Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2005 թվականի N 3

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2005թ. հունիսի 28-ին ուժի մեջ են մտել 2004թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն ոչ մասնագիտացված անձանց կողմից`

- Օրենքի և Օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (9-րդ հոդված, 2-րդ մաս),

- արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների խախտումների համար ՀՀ կառավարության լիազորած մարմինը կիրառում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ (10-րդ հոդված, 5-րդ մաս):

ՀՀ կառավարության 05.05.2005թ. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 607-Ն որոշման 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթներն իրականացնելու համար ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի

2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը և Օրենքի կիրառման բնագավառում ծագած հարցերի ճշտման նպատակով պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքը չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա, սակայն ժամկետային պայմանագրերի երկարաձգման դեպքում, երկարաձգման պահից պայմանագրի դրույթները պետք է համապատասխանեն Օրենքի պահանջներին:

2. Օրենքի իմաստով «ՀՀ տարածք» հասկացությունը համապատասխանում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով տրված հասկացությանը:

3. ՀՀ տարածքում ՀՀ դրամով իրականացվում են ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման փողային գնանշումները, մասնավորապես`

- ապրանքների (գույքի) վաճառքի, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման գովազդներում փողային գնանշումները,

- ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից հրապարակային առաջարկները (հրապարակային պայմանագրերում փողային գնանշումները),

- գույքի անհատույց տրամադրման կամ անհատույց օգտագործման դեպքերում պայմանագրերում և հանձնման-ընդունման փաստաթղթերում այդ գույքի գնանշումը (արժեքավորումը),

- պասիվ եկամուտների (շահաբաժիններ, ռոյալթիներ, գործառնական կամ ֆինանսական վարձակալություն) գնանշումները (արժեքավորումը) և վճարումները:

Պայմանագրով նախատեսված գույքային սանկցիաների (տույժեր, տուգանքներ) և փոխհատուցումների (բացառությամբ` ծախսերի փոխհատուցման դեպքերի, որոնց վրա տարածվում են Օրենքի պահանջները) գնանշման (արժեքավորման) և դրանց վճարման նկատմամբ Օրենքով սահմանված սահմանափակումները չեն տարածվում:

4. Այն գործարքները, որոնց գնանշումը Օրենքի համաձայն պետք է կատարվի ՀՀ դրամով` պայմանագրերում և սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում կարող է նշվել միայն արտարժույթի փոխարժեքը (այլ ոչ թե գների զուգահեռաբար արտահայտումը նաև արտարժույթով):

5. Օրենքի իմաստով կարևոր չէ, թե վճարումը որտեղ է իրականացվում, այլ կարևոր է, թե ինչպիսի գործարքի դիմաց է կատարվում վճարումը (օրինակ` եթե գործարքը կատարվում է երկու ռեզիդենտների միջև ՀՀ տարածքում, ապա վճարումը կանխիկ կամ անկանխիկ պետք է կատարվի ՀՀ դրամով, եթե նույնիսկ վճարման ենթակա գումարը հաշվեգրված է օտարերկրյա բանկում այդ ռեզիդենտների բանկային հաշիվներին):

6. Օրենքի իմաստով «ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) արտահանում» և «ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ներմուծում» հասկացությունները (և, հետևաբար` Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները) կիրառվում են միայն «ռեզիդենտ - ոչ ռեզիդենտ» հարաբերություններում:

Արտահանման հետ կապված գործարքներում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե ապահովված են Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Ներմուծման հետ կապված գործարքներում գնանշումները կատարվում են ՀՀ տարածքից դուրս և, հետևաբար` կարող են կատարվել արտարժույթով:

7. Ռեզիդենտների միջև իրականացվող գործարքները համարվում են իրականացված ՀՀ տարածքում, եթե բացակայում են հիմքեր դրանք դիտելու ՀՀ տարածքից դուրս իրականացրած: Մասնավորապես, եթե ռեզիդենտների միջև առևտրային պայմանագիրը (ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում) կնքված է ՀՀ տարածքից դուրս, ապա այդ պայմանագրում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով (անկախ այն հանգամանքից, թե պայմանագրից բխող գործարքները փաստացի կատարվելու են ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս), իսկ այդպիսի եզրակացություն անելու հիմքերի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է կնքված ՀՀ տարածքում և, հետևաբար` այդ պայմանագրում գնանշումները պետք է կատարվեն ՀՀ դրամով:

ՀՀ տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման դիմաց փողային վճարումները պետք է կատարվեն ՀՀ դրամով:

8. Ոչ ռեզիդենտների միջև իրականացվող գործարքները համարվում են իրականացված ՀՀ տարածքից դուրս, եթե բացակայում են հիմքեր դրանք դիտելու ՀՀ տարածքում իրականացրած: Մասնավորապես, եթե ոչ ռեզիդենտների միջև առևտրային պայմանագիրը (ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում) կնքված է ՀՀ տարածքում, ապա այդ պայմանագրում գնանշումները պետք է կատարվեն ՀՀ դրամով (անկախ այն հանգամանքից, թե պայմանագրից բխող գործարքները փաստացի կատարվելու են ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս), իսկ այդպիսի եզրակացություն անելու հիմքերի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է կնքված ՀՀ տարածքից դուրս և, հետևաբար` այդ պայմանագրում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով:

ՀՀ տարածքում ոչ ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման դիմաց փողային վճարումները կարող են կատարվել արտարժույթով (կանխիկ, անկանխիկ):

9. ՀՀ տարածքում աշխատավարձի վճարումն իրականացվում է ՀՀ դրամով:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
11.10.2005
N 3
Պաշտոնական պարզաբանում