ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2006 թվականի N 1
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի համաձայն` փոստային կապի ծառայությունները ենթակա են լիցենզավորման:
Փոստային կապի ծառայություն է համարվում նաև փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գործողությունը կամ գործունեությունը` պարբերականների բաժանորդագրության գծով (օրենքի 3-րդ հոդված):
Այսպիսով, համաձայն օրենքի դրույթների, փոստային կապի ծառայություն, հետևաբար նաև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվում ոչ թե ուղղակի պարբերականների բաժանորդագրությունը, այլ պարբերականների բաժանորդագրության գծով գործողությունը կամ գործունեությունը:
Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «փոստային կապ» և «փոստային առաքանի» հասկացությունները, որոնք ընդհանրապես բուն պարբերականների բաժանորդագրության հետ որևէ առնչություն չունեն:
Այսպես, փոստային կապը` փոստային առաքանու մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ է, իսկ փոստային առաքանին` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններն են:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի դրույթները` պարբերականների բաժանորդագրությունը որպես փոստային կապի ծառայություն և դրա հետ կապված այն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ համարելու մասով:
Նկատի ունենալով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ`
պարբերականների բաժանորդագրությունը փոստային կապի ծառայություն և, հետևաբար, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չի համարվում: