118.0182.080798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
17 հունիսի 1998թ. թիվ 182
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
i
(ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման պահանջներից`
Հրամայում եմ
1. Հաստատել «Արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման գործունեության (անդերռայթինգ) օրինակելի կանոնակարգը» (կցվում է):
2. Արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման գործունեություն (անդերռայթինգ) իրականացնող անձանց սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-պատիկը:
«Հաստատված է»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
17.06.1998 թ. թիվ 182 հրամանով
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳ)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է ______________________________________________
(ձեռնարկության, կազմակերպության անվանումը) (այսուհետև` թողարկման կազմակերպիչ) արժեթղթերի շուկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման գործունեության իրականացման կանոնակարգը:
2. Թողարկման կազմակերպիչն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա:
3. ՀՀ օրենսդրական և սույն կարգի դրույթների խախտման համար թողարկման կազմակերպիչը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. Գործունեության ոլորտը և կատարվող
գործառնությունները
4. Թողարկման կազմակերպչի գործառնությունները իրականացվում են արժեթղթերի շուկայում` արժեթղթերի տեղաբաշխմանը նպաստող գործունեություն ծավալելու նպատակով:
5. Թողարկման կազմակերպիչն իրականացնում է հետևյալ գործառնությունները.
ա) ստանձնում է թողարկողի արժեթղթերը նախօրոք նշված ժամկետում` վերավաճառելու նպատակով գնելու պարտավորություն.
բ) ստանձնում է թողարկողի` նախօրոք նշված ժամկետում չտեղաբաշխված արժեթղթերը գնելու պարտավորություն.
գ) աջակցում է թողարկողի արժեթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղաբաշխելու ընթացքին` չստանձնելով թողարկողի չտեղաբաշխված արժեթղթերը գնելու պարտավորություն:
6. Սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված գործառնությունները իրականացվում են թողարկողի և թողարկման կազմակերպչի և (կամ) թողարկման կազմակերպիչների միջև կնքված գրավոր պայմանագրի համաձայն:
7. Սույն կանոնակարգի 5-րդ կետի ա) ենթակետի դեպքում թողարկողը և թողարկման կազմակերպիչը, մինչև արժեթղթի իրացումը, պարտավոր են ապագա ներդրողներին տրամադրել թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջական և հավաստի տեղեկություններ: Թողարկողը և թողարկման կազմակերպիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն կետում նշված տեղեկությունների անճշտության համար:
Սույն կանոնակարգի 5-րդ կետի ա) ենթակետի դեպքում, թողարկողի և թողարկման կազմակերպչի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա թողարկման կազմակերպիչը բացում և վարում է թողարկողի արժեթղթերի իրացման գրանցամատյան, որտեղ նշվում են`
ա) ներդրողի կողմից հայտի ներկայացման ժամկետը, ներդրողի անվանումը, հասցեն,
բ) հայտում նշված արժեթղթի գինը, արժեթղթերի քանակը, ընդհանուր գումարը,
գ) վճարման ձևը,
դ) ՀՀ օրենսդրությամբ և թողարկման կազմակերպչի կողմից սահմանված այլ տվյալներ:
8. Սույն կանոնակարգի 5-րդ կետի ա) ենթակետի դեպքում, անվանական արժեթղթեր թողարկելու և տեղաբաշխելու ընթացքում, անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում կարող է գրվել թողարկման կազմակերպչի անվանումը, որպես անվանական արժեթղթի անվանական սեփականատեր` համաձայն թողարկման կազմակերպչի և թողարկողի միջև թողարկման կազմակերպման մասին կնքված գրավոր պայմանագրի:
9. Անվանական արժեթղթի անվանական սեփականատիրոջ ծառայություններից օգտվելու կամ թողարկողի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում որպես արժեթղթի սեփականատեր գրանցվելու իրավունքը վերապահվում է անվանական արժեթղթի սեփականատիրոջը:
10. Անվանական արժեթղթի անվանական սեփականատիրոջ և անվանական արժեթղթի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. Թողարկման կազմակերպման իրավական հիմքերը
11. Թողարկման կազմակերպչի կողմից իրականացվող գործառնությունները կատարվում են ՀՀ օրենսդրությանը, սույն կանոնակարգին համապատասխան թողարկման կազմակերպչի և թողարկողի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Թողարկման կազմակերպչի և թողարկողի միջև կնքված գրավոր պայմանագիրը ներառում է.
ա) թողարկողի և թողարկման կազմակերպչի լրիվ անվանումը,
բ) կողմերի իրավունքները և պարտականությունները (ներառյալ թողարկման կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները թողարկման պայմանների սահմանման կամ թողարկման ազդագրի պատրաստման ընթացքում, ինչպես նաև կողմերի իրավունքները և պարտականությունները) օրենքով կամ թողարկողի կանոնադրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառման դեպքում (այդ թվում, թողարկողի կանոնադրական հիմնադրամում մասնակցության ձեռք բերման և օտարման, տեղաբաշխվող արժեթղթերի ծավալների և այլնի հետ),
գ) տեղաբաշխման ենթակա արժեթղթի տեսակը, քանակը,
դ) թողարկման կազմակերպչին վճարվող պարգևատրման գումարը և արժեթղթի իրացման ձևը,
ե) պայմանագրի գործողության ժամկետը և դադարեցման հիմքերը,
զ) կողմերի վավերապայմանները,
է) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դրույթներ:
12. Սույն կանոնակարգի 5-րդ կետի ա) ենթակետում նշված դեպքում պայմանագրում նշվում են տեղաբաշխման և վերավաճառքի ենթակա արժեթղթերի գինը, ինչպես նաև թողարկման կազմակերպչի գործողությունները` կապված արժեթղթերի վերավաճառքի հետ (այդ թվում` անվանական արժեթղթերի տեղաբաշխման դեպքում` անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում տվյալների արտացոլումը):
13. Սույն կանոնակարգի 5-րդ կետի գ) ենթակետում նշված դեպքում պայմանագրում նշվում են այն գործողությունները, որոնք թողարկման կազմակերպիչը պարտավոր է իրականացնել` թողարկողի արժեթղթերը տեղաբաշխելու ընթացքում:
14. Թողարկման կազմակերպիչը սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված գործառնությունները կարող է իրականացնել ինչպես առանձին, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայում բրոքերային կամ դիլերային գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև թողարկման այլ կազմակերպչի հետ` թողարկման կազմակերպման միավորում (սինդիկատ) կազմելու միջոցով: Տվյալ դեպքում միավորման անդամների հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված բազմակողմ պայմանագրով` ՀՀ օրենսդրությանը համաձայն: Թողարկողի և միավորման անդամների հարաբերությունները կարգավորվում են թողարկողի և միավորման կողմից լիազորված թողարկման գլխավոր կազմակերպչի միջև կնքված պայմանագրի համաձայն:
IY. Թողարկման կազմակերպչի պարտականությունները
15. Թողարկման կազմակերպիչը պարտավոր է`
ա) իր գործունեությունը իրականացնել ՀՀ գործող օրենսդրության համաձայն,
բ) արժեթղթերի շուկայում լիցենզավորման ենթակա գործունեության մի քանի տեսակներ իրականացնելիս` յուրաքանչյուր գործունեության համար ստանալ առանձին լիցենզիա,
գ) թողարկվող արժեթղթերի և թողարկողի վերաբերյալ տվյալ արժեթղթերում ապագա ներդրողներին տրամադրել հավաստի և ճշգրիտ տեղեկություններ,
դ) զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որոնք նպաստում են կամ կարող են նպաստել արժեթղթերի շուկայում տվյալ արժեթղթերի գների մանիպուլյացիային:
16. Թողարկման կազմակերպիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով ներդրողներին պատճառված վնասի համար:
Y. Սահմանափակումներ
17. Սույն կանոնակարգի 5-րդ կետի ա) և բ) ենթակետերում նշված գործառնությունների դեպքում թողարկման կազմակերպչի ստանձնած պարտավորությունները չեն կարող գերազանցել նրա սեփական կապիտալի կրկնապատիկը:
YI. Եզրափակիչ դրույթներ
18. Թողարկման կազմակերպիչը լիազորված մարմնին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Թողարկման կազմակերպչի գործունեության հաշվապահական հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը իրականացվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 07 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800146