(ուժը կորցրել է 04.08.11 թիվ 1119-Ն որոշում)
i
040.0600.030609
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2009 թվականի N 600-Ն
i
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 30-ի
N 600-Ն որոշման
ԿԱՐԳ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության չափորոշիչները, որոնց կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:
2. Հետաձգման թույլտվություն ստանալու համար ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` Հայաստանի Հանրապետություն ներմուծումից առնվազն մեկ ամիս առաջ:
3. Դիմումին կից ներկայացվում են`
1) ներդրումային ծրագիր, որը պետք է պարունակի`
ա. դիմող կազմակերպության և ծրագրի մասին տեղեկություններ,
բ. անձնակազմի մասնագիտացվածության, առկա և սպասվող աշխատատեղերի, առկա և սպասվող միջին աշխատավարձերի մասին տեղեկություններ,
գ. արտադրական տեխնոլոգիաների, հնարավոր նորարարական տեխնոլոգիաների, հումքի մատակարարման, այլ կազմակերպությունների հետ համագործակցության և ծրագրի` տեխնիկապես իրականացվելիության մասին տեղեկություններ,
դ. իրացման կազմակերպման, առկա և կանխատեսվող իրացման ծավալների, մարքեթինգային քաղաքականության, արտաքին և ներքին շուկաների ծավալների, մրցակցային առավելությունների, գործընկերների մասին տեղեկություններ,
ե. վճարման հարկերի, պարտադիր վճարների, գերավճարների և պարտքային պարտավորությունների մասին տեղեկություններ,
զ. առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության մասին տեղեկություններ,
է. իր հայեցողությամբ` ծրագրին վերաբերող յուրահատուկ անհրաժեշտ այլ տեղեկություններ.
2) տեղեկատվություն` լրացված և հաստատված կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրանց լիազորած անձանց կողմից` համաձայն ձևի.
3) նախորդ տարվա համար անկախ աուդիտի եզրակացություն (ցանկալի է, որ աուդիտ իրականացնող կազմակերպությունն ունենա միջազգային որակավորում):
4. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հանձնարարականն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ծրագիրը գնահատում են համաձայն ներդրումային ծրագրի գնահատման հետևյալ չափորոշիչների`
1) իրատեսականություն և հեռանկարայնություն (5).
2) ռիսկայնության աստիճան (3).
3) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (5).
4) անձնակազմի մասնագիտական որակավորում (2).
5) զբաղվածության ընդլայնում (7).
6) նորարարություն և մրցակցային առավելություն (3).
7) արտահանման խթանում և (կամ) ներմուծման փոխարինում (7).
8) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն (7).
9) բարեխիղճ վարկային պատմություն և պարտքային պարտավորությունների պարտաճանաչ կատարում (5).
10) կազմակերպության գործունեության հաջողված պատմություն (2).
11) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (4):
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 5-օրյա ժամկետում պատրաստում է իր եզրակացությունը` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:
8. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշիչի միջին թվաբանական արդյունքը:
9. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:
10. Դրական կամ բացասական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է ներմուծող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը:
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԿԱՄ ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը|Մոդելը|Չափի|Քա- |Ծագման|Արտա- |Արժեքը|Ներմուծման |
|ը/կ|ծածկագիրը| | |միա-|նակը|երկիրը|հանման|(դրամ)| ժամկետը |
| | | | |վորը| | |երկիրը| |___________|
| | | | | | | | | |տարի|կիսամ-|
| | | | | | | | | | |յակ |
| | | | | | | | | | |(եռամ-|
| | | | | | | | | | |սյակ) |
|___|_________|_________|______|____|____|______|______|______|____|______|
|___|_________|_________|______|____|____|______|______|______|____|______|
|___|_________|_________|______|____|____|______|______|______|____|______|
._________________________________________________________________________.