Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅ ...

 

 

040.0054.020210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2010 թվականի N 54-Ն

 

i

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 21-ի

N 54-Ն որոշման

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1.1. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ընդհանուր նկարագիրը

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պատմությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնանում է յուրահատուկ զարգացումներով, որոնք իրենց նշանակալի ազդեցությունն են թողնում երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա:

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում: Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում ՓՄՁ-ի զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

Որպես ՓՄՁ-ին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հետևողական տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք` վերջին տարիներին արձանագրվեց ՓՄՁ-ն բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ:

ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում. ըստ 2008 թվականի տվյալների` ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 41.7 տոկոս:

Նշանակալի է ՓՄՁ-ի դերը երկրի հարկաբյուջետային (ֆիսկալ) ցուցանիշների ձևավորման գործում. 2008 թվականի տվյալներով ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսքով (բացառությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված վճարումների տեսակարար կշիռն ընդհանուր ցուցանիշի մեջ կազմել է 28.0 տոկոս:

ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում 2008 թվականին կազմել է 17.9 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 17.4 տոկոս:

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը` որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, 2008 թվականին կազմել է 544.0, ինչը 2002 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 9 անգամ (2002 թվականին ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը կազմել է 58.1, 2003 թվականին` 82.0, 2004 թվականին` 117.8, 2005 թվականին` 171.9, 2006 թվականին` 237.2, 2007 թվականին` 398.6):

Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը (ավելի քան 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:

Ըստ նախնական գնահատականների` 2009 թվականի ընթացքում վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման միջազգային ստանդարտների (համակարգերի), նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ապրանքների (ծառայությունների)` շուկաներ առաջմղման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` շուրջ 5000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

ՓՄՁ-ին պետական աջակցության 2010 թվականի ծրագրային միջոցառումների (ծրագրային ուղղությունների) ընդլայնման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ 2010 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի, Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:

 

1.2. ՓՄՁ-ի զարգացման հիմնախնդիրները

 

ՓՄՁ-ի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով. մասնավորապես`

1) ՓՄՁ-ի սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիություն` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես, արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար.

2) սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս.

3) գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ.

4) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)` շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են թողարկվող արտադրանքի որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, ինչին էականորեն խոչընդոտում է ժամանակակից լաբորատորիաների բացակայությունը, որոնց փորձաքննության արդյունքները կընդունվեն արտահանող երկրներում.

5) միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակ.

6) տեղեկատվական հոսքերի անմատչելիություն և դրանց ընկալման, մշակման ու փոխանակման խնդիրներ, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը.

7) շուկայական և, մասնավորապես, արտարժութային ռիսկերից ապահովագրման ու դրանք կառավարելու հետ կապված բարդություններ, ինչը հատկապես խնդիրներ է ստեղծում արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար.

8) ՓՄՁ-ի սուբյեկտների համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ընձեռվող հնարավորությունների թերի և ոչ բավարար օգտագործման հետևանքով շուկայում թույլ մրցակցային դիրքեր, ինչը մասամբ պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների անմատչելիությամբ և դրանց կիրառման հնարավորությունների վերաբերյալ ոչ բավարար պատկերացումներով:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.

2) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ).

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ռազմավարական ծրագիրը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1480-Ն որոշմամբ հաստատված` Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակը պետական շարունակական աջակցությամբ ՓՄՁ-ի դերի (հեղինակության) աստիճանական բարձրացմանը նպաստելն է երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում:

Ծրագրի նպատակներն են`

1) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը.

2) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին.

3) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը.

4) ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը.

5) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես, սկսնակ գործարարների, կանանց, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար.

6) նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատումը:

 

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

 

1) Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող 2500-3000 ՓՄՁ-ի սուբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, արտաքին շուկաներ դուրս գալու և գործարար կապեր հաստատելու վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև գործարար ծրագրերի կազմման, հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների պատրաստման ուղղությամբ գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերումը.

2) սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում 150 ձեռներեցի տեխնիկական աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև 30 նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծումը և դրանց ֆինանսական աջակցության ցուցաբերումը.

3) Հայաստանի Հանրապետության մարզերում գործող 20-25 ՓՄՁ-ի սուբյեկտի վարկային երաշխավորությունների տրամադրումը.

4) Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում 10-15 գործարար գաղափարների բացահայտումը, գործարար ծրագրերի կազմումը և դրանք «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմանը ներկայացնելը.

5) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)` շուկաներ առաջմղման ուղղությամբ շուրջ 100 ՓՄՁ-ի սուբյեկտի աջակցության ցուցաբերումը.

6) 100 ՓՄՁ-ի սուբյեկտի գործարար, ինչպես նաև ըստ արտադրության կազմակերպման առանձին տեխնոլոգիական գործընթացների ուսուցողական աջակցության ցուցաբերումը` կազմակերպվող դասընթացներին նրանց մասնակցությանն աջակցելու միջոցով.

7) Հայաստանի Հանրապետության մարզերում գործարար ակտիվության խթանումը` աջակցության գերակշիռ մասը (շուրջ 80-90 տոկոսը) ուղղելով Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ու սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

1) ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) (համաձայնությամբ) և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող այլ կառույցների միջոցով.

2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ կիրառող, արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացմանը: Այլ հավասար պայմաններում առաջնայնությունը տրվում է գործազուրկներին, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և ազատամարտիկներին.

3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.

4) համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ին պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով.

5) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2010 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2010 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

5.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների

պահպանում և ամրապնդում

 

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման և աջակցության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության էական ձեռքբերումներից է երկրում ՓՄՁ-ի զարգացման ու պետական աջակցության ծրագրերն իրականացնող հիմնական կառույցի` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ստեղծումն ու կայացումը` Երևան քաղաքում գործող կենտրոնական գրասենյակով և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող մարզային մասնաճյուղերով (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններով):

Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պահպանմանը, ամրապնդմանն ու դրանց գործունեության ընդլայնմանը:

Կարևորելով ՓՄՁ-ի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) ՓՄՁ-ի պետական աջակցության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:

2010 թվականին նախատեսվում է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ու մարզային մասնաճյուղերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև շարունակել աշխատանքները Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ:

2010 թվականին նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործարարությանն աջակցող, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին տարածաշրջանների, բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2007-2009 թվականների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչություններ են հիմնադրվել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքներում (Հայաստանի Հանրապետության Տավուշի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզերում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչությունները հիմնադրվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում (վերջինս հիմնադրվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում): 2010 թվականի ընթացքում կշարունակվեն աշխատանքները Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործող ներկայացուցչությունների ամրապնդման, ինչպես նաև ներկայացուցչությունների աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղություններով:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականին պարբերաբար կկազմակերպվեն քննարկումներ և հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ քաղաքային ու գյուղական համայնքներում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` նրանց գործունեությանը խոչընդոտող հիմնախնդիրների հստակեցման ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը դրանց լուծմանն ուղղելու նպատակով:

2010 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում կշարունակի գործել «թեժ գիծը», որի միջոցով գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիմում-բողոքները, հարցադրումները և առաջարկությունները, որոնք վերաբերում եմ ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրությանն ու վարչարարությանը: «Թեժ գծի» միջոցով գործարարներն իրենց հարցադիմումները կարող են ներկայացնել ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում գործող ինտերակտիվ խորհրդատվության բաղադրիչի միջոցով:

Բացի դրանից, 2010 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն պետություն - մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ: Պետություն - մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով հիմնականում աշխատանքներ կիրականացվեն մասնավոր հատվածի հետ համատեղ գործարար նախաձեռնությունների (գործարար ծրագրերի) մշակման և դրանց իրագործման ուղղությամբ:

Նշված միջոցառումները, ընդհանուր առմամբ, կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների (աջակցության համակարգի) կայացման և զարգացման գործընթացին:

 

5.2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման շրջանակներում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Դրա հետ մեկտեղ կդիտարկվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը, ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերը, և կմշակվեն ու կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար: ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերը կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:

 

5.2.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման

ծրագիր

 

ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2010 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայիս ազդեցությունը` առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խնդիրների լուծմանը:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկային երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ գործարարներին վարկավորվելու գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչն առավել արդիական է երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Վարկային երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմում է 3 տարի: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 10 մլն դրամը: Ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 8 գործընկեր բանկերի (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք բանկ, Ինեկոբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ և Արմսվիսբանկ) միջոցով, որոնց հետ փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

Որպես երաշխավորագրերի ապահովման միջոց` գործընկեր առևտրային բանկերում ավանդադրվում են դրամական միջոցներ, որոնք ըստ առանձին երաշխավորագրի դեպոնացվում (գրավադրվում) են համապատասխան չափաքանակով:

Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրամադրվել 10 մլն դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` առավելագույնը 5 տարի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

Ինչպես 2009 թվականի, այնպես էլ 2010 թվականի ընթացքում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնայնությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին: Երևան քաղաքում, որպես բացառություն, կդիտարկվի միայն նորարարական ծրագրեր ներկայացնող ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման հարցը, որոնց կողմից ներկայացվող հայտերը կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:

 

5.2.2. ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի

ֆինանսավորման ծրագրեր

 

2009 թվականի օգոստոս ամսին փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի շրջանակներում հիմնադրվեց «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն: Ընկերությունն իրականացնելու է ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում:

Վարկերի տրամադրումը և կապիտալի ֆինանսավորումը կիրականացվի` ելնելով հետևյալ առաջնայնություններից`

1) նոր արտադրության կազմակերպում կամ արտադրության ընդլայնում.

2) ներմուծումը փոխարինող, արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրություն.

3) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող արտադրություն.

4) լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում.

5) տեղային տարածաշրջանի զարգացում.

6) տեղական հումքի և ռեսուրսների օգտագործման ուղղվածություն.

7) կոոպերացիայի սկզբունքով այլ կազմակերպությունների և տնային տնտեսությունների հետ համագործակցություն.

8) կորպորատիվ կառավարման համակարգին անցման պատրաստակամություն.

9) հանրային վերահսկողությամբ գործունեություն կազմակերպելու պատրաստակամություն:

Կապիտալի ֆինանսավորման ցանկացած մեխանիզմ տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում խոշոր գործարար նախագծեր իրագործելու և կառավարելու նպատակով ներգրավելու կապիտալ միջոցներ:

2010 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալում ներդրումները նախատեսվում է իրականացնել ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցության ցուցաբերման շրջանակներում 2009 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից հիմնադրված «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջոցով: Սույն ծրագրի շրջանակներում բաժնեմասերում ներդրումները կամ փայամասնակցության ձեռքբերումը չեն ենթադրում փոխառու միջոցների տրամադրում, այլ հիմնվում են բաժնեմասի հաշվեկշռային կամ շուկայական գնի աճի և կազմակերպության շահույթից ակնկալվող դիվիդենտի սկզբունքի վրա:

ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալ ֆինանսավորումից հետո մինչև 5 տարվա ընթացքում նախատեսվում է բաժնեմասի վաճառք ՓՄՁ-ի սուբյեկտների բաժնետերերին կամ վաճառք ուղղակի հասարակական առաջարկի սկզբունքով, որը մինչ այդ կենթադրի Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ կազմակերպության արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացների, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված աշխատանքների իրականացում:

 

5.2.3. ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի

սուբսիդավորման ծրագիր

 

2010 թվականի ընթացքում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացումը, որի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին» N 1017-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային ներդրումների ծավալը` վարկառուների համար վարկավորման գնի նվազման միջոցների նկատմամբ պահանջարկի բարձրացման միջոցով:

Ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքը բավական բարձր է, որը, ըստ գնահատականների, ներկայումս կազմում է 22-24 տոկոսը, ինչը խոչընդոտ է նշված բնակավայրերի տնտեսական զարգացման համար: Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ի սուբյեկտներին առավել մատչելի պայմաններով օգտվելու վարկային ծառայություններից, ինչն իր հերթին կհանգեցնի այդ բնակավայրերում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Սուբսիդավորման ենթակա վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվել է 10 տոկոսային կետ (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), որը, սակայն, չի կարող գերազանցել տարեկան 500 հազ. դրամը:

2009 թվականի ընթացքում ընդլայնվել է նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի աշխարհագրությունը, և ներկայումս, բացի Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզերից, ծրագիրն իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունքում ձևավորված եկամուտների հաշվին և կիրառվում է որպես ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խթանման լրացուցիչ գործիք: Սույն ծրագրի իրականացումը չի կրում լայնածավալ բնույթ:

 

5.3. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն

 

Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով աջակցություն կցուցաբերվի իրատեսական գործարար նախաձեռնություններով հանդես եկող սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությանն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրին:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը և նրանց աջակցություն ցուցաբերելը հիմնադրման և կայացման շրջանում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում լավագույն գործարար նախաձեռնությունների (գործարար ծրագրերի) իրականացման ուղղությամբ սկսնակ գործարարներին կցուցաբերվի ֆինանսական աջակցություն (վարկավորում)` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր առևտրային բանկերի միջոցով` առավելագույնը 2 մլն դրամ` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով. ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրում սկսնակ գործարարների ներգրավման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրով համապատասխան աջակցություն կարող են ստանալ նաև զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցում անցած և պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն ստացած անձինք` ներկայացվող պահանջներին համապատասխանելու պարագայում:

Հաշվի առնելով իրականացված միջոցառումների գծով նախորդ տարիներին ձեռք բերված փորձը` 2010 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը կատարելագործելու և ընդլայնելու համար:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը 2010 թվականին կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում` մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: Կիրականացվեն նաև սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ոլորտային ծրագրեր, այդ թվում` կդիտարկվեն նաև հյուրատների կլաստերների զարգացման ծրագրերը:

 

5.4. ՓՄՁ-ի սուբյեկտներին կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող

ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջ մղելը:

Ելնելով նշված նկատառումներից` 2010 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի), սննդամթերքի արտադրության ոլորտում արդյունաբերության վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման և այլ միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման (խորհրդատվական կամ հավաստագրման աշխատանքներ), ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման համակարգերի բարելավման ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի: Աջակցությունն առավելապես կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելուն ուղղված աջակցությունը կիրականացվի նաև զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, գովազդային վահանակների պատրաստման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Բացի դրանից, համապատասխան միջոցառումներ կիրականացվեն նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, մասնավորապես, ճանաչված ինտերնետային կայքերում ՓՄՁ-ի սուբյեկտների և նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մասին տեղեկատվության (մի քանի լեզուներով) տեղադրման ուղղությամբ, ինչը կխթանի տեղական և միջազգային շուկայում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) առաջմղումը, որն էլ, վերջին հաշվով, կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը: Միջոցառումներ կիրականացվեն նաև ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի և ավտոմատացված կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ` ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից համապատասխան հայտերի առկայության դեպքում:

 

5.5. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական

աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական ու խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, լիցենզավորման, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմման ու ներկայացման, հարկային ու մաքսային ձևակերպումների և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

2010 թվականին կշարունակվեն Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի հիման վրա գործարարությանն առնչվող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների մասին ամփոփ տեղեկատվական նյութերի պատրաստման աշխատանքները: Ամփոփ տեղեկատվական նյութերը մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄԿ-ներ) կողմից փորձաքննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերին` ՓՄՁ-ի սուբյեկտներին համապատասխան տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար, հատկապես` Հայաստանի Հանրապետության մարզերում: Մասնավորապես, կընդլայնվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տարածաշրջանային ընդգրկվածությունը` ներգրավելով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին: Այդ նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների գործունեության համար տվյալ ուղղությամբ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու առանձնահատկությունները պարզաբանելու համար:

2010 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մրցութային կարգով ընտրված ԳԾՄԿ-ների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտներին որակյալ գործարար խորհրդատվություն տրամադրելով:

Գործարարների մոտ առաջացող խնդիրները` կապված հաշվապահական հաշվառման, հարկային և մաքսային փաստաթղթաշրջանառության և վարչարարության հետ, ինչպես նաև վարչական իրավախախտումների արդյունքում վճարված տույժերի և տուգանքների գերակշիռ մասը պայմանավորված են ՓՄՁ-ի սուբյեկտներում հաշվապահների` հաշվապահական հաշվառում վարելու հմտությունների պակասով: Միաժամանակ, այն ՓՄՁ-ի սուբյեկտները, որոնք ցանկանում են դիմել մասնագետների խորհրդատվությանը, հաճախ բարդություններ են ունենում` պայմանավորված մի շարք հանգամանքներով` ԳԾՄԿ-ների մասին տեղեկատվության, ինչպես նաև ԳԾՄԿ-ների գործունեության նկատմամբ վստահության և վերահսկողության մեխանիզմների պակաս, գործարարների և ԳԾՄԿ-ների միջև պայմանագրային հարաբերությունների ոչ հստակություն, ԳԾՄԿ-ների մոտ պարզ և միմյանց հետ համադրելի գնային քաղաքականության բացակայություն, որոշ ՓՄՁ-ի սուբյեկտների համար ԳԾՄԿ-ների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու ոչ բավարար մատչելիություն:

Նշված խնդիրները հաղթահարելու նպատակով ծրագրի շրջանակներում կշարունակվի հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցվող ծառայությունների արժեքի համաֆինանսավորման ծրագիրը, որը կիրականացվի համաձայն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործող ընթացակարգերի: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ի սուբյեկտներին` համաֆինանսավորելով ԳԾՄԿ-ների կողմից նրանց մատուցվող ծառայությունների արժեքը: Մատուցվող ծառայությունների շրջանակը կընդգրկի ՓՄՁ-ի սուբյեկտներում հաշվապահական հաշվառման վարումը և հարկային հաշվետվությունների կազմումը:

Ծրագրով նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և բիզնեսին աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:

Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում ԶԼՄ-ների, մասնավորապես, «ՓՄՁ-ի լրատու» հեռուստահաղորդաշարի միջոցով գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին: Բացի դրանից, կներկայացվի նաև առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին տեղեկատվություն կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների միջոցով:

2010 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:

2010 թվականին կիրականացվեն աշխատանքներ Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին տեղեկատվական բազայի համալրման համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից` հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում կկազմակերպվեն խմբային հանդիպումներ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը, որոնց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի նաև գործարար համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչը հնարավորություն կտա իրականացվող աջակցության ծրագրերում ներգրավելու ՓՄՁ-ի սուբյեկտների լայն շրջանակ:

 

5.6. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով մրցութային կարգով ընտրված կազմակերպությունների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծ մասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները` հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունն սկսնակ գործարարներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ստանալու պարզաբանումներ և ուղեցույցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների, գործող հարկային և մաքսային ընթացակարգերի, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, գործարար ու ներդրումային ծրագրերի կազմման վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ` կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի, բանակցությունների վարման, վաճառքի հմտության և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:

ՈՒսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով ծրագրի շրջանակներում նրանց համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ` համագործակցելով միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:

Աջակցություն կցուցաբերվի նաև ՓՄՁ-ի սուբյեկտների հատուկ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների կատարելագործման ուղղությամբ` դրանց վերաբերյալ համապատասխան հայտերի առկայության պարագայում:

Ծրագրի շրջանակներում (համաֆինանսավորման սկզբունքով) աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մասնագիտացված կազմակերպությունների կողմից ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետությունից դուրս կազմակերպվող մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովման ուղղությամբ:

Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար, ինչը կնպաստի այդ դասընթացների նկատմամբ պահանջարկի բարձրացմանը: Նշված դասընթացների կազմակերպման գործընթացում կներգրավվեն նաև Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող, տվյալ ոլորտում մասնագիտացված ԳԾՄԿ-ները, ինչը Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին հնարավորություն կընձեռի տեղերում մասնակցելու մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին: Բացի դրանից, Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում կկազմակերպվեն հատուկ մասնագիտացված դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Նման դասընթացների նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների պահանջարկի բացահայտման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերը և ներկայացուցչությունները մարզային համայնքներում կկազմակերպեն գործարար հանդիպումներ, հարցումներ, քննարկումներ:

2010 թվականի ընթացքում տնտեսական դաշտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվելու պարագայում, առանձին դեպքերում, կատարված փոփոխությունների ազդեցության և արդյունքների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների իրազեկման և պարզաբանման նպատակով «բաց դռների» սկզբունքով կկազմակերպվեն ուսուցողական բնույթի միջոցառումներ` ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության մարզերում:

 

5.7. Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման

կենտրոնի գործունեության ապահովում

 

2008 թվականից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, որպես գործընկեր կազմակերպություն, հյուրընկալում է Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, որը ՓՄՁ-ի ոլորտի աջակցության նպատակով Եվրամիության նոր նախաձեռնություններից մեկն է:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեության նպատակն է աջակցել ցանցի անդամ երկրներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` իրենց նորարարական ներուժը զարգացնելու և Եվրամիության շրջանակներում գործարարության խթանման ուղղությամբ իրականացվող գործընթացներին մասնակից դառնալու համար: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը գործարարներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, ինչը մեծ հնարավորություններ է ընձեռում ձեռնարկատիրական գործունեության զարգացման և միջազգայնացման համար:

Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի կողմից 2010 թվականի ընթացքում նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք ուղղված են լինելու Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը: Մասնավորապես, նախատեսվում է պատրաստել ու հեռուստատեսության և ռադիոյի եթերով հեռարձակել հաղորդումներ, գովազդային հոլովակներ, տարածել տարաբնույթ հոդվածներ, նորություններ` տպագիր և էլեկտրոնային մամուլում, ինչպես նաև գործարարների շահերը ներկայացնող ասոցիացիաների միջոցով Ձեռնարկությունների եվրոպական ցանցի ծառայությունների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել գործարարների համար:

2010 թվականի ընթացքում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեության շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուսուցողական բնույթի միջոցառումներ` նպատակային խմբերի մասնակցությամբ, որոնց ընթացքում մասնակիցներին, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեության մասին ընդհանուր տեղեկություններից բացի, կներկայացվեն նաև ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում գործող ընկերությունների համար Ձեռնարկությունների եվրոպական ցանցի կողմից ընձեռվող հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն Եվրամիության շրջանակներում իրականացվող նպատակային միջոցառումների և դրանց մասնակցության ընթացակարգերի մասին:

Կիրառելով Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները` ներցանցում կշարունակվեն տեղադրվել կազմակերպությունների գործարար համագործակցության, ինչպես նաև տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխանցման վերաբերյալ առաջարկներ:

Բացի դրանից, կմշակվի և էլեկտրոնային փոստի միջոցով Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի տվյալների բազայում ընդգրկված ՓՄՁ-ի սուբյեկտներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ամսական կտրվածով կուղարկվի էլեկտրոնային ամսագիր, որտեղ գործարարները կարող են գտնել Հայաստանում գործընկերների որոնման վերաբերյալ առաջարկներ, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և միջոցառումների մասին տեղեկատվություն: Ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջի համապատասխան մասում:

Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին անվճար աջակցություն կցուցաբերվի Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, գործարար համագործակցության հնարավորությունների և այլ ընդհանուր հարցերով:

 

5.8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի

զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում

և իրականացում

 

2010 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման համար:

Այս համատեքստում 2010 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի, Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:

2010 թվականին աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 150,000.0 հազ. դրամ, որի սահմաններում կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը:

«ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» միջոցառումը, ինչպես նաև ծրագրային մյուս միջոցառումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 2009 և 2010 թվականների եկամուտների, ազատ դրամական միջոցների, 2009 թվականի խնայողությունների, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին:

Ծրագրով նախատեսված «ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» միջոցառումը վարկային երաշխավորությունների տրամադրման մասով կիրականացվի ձևավորված դրամագլխի ամորտիզացումների հաշվին, իսկ կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:

 

VII. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը                         |Կատարողը         |Կատարման  |

|ը/կ|                                    |                 |ժամկետը   |

|___|____________________________________|_________________|__________|

| 1 |                2                   |         3       |     4    |

|___|____________________________________|_________________|__________|

|1. |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության     |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|2010 թ.   |

|   |համապատասխան ենթակառուցվածքների     |(համաձայնությամբ)|ընթացքում |

|   |պահպանում և  ամրապնդում             |                 |          |

|   |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական     |                 |          |

|   |գրասենյակի, մարզային մասնաճյուղերի  |                 |          |

|   |և  ներկայացուցչությունների պահպանում|                 |          |

|   |և  ամրապնդում                       |                 |          |

|___|____________________________________|_________________|__________|

|2. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած     |

|   |ներդրումային աջակցություն           |(համաձայնությամբ)|2010 թ.   |

|   |ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային        |«ՓՄՁ ներդրումներ»|1-ին      |

|   |երաշխավորությունների տրամադրման     |ՈՒՎԿ ՓԲԸ         |եռամսյակից|

|   |ծրագիր                              |(համաձայնությամբ)|          |

|   |ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի          |                 |          |

|   |վարկավորման և  կապիտալի             |                 |          |

|   |ֆինանսավորման ծրագրեր               |                 |          |

|   |ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող      |                 |          |

|   |վարկերի տոկոսադրույքի մասնակի       |                 |          |

|   |սուբսիդավորման ծրագիր               |                 |          |

|___|____________________________________|_________________|__________|

|3. |Սկսնակ գործարարների ձեռներեցությանն |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած     |

|   |աջակցություն                        |(համաձայնությամբ)|2010 թ.   |

|   |                                    |                 |2-րդ      |

|   |                                    |                 |եռամսյակից|

|___|____________________________________|_________________|__________|

|4. |ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած     |

|   |արտադրանքի (մատուցվող               |(համաձայնությամբ)|2010 թ.   |

|   |ծառայությունների) շուկաներ          |                 |1-ին      |

|   |առաջմղմանն աջակցություն             |                 |եռամսյակից|

|___|____________________________________|_________________|__________|

|5. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար        |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած     |

|   |տեղեկատվական և  խորհրդատվական       |(համաձայնությամբ)|2010 թ.   |

|   |աջակցություն                        |                 |1-ին      |

|   |                                    |                 |եռամսյակից|

|___|____________________________________|_________________|__________|

|6. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած     |

|   |աջակցություն                        |(համաձայնությամբ)|2010 թ.   |

|   |                                    |                 |1-ին      |

|   |                                    |                 |եռամսյակից|

|___|____________________________________|_________________|__________|

|7. |Հայաստանում Ձեռնարկությունների      |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|2010 թ.   |

|   |եվրոպական ցանցի հաղորդակցման        |(համաձայնությամբ)|ընթացքում |

|   |կենտրոնի գործունեության ապահովում   |                 |          |

|___|____________________________________|_________________|__________|

|8. |Միջազգային և  օտարերկրյա դոնոր      |ՀՀ էկոնոմիկայի   |2010 թ.   |

|   |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի      |նախարարություն   |ընթացքում |

|   |զարգացման համատեղ (համաֆինանսավորման|ՀՀ շահագրգիռ     |          |

|   |սկզբունքով) ծրագրերի մշակում և      |նախարարություններ|          |

|   |իրականացում                         |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|          |

|   |                                    |(համաձայնությամբ)|          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2010
N 54-Ն
Որոշում