040.0532.190509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2009 թվականի N 532-Ն
i
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔԻ ՀՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի և 41-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հայկական կոնյակի ու բրենդի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի մայիսի 14-ի
N 532-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔԻ ՀՆԱՑՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով սահմանվում են հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտի (այսուհետ` սպիրտ) և խաղողի օղու թորվածքի (այսուհետ` թորվածք) հնացման ժամկետները, ռեժիմները և հնացմանը ներկայացվող հիմնական պահանջները:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Սպիրտը և թորվածքը հնացվում են այդ նպատակով նախատեսված տարածքներում` տեխնոլոգիական հրահանգով սահմանված պայմաններում:
3. Սպիրտը և թորվածքն արծնապատ կամ սպիրտի և թորվածքի հետ քիմիական ռեակցիայի մեջ չմտնող և զգայորոշման ցուցանիշների վրա ազդեցություն չթողնող այլ նյութից (այսուհետ` չեզոք նյութ) պատրաստված տարողություններում կաղնեփայտի առկայությամբ հնացվելու դեպքում` մեկ դեկալիտր հեղուկի հաշվով կաղնու փայտի տեսակարար մակերեսը պետք է կազմի 700-900 քառ. սմ:
4. Հնացման համար օգտագործվող` չեզոք նյութից պատրաստված տարողություններում սպիրտի կամ թորվածքի քանակը չպետք է գերազանցի ընդհանուր տարողության 98 տոկոսը:
5. Չեզոք նյութից պատրաստված տարողություններում սպիրտի և թորվածքի հնացման դեպքում սպիրտը և թորվածքը տարեկան երկու անգամ հարստացվում են թթվածնով` թթվածնի պարունակությունը դրանում հասցնելով 15-18 մգ/լ-ի:
III. ՍՊԻՐՏԻ ԵՎ ԹՈՐՎԱԾՔԻ ՀՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Հայկական կոնյակների պատրաստման համար նախատեսված` հնացման ենթակա կոնյակի երիտասարդ սպիրտները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության, քիմիական և զգայորոշման ցուցանիշներին:
7. Հնացված սպիրտի կամ թորվածքի տարիքի հաշվարկը կատարվում է հնացումն սկսելու (կաղնեփայտի հետ շփման մեջ մտնելու) ամսվանից: Հնացման դրվող յուրաքանչյուր խմբաքանակ համարակալվում է: Հնացման տարաների վրա նշվում են խմբաքանակի համարը, հնացման դրվելու տարեթիվն ու ամիսը և տվյալ տարայում լցված հեղուկի քանակը:
8. Հնացված սպիրտը կամ թորվածքը կուպաժներում օգտագործվում են որպես տվյալ տարիքի սպիրտ կամ թորվածք, եթե հնացումն սկսելու ամսվանից անցել են համապատասխան տարիներ, կամ հնացումը կատարվել է համապատասխան տարիներից առավելագույնը երեք ամիս պակաս ժամկետում` բացառությամբ սույն կարգի 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերում նշված` նվազագույն ժամկետներում հնացված սպիրտի կամ թորվածքի:
9. Հայկական սովորական կոնյակների պատրաստման համար նախատեսված կոնյակի սպիրտները հնացվում են առնվազն երեք տարի:
10. Հայկական հասուն կոնյակների պատրաստման համար նախատեսված կոնյակի սպիրտների հետագա հնացումը շարունակվում է միայն կաղնեփայտյա տարողություններում:
11. Բրենդիների պատրաստման համար նախատեսված սպիրտները հնացվում են առնվազն երկու տարի:
12. Խաղողի հնացված օղիների պատրաստման համար նախատեսված խաղողի օղու թորվածքները հնացվում են առնվազն մեկ տարի:
13. Նախքան թորվածքը հնացման դնելը` թույլատրվում է այն նոսրացնել ջրով:
14. Հնացման ընթացքում հայկական կոնյակի սպիրտների գլուխլցման առնվազն 90 տոկոսը պետք է կազմեն նույն տարիքի սպիրտները: Մնացած 10 տոկոսը կարող են կազմել ավելի երիտասարդ սպիրտները, որոնց տարիքը չպետք է պակաս լինի մեկ տարվանից` մինչև 6 տարի, 2 տարվանից` 6-10 տարի, 5 տարվանից` 10-25 տարի, և 7 տարվանից` 25-ից ավելի տարի հնացված սպիրտների տարիքից:
15. Հնացման ընթացքում բրենդիի սպիրտների գլուխլցման առնվազն 85 տոկոսը պետք է կազմեն նույն տարիքի սպիրտները: Մնացած 15 տոկոսը կարող են կազմել ավելի երիտասարդ սպիրտները, որոնց տարիքը չպետք է պակաս լինի 2 տարվանից` մինչև 6 տարի, 3 տարվանից` 6-10 տարի, 5 տարվանից` 10-25 տարի, և 7 տարվանից` 25-ից ավելի տարի հնացված սպիրտների տարիքից:
16. Հնացման ընթացքում խաղողի օղու թորվածքի գլուխլցման առնվազն 80 տոկոսը պետք է կազմեն նույն տարիքի թորվածքները: Մնացած 20 տոկոսը կարող են կազմել ավելի երիտասարդ թորվածքները, որոնց տարիքը չպետք է պակաս լինի մեկ տարվանից` մինչև 3 տարի, 2 տարվանից` 3-6 տարի, 3 տարվանից` 6-10 տարի, և 5 տարվանից` 10-ից ավելի տարի հնացված թորվածքների տարիքից: