ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
19 սեպտեմբերի 2007 թվականի N 1
i
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի` պաշտոնապես պարզաբանում ենք.
1. «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը նախկինում նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին սեփականության իրավունքով և սահմանված չափով հողատարածքի տրամադրում Երևան քաղաքից, սակայն 28.02.05թ. ՀՕ-76-Ն օրենքով կատարվել է փոփոխություն, համաձայն որի և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին սեփականության իրավունքով և սահմանված չափով հողատարածք է տրամադրվում`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` ՀՀ կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից:
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների համաձայն վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում:
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի վերը նշված փոփոխությամբ փաստորեն 16.04.05թ-ից վերացել է երևանաբնակ բռնադատվածների` Երևան քաղաքում բնակելի տան շինարարության նպատակով հողատարածք ստանալու իրավունքը:
Ի կատարումն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերը նշված պահանջի, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Բռնադատվածներին հողամաս տրամադրելու մասին» թիվ 1757-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից: Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում` Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում` տվյալ համայնքի ղեկավարի կողմից:
2. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը սահմանում է, որ պետության և համայնքային սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար` որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներից մեկին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:
Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց համար պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 22 փետրվարի 2007 թվականի N 277-Ն որոշման համաձայն` ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց համար ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս ձեռք բերելու համար լիազոր մարմին են հանդիսանում ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը:
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս գնելու կարգը սահմանելու մասին» թիվ 277-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված է, որ հողամաս ստանալու իրավունք ունեցող անձի հաշվառումը իրականացնում է համապատասխան մարմինը /մարզպետը, Երևանի քաղաքապետը/` անձի ներկայացրած դիմումի հիման վրա` մինչև 2007թ. հունվարի 30-ը: Դիմումի հետ մեկտեղ անձը մարմին է ներկայացնում տեղեկանք իր մշտական բնակության վայրի համայնքից և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից այն մասին, որ չի օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չի ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման հողամասեր:
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ին ընդունված «Բռնադատվածների բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները հաստատելու մասին» թիվ 1106-Ն որոշմամբ սահմանվել են այն չափանիշները, որոնց բավարարելու դեպքում բռնադատվածները կամ նրանց առաջին հերթի ժառանգները բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում:
3. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում պետության սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրման ժամկետը 2 տարի էր: «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերն անհատույց տրամադրվում են մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 29.06.2006թ. ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքով նշված ժամկետը երկարացվել է և սահմանվել է, որ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչև 2007թ. հունիսի 30-ը: