040.0283.250309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2009 թվականի N 283-Ն
i
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ԵՎ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 19-ի
N 283-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ԵՎ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող մարդու սնունդ և անասնակեր հանդիսացող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի (այսուհետ` օրգանական արտադրանք), ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշմանը և պիտակավորմանը ներկայացվող պահանջները:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2. Սույն կարգում կիրառվում է հետևյալ հասկացությունը`
օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդ` գյուղատնտեսական գործունեության առանձնակի տեսակ, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին և իրականացվում է համապատասխան նորմատիվ իրավական ակտերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան և հավաստվում է սերտիֆիկացման մարմնի կողմից:
III. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Արտադրանքը կարող է մակնշվել որպես «օրգանական», ինչպես նաև կրել սերտիֆիկացման մարմնի անվանումը կամ նշագիրը և օրգանական արտադրանքի համապատասխանության նշանը, եթե սերտիֆիկացման մարմնի կամ նրա կողմից ճանաչված սերտիֆիկացման այլ մարմինների կողմից սերտիֆիկացված օրգանական ծագման բաղադրամասերը կազմում են հումքի կշռի առնվազն 95 տոկոսը` բացառությամբ ջրի և աղի:
Մնացած 5 տոկոս բաղադրամասերը պետք է ընդգրկված լինեն օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում:
4. Մեկից ավելի բաղադրամասեր պարունակող արտադրանքի մեջ օգտագործված հումքի բոլոր տեսակները պիտակի վրա պետք է նշվեն իրենց չոր քաշի տոկոսային պարունակության ձևով, որպեսզի պարզ լինի, թե որ հումքն է սերտիֆիկացված, որը` ոչ: Բոլոր հավելումները պետք է նշվեն լրիվ անվանումներով և ընդգրկված լինեն օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում: Եթե համեմունքները և կանաչեղենը կազմում են արտադրանքի ընդհանուր կշռի 2 տոկոսից ոչ ավելին, ապա կարելի է դրանք նշել առանց տոկոսային արժեքների:
5. Եթե սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված օրգանական ծագման բաղադրամասերը հումքի կշռի 95 տոկոսից պակաս են, բայց 70 տոկոսից ավելի, ապա արտադրանքը չի կարող մակնշվել որպես «օրգանական», սակայն բաղադրության ցանկում կարող են նշվել օրգանական բաղադրամասերի անվանումները կամ հղումներ տրվել դրանց օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված լինելու մասին:
Օրգանական բաղադրամասերը պետք է գրված լինեն նույն գույնով, տառատեսակով, չափով, ոճով, ինչպես ոչ օրգանական բաղադրամասերը:
95 տոկոսից մինչև 70 տոկոս օրգանական սերտիֆիկացված բաղադրամասեր պարունակող արտադրանքի բաղադրամասերի ցանկում պետք է հստակ նշվեն արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ յուրաքանչյուր բաղադրամասի քաշը կամ տոկոսը: Այդ նշումը չպետք է ավելի ակնառու լինի, քան արտադրանքի մասին այլ տեղեկատվություն պարունակող գրությունները և պետք է ունենա հետևյալ բովանդակությունը` «գյուղատնտեսական բաղադրիչների...տոկոսն արտադրվել է օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդին համապատասխան»: Այս նշման հարևանությամբ կարող է զետեղվել նաև տեղեկատվություն այն մասին, որ արտադրանքը գտնվում է սերտիֆիկացման գործընթացում` նշելով սերտիֆիկացման մարմնի անվանումը կամ նշագիրը:
6. 70 տոկոսից պակաս օրգանական բաղադրամասեր պարունակող արտադրանքի մականշվածքում կամ պիտակի վրա արգելվում է հղում կատարել բաղադրամասերի օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված լինելու մասին, ինչպես նաև բաղադրամասերի ցանկում նշել օրգանական բաղադրամասի անվանումն ուղղակի կամ «օրգանական» բառի հետ կապակցված որևէ այլ ձևով: Այդպիսի արտադրանքը կարող է մակնշվել և իրացվել միայն որպես սովորական սննդամթերք:
7. Մակնիշի վրա զետեղվող «օրգանական արտադրության անցումային շրջանում ստացված արտադրանք» բառակապակցության բոլոր բառերը պետք է գրված լինեն նույն գույնով, տառատեսակով, չափով, ոճով: Այդ նշումը չպետք է ավելի ակնառու լինի, քան արտադրանքի մասին այլ տեղեկատվություն պարունակող մյուս գրությունները: