ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 99
ՀԱՅՑՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով հայցն առանց քննության թողնելու դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերը նշված հոդվածով սահմանված դրույթները:
Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հայցն առանց քննության թողնելու և գործը անձանց բացակայությամբ քննելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հասկացությունները ստանում են տարաբնույթ մեկնաբանություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության է թողնում, եթե նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 157-րդ հոդվածի 2-րդ մասի, 162-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի կողմից պատշաճ տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:
Պետք է նկատել, որ հայցադիմումը (դիմումը) առանց քննության թողնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ընդհանուր նորմից ՀՀ քաղաքացիական դատավարության վերոհիշյալ նորմերը պարունակում են ընդհանուր նորմի նկատմամբ գերակայող հատուկ (բացառիկ) նորմեր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ընդհանուր նորմը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերը չեն նախատեսում բացառություն այդ նորմից:
13 հունիսի 2006 թ.