ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 հունիսի 2007 թվականի N 1
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով, հայտնում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է նորընտիր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո` վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո` երրորդ հինգշաբթի օրը, իսկ 69-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է նաև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ նշանակված մեկ անդամից:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն, և որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 42-րդ հոդվածների համաձայն` նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների կամ նույն իրավական ակտում միևնույն հասկացության կամ տերմինի բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքերում գործում է այն մասի դրույթը կամ կիրառվում է հասկացության կամ տերմինի այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից, հետևաբար` նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման և նրա լիազորությունների ստանձնման համար սահմանված վաթսուներորդ օրը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածով ամրագրված` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրվանից:
2. Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 17.06.2007թ. գրություններ է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող մարմիններին` տեղեկացնելով նշանակման ժամկետների մասին:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնում են 27.06.2007թ. մինչև 27.07.2007թ.` մինչև ժամը 18.00:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանալու է 06.08.2007թ.` ժամը 12.00-ին: