(ուժը կորցրել է 17.12.2020 թիվ 2075-Ն որոշում)
i
040.1159.201009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1159-Ն
i
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և 3-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատող գործադիր իշխանության հանրապետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1159-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` տնտեսական) բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը:
2. Տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ենթակա են օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը (այսուհետ` նորմատիվ իրավական ակտի նախագիծ):
3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` ազդեցությունը գնահատող):
4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակող մարմինը նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով նախագիծը ներկայացնում է ազդեցությունը գնահատողին:
5. Ազդեցությունը գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում և դրա վերաբերյալ եզրակացություն կազմում է նորմատիվ իրավական ակտի նախագիծն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում:
6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելիս` ազդեցությունը գնահատողը պարզում է նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում նախատեսվող հետևանքները:
7. Նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատվում է 3 փուլով`
1) նախնական դիտարկումներ.
2) ծախսերի և օգուտների վերլուծություն.
3) կարգավորման ազդեցության գնահատման արդյունքներ:
8. Նախնական դիտարկումների ժամանակ կազմակերպվում են քննարկումներ տնտեսավարողների, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատերերի, ինչպես նաև ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` հավանական ազդեցության նախնական գնահատման համար:
9. Եթե նախնական դիտարկումների արդյունքում հաստատվում է, որ տնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության վրա զգալի ազդեցություն չի կարող լինել, ապա կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվում են, և արձանագրվում են դիտարկումների արդյունքները, մասնակցած տնտեսավարողների և փոքր ու միջին ձեռնարկատերերի թիվն ու զգալի ազդեցություն չհայտնաբերելու կապակցությամբ հիմնավորված եզրակացությունը:
10. Նորմատիվ իրավական ակտի կիրարկման հետևանքները որոշվում են «ծախսերի և օգուտների» մեթոդով (ծախսերի և օգուտների վերլուծության փուլ):
11. Ծախսերն ու օգուտները գնահատվում են ըստ քանակական ցուցանիշների: Անհրաժեշտ է ծախսերն ու օգուտները հնարավորության դեպքում ցույց տալ դրամական տեսքով` յուրաքանչյուր տարբերակի ծախսերի և օգուտների միջև համեմատություն անցկացնելու գործընթացը դյուրացնելու նպատակով:
12. Նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելիս` ազդեցությունը գնահատողը հաշվի է առնում այն հանգամանքը, որ նախագիծը կարող է ազդել`
1) տնտեսական աճի ապահովման և ներդրումների ներգրավման վրա.
2) գործարար միջավայրի բարելավման վրա (ըստ «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի).
3) փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ինդեքսի վրա (ՄԱԿ-ի մեթոդոլոգիայով հաշվարկվող):
13. Ազդեցությունը գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելուց հետո կազմում է նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում նախագիծը մշակած մարմին:
14. Նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելիս` ազդեցությունը գնահատողը դիմում է նախագիծը մշակած կամ այլ իրավասու մարմիններին ու կազմակերպություններին` նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ հաշվարկներ և (կամ) հիմնավորումներ և (կամ) այլ տվյալներ և (կամ) տեղեկություններ ստանալու համար:
15. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակած կամ այլ իրավասու մարմինը կամ կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հաշվարկները և (կամ) հիմնավորումները և (կամ) այլ տվյալները կամ տեղեկությունները (այդպիսիք լինելու դեպքում) ներկայացնում են ազդեցությունը գնահատողին` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: