետաղադրամները` սահմանված ձևով փաթեթավորված, համապատասխանաբար կապոցներով` ստուգելով արմատների քանակը, և պարկերով: Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով կապոցները կամ պարկերը ենթակա են վերափաթեթավորման:
գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:
2.2. Բանկերում ինկասացիոն ծառայությունից կանխիկ դրամի ընդունումը` կախված սույն կարգի 2.1 կետում նշված հանձնման ձևերից, համապատասխանաբար իրականացվում է`
ա) Կնքված պարկերով (կամ կնքված հատուկ փակ արկղերով)` ստուգելով պարկերի (կամ արկղերի) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը: Պարկերի (արկղերի) կամ դրանց կապարակնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի նյութապատասխանատու անձանց և ինկասատորների կողմից:
Պարկերի (արկղերի) արժեքները վերահաշվվում են կապոցներով և արմատներով (մետաղադրամների դեպքում` պարկերով), իսկ կապոցների (մետաղադրամների պարկերի) վնասված լինելու դեպքում` թերթ առ թերթ, (հատ առ հատ) հաշվելով: Պարկում (արկղում) առկա արժեքները համեմատվում են արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար: Ակտը ստորագրում են արժեքներն ընդունող բանկի լիազոր անձինք և ինկասատորները:
բ) Թղթադրամները` կապոցներով` ստուգելով փաթեթավորման ճշտությունը, արմատների քանակը, փաթեթների և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:
Մետաղադրամները` պարկերով` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:
Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով (պարկերով) կապոցներն ու պարկերը ընդունվում են` թղթադրամները թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով: Հաշվեսխալների հայտնաբերման դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է ծառայում պակասորդների հատուցման համար:
գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:
2.3. Բանկերի միջև ինկասացիոն ծառայությունների միջոցով առաքվող կանխիկ դրամը ստացող բանկի կողմից ենթակա է ընդունման նույն ձևով, ինչ ձևով առաքող բանկում հանձնվել է ինկասացիոն ծառայությանը:
Բանկերի միջև ինկասացիոն ծառայությունների միջոցով միմյանց առաքվող և միմյանցից ընդունվող կանխիկ դրամի ձևերի, ինչպես նաև հաշվեսխալների դեպքում կազմված ակտերի հիման վրա փոխադարձ վճարումների մասին կնքվում են պայմանագրեր:
2.4. Բանկերում ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ արտարժույթի ընդունումն ու հանձնումն իրականացվում է սույն կարգի 2.1 և 2.2 կետերով սահմանված կարգով:
3. ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ
3.1. Կանխիկ դրամի միջբանկային (միջմասնաճյուղային) փոխադրումներն իրականացվում են բանկի կողմից ինկասացիոն ծառայությանը տրված կարգագրերի հիման վրա, որոնք ստորագրված են բանկի այն պաշտոնատար անձանց կողմից, որոնց ստորագրությունների նմուշներն առկա են կանխիկ դրամը տրամադրող բանկում, և վավերացված են բանկի կնիքով:
3.2. Կարգագրերի ձևը սահմանվում է բանկի կողմից` պահպանելով անհրաժեշտ ռեկվիզիտները (հավելված 1, կցվում է)` համաձայնեցված ինկասացիոն ծառայության հետ:
3.3. Ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում է կարգագիրը և տվյալ ինկասատորի անունով ինկասացիոն ծառայության կողմից լիազորագիրը (վստահագիրը), որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:
3.4. Կանխիկ դրամի հանձնումը ինկասացիոն ծառայությանը կատարվում է սույն կարգի 2-րդ մասում նշված կարգով: Բանկի դրամարկղում առաքվող արժեքների հետ լրացվում է արժեքների ցուցակ (հավելված 2, կցվում է)` 3 օրինակից` ստորագրված դրամարկղի պատասխանատու անձանց կողմից: Արժեքների ցուցակի մեկ օրինակը մնում է առաքող բանկում, իսկ 2 օրինակները տրվում են ինկասատորին կամ արժեքների հետ միասին փակվում պարկում:
3.5. Արժեքները ստացող բանկում կանխիկ դրամը ինկասացիոն ծառայություններից ընդունվում է սույն կարգի 2-րդ մասում նշված կարգով: Կանխիկ դրամի մուտքն իրականացվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգին համապատասխան: Կանխիկ դրամի ընդունումից հետո դրամարկղի պատասխանատու անձինք և ինկասատորները ստորագրում են արժեքների ցուցակի 2 օրինակների վրա, որոնցից մեկ օրինակը մնում է բանկում, իսկ մյուսը, հաստատված բանկի կնիքով, հանձնվում ինկասացիոն ծառայությանը:
4. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՁԵՎԵՐԸ
4.1. Բանկերում արժեթղթերը ինկասացիոն ծառայությանը կարող են հանձնվել ըստ տեսակների, թերթ առ թերթ հաշվելով, որից հետո արժեքների ցուցակի հետ միասին (ստորագրված առաքող բանկի պատասխանատու անձի կողմից) դրվում են պարկի (կամ հատուկ փակ արկղի) մեջ և կապարակնքվում (կնքվում) առաքող բանկի կնիքով:
4.2. Բանկերում ինկասացիոն ծառայությունից փոխադրվող արժեթղթերը ընդունվում են` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջական և անվնաս լինելը, որից հետո արժեթղթերը հաշվվում են թերթ առ թերթ և ստուգվում արժեքների ցուցակի հետ: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) կամ փաստացի առկա արժեթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (յուրաքանչյուր դեպքում` առանձին)` ստորագրված ընդունող բանկի լիազոր անձանց և ինկասատորների կողմից, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված անհամապատասխանության լրացման համար, համաձայն միմյանց միջև կնքված պայմանագրերի:
4.3. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերն ինկասացիոն ծառայության միջոցով փոխադրելու համար նախապես արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պայուսակների (պարկերի) մեջ և կնքվում բանկի կապարակնիքով ու ինկասացիոն ծառայությանը հանձնվում փակ, կնքված պայուսակներով (պարկերով):
4.4. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերով պայուսակները (պարկերը) ինկասացիոն ծառայությունից ընդունվում են փակ, կնքված վիճակում` ստուգելով պայուսակների և կնիքների անվնաս լինելն ու ամբողջականությունը: Պայուսակների (պարկերի) կամ նրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից: Վճարահաշվարկային փաստաթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում բանկերի միջև հարաբերությունները կարգավորվում են համաձայն կնքված պայմանագրերի:
4.5. Բանկերում թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ինկասացիոն ծառայության միջոցով փոխադրելու համար ինկասատորների ներկայությամբ արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պարկերի (կամ հատուկ փակ արկղերի) մեջ և կնքվում առաքող բանկի կնիքով (կապարակնիքով): Մինչև պարկերում ձուլակտորների տեղադրումը և պարկերի կնքումը ինկասատորները ստուգում են ձուլակտորների ամբողջականությունն ու անվնաս լինելը: Ձուլակտորների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որի մեկ օրինակը արժեքների ցուցակի հետ միասին դրվում է պարկում:
4.6. Բանկերում ինկասացիոն ծառայությունից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ընդունվում են` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը, որից հետո ձուլակտորները ստուգվում են` համեմատելով արժեքների ցուցակի հետ, իսկ ձուլակտորների վնասված լինելու դեպքում` նաև համապատասխան ակտի առկայությունը: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) դեպքում կամ առանց նախնական ակտի առկայության ձուլակտորների վնասվածության կամ ձուլակտորների և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար առանձին` ստորագրված ստացող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից, որը հիմք է հանդիսանում առաքող, ստացող բանկերի և ինկասացիոն ծառայության պատասխանատվությունը պարզելու և արժեքների պակասորդը լրացնելու համար:
4.7. Արժեթղթերի, վճարահաշվարկային փաստաթղթերի և թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների հանձնումը ինկասատորներին առաքող բանկում և ինկասատորներից ընդունումը ստացող բանկում ձևակերպվում են համապատասխանաբար առաքող և ստացող բանկերում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:
5. ԲԱՆԿԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
5.1. Բանկի լիազորված անձի միջոցով մեկ այլ բանկից փոխադրվող կանխիկ դրամը և այլ արժեքները ստանալիս կամ այն մեկ այլ բանկ հանձնելիս բանկի լիազորված անձին (անձանց) կարող են ուղեկցել ինկասացիոն ծառայության աշխատակիցները: Ինկասացիոն ծառայության կողմից բանկի պատասխանատու անձին արժեքների հետ միասին ուղեկցելու գործառնությունը պետք է նախատեսված լինի բանկի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագրում, որտեղ հստակ պետք է նշված լինի նաև արժեքների համար կողմերի պատասխանատվության պահը և պարտականությունները:
5.2. Բանկի լիազորված պատասխանատու անձանց ուղեկցելու համար ինկասատորները պարտավոր են տվյալ անձանց ներկայացնել ինկասատորների վկայականները և ներկայացման քարտը:
5.3. Բանկի լիազորված պատասխանատու անձինք մեկ այլ բանկից կանխիկ դրամը և այլ արժեքները ստանալուց հետո կամ այլ բանկին հանձնելուց առաջ դրանք տեղադրում են պարկի (պայուսակի) մեջ և կապարակնքում: Կապարակնքված պարկը տեղափոխման ընթացքում մնում է բանկի լիազոր պատասխանատու անձի տրամադրության տակ: ՈՒղեկցման վերջնակետին հասնելուց հետո փոխադրվող արժեքների պարկերը ինկասատորների ուղեկցությամբ հանձնվում են ստացող բանկի լիազորված պատասխանատու անձանց:
5.4. Փոխադրվող կանխիկ դրամը կամ այլ արժեքները նախատեսված վայրը հասցնելուց հետո բանկի լիազորված անձը ստորագրում է ինկասացիոն ծառայության կողմից ներկայացված քարտում:
5.5. Բանկերի հաճախորդների պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի կամ այլ արժեքների փոխադրման ժամանակ կարգավորվում է հաճախորդի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագրերով:
6. ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՐԿՂ
6.1. Բանկում սահմանված աշխատանքային օրվա ավարտից հետո ինկասացված կանխիկ դրամը կամ այլ արժեքները, եթե բանկը չունի երեկոյան դրամարկղ, կարող են պահպանվել ինկասատորների պատասխանատվությամբ:
6.2. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված կանխիկ դրամը կամ այլ արժեքները հաջորդ բանկային օրը հանձնվում են բանկի դրամարկղ` սույն կարգի պահանջների և բանկում ընդունված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի համաձայն:
7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Մինչև սույն կարգի 1.1 կետում նշված ինկասացիոն ծառայությունների լիցենզավորման և ՀՀ պետռեգիստրում գրանցման կանոնակարգումը, բանկերում սեփական ինկասացիոն ծառայությունների գործունեության թույլտվության համար պահանջները սահմանվում են սույն կարգի 7.2 կետով:
7.2. ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են ունենալ ինկասացիոն ծառայություններ իրականացնող առանձին ստորաբաժանումներ, եթե`
- բանկի կանոնադրությունում առանձին նախատեսված է կանխիկ դրամի փոխադրումների և հաճախորդների կանխիկ հասույթների հավաքագրման գործառնությունների իրականացում:
- բանկի կազմակերպական կառուցվածքում առանձնացված է հատուկ ստորաբաժանում` նշված գործառնությունների իրականացման համար, համապատասխան հաստիքացուցակով:
- բանկն ունի ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության թույլտվությունը` նշված գործառնությունների իրականացման նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներ (զենք, զինամթերք, հատուկ փոխադրամիջոցներ, կապի միջոցներ և այլն) օգտագործելու համար:
- բանկի ինկասացիոն ստորաբաժանման աշխատակիցներն ունեն ինկասատորի վկայականներ:
7.3. Բանկի ինկասացիոն ծառայությունները կարող են իրականացնել նշված գործառնությունները միայն տվյալ բանկի կարիքների և նրա հաճախորդների (բացի բանկերից) սպասարկման համար:
Հավելված 1
| |
_______________ |_______________ |_______________
Կազմակերպության |Կազմակերպության |Կազմակերպության
անվանումը |անվանումը |անվանումը
| |
Կանխիկ դրամի |Կանխիկ դրամի |Կանխիկ դրամի
առաքման կարգագիր թիվ ___ |առաքման կարգագիր թիվ __|առաքման կարգագիր թիվ __
Հանձնարարվում է տեղափոխել| |
_________________________|_______________________|Հանձնարարված է փոխադրել
_________________________|(ինկասացիոն ծառայության|_______________________
|անվանումը) |__________________ դրամ
1. Թղթադրամներ | |
10դ.________ |Հանձնարարված է փոխադրել|Թղթադրամ ___________դ.
25դ.________ |_______________________|մետաղադրամ _________դ.
50դ.________ |__________________ դրամ|Հանրագումար ________դ.
100դ._______ | |_____________________դ.
200դ._______ | | (գումարը տառերով)
500դ._______ | |
1000դ.______ | |
5000դ.______ | |
| |
Ընդամենը ______________| |
| |
2. Մետաղադրամ | |
100դ._______ | |
10դ.________ | |
5դ._________ | |
3դ._________ | |
1դ._________ | |
50լ.________ | |
20լ.________ | |
10լ.________ | |
| |
Ընդամենը ______________| Նախագահ` | Նախագահ`
| |
Հանրագումար (1+2) _____| Գլխավոր հաշվապահ` | Գլխավոր հաշվապահ`
| |
__ ___________ 19 __ թ.| ____ ________ 19 _ թ.| ___ ________ 19 __ թ
| |
Ենթակա է տեղափոխման
1. Թղթադրամներ
10դ._______
25դ._______
50դ._______
100դ.______
200դ.______
500դ.______
1000դ._____
5000դ._____
Ընդամենը ________
2. Մետաղադրամ
100դ.______
10դ._______
5դ.________
3դ.________
1դ.________
50լ._______
20լ._______
10լ._______
Ընդամենը ____________
Հանրագումար (1+2) _______
_________________________
____ __________ 199 __ թ.
Հավելված 2
Բանկերից առաքվող արժեքների ցուցակ
---- ----------------- 199 թ.
Առաքող բանկը --------------------------------------------------- Ստացող բանկը --------------------------------------------------- Առաքում ենք թղթադրամներ, մետաղադրամներ ավագ ինկասատոր ------- միջոցով: Պարկը կնքված է թիվ ------- կապարակնիքով:
._________________________________________________________________.
| Դրամանիշեր |Գումարը (դրամ) | Պարկերի քանակը | Համարները |
|_________________|_______________|_________________|_____________|
| Թղթադրամներ` | | | |
| 10դ. | | | |
| 25դ. | | | |
| 50դ. | | | |
| 100դ. | | | |
| 200դ. | | | |
| 500դ. | | | |
| 1000դ. | | | |
| 5000դ. | | | |
| Ընդամենը` | | | |
| Մետաղադրամներ | | | |
| 10լ. | | | |
| 20լ. | | | |
| 50լ. | | | |
| 1դ. | | | |
| 3դ. | | | |
| 5դ. | | | |
| 10դ. | | | |
| 100դ. | | | |
| Ընդամենը | | | |
| Հանրագումարը | | | |
._________________________________________________________________.
Դրամարկղի պատասխանատու
աշխատակիցների ստորագրությունները`
Դրոշմակնիքի տեղը`
ՍՏԱՑԱԳԻՐ
----------- 199 թ. ցուցակում նշված արժեքները, որոնք առաքել
են ավագ ինկասատոր ---------------------- միջոցով գումարով
-------------------------------------------- դրամ ստացանք:
գումարը թվերով և բառերով
Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով
-----------------------------------------------------------
ցույց տալ թերթահաշվով, հատերով, ըստ պիտակների տվյալների
-----------------------------------------------------------
կապոցներով և արմատներով
-----------------------------------------------------------
բանկի անվանումը
Բանկի ղեկավար`
Գլխավոր հաշվապահ`
Դրամարկղի վարիչ`
Արժեքները հանձնեցին
Ինկասատորներ`